Բնությունը SOS է կանչում

31/05/2005 Մարիամ ՎԱՐՈՍՅԱՆ

Երեւանում տարեկան արտադրվում է 150.000 տոննա աղբ: Աղբանոցներում այն
հատուկ գլդոններով տափակեցվում է եւ թաղվում փոսերում, անկախ նրանից, թե
ինչ տեսակի է եւ ինչ բաղադրություն ունի: Գաղտնիք չէ, որ աղբանոցները
բնակչության մի որոշ զանգվածի համար «օգտակար հանածոների» հանքավայրեր են:
Աղբը երկրորդ անգամ օգտագործելու հնարավորություն ունեցող երկրներն այն
տեսակավորում են եւ վերամշակում: Մեր երկրում թափոնները չեն
տեսակավորվում, աղբակույտերի նման վտանգավոր բազմաբովանդակության դեմ ոչ
ոք չի պայքարում: Գարշահոտ կուտակումների խնդիրը լուծում են բնության
անտեսանելի, բայց հայտնի ուժերը՝ նեխում առաջացնող մանրէները: Սակայն որոշ
նյութերի քայքայման համար հարյուրավոր եւ նույնիսկ հազարավոր տարիներ են
հարկավոր: Խոսքը փողոցներում թափառող պլաստիկ շշերի, օդում սավառնող
պոլիէթիլենային փաթեթների մասին է, պլաստմասսայե տարաների եւ ընդհանրապես
նավթային մնացորդներից ստացվող այլ նյութերի ու ապրանքների մասին, որոնք
շրջակա միջավայրի թիվ մեկ աղտոտիչներն են: Դրանց պատճառած վնասի չափերը
պատկերացնելու համար դիմեցինք մասնագետին: Ամերիկյան համալսարանի
Բնապահպանության ամբիոնի եւ ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Ռենե
Ռիչերը ներկայացրեց պլաստիկե ապրանքների կործանարարության որոշ
ասպեկտները: «Նախ՝ այս նյութերը պարունակում են ծանր մետաղներ, այրելու
դեպքում թունավոր եւ ախտածին ծուխ են արտազատում,- ասում է Ռ. Ռիչերը:
-Հայտնվելով կոյուղատարերում, դրանք խոչընդոտում են ջրահեռացմանը, ինչը
նպաստում է բակտերիաների աճին եւ հիվանդությունների տարածմանը: Աղտոտում
են նաեւ հողը, որովհետեւ քայքայման ընթացքում առաջանում է հողի
թթվայնացում: Պլաստիկը խոչընդոտում է արեւի ճառագայթների թափանցմանը հողի
մեջ, կարող են աղտոտել նաեւ արտեզյան ջրերը: Վնասակար է առողջության
համար, քանի որ կարող է առաջացնել ծանր մետաղներով թունավորում, քաղցկեղ
եւ էնդոկրին հիվանդություններ»: Նեխման պրոցեսի քիմիական ռեակցիաներն
աղբակույտերի տակ երբեմն առաջացնում են մեթանի կուտակում, ինչի
արդյունքում աղբն ինքնաբռնկվում է: Թափոնների մի ստվար զանգված կազմում են
թունավոր, ռադիոակտիվ եւ սինթետիկ նյութերը, որոնց այրման արգասիքները
կարող են մահաբեր լինել:

ՊԷՏՖ կամ չարաբաստիկ պլաստիկե տարաները

Առավել վտանգավոր են պլաստիկե շշերը, որոնք պատրաստված են
պոլիէթիլենտեռեֆթալատից՝ ՊԷՏՖ, որոնք ի տարբերություն պոլիէթիլենային
փաթեթների եւ պլաստմասսայի, երկրորդային մշակման ենթակա չեն: Պլաստիկե
տարաների ուտիլիզացիայի գյուտի հեղինակին Նոբելյան մրցանակ է սպասվում՝
մարդկությանը քաղաքակրթության այս չարիքից փրկելու համար: Հայաստանում
պլաստիկե եւ պլաստմասսայե տարաների արդյունաբերությամբ զբաղվող տասնյակ
ընկերություններ կան: Ամառվա շոգ ամիսներին պաղ ջրերի եւ հյութերի բիզնեսն
ավելի է ծաղկում, իսկ դրանց զուգահեռ՝ «ծաղկում» են նաեւ աղբի
զանգվածները: Որոշ երկրներում գտել են պալստիկի մասնակի կիրառումը:
Միացյալ Նահանգներում, օրինակ, պլաստիկն օգտագործվում է
ճանապարհաշինության մեջ: Բնակչությունից պլաստիկե շշերը գնվում են 10
սենտով (45 դրամ), լվացվում, մանրացվում հատուկ աղացներով, եւ փոքր
չափաբաժիններով հավելելով նույն շշերի առաջնային հումքին, օգտագործվում են
երկրորդ անգամ: Փոքր քանակությամբ օգտագործվում են նաեւ հագուստի,
պայուսակների, կահույքի եւ փաթեթավորման արտադրության մեջ: Մեկ այլ
մասնագետի՝ «Շանթ» հրուշակեղենի գործարանի՝ պլաստիկի արտադրամասի պետ
Արմեն Մուրադյանի խոսքերով, ճապոնացիները պլաստիկի հսկա ձուլվածքներն
օգտագործում են շենքերի հիմք գցելիս: «Լավ մտածելու դեպքում կարելի է այլ
կիրառում էլ գտնել,- ասում է Ա. Մուրադյանը,- օրինակ, կոշիկի տակացուներ,
կրունկներ պատրաստել, բայց սննդի փաթեթավորման կամ տարայավորման համար
երկրորդ անգամ դրանք պիտանի չեն, քանի որ կորցնում են իրենց
էլաստիկությունը եւ վնասակար են առողջության համար»: Ինչ վերաբերում է
պոլիէթիլենին, ապա այսօր կան կազմակերպություններ, որոնք պոլիէթիլենի
փաթեթներ հավաքելու համար մարդկանց են վարձում եւ գնում նրանցից
կիլոգրամներով պոլիէթիլեն՝ 1 կիլոգրամը 100 դրամով:

Ամերիկացիների՞, թե՞ ճապոնացիների օրինակով

Պլաստիկե տարաներ արտադրող հայաստանյան գործարաններում մեծամասամբ այն
համոզմունքի են, որ Հայաստանում չկա թափոններ վերամշակող
կազմակերպություն: Այնինչ, «Բջնի» հանքային ջրերի գործարանի տնօրեն Սայաթ
Հովհաննիսյանը փաստեց, որ նման կազմակերպություն մեզ մոտ կա: Ս.
Հովհաննիսյանն առանձնապես տրամադրված չէր տեղեկություններ հայտնելու,
այնուամենայնիվ, ասաց, որ կազմակերպությունը սկսել է գործել բոլորովին
վերջերս, եւ, որ նրա հայ հիմնադիրը տեխնիկական սարքավորումները բերել է
Ռուսաստանից, որտեղ վաղուց զբաղվում են թափոնների վերամշակմամբ: «Մոտ
երկու ամիս առաջ ես ունեցել եմ արտադրական խոտան, որն ինձանից գնեց այդ
կազմակերպությունը: Եթե հիշողությունս չի դավաճանում, այդ հումքից նրանք
պատրաստվում էին արտադրել միանգամյա օգտագործման սպասք, սննդի տարաներ եւ
այլն»: Սայաթ Հովհաննիսյանը պատմեց, որ խոտան շշերը վաճառել է կիլոգրամով:
Գների մասին տնօրենը կրկին չծավալվեց, սակայն մեր տեղեկություններով,
պլաստիկի հումքի գներն ուղղակիորեն կախված են միջազգային բորսաներում
սահմանված նավթի գնից: Եթե նկատի ունենանք, որ առաջնային հումքի մեկ
կիլոգրամի գինն այժմ 1,5-2 ԱՄՆ դոլար է, ապա խոտանը կարժենա մոտավորապես
դրա կես գինը: Այսպիսով, նոր եւ գուցե կասկածելի բիզնեսի սկիզբն արդեն
դրված է: Ում օգտին է այն աշխատելու, ցույց կտան Հարկային տեսչության եւ
առողջապահության վիճակագրական տվյալները: