Սիրահարների աչքը լույս

15/08/2008

Երեւանում Սիրահարների այգու (նախկինում` Պուշկինի այգի) վերակառուցման աշխատանքները կավարտվեն սեպտեմբերի վերջին: Այգու բարեկարգման ծրագրի համակարգող Սարհատ Պետրոսյանն «Արմենպրեսին» տեղեկացրել է, որ արդեն աշխատանքների 70 տոկոսը կատարվել է. կառուցվել են արհեստական լճակներ եւ ջրվեժներ, իրականացվել են ամբողջ այգու ինժեներական համակարգի վերակառուցում, ճեմուղիների` բնական քարերով եւ ավազով երեսպատման նախապատրաստական, այգու լուսավորության աշխատանքներ: Ըստ նրա` այն լինելու է եւ՛ նպատակային, եւ՛ գեղարվեստական` քարե հորինվածքներն ու արձաններն ընդգծելու համար: Ոռոգման եւ ձայնային համակարգերը նույնպես անցկացվել են: Մի քանի օրից կփորձարկվի լճակը: Այգում տեղակայված է կրպակ-սրճարան այցելուների համար:

Ս. Պետրոսյանի խոսքով, նախքան շինարարական աշխատանքների մեկնարկը տարբեր հասարակական կազմակերպությունների եւ Երեւանի քաղաքապետարանի կանաչապատման մասնագետներն այգում նշել էին հատման ենթակա չորացած ծառերը: «Քանի որ տարիներ շարունակ այգին գտնվում էր անմխիթար վիճակում, նախատեսված էր հատել 19 չորացած ծառ, որից հատվեց 16-ը: Երեքը թողեցինք դեկորատիվ նպատակներով, որովհետեւ շատ գեղեցիկ էին: Դրանցից 2-ն այս տարի ծաղկեցին»,- ասել է Ս. Պետրոսյանը` նշելով, թե այգում կան 5 մշտադալար ծառեր, որոնց թիվը պետք է հասցնել 15-20-ի, ինչպես նաեւ պետք է ավելացնել դեկորատիվ, մրգատու ծառերի թիվը: Այգում կլինեն ծաղկանոցներ, քանդակների ցուցադրությունների համար հարթակներ, նախատեսվել են մարզական սեղաններով տաղավարներ` շախմատ, նարդի եւ այլ խաղերի համար: