Հակամարտության բացասական ազդեցությունն Ադրբեջանում ավելի ուժեղ է արտահայտված

15/08/2008

– Եվրախորհրդին անդամագրվելիս Հայաստանը ստանձնեց պարտավորություններ ազգային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության, ղարաբաղյան հակամարտությունը խաղաղ կարգավորելու ուղղությամբ: Անցել է 8 տարի, նշվածներից հատկապես ո՞ր ոլորտներում են ամենից քիչ կատարվել ստանձնված պարտավորությունները, եւ ինչո՞վ է դա պայմանավորված:

– Դառնալով Եվրոպայի խորհրդի անդամ` ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման պարտավորությունը ստանձնեցին եւ՛ Հայաստանը, եւ՛ Ադրբեջանը, սակայն մի տարբերությամբ. Հայաստանը պետք է ոչ թե բանակցություններով հասներ հարցի կարգավորմանը, այլ օգտագործեր իր ազդեցությունը Ղարաբաղի վրա: Սա ճիշտ տրամաբանություն էր, քանի որ հիմնական հակամարտող կողմերն Ադրբեջանն ու Լեռնային Ղարաբաղն են: Ցավոք սրտի, այս տրամաբանությունը խախտվեց Եվրոպայի խորհրդի ընդունած բանաձեւերում, եւ այսօր այնպիսի տպավորություն է, որ հակամարտող կողմը Հայաստանն է: Իմ կարծիքով՝ սա է հիմնական պատճառը, որ առայսօր այդ ուղղությամբ չունենք առաջընթաց: Մեղավոր են նաեւ Հայաստանի իշխանությունները, որ ենթարկվեցին եւ համաձայնվեցին բանակցել Ղարաբաղի փոխարեն: Ինչ վերաբերում է օրենսդրությանը, ապա Եվրախորհրդին անդամագրվելուց հետո կատարվել են շատ լուրջ փոփոխություններ: Հին եւ նոր սահմանադրությունների միջեւ սարեր ու ձորեր կան: Օրինակ, մարդիկ հիմա իրավունք ունեն դիմելու Սահմանադրական դատարան: Դրա ամենավառ օրինակը Հյուսիսային պողոտայի բնակիչների նախաձեռնությունն էր: Իհարկե, նրանք չվերականգնեցին իրենց սեփականությունը, բայց մյուս կողմից էլ՝ դա պատնեշ եղավ, որ այդ նախադեպը չլինի շարունակական: Փոփոխություններ եղան նաեւ Ընտրական օրենսգրքում. որքան էլ մեր ընտրություններն արդարացի դժգոհություններ են առաջացնում, բայց այդ գործընթացի օրենսդրական հիմքն ակնհայտորեն բարելավվել է: Վերջերս էլ առաջին ընթերցմամբ ընդունվեց Երեւան քաղաքի մասին օրենք, որով մենք կկարողանանք ունենալ ընտրովի ավագանի եւ ընտրովի քաղաքապետ: Մեր հիմնական թերացումն այն է, որ այդ բոլոր փոփոխությունների ներուժը գործնականում իրացված չէ շատ անգամ ոչ միայն օբյեկտիվ, այլ նաեւ սուբյեկտիվ պատճառներով: Ես համարում եմ, որ ամենաքիչ բարեփոխումները կատարվել են մասնավորապես օրենքների կիրառելիության մակարդակում:

– Ղարաբաղյան հակամարտությունն ազդո՞ւմ է Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարացման գործընթացի վրա:

– Այո, ազդում է, բայց այդ ազդեցությունը չափազանցված է: Եվրոպայի խորհրդի հունիսյան վեհաժողովում Ադրբեջանի վերաբերյալ ընդունված բանաձեւը, որում ասվում է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը կաղում է, որովհետեւ կան նրա վերահսկողության տակ չգտնվող տարածքներ, մեղմ ասած, տրամաբանական չէ: Եթե այդպես է, թող ունեցած տարածքներում դրախտ ստեղծեն: Ադրբեջանում ժողովրդավարական զարգացումների վրա հակամարտության բացասական դերն այնքանով է հիմնավորված, որ Ադրբեջանի իշխանությունն օգտագործում է Ղարաբաղի գործոնն՝ իր անձնիշխանական անվերահսկելի համակարգն ամրապնդելու համար: Իսկ բռնապետության հաստատումը միշտ ուղեկցվում է ռազմատենչ հայտարարություններով եւ ազգային կոչերով: Հայաստանում էլ Ղարաբաղի հարցը պարբերաբար շահարկվում է ներքաղաքական պայքարում եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության կողմից: Հակամարտության բացասական ազդեցությունը մեզ մոտ ավելի թույլ է արտահայտված, քան Ադրբեջանում: Մյուս կողմից, ես կարծում եմ, որ հակամարտությունը որպես մարտահրավեր՝ կարող է նույնիսկ դրական ազդեցություն ունենալ: Իսկ այն, ինչ կատարվում է Ղարաբաղում, կարող է օրինակ լինել եւ՛ Հայաստանի, եւ՛ Ադրբեջանի համար: Եթե համեմատենք այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում այնտեղ, ապա ժողովրդավարության տեսանկյունից Ղարաբաղը շատ հարցերում առաջ է Հայաստանից եւ Ադրբեջանից: ԱՊՀ տարածքում առաջին դեպքն էր, երբ գործող նախագահ Արկադի Ղուկասյանը կամավոր հրաժարվեց երրորդ անգամ վերընտրվելուց, թեպետ ընդունվել էր նոր Սահմանադրություն, եւ խաղի նոր կանոնները նրան թույլ էին տալիս դիմել այդ քայլին: Նա չարեց դա՝ ասելով, որ ուզում է իր խղճի հետ համերաշխ ապրել: Վերջիվերջո, ստացվում է, որ ադրբեջանցիները հավակնություն ունեն իրենց ենթարկելու մի ժողովրդի, որն ապրում է շատ ավելի ազատ եւ արդար ժողովրդավարական օրենքներով, քան իրենք:

– Միջազգային կազմակերպությունները, մասնավորապես՝ Եվրոպայի խորհուրդը, նշում են Հայաստանում քաղաքական հիմքով մարդկանց կալանավորելու, ինչպես նաեւ՝ նրանց նկատմամբ բռնություններ եւ ճնշումների այլ մեթոդներ կիրառելու մասին: Եղե՞լ են, արդյոք, դեպքեր, երբ իրավապահ մարմինների աշխատակիցները պատասխանատվություն կրեն նման գործողությունների համար:

– Ես չգիտեմ՝ այդպիսի դեպքեր եղե՞լ են, թե՞ ոչ: Հայաստանում քաղաքական հայացքների համար չեն ճնշում, ճնշում են, երբ առաջանում է հակադրություն, իսկ դա, որպես կանոն, լինում է ետընտրական փուլում: Ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ քաղբանտարկյալներն ունեն կայուն կարգավիճակ՝ անկախ ընտրություններից, մեզ մոտ ընտրությունների միջանկյալ ժամանակահատվածներում քաղաքական հիմքերով ձերբակալություններ չկան, կամ հազվադեպ են: Մեզ մոտ կան դեպքեր, երբ նախորդ իշխանության մամուլը փորձում է այս կամ այն դեպքը ներկայացնել որպես քաղաքական ձերբակալություն: Օրինակ՝ «Երեւան ժամանակ» թերթի գլխավոր խմբագիր Արման Բաբաջանյանին ներկայացված մեղադրանքի հիմքում, անշուշտ, կար հանցակազմ, բայց ձերբակալության ժամկետը կարող էր ավելի մեղմ լինել: Եվ այս հանգամանքը հիմք է տալիս պնդելու, որ, քանի որ նրա ներկայացրած թերթը հաճո չէ իշխանություններին, ապա նրա նկատմամբ վերաբերմունքն ունի քաղաքական ենթատեքստ:

– Խոսքի ազատությունը ժողովրդավարական հիմնարար ազատություններից է: Հայաստանում կա՞ այն: Ի՞նչ խնդիրների են բախվում իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող ԶԼՄ-ներն ու լրագրողները:

– Մեր մամուլը բաժանված է: Կան իշխանության ԶԼՄ-ներ եւ նախորդ իշխանության մամուլ: Սա է ամբողջ խնդիրը: Եվ պետք է ասեմ, որ նախորդ իշխանության մամուլն իր որակով եւ արդարությամբ ներկայիս իշխանության վերահսկողության տակ գտնվող ԶԼՄ-ներից ավելի լավը չէ: Շատ քիչ են այն լրատվամիջոցները, որոնք փորձում են չլինել ոչ այդտեղ, ոչ այնտեղ: Հիմնական խնդիրները, որոնց բախվում են իշխանության վերահսկողությունից դուրս գտնվող լրատվամիջոցները, հարկային ճնշումներն են եւ ֆինանսական բարդությունները:

– Կատարյա՞լ են, արդյոք, Հայաստանի վրա Եվրախորհրդի ազդեցության մեխանիզմները: Արդյո՞ք այդ կազմակերպության բանաձեւերը պարզապես թղթեր չեն, որոնք երկրի իշխանությունները բանի տեղ չեն դնում:

– Եվրախորհուրդը կատարյալ մեխանիզմներով Հայաստանն իր չափանիշներին համապատասխան երկիր դարձնելու նպատակ չի դրել: Մենք ինքներս ենք դիմել, որ դառնանք Եվրոպայի խորհրդի անդամ, եւ ստանձնել ենք հստակ պարտավորություններ: Եվրոպայի խորհուրդն ընդամենը հետեւում է, թե որքանո՞վ ենք մենք կատարել այդ պարտավորությունները: Շատ անգամ հատկապես ընդդիմությունը դժգոհում է Եվրոպայի խորհրդից, որ կա բացահայտ խախտում, բայց ոչինչ չի արվում: Եթե մոտեցումն այդպիսին լիներ, ապա մենք չէինք դառնա Եվրոպայի խորհրդի անդամ, որովհետեւ անդամակցության պահին իսկ ակնհայտ էր, որ մենք շատ հեռու ենք եվրոպական չափանիշներից: Ուրեմն անհրաժեշտ է ժամանակ եւ համատեղ աշխատանք իշխանության եւ եվրոպական կառույցների միջեւ, որպեսզի անցնենք այս ճանապարհը: Իշխանությունները լավ էլ հաշվի են առնում այդ բանաձեւերը, հնարավոր չէ դրանք անտեսել: Հանձնարարականները կատարվում են ոչ ամբողջությամբ եւ ոչ այն արագությամբ, որը ցանկալի է, բայց կատարվում են: