Վստահեցնում է Քաղաքագետների միության նախագահ, մարտի 1-2-ի դեպքերի հանրային հետաքննության հարցերով կլոր սեղանի համակարգող Հմայակ Հովհաննիսյանը
Հայաստանի քաղաքագետների միության նախաձեռնությամբ գործող կլոր սեղանի շրջանակներում ստեղծվել են 7 աշխատանքային խմբեր, որոնցից յուրաքանչյուրը զբաղվում է մարտի 1-2-ի դեպքերի հետ կապված որոշակի վարկածների ուսումնասիրությամբ: Աշխատանքային խմբերից մեկը զբաղվում է մարտի 1-2-ի դեպքերին քրեական տարրերի մասնակցության վարկածի քննությամբ. խմբի անդամներն արդեն ունեն իրենց աշխատանքի նախնական արդյունքները եւ պատրաստվում են դրանք հանրությանը ներկայացնել սեպտեմբերի սկզբին: Հ. Հովհաննիսյանի պնդմամբ` այս խումբը բավականին լուրջ նյութեր է կուտակել, այդ թվում` տեսաձայնագրությունների տեսքով, որոնք պատրաստվում է նաեւ ցուցադրել մեծ էկրանի վրա:
– Պարոն Հովհաննիսյան, աշխատանքային խումբը նոր բացահայտումներ արե՞լ է:
– Ի՞նչ է նշանակում` նոր բացահայտում: Բոլոր հնարավոր դրդապատճառները, ենթատեքստերը եւ պատճառները, որոնք իրականում կարող էին նպաստել այդ եղեռնագործության կատարմանը, այս կամ այն չափով քննարկվել են մեր կազմակերպած կլոր սեղանների ժամանակ: Եվ ակնկալել, որ պետք է ինչ-որ սենսացիաներ լինեն` միամտություն է, քանզի հայտնաբերել, որ այդ ողբերգությունն իրագործել եւ կազմակերպել են այլմոլորակայիններ` հնարավոր չէ, եւ այդ կարգի բացահայտումները բացառվում են: Կազմակերպիչը հայտնի է, եւ պետք չէ այնտեղ այլմոլորակայիններ փնտրել: Մենք քննարկում ենք բոլոր այն վարկածները, որոնք շրջանառվում են, այդ թվում նաեւ՝ ուսումնասիրել ենք օլիգարխների թիկնապահների կողմից իրականացված սպանությունների վարկածը: Մենք անհրաժեշտ համարեցինք խորացնել այդ վարկածի ուսումնասիրությունը, եւ առաջիկա քննարկումը դարձյալ նվիրվելու է այդ վարկածին, բայց մի քիչ այլ կտրվածքով: Այն է` քննարկել բոլոր այն նյութերը, որոնք ցույց են տալիս, որ Հայաստանում ներդրված արատավոր կոռուպցիոն տնտեսական համակարգը կարող էր նպաստել եւ նույնիսկ անխուսափելի դարձնել մարտի 1-ի ողբերգությունը, ինչպես նաեւ կարող է հետագայում էլ ծնել այն դրդապատճառների եւ շահագրգռվածությունների փունջը, որը կծնի նոր մարտիմեկեր:
– Մինչ դուք պնդում եք, որ կազմակերպիչը հայտնի է, մարտի 1-2-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի նիստի ժամանակ ՀՀ ոստիկանապետի տեղակալ Ալեքսանդր Աֆյանը մարտի 1-ի առավոտյան տեղի ունեցած գործողությունների ղեկավարման պատասխանատվությունը վերցրեց իր վրա` ասելով. «Հրամանը տվել եմ ես»: Այս հայտարարությունը որեւէ կերպ չի՞ անդրադարձել ձեր հանձնաժողովում քննարկվող վարկածների վրա, եւ արդյոք համոզի՞չ էր Ա. Աֆյանի այդ «խոստովանությունը»:
– Այն, ինչ ասաց պարոն Աֆյանը, հետո` պարոն Հովհաննես Թամամյանը, իհարկե, համոզիչ չէ, եւ որպեսզի բոլորին պարզ դառնա, թե ինչու համոզիչ չեն, ես մի փոքր էքսկուրս կկատարեմ մեր ոչ վաղ անցյալ: Հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անմիջապես հետո եւ այդ ողբերգության գիշերը իր սեփական նախաձեռնությամբ ՀՀ Պաշտպանության այն ժամանակվա նախարար Վաղարշակ Հարությունյանը փակել էր քաղաք բերող բոլոր մուտքերը: Այդ նախաձեռնությունը բխում էր ստեղծված իրավիճակից, որովհետեւ սպանվել էին ոչ ավելի, ոչ պակաս ՀՀ օրենսդիր եւ գործադիր մարմնի ղեկավարները, եւ ԱԺ-ն իր ամբողջ կազմով պատանդ էր վերցվել ահաբեկիչների կողմից, ըստ էության, ահաբեկիչները զավթել էին երկրի օրենսդիր իշխանությունը` ԱԺ-ն: Ահա այդ էքստրեմալ իրավիճակում Վ. Հարությունյանը, լինելով ի պաշտոնե Անվտանգության խորհրդի անդամ, ինքնուրույն որոշում էր կայացրել՝ փակելու քաղաք բերող բոլոր մուտքերը` ենթադրելով, որ հնարավոր է` խոսքը գնում է մեր երկրի դեմ իսկապես լայնածավալ տեռորիստական հարձակման մասին: Այսինքն` նրա այդ որոշումն էքստրեմալ իրավիճակի արդյունք էր. այդ իրավիճակում այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանը նույնիսկ չէր հասցրել սափրվել: Եվ շատ հնարավոր է, որ այդ ժամանակ Վ. Հարությունյանը չէր էլ հասցրել գտնել այդ պահին նախագահին կամ կապվել նախագահի հետ եւ քննարկել իր այդ քայլը: Բայց հետո ինչպե՞ս վարվեց նրա հետ Ռ. Քոչարյանը: Նա նրան հրապարակայնորեն մեղադրեց, ասաց, որ Վ. Հարությունյանն իրավունք չուներ առանց գերագույն գլխավոր հրամանատարի նման որեւէ քայլ անել առհասարակ: Բա լավ, եթե նա նույնիսկ քաղաքի մուտքերն իրավունք չուներ փակելու սեփական նախաձեռնությամբ, այդ ինչպե՞ս կարող էր Աֆյանը հրաման տալ կրակել կամ հրազեն օգտագործել ՀՀ քաղաքացիների դեմ: Դուք դա լո՞ւրջ եք համարում, կամ համարո՞ւմ եք, որ այդ հարցերը Աֆյանի կամ Հայկ Հարությունյանի մակարդակի որոշելիք էին: Եթե Ռ. Քոչարյանը Վ. Հարությունյանին չներեց հոկտեմբերի 27-ին ստեղծված էքստրեմալ իրավիճակում ինքնուրույն որոշում կայացնելու համար ու հետագայում նրան զրկեց պաշտոնից ու բոլոր զինվորական կոչումներից, ինչպե՞ս կարող էր նման «ինքնուրույնություն» թույլ տալ մարտի 1-ի դեպքերի համար: Ճանաչելով Ռ. Քոչարյանին, պետք է ասեմ, որ ոմն Աֆյան, կներեք, չի կարող նման պատասխանատվություն վերցնել իր վրա ու ժողովրդի վրա կրակելու հրաման արձակել: Դա նույնն է, որ մենք Օսիայում խաղաղ բնակչության վրա կրակելու կամ Ցխինվալին ռմբակոծելու համար այսօր մեղադրենք, օրինակ, վրաց խաղաղապահներին, կամ մեղադրենք, որ վրաց խաղաղապահները կրակել են եւ սպանել են ռուս խաղաղապահներին ոչ թե Միխայիլ Սահակաշվիլու հրամանով, այլ` իրենց անմիջական ղեկավարի: Դա հնարավո՞ր է: Եթե Սահակաշվիլիի մտքին փչի համոզել, որպեսզի այդ վրաց խաղաղապահների անմիջական ղեկավար սպան հայտարարի, որ ոչ թե Սահակաշվիլին է հրաման տվել սպանել ռուս խաղաղապահներին, այլ ինքը, ո՞վ կհավատա նրան: Ոչ ոք: Պարզ է, որ այդ հրամանը տվել է Սահակաշվիլին:
– Իսկ ձեր կարծիքով՝ ինչո՞ւ է Ա. Աֆյանը իր վրա վերցնում այդ հանցագործության պատասխանատվությունը:
– Մեր իրականության մեջ դուք ինչքա՞ն գիտեք այնպիսի դեպքեր, երբ օլիգարխը սպանում է ինչ-որ մեկին կամ վրաերթի է ենթարկում ինչ-որ մեկին` նրան զրկելով կյանքից, բայց մեղքն իր վրա է վերցնում, ասենք, իր վարորդը կամ թիկնապահը: Բազմաթիվ նման դեպքեր կան:
– Չե՞ք կարծում, որ դրանք տարբեր բաներ են եւ համեմատելի չեն մարտի 1-ին տեղի ունեցած արյունալի դեպքերի հետ:
– Ո՛չ, տարբեր բաներ չեն: Մեր իրականության մեջ բազմաթիվ նման իրավիճակներ կան, երբ օլիգարխները մարդկանց են սպանում, եւ իրենց փոխարեն բանտ է նստում իր թիկնապահը` իր վրա վերցնելով այդ սպանությունը:
– Ուզում եք ասել` հիմա Ա. Աֆյա՞նը բանտ կնստի` իր վրա վերցնելով ուրիշի կատարած հանցանքը:
– Պարոն Աֆյանը որոշել է այդ ոճրագործության պատասխանատվությունն իր վրա վերցնել` ծառայություն մատուցելով Ռոբերտ Քոչարյանին: Նորից եմ կրկնում. դա նույնն է, ինչ օլիգարխների դեպքում, երբ նրանց թիկնապահները իրենց վրա վերցնելով իրենց իսկ չկատարած հանցանքը` փրկում են իրենց շեֆերին: Իրականում ծիծաղելի, տրագիկոզավեշտական երանգներ է իր մեջ պարունակում թե՛ պարոն Աֆյանի այդ հայտարարությունը, թե՛ ԱԺ այդ հանձնաժողով կոչվածը, որը քննարկում է այդպիսի հայտարարությունը: Նման կարգի հրամաններն Աֆյանի մակարդակի չեն: Դրանք քաղաքական որոշումներ են, եւ այդ որոշումները կայացնում է բարձրագույն քաղաքական ղեկավարությունը, անմիջապես գերագույն գլխավոր հրամանատարը: Պարզ է, որ մարտի 1-ին խաղաղ քաղաքացիների վրա կրակելու հրաման տվել է ոչ թե Աֆյանը (եթե նման հրաման տար էլ` չէին կատարի), այլ` երկրի ղեկավարը: Իմիջիայլոց, իր հեղինակային իրավունքը Ռ. Քոչարյանը չի էլ թաքցնում` հայտարարելով, որ «հատուկ միջոցների» կիրառումը միանգամայն արդարացված է եղել, նաեւ պնդել է, որ ցուցարարների կողմից էլ են կրակոցներ եղել, բայց մինչ օրս նման որեւէ ապացույց չկա: