Իրանը հնարավորություն չունի Պարսից ծոցի սահմաններից դուրս իր հզորությունը ցույց տալու

15/08/2008 Արա ՍԱՐԳՍՅԱՆ

Ռուսաստանն Իրաքյան պատերազմից միմիայն շահում է: Մոսկվան վախենում էր, որ Ֆրանսիայի ու Գերմանիայի վրա ազդելու իր անկարողությունն ԱՄՆ-ին հնարավորություն կտա նաեւ այլ աշխարհաքաղաքական հաղթանակներ տանել: Սակայն այսօր ռուսները հաճույքով են հետեւում, թե ինչպես են Ամերիկայի հախից գալիս: Նրանք նաեւ ուրախ են, որ Իրանը լիովին տարված է իր սահմաններից արեւմուտք տեղի ունեցող իրադարձություններով: Երբ Իրանն ու Ռուսաստանը ուժեղանան, ինչն էլ այժմ տեղի է ունենում, նրանք անխուսափելիորեն կբախվեն Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ազդեցության ոլորտների բաժանման համար պայքարում: Այսօր Ռուսաստանը շատ առումներով բարենպաստ ժամանակներ է ապրում. «սառը պատերազմում» նրա գլխավոր թշնամին զբաղված է տարածաշրջանում Մոսկվայի մրցակիցներից մեկի հետ առճակատմամբ: Բայց ռուսները չեն կասկածում, որ ի վերջո ամերիկացիները հաղթելու են:

Իրանը հնարավորություն չունի իր հզորությունը ցույց տալու Պարսից ծոցի սահմաններից դուրս, իսկ ռուսները սեփական փորձից գիտեն, թե ինչքան լավ են ամերիկացիներն օգտագործում տնտեսական ու ռազմական հնարավորություններն ու դաշնակցային պարտավորությունները` իրենց հակառակորդներին իսպառ ոչնչացնելու համար: Միակ հարցը, որ հուզում է ռուսներին, ժամանակի խնդիրն է:

Եթե ԱՄՆ-ը չցանկանա վերափոխել Եվրոպայի ու Ռուսաստանի հետ հարաբերություններում անվտանգության համակարգը, ապա Մոսկվան կփորձի օգտվել Ամերիկայի` Իրաքի խնդրով զբաղված լինելը ` ՆԱՏՕ-ին ցուցադրելու նոր իրականությունը եւ դաշինքի վրա պատշաճ տպավորություն գործելու համար: ԱՄՆ-ը իր բոլոր ցամաքային ուժերը նետել է Իրաքի խնդրի լուծմանը` իրեն մանեւրելու տարածություն չթողնելով այն դեպքի համար, եթե հանկարծ մոլորակի մի այլ կետում նոր ճգնաժամ ծագի: Եթե Ռուսաստանը նման ճգնաժամ ստեղծի, Ամերիկան չի կարողանա նրան կանգնեցնել: Այդ պատճառով ճգնաժամ ստեղծելը Ռուսաստանի համար կարող է գործունեության նոր ոլորտ դառնալ, եւ նա մեծագույն հաճույքով կզբաղվի դրանով: Կրեմլը մեծ հնարավորություններ ունի, որոնց թվում են.

1. Ուկրաինայում պետական իշխանության ապակայունացումը: Անցած տարվա սեպտեմբերի 30-ին կայացած ընտրությունները կարող են հանգեցնել «նարնջագույն հեղափոխության» վերածնունդին, որն այնպես վախեցրել էր Մոսկվային: Քանի որ ԱՄՆ-ը այստեղ հիմնականում ներկա չի, ռուսները ջանքեր կգործադրեն, որպեսզի Ուկրաինան որքան հնարավոր է երկար մնա փակուղում:

2. Ադրբեջանը դառնում է Կենտրոնական Ասիայից նավթի գլխավոր տարանցիկ պետությունը, նաեւ էներգակիրների ինքնուրույն արտադրող: Բայց ողջ արտահանումը լիովին կախված է Մոսկվայից եւ Բաքվի համար խնդիրներ չստեղծելու նրա պատրաստակամությունից:

3. Նախկին խորհրդային հանրապետություններից մեկի` Վրաստանի բացահայտ հակառուսական քաղաքականությունն առաջվա նման փշի պես ցցված է Ռուսաստանի կոկորդին: Մոսկվան ի վիճակի է հասնելու Վրաստանի տարածքային մասնատմանը կամ էլ զսպելու Վրաստանի իշխանություններին: Դրա համար նա բոլոր միջոցներն ունի` դիվերսիոն խմբերից մինչեւ զրահատանկային դիվիզիաներ:

4. Եվրամիության անդամ երկրները իրարամերժ զգացմունքներ ունեն նոր Ռուսաստանի ագրեսիվության եւ ինքնավստահության նկատմամբ: Բայց Մերձբալթյան երեք պետությունները Լեհաստանի հետ միասին բարեհաջող կերպով իրենց վրա են վերցրել Ռուսաստանի հետ արտաքին հարաբերությունների նախաձեռնությունը: Արդյունքում՝ համագործակցության եւ փոխգործակցության հարաբերությունները վերածվել են թշնամականի: Մերձբալթյան երկրներում փոքրիկ ռազմական ճգնաժամը ոչ միայն Կրեմլին պոպուլյար կդարձնի, այլեւ ցույց կտա Ամերիկայի` իր դաշնակիցներին օգնության հասնելու անկարողությունը:

Նման գործողությունները կընդարձակեն Ռուսաստանի ազդեցության ոլորտները նախկին ԽՍՀՄ-ի ողջ տարածքում, նաեւ կհերքեն ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների համոզվածությունը, թե ամերիկացիները «հուսալի տղերք են», որոնք ցանկացած պահի իրենց բարեկամներին օգնության կնետվեն աշխարհի ցանկացած կետում: Նման վստահությունն ընկած էր «սառը պատերազմի» ժամանակ ԱՄՆ-ի զսպողական ռազմավարության հիմքում: Եթե այդ վստահությունը խարխլվի, համընդհանուր անվտանգության ողջ պատկերն արմատական փոփոխություններ կկրի: Խոչընդոտել ռուս-ամերիկյան համաձայնությունների հաստատմանը եւ հարված հասցնել ամերիկացիների նկատմամբ վստահությանը. ահա այսպիսի մեծ նպատակ է կրկին հետապնդում Կրեմլը: Միակ խնդիրն այն է, թե ամերիկացիների ուշադրությունը դեռ ինչքան ժամանակ գամված կլինի Իրաքին, եւ ռուսները ժամանակ կունենա՞ն արդյոք անելու այն, ինչ հարկ են համարում:

Ադրբեջանը պետք է հեռու մնա Ամերիկայի ռազմական պլաններից

Ռուսների բախտը բերել է, քանի որ նրանք կարող են որոշակիորեն ազդել ամերիկացիների` Իրաքում գտնվելու ժամկետների վրա: Նրանք ոչ միայն ընդունակ են նետելու Իրանին ամերիկյան ժողովրդավարության ռումբերի տակ, նրանք նաեւ հնարավորություն ունեն Իրանին ստիպելու հզոր դիմադրություն ցույց տալ ԱՄՆ-ին: Նախագահ Պուտինը Լ.Բրեժնեւից հետո առաջինն էր, որ այցելեց Իրան: Իրանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում Պուտինը ներկայացրեց Իրանին օգնություն ցուցաբերելու իր երկրի հնարավորությունները: Պաշտոնապես դա հինգ մերձկասպյան պետությունների ղեկավարների գագաթաժողով էր, սակայն իրականում այդ հանդիպումը դարձավ ռուս-իրանական փորձ` ամերիկացիներին ցույց տալու, որ Իրանը մենակ չէ:

Գագաթաժողովի զգալի մասը նվիրված էր ԱՄՆ-ի քաղաքականության հետ ունեցած տարաձայնություններին: Հաստատվեց միջուկային էներգիա ունենալու՝ պետության իրավունքը: Հինգ պետություններն աջակցություն արտահայտեցին այնպիսի էներգետիկ ենթակառուցվածքի ստեղծմանը, որը կխոչընդոտի ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերին եւ նկրտումներին: Համատեղ հայտարարության մեջ հինգ պետությունները պարտավորվեցին թույլ չտալ, որ իրենց երկրների տարածքը «երրորդ կողմերի» կողմից օգտագործվի «կասպյան հնգյակի» վրա հարձակվելու նպատակով: Վերջին հայտարարությունն ակնհայտ սպառնալիք էր Ադրբեջանի հասցեին, ակնարկ, որ նա պետք է հեռու մնա ամերիկյան ռազմական պլաններից:

Սակայն ամենակարեւորը Պուտինի եւ նրա իրանցի գործընկերոջ` Մահմուդ Ահմադինեջադի միջեւ երկկողմ բանակցություններն էին: Երկու կողմերն էլ աշխատում էին մանրամասն պարզել, թե ինչպես կարելի է Ռուսաստանի հարուստ ռազմական փորձը կիրառել ԱՄՆ-ի հետ հարաբերություններում Իրանի խնդիրները լուծելու համար: Այստեղ հսկայական հնարավորություններ կան: Ահա դրանցից մի քանիսը.

1. «Կիլո» դասի սուզանավերը: Իրանն արդեն մի քանի այդպիսի նավ ունի, իսկ Պարսից ծոցի ակուստիկ պայմանները ծայրահեղ անբարենպաստ են սուզանավերին հետեւելու համար: ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողություն Իրանի դեմ հարվածային խմբերի ներկայության անհրաժեշտություն կառաջացնի Պարսից ծոցում:

2. Ռուսաստանն արտահանում է ըՈս-ժ սիստեմի ռադիոլոկատորներ (խոսքը թՈՐտցվ-ըՈս-ժ ռադիոլոկատորի մասին է, որը մտնում է հականավատորմային հրթիռային համակարգի կազմի մեջ): Դա Harpoon հականավատորմային հրթիռների ռուսական նմանօրինակն է: Այս համակարգի մարտկոցները կարող են վտանգ ներկայացնել ԱՄՆ-ի` Պարսից ծոցում գտնվող ռազմածովային ուժերի ցանկացած վերջրյա նավի համար: Կա նաեւ ավելի էժան տարբերակը` ռուսական առափնյա հրետանային համակարգի ընդլայնումը:

3. Ռուսաստանն ու Հնդկաստանը մշակել են հականավատորմային ըՐՈԾՏր թեւավոր հրթիռները, որոնք կարեւոր առանձնահատկություն ունեն. դրանք հնարավոր է արձակել ինչպես ցամաքից, այնպես էլ նավից, սուզանավից եւ օդից: Թեեւ այս հրթիռների գլխավոր նպատակը վերջրյա թիրախների դեմ պայքարն է, սակայն այն կարող է նաեւ մի շարք այլ խնդիրներ լուծել վերգետնյա օբյեկտների դեմ պայքարում:

4. Ռուսական արտադրության Սու-27 եւ Սու-30 կործանիչները մի շարք առավելություններ ունեն ամերիկյան կործանիչների համեմատությամբ: Հնդիկ օդաչուները ռուսական ինքնաթիռներով փորձնական թռիչքների ժամանակ մի ամերիկյան օդանավ չէ, որ խփել են` ԱՄՆ-ի ՊՆ ղեկավարներին մեծ գլխացավանք պատճառելով:

5. կԹԿ հ-300 համակարգն առաջվա պես աշխարհում լավագույններից է: Չնայած ռազմական աղքատիկ բյուջեին` Ռուսաստանին հաջողվել է «սառը պատերազմի» ավարտից հետո այդ համակարգի մի քանի նորացված տարբերակ ստեղծել: C-300-ը շատ ավելի մեծ հեռահարություն եւ ճշգրտություն ունի, քան «Top-M1»-ը եւ «Պանցիր»-ը, որոնք այսօր գտնվում են Իրանի սպառազինությունների կազմում:

Եվ սա ընդամենը փոքր մասն է այն ամենի, ինչ կարող է առաջարկել Ռուսաստանը: Այստեղ թվարկված են միայն այն համակարգերը, որոնք կարելի է մեծ արդյունավետությամբ կիրառել Իրանի եւ ԱՄՆ-ի ռազմական ուղղակի հակամարտության դեպքում: Սակայն Ռուսաստանը պատրաստ է Իրանին տրամադրելու բազմաթիվ այլ, ոչ պակաս աչքի ընկնող սպառազինությունների տեսակներ: Իսկ դա Իրանին կօգնի ակտիվացնել գործողությունները` Իրաքում իրադրությունն ապակայունացնելու համար:

Այսօր Իրանին ռուսական զենքի վաճառքի մանրամասները գաղտնի են պահվում: Բայց դա երկար չի շարունակվի: Ռուսաստանը խիստ հետաքրքրված է իր ռազմական համակարգերի անվճար գովազդով, իսկ Իրանը հավանաբար կուզենա Վաշինգտոնին ցույց տալ, թե ինչ թանկ գին ԱՄՆ-ը ստիպված կլինի վճարել ցանկացած հարձակման համար: Մի պատճառ եւս կա, թե ինչու ռուս-իրանական փոխհարաբերությունները չեն կարող երկար ժամանակ գաղտնի մնալ: Կրեմլն ուզում է, որ Վաշինգտոնն իմանա մանրամասները, թե ինչպես կարող է Ռուսաստանի զենքի առեւտուրը բարդացնել ամերիկյան զինվորականների կյանքը եւ խանգարել խնդիրների լուծմանը: Ռուսաստանն այնպես կանի, որ ամերիկացիները լիովին տիրապետեն Ռուսաստանի դերի մասին տեղեկատվությանը եւ համապատասխան որոշումներ կայացնեն: Մոսկվան սա վրեժխնդրությունից դրդված չի անում: Պարզապես ռուսները բիզնեսով այսպես են զբաղվում, եւ նրանք միշտ պատրաստ են նոր գործարքներ կնքելու, միայն թե դրա համար նրանց վճարեն: Թեեւ փողն ամեն ինչ չէ, որ լուծում է, փողից վեր ուժեր եւս կան,,,