Հանգստի սեզոնին մեծ քաղաքներում տիրող «ամայությունը» սովորական երեւույթ է: Հայաստանում նման ավանդույթ չկա, սակայն հայերի համար էլ ամառը հանգստի լավագույն ժամանակն է. ուսանողները քննաշրջանից հետո կարճ ժամանակով հանգստանալու հնարավորություն են ստանում, դպրոցականների համար ամառը երկար երազած հանգստի ժամանակն է, եւ այդպես շարունակ:
Ոմանք նախընտրում են հանգիստն անցկացնել արտերկրում, ոմանք էլ նախընտրում են ամառվա տապը մեղմացնել Սեւանի ափին: Իսկ նրանք, ովքեր զրկված են հանգստի հնարավորությունից, երանի են տալիս Սեւանի բնակիչներին, որոնք կարող են հանգստանալ առանց գումար ծախսելու: Սակայն իրականում Սեւանն այնքան էլ մատչելի չէ մոտակա բնակավայրերի բնակիչների համար: Վարձակալության տրված ափամերձ տարածքներն օրըստօրե պարսպապատվում են, իսկ մոտակա բնակավայրերի բնակիչներն էլ կարող են մխիթարվել այն մտքով, որ Սեւանը պատի կամ վանդակապատի հետեւում է: Սակայն դեռեւս կան բացառիկ երջանիկներ, ովքեր առանց խոչընդոտների կարող են վայելել Սեւանը: Այդ երջանիկների թվում են նաեւ Մարտունի քաղաքի բնակիչները: Մարտունուն մոտ գտնվող ափամերձ տարածքը «վայրի» է. այստեղ չկա վճարովի լողափ, Հայաստանի այլ մարզերից էլ այստեղ հանգստանալու չեն գալիս: Ողջ ափամերձ հատվածը բնակիչների տրամադրության տակ է: Բայց արի ու տես, որ մարտունեցիները, ունենալով նման բացառիկ հնարավորություններ, չեն էլ մտածում հանգստի մասին: Միջին եւ բարձր տարիքի մարդիկ այնքան են տարված առօրյա հոգսերով, որ անգամ չեն էլ հիշում հանգստի մասին: «Հանգիստս ո՞րն ա, բալա ջան, հազիվ աշխատեմ, ընտանիքս պահեմ: Իսկ ինձ հանգիստ կլինի բարձր աշխատավարձով աշխատանք գտնելը, որ կողքից էլ սրան-նրան մշակություն չանեմ, աշնանն «աբլեպիխա» չհավաքեմ: Էդպես հոգսս թեթեւ կլինի»,- ասում է մարտունեցի 50-ամյա տիկին Երազիկը:
Հանգիստն ու հանգստանալու հնարավորությունն անտեսում են նաեւ մեծահասակները: «Էսքան տարի որ ոչ մի անգամ հանգիստ չեմ ունեցել, միշտ աշխատել եմ, ի՞նչ ա եղել: Իմ էս տարիքին մարդուն էլ ի՞նչ հանգիստ»,- ասում է 66-ամյա տիկին Սեդան:
Հանգստի մասին չեն մտածում նաեւ երիտասարդները: Նրանք պատճառաբանում են, թե հանգստին խանգարում է Սեւանի եւ առափնյա տարածքների կեղտոտվածությունը: «Սեւանը մեր տան լուսամուտից երեւում է, բայց տարվա ընթացքում հազիվ մեկ-երկու անգամ ենք գնում, էն էլ ջուրը չենք մտնում: Ավազ չկա, եղածն էլ շատ կեղտոտ է, համ էլ հո կովերի հետ ջուր չե՞նք մտնի, երբ գնում ենք, կովերն են լողանում»,- ասում է 16-ամյա Մարիամը: Գործազուրկ երիտասարդներն էլ նշում են, որ հանգստանալու ցանկություն չունեն, միայն աշխատելու մասին են մտածում: «Բուհն ավարտելուց հետո եկել եմ Մարտունի, եւ արդեն մեկ ամիս է՝ տանը փակված եմ: Տնից դուրս գալու տեղ չկա: Մարտունիում տնից դուրս գալու միակ պատրվակը Սեւան գնալն է, այն էլ այս տարի շատ ցուրտ է: Տանը փակված մեզ թվում է, թե հանգստանում ենք, բայց անձամբ ես նյարդային եմ դարձել: Աշխատել եմ ուզում, ոչ թե հանգստանալ»,- ասում է 22-ամյա Լիանա Բեգլարյանը:
Երիտասարդները նշում են, որ Մարտունիում հանգիստ կազմակերպելու հնարավորություն չկա: «Այստեղ մարդ միշտ լարված է, մտածում է` հանկարծ մի սխալ քայլ չանի, թե չէ կդառնա բոլորի բամբասանքի առարկան: Մարտունիում նույնիսկ տղաները չեն կարող որեւէ բանով զբաղվել, իրենց համար հանգիստ կազմակերպել»,- ասում է 21-ամյա Մարինե Մարգարյանը, որը համոզված է, որ հանգստանալու համար պետք է շրջապատված լինել անծանոթ մարդկանցով, որպեսզի «ոչ ոք աչքերը չռած չնայի, թե ուր գնացիր, ինչ արեցիր»: Իրականում, սակայն, մարտունեցի երիտասարդներին անհրաժեշտ է մի ակտիվ կազմակերպիչ ուժ, որ կարողանար նրանց հանել պասիվության թմբիրից:
Ըստ Մարտունու քաղաքապետարանի սոցիալական եւ ընդհանուր հարցերով բաժնի պետ Պապին Եղոյանի` ամեն տարի տարածաշրջանի ամենաակտիվ երիտասարդները հնարավորություն են ստանում մասնակցելու «Բազե» երիտասարդական ճամբարին, սակայն այդ ամենը բավարար չէ երիտասարդներին ակտիվացնելու համար: Անդրադառնալով երիտասարդության հանգստի կազմակերպմանը` Պ. Եղոյանը նշում է, որ պարբերաբար համերգային միջոցառումներ են կազմակերպվում: