«Ժառանգություն» կուսակցության վարչությունը երեկ հայտարարություն է տարածել առաջիկա ՏԻՄ ընտրությունների վերաբերյալ, որտեղ կոչ է անում ՀՀ քաղաքացիներին` որպես իշխանության անմիջական կրողներ ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին եւ ամեն կերպ նպաստել դրանց արդար, թափանցիկ եւ առանց կեղծիքների անցկացմանը: Նաեւ կոչ է անում ընդդիմադիր բոլոր գործընկերներին` ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին, համաձայնեցնել գործողությունները, այդ թվում` համապատասխան համայնքներում թեկնածությունների առաջադրումը եւ փոխադարձ սատարումը, ողջ ներուժն ուղղել ընդդիմության թեկնածուների հաղթանակին: Կոչ է անում իշխանության բոլոր թեւերին ու ներկայացուցիչներին` գործել ՀՀ Սահմանադրությամբ ու ՀՀ Ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքների ու պատասխանատվության շրջանակներում` թույլ չտալով ընտրողի ընտրելու իրավունքի ու կամքի վրա բռնանալու որեւէ դեպք ու խստագույն պատժելով դրանում մեղավոր անձանց, ապահովել արդար, ազատ, թափանցիկ, առանց ընտրակեղծիքների ու ընտրակաշառքների ՏԻՄ ընտրություններ, իրականացնել ընտրախախտումները կանխարգելող միջոցառումներ ողջ նախընտրական շրջանում: