Մեկ ամիս առաջ դժվար կլիներ ենթադրել, որ աշխարհի ուշադրությունը օլիմպիական խաղերի ժամանակ սեւեռված է լինելու ոչ թե Պեկինի, այլ Հարավային Օսիայի մայրաքաղաք Ցխինվալիի վրա։
Բոլոր հեռուստաալիքների լրատվական թողարկումները հեղեղված են այս մասին պատմող ռեպորտաժներով։ Անգամ Հայաստանի բնակչությունը, որին վերջին շրջանում հետաքրքրում են միայն ներքաղաքական իրադարձությունները, վերջին օրերին կարծես սկսել են ավելի շատ հետաքրքրվել մեզանից մի քանի հարյուր կիլոմետր հեռու ընթացող իրադարձություններով։ Իսկ ի՞նչ է կատարվում այնտեղ՝ Ցխինվալիում եւ հարակից շրջաններում։ Ամենապարադոքսալն այն է, որ որքան շատ ես հետեւում լուրերին, այնքան համոզվում ես, որ հնարավոր չէ այս հարցի ճիշտ պատասխանը ստանալ։
Հայաստանյան ԶԼՄ-ները՝ հատկապես հեռուստատեսային լրատվական հաղորդումները, իրենց տեղեկատվությունը վերցնում են հիմնականում ռուսական աղբյուրներից։ Չհաշված նաեւ այն, որ թեեւ Հայաստանում հեռարձակվում է CNN-ը, բնակչության մեծ մասը հետեւում է ԿՀՁ-ի եւ ՀՁՀ-ի լուրերին։ Իսկ դրանք լիովին հակառակ բնույթի ինֆորմացիաներ են։
Այսպես՝ ըստ CNN-ի՝ ստացվում է այնպես, որ Ռուսաստանը հարձակվել է Վրաստանի վրա։ Ընդհանուր գծերով դա ներկայացվում է հետեւյալ հիմնավորմամբ՝ Հարավային Օսեթիան մտնում է Վրաստանի կազմի մեջ, եւ ռուսական զորքերի մուտքը այդ հանրապետություն դիտարկվում է որպես ոտնձգություն Վրաստանի տարածքային ամբողջականության դեմ։ CNN-ի ուղիղ եթերով ցուցադրվում է Միխայիլ Սահակաշվիլիի 15 րոպեանոց ելույթը՝ անգլերեն լեզվով։ Հեռարձակվում են ռեպորտաժներ, օրինակ, նմանատիպ խորագրերով. «U.S. official: Russia’s attack on Georgia is ‘disproportionate’» (ամերիկյան պաշտոնյա. Ռուսաստանի հարձակումը Վրաստանի վրա անհամաչափ է)։ Նույնը կատարվում է նաեւ տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում։ «Հիմա, երբ ես գրում եմ այս տողերը, Ռուսաստանը պատերազմ է մղում իմ երկրի հետ»,- այս տողերով է սկսել Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին՝ ամերիկյան «The Wall Street Journal» թերթում երեկ տպագրված իր հոդվածը։ Ամերիկյան ԶԼՄ-ներն ու պաշտոնյաները կատարվածն արդեն բացահայտորեն որակում են որպես ագրեսիա։ Իսկ ԱՄՆ փոխնախագահ Դիկ Չեյնին, ըստ որոշ լրատվական գործակալությունների, Սահակաշվիլիին խոստացել է, որ ՌԴ-ն անպատիժ չի մնա այդ ագրեսիայի համար։ Իսկ ի՞նչ են ասում ռուսները։ Մինչ Դիկ Չեյնին խոստանում է պատժել Ռուսաստանին, պարզվում է (ըստ ռուսաստանյան ԶԼՄ-ների), միեւնույն ժամանակ ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ Պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսը քննարկում են Սահակաշվիլիի հնարավոր հրաժարականի հարցը։ Ռուս պաշտոնյաները չեն հոգնում կրկնել, որ իրենք ոչ թե պատերազմում են Վրաստանի դեմ, այլ «ստիպում են այդ երկրին խաղաղություն հաստատել»։ Միեւնույն ժամանակ, նրանք շեշտում են, որ Վրաստանը հարձակվել է խաղաղապահների եւ խաղաղ բնակիչների վրա, որոնցից շատերը ՌԴ քաղաքացիներ են։ Անգամ այն, որ ռուսական օդուժը հարվածներ է հասցրել Գորի քաղաքին, Փոթիի նավահանգստին՝ այսինքն՝ բուն Վրաստանի տարածքում գտնվող տարածքներին, ռուսական լրատվական թողարկումներում ներկայացվում է շատ հպանցիկ։ Իսկ հիմնական շեշտը դրվում է Ցխինվալիի վրա։ Աստիճանաբար շրջանառվում է «ցեղասպանություն» տերմինը, որը նախօրեին օգտագործել էր ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը. այսինքն՝ վրացական զորքերի գործողությունները, ըստ ռուսական կողմի, ոչ այլ ինչ են, քան ցեղասպանություն։
Ակնհայտ է, որ ռազմական գործողություններին զուգահեռ՝ ընթանում է իսկական ինֆորմացիոն պատերազմ՝ ամենացինիկ օրենքներով։ Օրինակ՝ երկու օր առաջ եւ՛ ռուսական, եւ՛ ամերիկյան լրատվական թողարկումների մեխն այն էր, որ զոհերի թիվն արդեն հասել է 2000-ի։ Ըստ ռուսական կողմի, այդ զոհերի մեղավորը վրացական զինուժն է՝ որոնք նախ ռմբակոծել են Ցխինվալին ու հարակից գյուղերը, այնուհետեւ մտել քաղաք եւ սկսել զանգվածային սպանդ՝ չխնայելով անգամ ծերերին եւ երեխաներին։ Ռուս լրագրողները ռեպորտաժներ են պատրաստում հենց դեպքի վայրից՝ ներկայացնելով ականատեսներին, որոնք պատմում են վայրագությունների մասին։ «Հարավային Օսիայի Խետագուրովո գյուղում հրկիզվել է երկրի պատմական սրբատեղիներից մեկը՝ 10-րդ դարում կառուցված Սուրբ Աստվածամոր եկեղեցին։ Ներսում գտնվել են ծերերի դիակներ։ Օգոստոսի 8-ին՝ կատաղի դիմադրության արդյունքում, զոհվել են գյուղի բոլոր պաշտպանները, իսկ ծերունիները թաքնվել են եկեղեցում՝ հույսը դնելով Աստծո ողորմածության եւ այն հանգամանքի վրա, որ քրիստոնյա համարվող վրացիներն իրենց ձեռք չեն տա։ Սակայն վրաց զինվորներն այրել են եկեղեցին՝ կենդանի մարդկանց հետ միասին»։ Ահա այսպիսի զարհուրելի փաստեր է նշում «Ռեգնումը»՝ վկայակոչելով oսական ռադիոյի լուրերը։ Հեռուստատեսային ալիքներով ականատեսները պատմում են, թե վրացիներն ինչպես են «փՌրՑՍՈ» իրականացրել՝ մտնելով տներն ու գնդակահարելով բոլորին, տանկերը քշելով անզեն մարդկանց վրա եւ բռնաբարելով կանանց։
Իսկ, օրինակ, CNN-ը կամ անգլիական BBC-ն 2000 զոհերի մասին տեղեկատվությունը միանգամայն այլ ենթատեքստով են ներկայացնում՝ ռուսական զորքերը մտնում են Հարավային Օսիա, զոհերի թիվը հասնում է 2000-ի։ Այս հայացքով իրադարձություններին հետեւելիս էլ տպավորություն է ստեղծվում, որ ռուսներն են կոտորել օսերին։ Ցուցադրվում են կադրեր ռմբակոծության ենթարկված քաղաքներից՝ Գորիից, Փոթիից եւ այլն։ Վրաստանում արգելված է ռուսաստանյան հեռուստաալիքների հեռարձակումը, արգելափակվել են նաեւ ռուսական ինտերնետային կայքերը։ Վրացիները, փաստորեն, այժմ ստանում են միակողմանի տեղեկատվություն։ Իսկ ընդհանուր առմամբ՝ ինֆորմացիոն այս պատերազմը շատ որոշակի տրամաբանություն ունի. վրացիները ռուսներին ներկայացնում են՝ որպես ագրեսոր, ռուսները` վրացիներին՝ որպես պատերազմական հանցագործներ եւ ցեղասպանություն իրագործողներ։ Վրացական կողմն ամեն ինչ անում է՝ աշխարհին ապացուցելու համար, որ իրենք պատերազմում են ոչ թե օսերի, այլ ռուսների դեմ։ Ռուսական ալիքներով ցուցադրում են Ցխինվալիի եւ հարակից շրջանների բնակիչների ողբերգությունը՝ «մոռանալով» Գորիի, Փոթիի եւ այլ քաղաքների մարդկանց մասին։ Ամերիկյան ալիքներով, հակառակը, այն տպավորությունն է, թե զոհեր եղել են միայն վրացական քաղաքներում, միայն ռուսական օդուժի հարվածների արդյունքում։
Փաստորեն, կողմերը շահարկում են անգամ մարդկային զոհերը՝ աշխարհին ապացուցելու համար, որ իրենք են ճիշտ։
«Այս պատերազմը Կրեմլն էր ծրագրելգ Տեսականորեն, այս պատերազմը տեղի է ունենում անջատողականների հետ չլուծված հակամարտության պատճառով։ Սակայն իրականում սա պատերազմ է՝ Վրաստանի անկախության եւ ապագայի համար։ Եվ, առաջին հերթին, այս պատերազմը նրա համար է, թե ինչ Եվրոպայում են ապրելու մեր երեխաները. այս հակամարտությունը որոշիչ է Եվրոպայում ազատության ապագայի հարցում,- «The Wall Streen Journal»-ում գրել է Սահակաշվիլին՝ ավելացնելով,- Եթե Վրաստանն ընկնի, դա կլինի Արեւմուտքի պարտությունը նախկին ԽՍՀՄ տարածքում եւ դրա սահմաններից դուրս»։
Սակայն, հարկ է նշել, որ ինֆորմացիոն այս պատերազմը եւ Արեւմուտքին իր կողմը գրավելու՝ Վրաստանի ջանքերը այնքան էլ մեծ հաջողությամբ չեն պսակվել։ Օրինակ, իսպանական «El Pais»-ն իր խմբագրականում գրում է. «Կովկասում հաստատված փխրուն հավասարակշռությունը ցիրուցան եղավ այն բանից հետո, երբ Սահակաշվիլին որոշում կայացրեց ներխուժել Հարավային Օսիա։ Դա ողբերգական եւ սխալ որոշում էր»։ Թերթը նաեւ կարծիք է հայտնում, որ Սահակաշվիլին չպետք է փորձեր իր ձեռքով արդարադատություն իրագործել, որքան էլ անջատողականների սադրանքները լուրջ լինեին. «Ուժի կիրառումը ոչ միայն արդարացված չէ, այլեւ քաղաքական սխալ է, ինչից կփորձի օգտվել Պուտինը»։ Ռուսաստանին ագրեսոր չի համարում նաեւ Գերմանիան։ Այս երկրի փոխարտգործնախարար Գերնոտ Էրլերը, ըստ AFP գործակալության, գտնում է, որ Վրաստանը խախտել է 1992-ին կնքված հրադադարը, որը պետք է պահպանեին ռուս խաղաղապահները։ «Այս առումով, ռազմական ճանապարհով գնալը միջազգային օրենքների խախտում է»,- «NDR Info» ռադիոկայանին ասել է Էրլերը։ Ռուսաստանին չեն շտապում կատարվածի միակ մեղավոր համարել նաեւ մի շարք այլ եվրոպական երկրներ։
Վերադառնալով սկզբում նշված հարցին՝ ի՞նչ է կատարվում Օսիայում, դեռեւս կարելի է տալ մեկ որոշակի պատասխան՝ այնտեղ անմեղ մարդիկ են զոհվում։ Իսկ թե ո՞վ է մեղավոր դրա համար, թերեւս երբեք էլ ստույգ չենք իմանա։ Եվ «Ո՞ւմ հավատալ» հարցն էլ մնում է անպատասխան։ Ճիշտ է, ռուսական ԶԼՄ-ները շատ մանրամասն ներկայացնում են, թե ինչ վայրագություններ են արել վրացիները։ Սակայն, երբ հիշում ես, թե նույն այդ ռուսական հեռուստաալիքները ի՜նչ «անկողմնակալ» էին լուսաբանում մարտիմեկյան դեպքերը, հասկանում ես, որ որեւէ մեկին կուրորեն հավատալ չի կարելի։