Ծեծել են «Հայկական Ժամանակի» լրագրողին

14/08/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Երեկ առավոտյան ժամը 9:40-ի սահմաններում երկու անհայտ անձինք ծեծի են ենթարկել «Հայկական Ժամանակ» օրաթերթի լրագրող Լուսինե Բարսեղյանին: Հարձակումը տեղի է ունեցել Ավան-Առինջ թաղամասում` Լուսինեի ծնողների տան մոտ: Լուսինեի մոտ արձանագրվել է գլխի սալջարդ եւ հեմատոմա, կապտուկներ են առաջացել նրա ձեռքերին եւ ոտքերին: «Ես համոզված եմ, որ ինձ ծեծել են իմ մասնագիտական գործունեության համար»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է Լ.Բարսեղյանը: Իսկ Ազատության հրապարակը շրջափակող ու Հյուսիսային պողոտայում շուրջօրյա հերթապահություն իրականացնող իրավապահները հանցագործներին կարող են հայտնաբերել հաշված ժամերի ընթացքում, քանի որ Լուսինեն տեսել է, ինչպես են իրեն ծեծողները դեպքի վայրից հեռացել 15 ԼՍ 393 պետհամարանիշի «Մոսկվիչ» մեքենայով: Ընդ որում, մեքենայի ղեկին եղել է Ոստիկանության մի մայոր: Եթե, իհարկե, հենց Ոստիկանությունը չի կազմակերպել այս վայրագությունը:

Լ. Բարսեղյանը համոզված է, որ դա նախօրոք պլանավորված է եղել, եւ ծեծողները տեղեկություն են ունեցել, որ ինքն այդ օրը գիշերելու է ծնողների տանը: «Մինչ այդ, 1 շաբաթ առաջ սպորտային կազմվածքով մեկը գնացել էր Ավան-Առինջում գտնվող ծնողներիս տունը, ինձ էր հարցրել, ասել էր, թե ուզում է աշխատել «ՀԺ»-ում: Հայրս ասել է, որ ես այդ տանը չեմ ապրում, ու «Հայկական Ժամանակը» խմբագիր ունի` գնա այնտեղ: Ասել է, թե խմբագրությունից են այս տան հասցեն տվել: Այդ նույն օրը, երբ մենք խմբագրությունում թռուցկաժողով էինք անում, մի կասկածելի տիպ մոտեցավ ինձ, ներկայացավ «Սարգիս Տխրունիից» եւ ասաց, թե ուզում է ինձ հետ խոսել: Առաջարկեցի սպասել, մինչեւ կազատվեմ: Նա դուրս եկավ, ու մինչեւ ես ազատվեցի` չքվել էր: Կես ժամ-1 ժամ հետո նորից զանգեց, թե` «Ես Կարենն եմ՝ «Սարգիս Տխրունիից», 1 ժամ հետո կգամ», ու չեկավ: Ամուսինս անհանգստացավ, բայց ես ասացի, թե ոչ մի բան չկա, որովհետեւ Ազգային անվտանգության աշխատակիցներն ամբողջ օրը խմբագրության առաջ հետեւում են, թե ուր ենք գնում, ինչ ենք անում: Երեկ ես գիշերել եմ Ավան-Առինջում` ծնողներիս տանը, եւ 9:40-ի սահմաններում, երբ տանից դուրս եկա գործի գնալու, տեսա, որ դիմացս մուգ գույնի մի ժիգուլի էր կանգնած: Երբ ես դուրս եկա, մեքենան էլ շարժվեց: Մի փոքր հետո, երբ փողոցի աստիճաններն էի իջնում, ետեւիցս 2 հոգի հարձակվեցին ու սկսեցին խփել, թե՝ այդ դու ես, հա՞: Ես սկսեցի գոռալ, ու երբ մարդիկ մոտեցան, դրանք փախան»,- պատմեց Լ.Բարսեղյանը: Դրանից հետո Լուսինեն նստում է տաքսի ու իջնում խմբագրություն: Ճանապարհին նկատում է, որ իրենց հետեւում է 15 ԼՍ 393 պետհամարանիշով սպիտակ մի «Մոսկվիչ», որի վարորդը Ոստիկանության մայորի համազգեստով է եղել: Մեքենայի մեջ եղել է մի սափրագլուխ, որն ըստ Լուսինեի` շատ նման է եղել իրեն ծեծող տղաներին: «Մի պահ այդ «Մոսկվիչը» հավասարվեց մեր մեքենային, ու ես սկսեցի հայհոյել նրանց: Ղեկին նստած ոստիկանը ոչինչ չասաց: Բայց կարող էր, չէ՞, իջնել ու հարցնել, թե` քաղաքացի, ի՞նչ է պատահել: Ես համոզված եմ, որ այդ «Մոսկվիչով», գնացին ինձ ծեծողները»,- ասաց Լ.Բարսեղյանը:

Լուսինեն համոզված է, որ իրեն ծեծել են իր մասնագիտական գործունեության համար: Նա կասկածում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, Էրեբունու թաղապետ Մհեր Սեդրակյանին եւ ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Հովիկ Աբրահամյանին, որոնց մասին նա վերջերս հրապարակումներ էր տպագրել: «Նրանցից մեկնումեկի կամ բոլորի պատվերն է: Նրանք, հավանաբար, ուզեցել են վախեցնել, բայց չարաչար սխալվում են: Վախեցող չկա, ու այսուհետ նյութերը շատ ավելի սուր են գրվելու: Եթե մինչեւ հիմա նրանց արածների 1-2 տոկոսն ենք գրել, հիմա աշխատելու ենք նրանց ողջ հանցավոր գործունեությունը հրապարակային դարձնել»,- մեզ հետ զրույցում ասաց Լ. Բարսեղյանը:

Դեպքից հետո դիմել են Ոստիկանություն, Դատախազություն եւ Մարդու իրավունքների պաշտպանին: «Եվ քանի որ ես վատ էի զգում ու գլխապտույտ ունեի, շտապօգնություն կանչեցինք, տեղափոխեցին Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց, այնտեղ հետազոտություն արեցին, պարզվեց, որ գլխի սալջարդ ու հեմատոմա ունեմ, թեւերիս կապտուկներ կան, իսկ ոտքիս վրայի կապտուկը նոր եմ տեսել: Գլխացավ ու սրտխառնոց ունեմ: Մեծ կապտուկ կա գլխիս»,- ասաց Լ.Բարսեղյանը` ավելացնելով, որ մյուս հանցագործությունների նման՝ չեն բացահայտվելու նաեւ իրեն ծեծողներն ու պատվիրատուները։ «Սակայն մենք մեր առանձին հետաքննությունն անելու ենք եւ պարզելու ենք, թե ովքեր են եղել»,- ասաց Լուսինեն:

Երեկ առավոտյան ՍԴ Հնչակյան կուսակցությունը հայտարարություն էր տարածել, թե իր ուսանողական «Սարգիս Տխրունի» միությունում նման արտաքինով ու անունով անդամներ չկան: «Մենք դատապարտում ենք Լ. Բարսեղյանի վրա կատարված հարձակումը` վստահ իմանալով, որ սույն հարձակման հեղինակները, ինչպես եւ նախկինում, չբացահայտված կմնան»,- նշված է հայտարարության մեջ: Միջադեպի կապակցությամբ դատապարտող հայտարարությամբ են հանդես եկել քաղաքական եւ հասարակական կազմակերպությունները, լրատվամիջոցների ղեկավարներն ու Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանը: «Հայաստանում վերջին 15 տարվա ընթացքում արձանագրվել են լրագրողներին ահաբեկելու եւ մասնագիտական պարտականությունների իրականացմանը խոչընդոտելու մի շարք դեպքեր: ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը կոչ է անում իրավապահ մարմիններին լինել հետեւողական եւ հույս է հայտնում, որ տվյալ պայմաններում բոլոր անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկման դեպքում առավել դյուրին կլինի բացահայտել օբյեկտիվ իրականությունը եւ մեղավորներին օրենքով նախատեսված կարգով պատասխանատվության ենթարկելը»,- նշված է ՀՀ օմբուդսմենի հայտարարության մեջ: