Հայաստանի բեռնափոխադրումը կաթվածահար է եղել

14/08/2008 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Վրաց-հարավօսական, կամ, ինչպես ներկայացվում է` վրաց-ռուսական հակամարտությունը կաթվածահար է արել Հայաստանի բեռնաշրջանառությունը, որի հիմնական մասն, ըստ էության, իրականացվում է Վրաստանի տարածքով` Փոթի նավահանգստով: Եթե պատերազմական այս օրերին մեր հարեւան երկրում գտնվող ՀՀ քաղաքացիներին հնարավոր է եղել տեղափոխել Հայաստան, ապա վրացական Փոթի նավահանգստում գտնվող հայկական բեռները շարունակում են սպասել իրենց ճակատագրին:

Բացի այդ, հայկական բեռներ կան նաեւ Փոթի եկող նավերի վրա, որոնք առայժմ հանգրվանել են Սեւ ծովի այլ նավահանգիստներում եւ Վրաստանի ծովային տարածք չեն մտնում: Այնուամենայնիվ, առայժմ Վրաստանի տարածքում հայկական բեռների մեծ կուտակումներ չկան: «Եթե բեռնափոխադրման բոլոր ենթակառուցվածքները շարքից դուրս են եկել, բեռների մեծ կուտակումներ չեն կարող լինել: Եթե միայն երկաթգիծը վնասված լիներ, ապա բեռները կգային նավահանգիստ ու նավահանգստում կկուտակվեին: Հայաստանից արտահանվող բեռների մի փոքր կուտակում կա Փոթիում, որովհետեւ նավերը չեն գալիս, որ բարձվեն ու ետ գնան: Նավերը նեյտրալ ջրերում են կանգնած: Իմ տեղեկություններով՝ հիմա Փոթիում 70-80 հայկական բեռնարկղեր կան, որ պիտի արտահանվեն, եւս 40-50 բեռնարկղեր էլ դրսում կան, որ պիտի Հայաստան բերվեն»,- մեզ հետ զրույցում ասաց բեռնափոխադրող «Ապավեն» ընկերության տնօրեն Գագիկ Աղաջանյանը: Նրա խոսքերով՝ ծովային մի քանի ընկերություններ արդեն որոշում են կայացրել Վրաստանի նավահանգիստների փոխարեն բեռնաթափում իրականացնել Կոնստանցիայի եւ Ստամբուլի նավահանգիստներում: «Սա միանշանակ ճիշտ որոշում է՝ մինչեւ որ իրավիճակը կպարզվի: Անցած երեք օրերի ընթացքում միայն երեկ ժամը 12:00-ին Փոթիում բեռնաթափվել է ցորեն բերող մի նավ: Վրաստանի երկաթգիծն ու նավահանգիստը համատեղ որոշում են ընդունել, որ կարող են այդ աշխատանքի ծավալն իրականացնել: Այդ ցորենը Հայաստանի եւ Վրաստանի համար է»,- ասում է Գ. Աղաջանյանը: Հայկական բեռնափոխադրողների համար այս օրերին, բնականաբար, շատ ավելի դժվար կլինի Ստամբուլից ու Կոնստանցիայից բեռները հասցնել Հայաստան: Բայց քանի որ հայտնի չէ, թե վրաց-օսական հակամարտությունը երբ կավարտվի, եւ մեր երկիրը նորից Փոթի նավահանգստով բեռնափոխադրում կիրականացնի՞, առայժմ Սեւ ծովում գտնվող նավերն իրենց բեռները կիջեցնեն այդ քաղաքների նավահանգիստներում եւ Վրաստանի ծովային տարածք չեն մտնի: Եվ Հայաստանի բեռնաշրջանառությունը, ըստ էության, կանգ կառնի՝ մինչեւ Վրաց-օսական պատերազմի ավարտը: Տեղեկացնենք, որ այս օրերին ռուսները ռմբակոծել են նաեւ Փոթի նավահանգստի 7-րդ նավամատույցը եւ էլեկտրակայանը:

Իսկ այս մի քանի օրերի ընթացքում, Գ. Աղաջանյանի տվյալներով, Հայաստանում արդեն բեռների լուրջ քանակներ են կուտակվում: «Մոտ 2000 տոննա միայն Ագարակի կոմբինատի պղնձի խտանյութն է վագոնների վրա կանգնած, մոտ մեկ տասնյակի հասնող վագոններով Ալավերդին պղինձ ունի արտահանելու: Դրանք բարձված են եւ չեն շարժվում: Նաեւ տարբեր գործարաններ ունեն արտահանելու տարբեր ապրանքներ: Իհարկե, ես դժվարանում եմ ասել, թե հիմա Հայաստանում արտահանվող որքան ապրանք է կուտակվել: Բայց Հայաստանն առայժմ մեծ վնասներ չի կրել, ընդամենը 3 օր է, եւ ոչ մի արտառոց բան չկա, եթե, իհարկե, այս վիճակը շարունակական չլինի»,- ասաց Գ. Աղաջանյանը:

Իսկ երեկ ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Գեղամ Ղարիբջանյանը մի քանի լրատվամիջոցներին տված իր պարզաբանման մեջ ասել է, թե Հայաստանի բեռները պետք է փոխադրվեն, ՀՀ ԱԳՆ-ն հետեւում է ստեղծված իրավիճակին, այդ հարցը գտնվում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ուշադրության կենտրոնում: Սակայն, եթե Վրաց-օսական պատերազմը չավարտվի, դժվար թե Տ. Սարգսյանը կարողանա միջազգային ծովային ընկերություններին համոզել, որ իրենց նավերն ուղեւորեն Փոթի նավահանգիստ: Եվ ահա ստեղծվել է մի իրավիճակ, որը ցույց է տալիս Հայաստանի ողջ թշվառությունը: Բավական է, որ մեր հարեւան երկրի ու մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հարաբերությունները սրվեն, Հայաստանի առանց այդ էլ թանկ բեռնափոխադրումը նորից է թանկանում, տնտեսությունը սկսում է կանգնել:

Հիշեցնենք, որ 2 տարի առաջ էլ ռուս-վրացական հարաբերությունների հերթական սրացման պատճառով Ռուսաստանը «վերակառուցման» պատրվակով փակեց Վրաստանի սահմանին գտնվող Վերին Լարսի ավտոմոբիլային անցակետը ու մինչ օրս չի բացել: Հիմա էլ փակվեց մեր միակ փրկության դուռը` Փոթին:

Եթե մի քանի օր էլ այս իրավիճակը շարունակվի, եթե չաշխատի Փոթի նավահանգիստն ու չվերսկսվի արտահանումը, ապա մեր երկրի առանց այդ էլ թշվառ արդյունաբերական ոլորտը կդադարի գոյություն ունենալ: Իսկ մեծապես ներկրման վրա հիմնված ներքին սպառման շուկայում էլ դժվար է ասել, թե ինչ տեղի կունենա: Գաղտնիք չէ, որ Հայաստանն առաջին անհրաժեշտության ու լայն սպառման ապրանքների մեծաքանակ պահեստավորում չունի, ու հավանաբար կսկսվի դեֆիցիտ: Մինչ այդ, ինչպես միշտ, հայրենի ներկրողները հավանաբար կօգտվեն ստեղծված իրավիճակից ու գների թանկացման նոր ալիք կբարձրացնեն: Այս վիճակը հուշում է, որ գոնե հիմա Հայաստանի իշխանությունները պետք է սկսեն լրջորեն մտածել, Վրաստանից ու Ռուսաստանից բացի, մեր երկիրը արտաքին աշխարհի հետ կապող մեկ այլ ճանապարհ գտնելու մասին, որպեսզի նման դեպքերում մեր տնտեսությունը կաթվածահար չլինի: