Մայիսի 9-ին Եգիպտոս մեկնած հայկական պատվիրակության թվում էին ՀՀ
առողջապահության նախարար Նորայր Դավիդյանը, ԱԳՆ նախարարի տիկինը՝ Նանի
Օսկանյանը, եւ «911» դեղատնային ցանցի տնօրեն Արմեն Թավադյանը: Այցի
մանրամասներից տեղեկացանք Նանի Օսկանյանի հետ զրույցից: Վերջինս նշեց, որ
այցի ժամանակ երկու երկրների միջեւ համաձայնագիր է ստորագրվել բժշկական
կադրերի փոխանակման մասին: Եգիպտոսի բնակչությունը մոտ 75 միլիոն է եւ
հիվանդացումների թիվը բարձր է, երկրում բուժաշխատողների եւ հատկապես
բուժքույրերի կարիք կա: Ուստի բժշկական ոլորտում նման համագործակցությունը
նպաստավոր կլինի թե հայ բժիշկների պրակտիկան հարստացնելու, թե Եգիպտոսի
առողջապահությանն աջակցելու առումով: Հայ բժիշկների ճանապարհածախսը,
ուսումը, վերապատրաստումը ֆինանսավորվելու է Եգիպտոսի
Արտգործնախարարության ԱՊՀ երկրների հետ համագործակցության գրասենյակի
կողմից:
Պատվիրակությունը նաեւ այցելել էր «Vacsera» դեղագործական ընկերություն եւ
հանդիպել նրա տնօրեն դոկտոր Աբադիի հետ: Այս այցելության արձագանքները
կլսվեն մեկ շաբաթ անց, երբ «Vacsera»-ի ղեկավարությունը պատասխան այցով
կժամանի Երեւան: Նախատեսվում է, որ հայ-եգիպտական դեղագործական գործարան
հիմնելու համար հայկական կողմն առաջարկելու է երեք շենք, որոնցից
միջազգային ստանդարտներին առավել համապատասխանող շենքը կընտրվի որպես
պատվաստանյութերի եւ մարդկային ինսուլինի ապագա գործարան: «Գործարանի
արտադրանքը բավարարելու է ոչ միայն Հայաստանի դեղորայքի ներքին պահանջը,
այլեւ արտահանվելու է հարեւան երկրներ»,- ասաց Նանի Օսկանյանը: Գործարանի
հիմնման բյուջեն կազմում է 11 միլիոն ԱՄՆ դոլար, որը հավասարաչափ
տրամադրելու են երկրները:
Մ.Վ.