Պայքար` թափառող շների եւ գայլերի դեմ

15/08/2008

Շիրակի մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունը դիմել է մարզպետին՝ թափառող շների դեմ պայքարի համակարգված գործողություններ ձեռնարկելու խնդրանքով: Տեսչության պետի տեղակալ Սոնա Ոսկանյանի հավաստմամբ` շների ոչնչացումն իրականացվում է բնակկոմունալ տնտեսության կողմից գարնանը եւ աշնանը, սակայն այդ քայլերը բավարար չեն` հաշվի առնելով շների կողմից մարդկանց վրա հարձակման դեպքերի ավելացումը: Թեեւ տարեսկզբից մինչ օրս ոչնչացվել է 616 թափառող շուն, սակայն դա խնդրի լուծման փոքր տարբերակ է: Նշենք, որ ըստ Համաճարակաբանական տեսչության տվյալների` Շիրակի մարզում այս տարի արձանագրվել է մարդկանց կծելու 163 դեպք, որից 3-ը` գայլերի կողմից, 104-ը` տերեր ունեցող շների, եւ 56-ը` թափառող շների: Թափառող կենդանիների դեմ տարվող պայքարի ծրագիր մշակելուց բացի, Շիրակի մարզի հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչությունն անհրաժեշտություն է համարում բոլոր բուժհիմնարկներում կատաղության դեմ պատվաստուկի առկայությունը: Ըստ մասնագետների` չպատվաստման դեպքում կատաղություն հիվանդությունը 90-95 տոկոս մահացու ելք ունի: