«Վերջին զանգի» բյուջեն

31/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Մոտենում է վերջին զանգը: Սովորաբար այս շրջանում դպրոցականների ծնողները
վերջին մեկ-երկու ամսվա ծախսերը հասցնում են նվազագույնի, որպեսզի
կարողանան երեխայի ավարտական միջոցառումների «տակից դուրս գալ»: Մոտավոր
հաշվարկներով այսօր երեւանյան միջին վիճակագրական դպրոցի շրջանավարտի խիստ
անհրաժեշտ ծախսերը կազմում են մոտ 400 ԱՄՆ դոլար:
Որպեսզի ավելի լավ պատկերացնենք, թե ուր է գնում այդքան գումարը,
զրուցեցինք Երեւանի դպրոցներից մեկի ավարտական դասարանի աշակերտուհի Մանեի
հետ: Թեեւ պետք է խոստովանել, որ կան դպրոցներ, որոնք, ցանկանալով զերծ
մնալ անախորժություններից, արգելում են մասնակցել նույնիսկ Հանրապետության
հրապարակում տեղի ունեցող շրջանավարտների երգուպարին:
Նախ, վերջին զանգի ընդհանուր ֆոնդում յուրաքանչյուր աշակերտ ներդնում է
150 դոլար: Այս գումարը նախատեսված է ավարտական երեկոյի, «քննությունների
սեղանի», «վինետկայի» եւ ուսուցիչների նվերների համար: Գումարը կարող է
աճել, եթե հանկարծ պարզվի, որ ուսուցչի համար կոբալտից սպասք կամ
ադամանդով զարդարված մատանի գնելու համար այն չի բավականացնում: Հենց
այսպես պատահեց զրուցակցիս դասարանում, որտեղ այժմ ծնողկոմիտեն
բանակցություններ է վարում դժգոհ ծնողական զանգվածի հետ: Ի դեպ,
ծնողկոմիտեն նաեւ որոշում է նվերների ծավալային, բովանդակային ու գնային
«պարամետրերը»:

«Ուսուցչի կերպարը չպետք է մանրանա»

«Վինետկաներն» այս տարի կարելի է պատվիրել 4000 դրամի սահմաններում:
Լուսանկարում են թվային ապարատներով: Որոշ դպրոցներում «վինետկաներ» ունեն
նաեւ 8-րդ դասարանցիները: Իսկ ոչ ավարտական դասարաններում տարեվերջի
խմբային լուսանկարում հայտնվելու հաճույքն արժե 500 դրամ, այն դեպքում,
երբ այդ չափի լուսանկարի հատը ոչ մի կերպ չի գերազանցում 100 դրամը:
Վերադառնանք շրջանավարտներին: Մայիսի 25-ին հնչելու է աշակերտության
այդքան սպասված ամենավերջին զանգը: Ինչպես պատմում է 16-ամյա Մանեն,
վերջին զանգի միջոցառումից հետո նրանք ամբողջ դասարանով գնալու են
եկեղեցի՝ օրհնվելու: Այնուհետեւ երեկոյան նորից հանդիպելու են ռեստորանում
եւ ուսուցիչներից ու ծնողներից մի քանիսի հետ տոնելու են նշանավոր օրը:
Ռեստորանում ժամանցն անցկացնելու համար յուրաքանչյուր աշակերտ գալու է 20
դոլարով զինված: Իսկ Համբարձում Գալստյանի անվան թիվ 83 դպրոցի տնօրեն
Մանվել Պապոյանն, օրինակ, անբարոյական տարր է տեսնում նրանում, որ մի օր
աշակերտն ու ուսուցիչը մինչեւ ուշ գիշեր միմյանց հետ կերուխում են անում,
իսկ հաջորդ օրն առավոտյան գալիս են քննության: «Ուսուցչի կերպարը չպետք է
այդքան մանրանա ու էժանանա»,- ասում է Մ. Պապոյանը, որը հրամանով արգելել
է իր դպրոցի ուսուցիչներին նման միջոցառումներին մասնակցել:

Վերջին հոգսերը

Ավարտական քննությունները սկսվում ու վերջանում են ակնթարթորեն՝
առանձնապես չմտահոգելով աշակերտին: Ավելի մտահոգիչ է այն, թե ինչպես
քննական հանձնաժողովի համար սեղան կազմակերպել:
Սակայն ամենամեծ գլխացավանքը շրջանավարտի ծնողի համար, թերեւս, ավարտական
երեկոյի պատրաստություններն են: Տոնական հագուստի, կոշիկի, աղջիկների
համար՝ նաեւ պայուսակի, կոսմետիկայի եւ սանրվածքի հոգսը ոչ միայն ժամանակ
ու նյարդեր է պահանջում, այլեւ 200 դոլարին մոտ գումար: Ավարտական
արարողության մասնակիցը դառնալով, երեխան ընդունում է իր
համադասարանցիներից ոչնչով ետ չմնալու կեցվածք եւ ծնողներին ներկայացնում
ճոխ պահանջներ: Իսկ ծնողները տարբեր են լինում՝ ոմանք խոստովանում են, որ
երեխայի ծախսերի ետեւից հազիվ են հասցնում, որովհետեւ ավարտական թոհուբոհի
հետ մեկտեղ՝ երեխային մասնավոր պարապելու են տալիս, մյուսները զայրանում
են, երբ դպրոցն արգելում է միջոցառումներ անցկացնել, ոմանք էլ, չդիմանալով
մրցավազքին, ընդհանրապես հրաժարվում են մասնակցությունից: Մրցակցության
մեջ են մտնում նաեւ դպրոցների տնօրենները՝ վերջին զանգի արարողությունների
համար դահլիճ վարձակալելով, որովհետեւ, իրենց կարծիքով, դահլիճի
մեծությունից է կախված դպրոցի «պրեստիժը»: