«Ժառանգություն» կուսակցությունը` վերահաստատելով պետության ու հասարակության առջեւ ծառացած հիմնախնդիրների ու մարտահրավերների հաղթահարման գործում ընդդիմադիր քաղաքական դաշտի համախմբված գործելակերպին իր նվիրումը, կարեւորելով տարիների ընթացքում բոլոր առողջ քաղաքական ուժերի բյուրեղացած անհատական եւ հավաքական ինքնությունը, վերարժեւորելով քաղաքական եւ քաղաքացիական իրավունքների ու ժողովրդավարության համար ընդդիմադիր ուժերի կազմում իր ծավալած համատեղ պայքարը, երեկ հայտարարություն է տարածել, որտեղ մասնավորապես ասված է, որ կուսակցությունն «արժանվույնս է գնահատում Համաժողովրդական շարժման անցած ուղին եւ դերակատարումը Հայաստանում քաղաքացիական գիտակցության արթնացման, համակարգափոխության այլընտրանք առաջարկելու եւ այդ ուղղությամբ հասարակությանն առաջնորդելու գործում, ողջունում է այդ շարժման հանրակարգային հանգրվանը հանդիսացող Հայ ազգային կոնգրեսի հռչակումն իբրեւ բազմակարծ եւ տարբեր գաղափարախոսություններ դավանող քաղաքական ուժերի միասնականության լավագույն խորհրդանիշ, կարեւորում է Հանրապետության առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծմանն ուղղված ընդդիմադիր ուժերի գործողությունների համակարգվածությունը, փոխլրացումը եւ դրանց վերաբերյալ փոխադարձ տեղեկացվածությունը, հայտարարում է ՀԱԿ-ի հռչակած նպատակների ձեռքբերման գործում իր գործընկերային մասնակցության պատրաստակամությունը` «Ժառանգություն» կուսակցության որդեգրած սկզբունքների եւ նպատակների շրջանակներում, իր պատրաստակամությունն է հայտնում` ՀԱԿ-ի ծրագրային եւ աշխատակարգային փաստաթղթերի ընդունումից առաջ եւ /կամ հետո քննարկել նրա հետ մասնակցության, համագործակցության եւ/ կամ գործընկերության բոլոր հնարավոր ձեւերը»: