ՀՀ կառավարության որոշմամբ` սեպտեմբերի 1-ից բոլոր տոնավաճառներում կտեղադրվեն հսկիչ-դրամարկղային մեքենաներ (ՀԴՄ-ներ): Հիշեցնենք, որ այդ որոշման մասին ասել էր ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը` օգոստոսի 5-ին հարկային վարչարարության բարելավման հարցերի վերաբերյալ իր մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ:
Վարչապետը մասնավորապես նշել էր, որ առեւտրի 80 տոկոսը տեղի է ունենում տոնավաճառներում այն պատճառով, որ տոնավաճառների միջոցով հնարավորություն է ստեղծվում խուսափել հարկերի վճարումից: Նրա խոսքով` նման իրավիճակ է ստեղծվել, քանի որ հսկիչ-դրամարկղային մեքենաներ տոնավաճառներում համատարած չեն կիրառվում: «Տոնավաճառները մենք դիտարկում ենք որպես լիցենզավորման ենթակա գործունեություն ՀՀ-ում: Մենք օրենքով պահանջներ ենք դնելու տոնավաճառների կազմակերպիչների առջեւ: Նրանք պետք է լինեն մեր գործընկերները եւ հարկային գործակալներ: Հսկիչ-դրամարկղային մեքենաների պարտադիր կիրառումը լինելու է տոնավաճառների պարտականությունը»,- ասել էր նա: Որոշման հիմնական նպատակը բացատրվում է ստվերի դեմ պայքարով, սակայն տոնավաճառների աշխատակիցներն այնքան էլ հակված չեն կիսելու այդ մոտեցումը: Վերջինների շրջանում ՀԴՄ-ների տեղադրման որոշումը բուռն արձագանք է ստացել: Շրջեցինք մի քանի տոնավաճառներով` զրուցելու դրանց աշխատակիցների հետ եւ պարզելու համար, թե կոնկրետ ինչից են դժգոհում վերջինները: «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցներն, օրինակ, դժգոհում են տեղեկատվության պակասից: Նրանց խոսքերով` իրենց համար մինչ օրս էլ հասկանալի չէ, թե իրականում ի՞նչ են իրենցից ներկայացնելու ՀԴՄ-ները, ո՞րն է լինելու դրանց նպատակը: Տիկին Նարինեն 6 տարուց ավելի արտասահմանից հագուստ է ներկրում Հայաստան: Տարածք է վարձակալում «Հրազդան» տոնավաճառում: Նա հատկապես դժգոհում է այն փաստից, որ իրենց համար նման կարեւոր որոշում ընդունելիս ոչ ոք իրենց հետ չի խորհրդակցել: «Միայն եկան, հայտարարեցին, որ հաշվիչ-դրամարկղային մեքենաներ են տեղադրվելու: Իսկ թե ինչ են ներկայացնում այդ մեքենաներն իրենցից, ինչի համար են, ոչ ոք չի ասում: Այսինքն, կոնկրետ մեզ հետ Հարկայինից ոչ ոք չի խոսել, մեզ միայն շշուկներ են հասնում: Գոնե իմանայինք, որ այդ դրամարկղերը ներմուծելով` մի փոքր կնվազեն տեղի վարձերը: Սակայն որքանով լսել եմ, դրանք մեկը մյուսի հետ կապ չունեն»,- ասում է նա: Նշենք, որ, օրինակ, նույն «Հրազդան» տոնավաճառում առեւտրի համար հատկացված տեղերի դիմաց մարդիկ աստղաբաշխական գումարներ են վճարում տոնավաճառի սեփականատերերին. միայն առեւտրային մեկ տաղավարի ամսական վարձը 1100-1200 ԱՄՆ դոլար է, բացի այդ, առեւտրով զբաղվողները վճարում են նաեւ էլեկտրականության, մնացած այլ ծառայությունների համար: Նույն տոնավաճառում առեւտրով զբաղվող տիկին Հերմինեն էլ նշում է, որ ՀԴՄ-ների տեղադրումից հետո իրենք ամբողջությամբ կզրկվեն իրենց եկամուտից: «Լսել եմ, որ ՀԴՄ-ների ներմուծումից հետո գանձվելու է եկամուտի 3.5 տոկոսը: Պատկերացրեք, եթե ես մի վերնաշապիկը բերում եմ, օրինակ, հինգ դոլարով եւ վաճառում ութ դոլարով, ապա ինձ իբրեւ շահույթ մնացած երեք դոլարի երեքուկես տոկոսը պետք է հարկ տամ: Որեւէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե դրանից հետո ես ի՞նչ կաշխատեմ: Ինձ ոչինչ չի մնա: Հատկապես, երբ զբաղվում ես հագուստի առեւտրով, խնդիրն ավելի է լրջանում: Մենք հատավաճառով ապրող մարդիկ ենք: Ապրանքը բերում ենք, եթե տեսնում ենք` մնում է, չի վաճառվում, հաճախ հենց իր նախնական գնով էլ վաճառում ենք, որպեսզի կարողանանք տեղի վարձը տալ ու մինուսով դուրս չգալ: Սնունդ չի, որ, եթե, օրինակ, փչանա, հետ վերադարձնենք: Հագուստը եթե մնաց, մյուս տարի էլ չի վաճառվի: Իսկ այս նոր տարբերակով ընդհանրապես անիմաստ կդառնա հագուստի առեւտրով զբաղվելը»,- ասում է նա` ավելացնելով, որ արդեն բողոքի ակցիաներն էլ չեն օգնի, քանի որ որոշումն ընդունված է: «Մի քանի ամիս առաջ էլ Մաքսային կոմիտեն որոշում էր ցանկանում կայացնել ներմուծվող ապրանքի համար վճարվող մաքսային հարկը մի քանի անգամ բարձրացնելու համար: Այն ժամանակ մեր բողոքներն ինչ-որ արդյունքների բերեցին, բայց այս անգամ բողոքելն անիմաստ է»,- ասում է նա: «Փեթակ» առեւտրի կենտրոնի աշխատակիցներն, ի տարբերություն «Հրազդան» տոնավաճառի աշխատակիցների` առավել տեղեկացված են, թե իրենցից ինչ են ներկայացնում ՀԴՄ-ները: Սակայն դա չի նշանակում, թե նրանք գոհ են այս նոր համակարգից: Հագուստի առեւտրով զբաղվող Արմենը, սակայն, գտնում է, որ այս փոփոխությունների արդյունքում էլ իրենցից առավել շատ տուժելու են սպառողները, ըստ էության` հենց նրանք են տալու այդ հարկը: «ՀԴՄ-ների տեղադրումից հետո, բնականաբար, ապրանքի գները կբարձրանան: Հետեւաբար՝ ստացվում է, որ սպառողն է վճարելու այդ հարկը: Մյուս կողմից էլ, եթե մարդ մի վերնաշապիկին այսօր չի կարող 6000 դրամ տալ, արդյո՞ք վաղն ի վիճակի կլինի դրա դիմաց 12.000 դրամ վճարել»,- ասում է նա: Արմենը նշում է, որ հանգամանորեն ուսումնասիրել է այս նոր համակարգը, գիտի, թե իրենցից կոնկրետ ինչ են ներկայացնելու այդ ՀԴՄ-ները: «Փաստորեն` դրանք տեղի վարձի հետ ոչ մի կապ չունեն: Մինչ օրս` բացի տեղի վարձից, մենք ամսական նաեւ հաստատագրված վճար էինք մուծում Հարկայինին: Այս դեպքում կապ չուներ, թե ով ինչքան առեւտուր է անում` հաստատագրված վճարի չափը որոշվում էր ըստ զբաղեցրած տարածքի: Հիմա, փաստորեն, այդ հաստատագրված վճարը դուրս է գալիս, եւ փոխարենը պետք է վճարենք այնքան, որքան առեւտուր ենք անում: Ամեն մի թաշկինակն անգամ մեզ վրա հաշվելու են»,- ասում է նա` ավելացնելով, որ մեկ այլ ծախսատար խնդիր էլ բուն հաշվիչ-դրամարկղային մեքենաների տեղադրումն է: «Դրանց դիմաց պետք է 40-50.000 դրամ վճարենք: Դա ավելորդ ծախս է: Մեկ այլ ավելորդ ծախս էլ ՀԴՄ-ի սպասարկման վճարն է, որ կարծեմ ամեն ամիս է իրականացվում: Եթե այդքան ուզում էին տեղադրել այդ ՀԴՄ-ները, գոնե անվճար տեղադրեին, ոչ թե դա էլ մեր հաշվին թողնեին: Այս ամենն էլ հերիք չէ, պատկերացնո՞ւմ եք` եթե, օրինակ, 100 դրամանոց մի ապրանք վաճառեմ ու հանկարծ մոռանամ կտրոնը խփել, կարող է Հարկայինից գան ու 100.000 դրամով տուգանեն: Չգիտեմ, թե այս բոլոր «բարեփոխումներն» ի վերջո մեզ ինչ աղետի են հանգեցնելու: Կատարյալ երջանկության համար մեզ այդ ՀԴՄ-ներն էին պակասում»,- ասում է նա:
Հ.Գ. Երեկ Հարկային պետական ծառայությունը պարզաբանել է, որ ՀԴՄ-ների տեղադրման ծախսերը պետք է հոգան տոնավաճառների տերերը: ՀՊԾ-ն վերջիններիս կոչ է անում ոչ միայն չբարձրացնել, այլեւ նվազեցնել վարձավճարները: Բացառված չէ, իհարկե, որ սա մի ընդհանուր «շոուի» սկիզբն է միայն: