Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը գտնում է, որ Հայաստանը` օգտվելով ստեղծված իրավիճակից պետք է «վնասազերծի» Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու ծրագրի իրականացման գործընթացը:
«Այս պահին մենք ունենք ունիկալ շանս վնասազերծելու համար Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու ծրագրի իրականացումը; Եթե մենք այս շանսը չօգտագործենք, սերունդները մեզ չեն ների: Մենք պետք է պայմաններ դնենք Վրաստանի, Սահակաշվիլու եւ Արեւմուտքի առջեւ, որովհետեւ մեր ձայնի նշանակությունը կարեւորվում է, մենք տարածաշրջանում մեր դերակատարությունն ունենք: Մեր գործոնի կարեւորման իրողությունից մենք հիմա պետք է օգուտ քաղենք: Մենք պետք է կանխենք Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման ծրագրի իրականացումը, որի պատասխանատվությունը մեր բոլորի վրա է, հատկապես ՀՀ իշխանությունների»,- ասում է Հ. Հովհաննիսյանը: Հակառակ դեպքում, ըստ քաղաքագետի` դրա հետեւանքները կարող են կործանարար լինել մեր պետության համար: Նրա համոզմամբ` Հարավային Օսիայում տեղի ունեցող ռազմական իրադարձությունները կարող են հեռահար եւ ծանր հետեւանքներ ունենալ տարածաշրջանի համար: «Իսկապես տարածաշրջանը չափազանց ծանր իրավիճակում է: Իր պատմության մեջ ռուս եւ վրաց ժողովուրդները երբեք միմյանց դեմ չեն պատերազմել: Իսկ այսօր Սահակաշվիլիի վարած քաղաքականության պատճառով առաջին անգամ առաջացավ մի իրավիճակ, որը հղի է Ռուսաստանի եւ Վրաստանի միջեւ լայնամասշտաբ ռազմական գործողություններով»,- համոզված է Հ. Հովհաննիսյանը: Հարցին, թե ինչպիսի՞ հետեւանքներ կարող է ունենալ Վրաց-օսական պատերազմը Հայաստանի վրա, Հ. Հովհաննիսյանը պատասխանեց. «Արդեն անդրադարձել է, եւ ամենափոքր հետեւանքն այն է, որ մեր քաղաքացիները ստիպված են ընդհատելով իրենց հանգիստը՝ լքել Վրաստանի տարածքը, եւ այն հայերը, որոնք այնտեղ են ապրում, խուճապահար գալիս են Հայաստան՝ իրենց հարազատների մոտ` հասկանալով, որ այդ խմորը կարող է շատ ջուր տանել: Առաջիկայում շատ ավելի լուրջ հետեւանքներ կարող են ունենալ այդ ռազմական գործողությունները, եթե այս իրավիճակը հանգի ռուս-վրացական պատերազմի: Եվ, հաշվի առնելով այն, որ Սահակաշվիլին այնտեղ ռազմական դրություն է հայտարարել, նշանակում է, որ նա մտադիր չէ հետ կանգնել իր այդ քայլից: Սահակաշվիլին հասկանում էր, որ Ռուսաստանը միջամտելու է այդ պատերազմին, եւ ես կարծում եմ, որ Սահակաշվիլին որոշակի սցենարներ է նախագծել մինչեւ այդ գործողություններին անցնելը»:
Իսկ հարցին, թե հատկապես ինչո՞վ կարող է այս պատերազմը «ունիկալ» հնարավորություն լինել Հայաստանի համար, Հ. Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. «Մենք այս իրավիճակից պետք է հասկանանք հետեւյալը. գուցե սա այն ունիկալ շանսն է մեզ համար, որպեսզի մենք վիժեցնենք Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու՝ մեր ազգի համար կործանարար ծրագրի իրականացումը: Ես շատ կուզենայի Սերժ Սարգսյանին հարց տալ, թե ինչո՞ւ է ինքը ձգտում հասնել հայ-թուրքական սահմանի բացմանը: Եթե սահմանը պետք է բացվի, բայց միաժամանակ չաշխատի Կարս-Գյումրի երկաթգիծը, քանի որ բացվում է Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու այլընտրանքային երկաթգիծը, սահմանի բացումն ի՞նչ օգուտ պետք է տա: Պարզ է, եթե սահմանը բացվի` կաշխատի, բայց ե՞րբ: Եթե չլինի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, եւ սահմանը բացվի, բնականաբար, Կարս-Գյումրին կաշխատի, եւ մենք չենք զրկվի կոմունիկացիոն ուղիներից: Բայց եթե արագացված տեմպերով, ինչպես նախատեսված է, կառուցվի Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը, ապա դրանից հետո հայ-թուրքական սահմանի բացվելը Հայաստանի համար որեւէ դրական հետեւանք չի կարող ունենալ, որովհետեւ ընդամենը մեր ներքին արտադրողները կհայտնվեն շատ ծանր վիճակում, իսկ թուրքական կողմն, անշուշտ, կշահի եւ կունենա լրացուցիչ շուկա: Իսկ մենք նորից կմնանք ավտոմոբիլային տրանսպորտի հույսին: Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի կառուցման մեղքի առյուծի բաժինն ընկնում է Սահակաշվիլու վարած քաղաքականության եւ մոտեցումների վրա»:
Ադրբեջանական մամուլում վերջին օրերին լուրեր հրապարակվեցին, որոնց համաձայն, Գորիի շրջանում իրականացված ռազմական գործողությունների համար ռուսական ռազմական ինքնաթիռները Վրաստան են թռչել Հայաստանից, ինչը հերքեց ՀՀ Պաշտպանության նախարարությունը: Այս լուրերը Հ. Հովհաննիսյանը համարում է ստահոդ եւ պրոպագանդիստական: «Մեր Պաշտպանության նախարարության հերքումը միանգամայն արդարացված է, եւ հասկանալի է, թե ինչու է Ադրբեջանը նման լուրեր տարածում: Նրանք ցանկանում են այդպիսով Հայաստանին ներքաշել այդ կոնֆլիկտի մեջ: Նման ինքնաթիռներ Ռուսաստանի ռազմական բազաներում չկան, եթե լիներ` կթռչեին, որովհետեւ այդ բազաները Ռուսաստանի հսկողության տակ են»: Ավելին, Հ. Հովհաննիսյանը գտնում է, որ ՀՀ իշխանությունն այս հարցում ցուցաբերում է չափից ավելի նրբանկատություն, որի դիմաց Վրաստանը չի հատուցում համապատասխան վերաբերմունքով։ «Ընդամենը մի քանի շաբաթ առաջ Սահակաշվիլին հանդիսավոր պայմաններում մասնակցեց Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգծի շինարակական աշխատանքների սկիզբը խորհրդանշող հանդիսավոր արարողությանը: Ես գտնում եմ՝ մեր նրբանկատությունը Վրաստանի ղեկավարության վարքագծի նկատմամբ արդարացված չէ: Որովհետեւ պատասխան քայլերը բացակայում են, մենք, ընդհակառակը, տեսնում ենք, որ Վրաստանը հաշվի չի նստում Հայաստանի տարածաշրջանային շահերի հետ: Մասնավորապես, կանաչ լույս է վառել Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու Հայաստանը շրջանցող երկաթգծի կառուցմանը, եւ դրանով իսկ, ըստ էության, իր չափազանց մեծ ներդրումն է արել Հայաստանի կոմունիկացիոն մեկուսացման գործում, ինչը կործանարար է մեր երկրի համար: Եվ միաժամանակ բոլոր արտաքին ատյաններում Վրաստանը ձայնակցում է Ադրբեջանին, երբ խոսքը գնում է ԼՂՀ հիմնահարցի մասին»,- ասում է Հ.Հովհաննիսյանը: