«Օլիմպիադա-2008». բրոնզե մեդալներ՝ ութ տարի անց

15/08/2008 Նատաշա ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Երեկ «Օլիմպիադա-2008»-ում մեր ծանրամարտիկ Գեւորգ Դավթյանը Հայաստանին բերեց երրորդ բրոնզե մեդալը:

77կգ քաշային կարգում մեր ծանրամարտիկը վեց մոտեցումներից իրականացնելով միայն երկուսը` գրավեց երրորդ հորիզոնականը: Այս նույն քաշային կարգում մեր մյուս մարզիկին` Արա Խաչատրյանին, չհաջողվեց մեդալ նվաճել: Ցավոք, Արան իր մոտեցումներից մեկի ժամանակ վնասեց ոտքը: Հայ մարզիկներին «Օլիմպիադա-2008»-ում առայժմ միայն երեք բրոնզե մեդալ է հաջողվել նվաճել: Մեր երկրի առաջինը մեդալը հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի 55 կգ քաշային կարգում նվաճեց Ռոման Ամոյանը: Այսպիսով, ութ տարվա ընդմիջումից հետո Հայաստանն օլիմպիական խաղերում կրկին մեդալի արժանացավ: Հիշեցնենք, որ 1/8-րդ եզրափակչում Ռոման Ամոյանը հանդիպեց Ղազախստանի ներկայացուցիչ Ա. Իմանբաեւի հետ եւ հաղթեց 7:2 հաշվով: Այնուհետեւ քառորդ եզրափակչում հայ ըմբիշը մրցեց Վրաստանի ներկայացուցիչ Լաշա Գոգիտաձեի հետ եւ կրկին հաղթեց: Կիսաեզրափակչում Ամոյանի մրցակիցը Ադրբեջանը ներկայացնող Ռովշան Բայրամովն էր, որին Ռոմանը զիջեց 3:11 հաշվով: Բրոնզե մեդալի համար պայքարում Ամոյանը 8:0 հաշվով առավելության հասավ Կուբայի ներկայացուցիչ Յաքնիեր Էռնանդեսի նկատմամբ: Նշենք նաեւ, որ 24-ամյա Ռոման Ամոյանը մեկ անգամ դարձել է Եվրոպայի չեմպիոն, երկու անգամ` փոխչեմպիոն: Հայաստանի համար երկրորդ բրոնզե մեդալը նվաճեց 69 կգ քաշային կարգում մեր երիտասարդ ծանրամարտիկ Տիգրան Մարտիրոսյանը: 20-ամյա մարզիկը «Պոկում» վարժությունում իր երեք փորձերից երկուսը ձախողեց` բարձրացնելով միայն 153կգ-անոց ծանրաձողը: Իսկ ահա «Հրում» վարժությունում նա բարձրացրեց 185կգ-անոց ծանրաձողն ու երկամարտում 338 կգ արդյունքով գրավեց 3-րդ հորիզոնականը: Հիշեցնենք, որ նույնքան քաշ բարձրացրեց նաեւ Ֆրանսիայի ներկայացուցիչ Վենսելես Դաբայան, սակայն Տիգրան Մարտիրոսյանն անձնական քաշով ավելի ծանր էր մրցակցից, ինչի պատճառով էլ զրկվեց արծաթե մեդալից: Չեմպիոնի կոչումը նվաճեց չինացի Հուի Լյաոն, որը երկամարտում ցույց տվեց 348 կգ արդյունք: Ի դեպ, հարկ է նշել, որ Ուկրաինան ներկայացնող, ազգությամբ հայ 66կգ քաշային հունա-հռոմեական ոճի ըմբիշ Արմեն Վարդանյանը նույնպես բրոնզե մեդալի արժանացավ: Հիշեցնենք, որ 26-ամյա գյումրեցի մարզիկը 1999թ. Գյումրիից տեղափոխվել է Զապորոժիե եւ սկսել մարզվել ուկրաինական այս քաղաքում: Ստանալով Ուկրաինայի քաղաքացիություն` վերջին 9 տարիներին հանդես է եկել այդ երկրի դրոշի ներքո: Այսօր ավարտվում է հունա-հռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարը: Հայաստանի ներկայացուցիչներից այսօր պայքարի մեջ կմտնեն 84 կգ Դենիս Ֆորովն եւ 120 կգ Յուրի Պատրիկեեւը: Բավականին մեծ են սպասելիքները 120 կգ քաշայինների պայքարում հանդես եկող Յուրի Պատրիկեեւից, ով համարվում է հաղթողի հիմնական հավակնորդը: Հիշեցնենք, որ Պատրիկեեւը 2008թ. Եվրոպայի չեմպիոն է եւ 2007թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ի դեպ, վերջերս Օլիմպիական խաղերի կազմակերպիչները հետաքրքիր խոստովանություն են արել: Պարզվում է, նրանք հաճախ դիմում են կամավորների օգնությանը` դատարկ տրիբունաները լցնելու համար: Նրանց կարծիքով՝ լեփ-լեցուն տրիբունաներն անհրաժեշտ են տոնական մթնոլորտում սպորտային մրցաշարերն անցկացնելու համար: «Մեր կողմից օգտագործվող աջակցության խմբերը կազմված են կամավորներից, որոնք իրենց ներկայությամբ տոնական մթնոլորտ են ստեղծում` դրանով օգնելով մարզիկներին՝ բարելավել իրենց արդյունքները»,- ասել է «Օլիմպիադա-2008»-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Վան Վեան: Վերջինիս կարծիքով` դատարկ տրիբունաները կարող են հոգեբանական վատ ազդեցություն ունենալ մարզիկների վրա: Այս խոստովանությունը, սակայն, բացասական արձագանք է գտել սպորտի սիրահարների շրջանում: Բանն այն է, որ խաղերի ընթացքում նրանցից շատերը չեն կարողանում տոմս գնել, քանի որ տոմսերը սպառված են: Հազարավոր մարզասերներ ստիպված են տոմս փնտրել վերավաճառողների շրջանում: