Կինոռեժիսոր Ռոման Բալայանը, ով ծնվել ու մեծացել է Լեռնային Ղարաբաղում, հետո սովորել է Երեւանի Թատերական ինստիտուտում, վաղուց արդեն ապրում եւ աշխատում է Կիեւում։ Նա կարծես արձանագրում է. «Ուկրաինան ինձ ամեն ինչ տվել է։ Չկա մի բան, որը ես կուզեի ունենալ, բայց չունեմ։ Ունեմ կոչումներ, գումար, նկարահանում եմ միայն այն, ինչն իրականում ցանկանում եմ։ Եվ եթե ինչ-որ բան ինձ մոտ լավ չի ստացվում, դրա մեղավորը միայն ես եմ»։
Ռոման Բալայանը կինոյում իր ուրույն թեման ունի, որի շուրջ էլ տարիներ շարունակ մտորում է եւ պոետիկ ֆիլմեր է նկարահանում։ Նրան հետաքրքիր են Մարդու եւ Համակարգի փոխահարաբերությունները, որոնք բոլոր ժամանակներում էլ ողբերգությունների սկիզբ են դրել, «կոտրել» են կամ էլ աղավաղել են մարդկային ճակատագրերը։ Ռ.Բալայանի վերջին՝ «Դրախտի թռչունները» ֆիլմով բացվեց Երեւանյան 5-րդ «Ոսկե ծիրան» փառատոնը, իսկ ինքը՝ ռեժիսորը, բազմաթիվ հանդիպումներ ունեցավ հայ հանդիսատեսի հետ։
Իր ֆիլմը Ռոման Բալայանը «համեստ, մեղմ, առանց հավակնությունների» ֆիլմ է անվանում։ Այն թռիչքի մասին է։ Եվ այդ թռիչքը վերացական, ենթադրյալ թռիչքը չէ, որը առկա էր ռեժիսորի ամենահայտնի՝ «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմում, «Դրախտի թռչուններում» հերոսներն իրականում էին օդ բարձրանում՝ որպես ներքին լիակատար ազատության խտացված ապացույց։ Գլխավոր հերոսը երիտասարդ տաղանդավոր գրող է, որը զրկված է հայրենիքում տպագրվելու հնարավորությունից, սակայն նա կարող է «պոկվել» հողից, ամենազոր ԿԳԲ-ի հետապնդումից ու անհրապույր իրական կյանքից։ Նա կարող է Սովետական Միությունից արտագաղթել։ Ինչը եւ անում է։ Բայց ծաղկուն Փարիզում նա այլեւս թռչել չի կարող, գրելու եւ թռչելու շնորհներն անհետանում են։ Հերոսին մնում է միայն՝ կամ խենթանալ, կամ էլ ինքնասպան լինել։ Հարմարվել նա դժվար թե կարողանա։
Ռոման Բալայանի այդ երկու ֆիլմերի գործողությունները ծավալվում են 1981 թվականին։ Արտաքնապես անհոգ, կայուն այդ տարին կարծես «լճացման տարիների» կիզակետն էր։ Մեզ միայն թվում է, որ այդ տարիների ստվերն անհետ կորել է, պարզվում է, որ շատ երեւույթներ դեռ վերաիմաստավորված չեն։ Իսկ խորհրդային տարիների ապարատի ճնշումը ոչ թե վերացել է, այլ՝ ավելի խորամանկ ձեւեր է ստացել։ «Դրախտի թռչունները» ֆիլմի սցենարի հեղինակ, ազգությամբ ադրբեջանցի Ռուստամ Իբրահիմբեկովն (ում հետ Ռ.Բալայանը ստեղծել է գրեթե բոլոր իր ֆիլմերը) ասել է. «Հետխորհրդային պետություններում տարբեր անվանումների տակ ավտորիտար ռեժիմներ գոյություն ունեն, եւ պետությունը փորձում է հասարակության դերը նվազագույնի հասցնել։ Որքան էլ որ սովետական ճնշումը դաժան էր, այն, միեւնույն է, շատ ավելի միամիտ էր, քան այն ճնշումը, որը կա հիմա։ Նախկինում քեզ առաջարկում էին խաղի կանոնները, եւ եթե դու դրանք չէիր ընդունում՝ խաղից դուրս էիր հայտնվում։ Իսկ հիմա բոլորը խաղաքարտերը թաքցրել են, ասում են՝ խաղացեք, դուք ազատ եք, բայց մենք ձեզ ցանկացած ժամանակ կարող ենք պատժել»։
Ռոման Բալայանը համոզված է, որ եթե ճնշումը բացակայում է, շեդեւրներ ծնվել չեն կարող։ Եվ որպես այդ մտքի ապացույց՝ բերում է կորեական, չինական եւ իրանական կինոյի օրինակները։
– Ինձ երբեք չեն կարողացել ստիպել նկարահանել այնպիսի ֆիլմ, որը ես նկարահանել չեմ ցանկացել։ Իմ բոլոր ֆիլմերը ես դասում եմ «ես ուզում եմ» կատեգորիային։ Այլ հարց է, որ երբ վրա հասավ իսկական ազատությունը, շատ ռեժիսորներ չիմացան, թե ինչի մասին պետք է նկարահանեն։ Նրանք, իհարկե, նկարահանում էին, շարունակում էին աշխատել, բայց նրանց ֆիլմերը նույնքան հետաքրքիր չէին ստացվում, որքան ստացվում էին սովետական սարսափելի համակարգի տարիներին։
– Գրաքննությունը խթանի՞ դեր է կատարում։
– Հիմա ֆիլմ նկարահանելն ավելի հեշտ է։ Սովետական ժամանակ մենք վախենում էինք գրաքննությունից, պետությունը կարդում էր մեր սցենարները, ճնշելով՝ ստիպում էր այս կամ հատվածը կրճատել կամ կտրել-հանել։ Իհարկե, եղել են դեպքեր, երբ ես էլ ստիպված եմ եղել իմ ֆիլմերից տեսարաններ «կտրել»։ Նույնիսկ զավեշտի հասնող պատմություններ են եղել։ Հիշում եմ, մի բուլղարացի ռեժիսոր կինողեկավարներին իր ֆիլմն էր ցուցադրում, իսկ ֆիլմում յուրաքանչյուր հինգ րոպեն մեկ մերկ կնոջ պատկեր է հայտնվում։ Այն կարծես ոչ մի կապ չուներ ֆիլմի սյուժեի հետ, ուղղակի մերկ կին էր, եւ վերջ։ Գրաքննիչները սկսեցին քննադատել ֆիլմը, մանավանդ՝ մերկ կնոջը, ստիպելով հեղինակին, որ հանի այդ կադրերը։ Իսկ ռեժիսորն էլ երկար ժամանակ սկսեց պայքարել՝ ասելով, որ այդ կինը շատ կարեւոր է ֆիլմի ընդհանուր սյուժեի համար։ Վերջում նա համաձայնեց հանել այդ կադրերը, քանի որ դրանք հատուկ էր ֆիլմի մեջ մտցրել՝ հասկանալով, որ գրաքննիչներն անպայման պետք է մի բանից դժգոհեն, եւ նրանց ուշադրությունը շեղելու համար էր կնոջը ֆիլմ մտցրել։ Մենք սովորել էինք, որ հարկավոր է խորամանկել, ու ղեկավարներին ցույց էինք տալիս միայն այն աշխատանքային նյութերը, որոնք նրանց դուր պիտի գային։ Հիմա նման բան չկա, բայց ես միշտ ասում եմ, որ սկսած 1986 թվականից՝ հետխորհրդային տարածքում ոչ մի կինոշեդեւր չի ծնվել։ Մենք անազատության մեջ ենք մեծացել, սովորել ենք, որ լավ բան ստեղծելու համար հարկավոր է խեղդել սեփական գեները կամ պատռել նյարդերը։ Եվ հանկարծ պարզվեց, որ հայտնվել ենք սուտ ազատության մեջ, եւ, չգիտես ինչո՞ւ՝ համարում ենք, որ սիրո, դավաճանության, ճակատագրի մասին պարզ պատմող ֆիլմերը ոչ մեկին հետաքրքիր լինել չեն կարող։ Այդ իմաստով մենք հայտնվեցինք փակուղու մեջ։ Հիմա, օրինակ, ես փորձում եմ մի նոր ֆիլմ նկարահանել այն մարդկանց մասին, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում հենակետեր գտնել մեր այս անցումային, վայրենի ու տգեղ ժամանակներում։ Կան մարդիկ, որոնք հարմարվել են մեր ժամանակներին (ի դեպ՝ նրանցից շատերը բնավ էլ վատը չեն), բայց կան նաեւ այնպիսիները, որոնք իրենց մոլորված են զգում։
– Դուք կարծում եք, որ շատերը կարոտո՞ւմ են խորհրդային տարիների կայուն վիճակը։
– Իմ բոլոր ֆիլմերով ես ասում եմ, որ ոչ մի կերպ հնի վերադարձը չեմ ցանկանում։ Բայց Ռուսաստանում հիանալի մարդիկ՝ աշխատավորներ ու գյուղացիներ կան, որոնք կարոտում են այն ժամանակներն ու երազում են դրանց վերադարձի մասին։ Այն ժամանակ անվճար ուղեգրեր, տարբեր տեսակի արտոնություններ կային, կար հավատ՝ վաղվա օրվա նկատմամբ, գոնե՝ նյութական առումով։ Կար վստահություն, որ երեխան ինստիտուտ կընդունվի, քանի որ խելացի է։ Հիմա վստահություն չկա, որ խելացիները կընդունվեն սովորելու։ Ժողովրդի զգալի զանգվածը չգիտեր այն տանջանքների մասին, որոնք բաժին էին հասնում ստեղծագործող մարդկանց։ Եվ իմ «Դրախտի թռչունները» ֆիլմը ես առաջին հերթին ոչ թե երիտասարդներին եմ ուղղում, այլ՝ իմ եւ ինձանից ավելի փոքր տարիքի մարդկանց, որոնք կարոտում են այդ ժամանակներն ու երազում նրանց վերադարձի մասին։ Կարծում եմ, եթե որոշեի այն ժամանակ նկարահանել «Դրախտի թռչունները», ինձ թույլ չէին տա դա անել։ Կամ էլ, եթե նույնիսկ թույլ տային, ապա ֆիլմը «դարակում» կպահվեր ու չէր ցուցադրվի։ Իսկ «դարակում» գտնվելը վատ բան է։ Ինչպես կարելի էր, օրինակ, տարիներով դարակում պահել Կիրա Մուրատովի հիանալի ֆիլմերը։ Սյն արգելողները լիակատար ապուշներ էին։ Մենք չպիտի վերադառնանք, նույնիսկ հաշվի առնելով այսօրվա այլանդակությունները։ Եվ ես շատ կցանկանայի, որ «Դրախտի թռչունները» ֆիլմը որքան կարելի է շատ մարդ դիտեր։ Ֆիլմը հատուկ շատ «դեմոկրատական» կինոլեզվով է նկարահանվել, քննադատներ կային, որոնք այն նույնիսկ «հնաոճ» էին անվանել՝ ցանկանալով վիրավորել ինձ։ Բայց նման բնորոշումներն ինձ չեն վախեցնում։ Ինձ ընդհանրապես ոչ թե քննադատներն ու փառատոնային մրցանակներն են հետաքրքրում, այլ՝ ժողովրդի այն հատվածը, որը գալիս է կինոթատրոն ու դիտում է այն, ինչը կա՝ կարիք չզգալով այլ իմաստներ ուղեղով ավելացնել դիտածին։
– Ձեր ամենաազդեցիկ՝ «Թռիչքներ երազում եւ արթմնի» ֆիլմի գործողությունը կատարվում է 1981 թվականին։ Նույն թվականն է նաեւ «Դրախտի թռչունները» ֆիլմում։ Դա սիմվոլի՞կ տարեթիվ է։
– Քանի որ «Թռիչքների…» հերոսի կյանքն այնքան էլ լավ չդասավորվեց, ես որոշեցի նրան մեկ այլ տեսանկյունով՝ երիտասարդ գրողի կերպարով ներկայացնել։ Այնպիսի մի գրողի, որին հայրենիքում չեն տպագրում։ «Թռիչքներում…» միայն խոսում են թռիչքի մասին, իսկ «Թռչուններում…» իրականում են թռչում։
– Ձեր նոր ֆիլմը նույնպես սովետակա՞ն շրջանի մասին է լինելու։
– Ես նկարահանում եմ այն, ինչը լավ գիտեմ։ Իմ նոր ֆիլմի հերոսն, օրինակ, երազում է միանալ դեպի Մարս մոլորակ տանող մի խմբի ու հեռանալ այստեղից։ Սակայն ստացվում է այնպես, որ հումանոիդները նրան չեն տանում իրենց հետ, եւ նա մնում է այստեղ։ Այդ սցենարը վաղուց է գրվել, նկարահանումները ես հետաձգում էի, քանի որ զգում էի, որ պատմությունը փոքր-ինչ հրապարակախոսական է ստացվել։ Հրապարակախոսությունը ինձ հոգեհարազատ չէ, այն ավելի մոտ է վավերագրական կինոյին։ Ես ուզում եմ սովետական շրջանի մասին շատ անկեղծ խոսել, բայց այն հերոսների տեսանկյունից, որոնք իրենց տեղը կյանքում չեն գտել։ Այդ մարդիկ շատ ավելի խոցելի եւ, որքան էլ տարօրինակ թվա, բայց ավելի բարոյական են։ Իհարկե, ես նկատի չունեմ այն մարդկանց, որոնց մոտ երբեք ոչ մի գործ չի ստացվում։ Բայց խղճի թելադրանքին հետեւողների մոտ կա մի սահման, որը նրանք ոչ մի կերպ անցնել չեն կարողանում։ Իսկ այսօր արժանի կյանքով ապրելու համար հարկավոր է յուրահատուկ բարոյական սահման անցնել։ Կիեւում, օրինակ, ես իմ սեփական կինոստուդիան ունեմ, որը սերիալներ է նկարահանում։ Ինքս, փառք Աստծո, դրանք չեմ նայում, քանի որ դրանք սարսափելի բան են, բայց որպես ղեկավար՝ ես գումար եմ գտնում՝ դրանք նկարահանելու համար, քանի որ դա է ինձ հարստացնում։ Եվ փոքր-ինչ էլ դրանից ամաչում եմ։ Միգուցե նաեւ՝ շատ եմ ամաչում։ Բայց կան մարդիկ, որոնք ընդհանրապես ոչնչով զբաղվել չեն ուզում, քանի որ համաձայն չեն այս տգեղ անցումային ժամանակների հետ։ Այդպիսի մարդկանց ես լավ հասկանում եմ։ Եթե դու հարուստ ես, ու քո կողքին գտնվող բազմաթիվ աղքատների չես նկատում, ուրեմն քո հարստությունը բացասական է։
– Նկարահանման հրապարակում դուք խի՞ստ եք։
– Ես նկարահանում եմ թեթեւ, զվարճանալով։ Ինձ մոտ բացակայում է այն մտազբաղ կեցվածքը, որը հատուկ է խելացի մարդկանց ու հայտնի ռեժիսորներին։ Ես ավելի շատ սիրում եմ ընդմիջումները, այլ ոչ թե՝ բուն նկարահանումները։ Դերասաններն էլ են սիրում ընդմիջումները, որոնց ընթացքում մենք եւ՛ ուտում, եւ՛ խմում ենք։ Ինչպե՞ս կարելի է չխմել։ Ես չեմ սիրում դերասանների հետ երկար զրույցներ վարել դերի կամ ընդհանրապես արվեստի մասին։ Նկարահանման հրապարակում կարող եմ, ասենք, Օլեգ Յանկովսկուն ասել՝ դու, ինչպես միշտ, ապաշնորհ խաղացիր այս դրվագը։ Ինչին նա կարող է պատասխանել՝ ապաշնորհից եմ դա լսում։ Ուզում եմ ասել, որ մենք բոլորս էլ խաղում ենք հրապարակում։ Ես կարծես թե մանկապարտեզի դաստիարակ եմ, իսկ դերասանները երեխաներ են։ Բնական է, որ հանդիսատեսն առաջին հերթին դերասանների է սիրում, եւ հարկավոր չէ նրանց հետ մրցել։ Իսկ դերասանները առաջին հերթին մեզ՝ ռեժիսորներիս են սիրում։
– Մասսայական՝ բլոկբաստերներ ստեղծելու միտում ունեցող կինոն ճնշո՞ւմ է ձեզ։
– Իմ պատկերացմամբ, մասսայական կինոն այն կինոն է, որը դիտելով՝ մարդիկ իրենք իրենց են ճանաչում։ Կինոպատմություններում նրանք սեփական կյանքի պատմություններն են տեսնում։ Եվ կան ֆիլմեր, որոնք ոչ թե այն բանի մասին են, ինչը եղել է, այլ՝ այն բանի, ինչը կարող էր լինել։ Նման ֆիլմերը մինչեւ վերջ դիտելը դժվար է, բայց շատ օգտակար է։ Կան ճանաչման ֆիլմեր (օրինակ, հիանալի «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմը) եւ կան ճանաչողական ֆիլմեր (այդպիսին են Փարաջանովի, Փելեշյանի, Վենդերսի ֆիլմերը)։ Մեկ-մեկ էլ հայտնվում են հանճարեղ ռեժիսորներ, որոնք բոլորին են դուր գալիս։ Այդպիսին է Կուստուրիցան, որին ես բարի նախանձով նախանձում եմ։
Կարծում եմ, պետք է զարգացնել փոքր, ակումբային կինոթատրոնների ցանցը։ Բոլորովին էլ հարկավոր չէ միայն դրամարկղային ֆիլմեր ցուցադրել, կան ֆիլմեր, որոնք կամերային, նեղ դիտումների համար են։ Վերջերս ես փորձեցի հասկանալ, թե ովքե՞ր են այսօր դիտում ձանձրալի, այլ բառով ասած՝ լավ ֆիլմերը։ Օրինակ, Տարկովսկու ֆիլմերը։ Որպես կանոն՝ երիտասարդները դրանք չեն դիտում։ Բայց եթե որեւէ երիտասարդ, ասենք, տանն անգինայով կամ բրոնխիտով հիվանդ պառկած է, նա այդպիսի ֆիլմեր դիտում է։ Այդ ժամանակ նա խելագար ռիթմով չի ապրում եւ առօրյա եռուզեռից հեռու է, նա այլ հոգեվիճակում է հայտնվում։ Յուրաքանչյուր հիվանդություն մարդուն ստիպում է մտածել ծննդի, մահվան, ճակատագրի կամ կյանքի իմաստի մասին։ Իհարկե, ես հիվանդների թիվն ավելացնելու կոչ չեմ անում, բայց կարծում եմ, որ այսօրվա երիտասարդներին (որոնք բոլորովին այլ կերպ են կինեմատոգրաֆին վերաբերվում) հարկավոր է չբռնանալով դաստիարակել։
Եվ ակումբային կինոթատրոնները կարող են դրան նպաստել։ Կինոն եւ՛ արվեստ է, եւ՛ բիզնես է։ Ցանկալի է, որ այն ոչ թե միայն բիզնես, այլեւ՝ մի քիչ էլ արվեստ լինի։
– Ռոման Գուրգենովիչ, իսկ թատրոնում որեւէ աշխատանք անելու ցանկություն չունե՞ք։
– Ես մի ուտոպիկ միտք ունեմ, մտածում եմ, որ սեփական վատ ֆիլմերն արդարացնելու համար, կարելի է ենթադրել, որ թատրոնում ես ավելի լավ ռեժիսոր կլինեի։ Ես սկսել եմ աշխատել «Սովրեմեննիկ» թատրոնում, ուզում էի ներկայացում անել Վալենտին Գաֆտի հետ։ Մեր փորձերը համարյա մեկ տարի ձգվեցին, եւ ողջ տարվա ընթացքում ես միայն մի բանի մասին էի երազում. ուզում էի, որ այդ ներկայացումը փակվեր։ Երեւի, իսկապես Աստված գոյություն ունի, քանի որ պրեմիերայից 10 օր առաջ ես հիվանդացա եւ սկսեցի լուրեր տարածել, որ լրջագույն վիրահատություն է ինձ սպասվում, եւ ես աշխատունակ չեմ լինելու։ Փառք Աստծո, ես թատրոնից ազատվեցի, եւ թատրոնն էլ ինձ դա ներեց։ Ներկայացումը հաստատ տապալվելու էր, իսկ կինոռեժիսորի տապալումը թատրոնում ուղղակի ողբերգություն կարող էր լինել։ Եթե անկեղծ ասեմ, ես մեծ հաճույքով կաշխատեի թատրոնում, բայց միայն այն դեպքում, երբ թատրոնն իմը լիներ։ Այսինքն, եւ՛ շենքը, եւ՛ դահլիճը իմ սեփականը լինեին։ Ես էգոիստ եւ «ֆրաէր» չեմ, որպեսզի միայն ինքս բեմադրություններ անեմ, ես կհրավիրեի լավագույն ռեժիսորների, գումարներ կհայթայթեի։
– «Ոսկե ծիրանին» Դուք որպես պատվավոր հյուր արդեն երկրորդ անգամ եք մասնակցում։ Ինչպիսի՞ն են ձեր տպավորությունները։
– Ինձ թվում է, որ Հայաստանի ներկա իշխանությունները լավ չեն հասկանում այս փառատոնի նշանակությունն ու դերը։ Նման մշակութային միջոցառումները շատ մեծ դեր ունեն։ Ես շատ եմ ուրախանում, երբ տեսնում եմ, որ դեռեւս շատ պրոբլեմներ ունեցող Երեւան են գալիս արտասահմանցիները։ Նրանք ճանաչում են մեզ, ծանոթանում են մեր մշակույթի հետ։ Ես երջանիկ եմ, որ ինքս այստեղ ծանոթացա ռեժիսոր Վիմ Վենդերսի հետ, ում հետ համեմատած՝ ես ընդամենը «պեշկա» եմ։ Կարծում եմ, որ «Ոսկե ծիրանի» նախագահը արժանի է, որ Երեւանում դեռ իր կենդանության օրոք արձան դնեն։ Ես կոչ եմ անում բոլոր ղեկավարներին, բիզնեսմեններին, հիմնադրամներին ու պարզապես հայերին սիրողներին՝ աջակցել միջազգային նշանակություն ունեցող նման փառատոներին։
– Ինչպիսի՞ն եք տեսնում այսօրվա կինոհերոսներին։ Նրանք միայն մոլորված ու իրենց անպիտան զգացող մարդի՞կ են, թե՞ կարող են նաեւ որոշակի դրական հասարակական դեր խաղալ։
– Հերոսները, ճիշտ կլինի ասել՝ հերոսական անձերը, միշտ հայտնվում են պետության համար վտանգավոր ժամանակներում։ Հերոսի հայտնվելը ենթադրում է, որ կլինեն նաեւ իրեն նմանվել ցանկացողները։ Հերոսները միշտ կլինեն Նժդեհի կամ Մատրոսովի նմանները։ Կարծում եմ, որ մեզ բոլորիս հիմա լիդերներ, իրենց հետեւից մարդկանց տանողներ են հարկավոր։ Բայց այդպիսիները չկան, քանի որ հիմա ամենուրեք անօրինություններ են, եւ յուրաքանչյուր ոլորտում վերաձեւում է տեղի ունենում։ Ուկրաինայում եւ Ռուսաստանում այդպես է, կարծում եմ՝ Հայաստանում նույնպես։ Եվ մինչեւ այդ վերաձեւումը չավարտվի, մշակույթ չի լինի։
– Որտեղ էլ որ լինենք, մենք՝ հայերս, սիրում ենք հպարտանալ մեր դարավոր մշակույթով, սակայն մեր իրական կյանքում այդ մշակույթը չի նկատվում։ Ինչպե՞ս կարելի է անցյալի ու ապագայի միջեւ մշակութային կապեր ստեղծել։
– Շատ լավ, շշմելու բան է ասել Դերենիկ Դեմիրճյանը, նա ասել է, որ չնայած հայ ժողովուրդը տեսել ու վերապրել է բազմաթիվ ողբերգական իրադարձություններ, այսուամենայնիվ, նա երբեք չի ունեցել երկու բան՝ հաջողություն եւ հուսահատություն։ Հայերը երբեք չեն մոլորվել ու չեն կորել կյանքում։
– Նաեւ չեն ունեցել բա՞խտ։
– Նաեւ՝ բախտ։ Դեմիրճյանն ասել է, որ Հայաստանում երբեք փայլուն հասարակություն չի եղել, բայց միշտ փայլուն ներկայացուցիչներ են եղել։ Եվ պետք է անել այնպես, որ փայլուն հայերի քանակն ավելանա։ Ես կարծում եմ, որ գիտեմ, թե ինչպես դա կարելի է անել։
– Ինչպե՞ս։
– 7 տարի առաջ, օրինակ, ես ցանկություն ունեի այստեղ իմ սեփական ներդրումներով ստուդիա բացել, որի անունը «Թալիսման» կլիներ։ Այդ ստուդիան պետք է երիտասարդ տաղանդների որոնմամբ ու բացահայտմամբ զբաղվեր։ Ընդ որում՝ տարբեր ոլորտների տաղանդների որոնմամբ։ Թե ինչո՞ւ այդ նախագիծն իրականություն չդարձավ, չեմ ուզում ասել։ Ավելի լավ է՝ լռեմ։
– Ինչո՞ւ։
– Դե, կար ինչ-որ ղեկավարի օգնական, որն ասաց, որ Հայաստանում մասնագետներ չեն գտնվի եւ չեն կարողանա ողջ աշխատանքը կատարել։
– Կարծում եմ, մենք մասնագետներ շատ ունենք, պարզապես շատերը հոգեբանական խթանի են սպասում։
– Միգուցե, դա այդպես է։ Պետք է հաշվի առնել, որ մենք շատ բան չունենք, չունենք նավթ, տարբեր այլ հումքեր, որոնք կարող են տնտեսական հետաքրքրություն առաջացնել Հայաստանի նկատմամբ։ Բայց մենք՝ հայերս, խելացի մարդկանց պակաս երբեք չենք ունեցել։ Հարկավոր է զարգացնել բարձր տեխնոլոգիաներն ու բարձրացնել տնտեսությունը։ Պետք է հասկանալ, որ մենք կարող ենք Ճապոնիա դառնալ։ Հայերի ուղեղը շատ ստեղծագործող է, կրեատիվ է, եւ եթե պետությունը գումար տա գիտությանն ու բարձր տեխնոլոգիաների զարգացումը խթանի, մենք շատ լավ արդյունքի կհասնենք։ Համենայնդեպս, տնտեսության ոլորտում։
– Իսկ կինոյում կարո՞ղ ենք հաջողությունների հասնել։
– Դա պարտադիր չէ, կարող ենք եւ հաջողություն չունենալ։ Որքան հասցրել եմ տեսնել, Հայաստանում կան լավ ռեժիսորներ։ Արամ Շահբազյանն, օրինակ, շատ լավն է, նա հիմա սկսելու է նկարահանել իր դրամատիկ ֆիլմը՝ գյուղացի աղջկա մասին։ Ես կարդացել եմ սցենարը եւ կարծում եմ, որ եւ՛ թեման, եւ՛ ռեժիսորը լավն են։ Պետք է հաջող ֆիլմ ստացվի։ Հիմա Կիեւում ես պատրաստվում եմ բարձր ռեժիսորական դասընթացների ստուդիա բացել, եւ իմ հայ ընկերները պնդում են, որ նույնը բացեմ նաեւ Երեւանում։ Այդ ռեժիսորական կուրսերը նման են լինելու վարպետության դասընթացների, որոնք կվարեն աշխարհի ամենալավ ռեժիսորները։ 12 ռեժիսոր 12 ամիս շարունակ աշխատելու են երիտասարդների հետ։ Շատ կարեւոր է, որ ռեժիսորները տարբեր լինեն, քանի որ եթե մի քանի օրով, ասենք, գա Էմիր Կուստուրիցան ու դասեր վարի, ուսանողները կկարծեն, որ կինոն հենց միայն Կուստուրիցայի արածն է։ Իսկ եթե հաջորդ անգամ մենք հրավիրենք Կոպոլային կամ Ալմոդովարին, ուսանողները արդեն լավ կպատկերացնեն, թե ինչ է նշանակում եւ ինչպիսի տարբերություններ ունեն լավ ռեժիսորների դասերը։
– Ե՞րբ կարելի է սպասել ձեր ստուդիայի բացմանը։
– Դե, ես պատրաստվում եմ, ունեմ հովանավոր՝ մոսկովյան «Պարադիզ» ընկերությունը, որն ահռելի գումար է պատրաստ տրամադրել ինձ։ Մնում է միայն, որ Երեւանում ինձ անվճար տարածք տրամադրեն։
– Միայն տարա՞ծքն է խնդիրը։
– Այո, մնացածն իր վրա է վերցնում Գեւորգ Ներսիսյանը, ով պատրաստ է բոլոր սարքավորումներով մեզ ապահովել։ Իսկ ռեժիսորներին հրավիրելն իմ խնդիրն է։ Վերջիվերջո, պետք է, չէ՞, օրերից մի օր իմ հեղինակությունը գործի դնեմ։