1992 թվականի հունիսին Վրաց-հարավօսական առաջին պատերազմի ժամանակ վրացական ռազմական ստորաբաժանումներն ընդհուպ մոտեցել էին Ցխինվալիին եւ կարող էին գրավել քաղաքը: Ռուսաստանի այն ժամանակվա վերջնագիրը` կամ վրացական զինվորները ետ են քաշվում, կամ էլ Ռուսաստանը ռմբահարում է Թբիլիսին, ստիպեց Վրաստանի այն ժամանակվա նախագահ Է. Շեւարդնաձեին՝ ետ կանչել իր զինվորներին: Քչերն են կապում Շեւարդնաձեի այդ քայլը նրա զուտ անձնական հատկանիշների հետ (խորհրդային քաղաքական բովով անցած այս անձնավորությունն առավել քան լավ էր ճանաչում մոսկովյան իր կոլեգաներին):
Շատերը բացատրում են Շեւարդնաձեի այդ քայլը Վրաստանի ներքին վիճակով, ինչպես նաեւ՝ այն գլխավոր հանգամանքով, որ այդ դեպքում հարկ կլիներ դիմելու ինքնասպան մի քայլի` դուրս բերել էությամբ դեռ խորհրդային, իսկ անվանապես արդեն ռուսաստանյան կոչվող հզոր ու փորձառու բանակի դեմ վրացական անկազմակերպ ստորաբաժանումները:
Այսօր, Հարավօսական այս նոր պատերազմում շատ բան այլ է: Ճիշտ է, ռուսաստանյան բանակի համար երկու չեչենական պատերազմներից հետո Կովկասում եւս մեկ հաջող գործողություն իրականացնելը շատ մեծ ճիգեր չէր պահանջում, բայց նորն այն է, որ այս անգամ արդեն վրաց-ռուսական բախումը միջնորդավորված չէ, այս անգամ դեմ դիմաց կանգնած են երկու անկախ պետությունների (թե որքանով համեմատելի, այլ հարց է) կանոնավոր բանակներ: Եվ չնայած Ռուսաստանի արած բազմաթիվ նախազգուշացումներին, որոնք պետք է որ Վրաստանի նախագահ Մ.Սահակաշվիլուն էլ Շեւարդնաձեի նման ետ պահեին հակամարտությունից ռազմական ճանապարհով ազատվելու մտքից, այդպես չեղավ:
Ավելին, հիմա ռուսական բանակը ռմբահարում է ոչ միայն Վրաստանի կարեւորագույն ռազմական եւ ռազմավարական օբյեկտները (օգոստոսի 11-ի դրությամբ Հարավային Օսիայի դեմ պատերազմի գնալու 4-րդ օրը շարքից դուրս է բերվել Թբիլիսիի քաղաքացիական օդանավակայանի ռադիոտեղորոշիչը, ինչի հետեւանքով խափանվել է օդանավակայանի աշխատանքը), այլեւ (չգիտեմ՝ սխալմա՞մբ, թե՞ ոչ), բայց ռմբահարվում են Գորիի եւ այլ բնակավայրերի մի քանի բնակելի շենքեր: Հիմա Աբխազիան իրականացրել է իր խոստումը եւ Կոդորի կիրճում բացել է Վրաստանի դեմ երկրորդ ռազմաճակատը (հավանաբար ռուսական բանակը կօգնի աբխազական ստորաբաժանումներին՝ վերահսկողություն հաստատելու նաեւ այս, Աբխազիայում Վրաստանի հսկողության տակ գտնվող միակ հատվածի նկատմամբ): Իսկ Վրաստանի Զուգդիդիի եւ արեւմտյան այլ շրջաններից տեղահանված բնակիչները Թբիլիսիում իրենց կառավարությունից բացատրություններ են պահանջում. ի՞նչ է կատարվում եւ ի՞նչ է լինելու հետո: Նրանք դա անում են բացեիբաց եւ հրապարակավ, իսկ Վրաստանի բնակիչների մեծ մասը դա անում է ներքուստ, տագնապահար եւ խուճապի եզրին. մի կողմից՝ վրացական տեղեկատվամիջոցները խոսում են հայրենիքի գլխին կախված վտանգի մասին, մյուս կողմից՝ հանգիստ չի տալիս միտքը, որ պատերազմը սկսեց Վրաստանը՝ պարզ գիտակցելով հետեւանքների մասին:
1992 թվականին՝ կրակի դադարեցումից, իսկ 1996 թվականին՝ Վրաստանի, Հարավային եւ Հյուսիսային Օսիաների, Ռուսաստանի եւ ԵԱՀԿ-ի կողմից հակամարտությունն առանց ուժի կիրառման լուծելու մասին Հուշագրի կնքումից հետո վրաց-օսական բախումներ շատ են եղել: Դրանք եղել են գլխավորապես հենց Հարավային Օսիայի տարածքներում, այստեղ մեկումեջ իրար հաջորդող օսական եւ վրացական գյուղերի բնակիչների միջեւ: Ավանդաբար, նման բախումներն ընթանում էին ամռան ամիսներին, ունեին ոչ երկարատեւ ընթացք, մի երկու զոհ այս եւ այն կողմից, եւ ամեն ինչ հետո ավարտվում էր բախումներով միջազգային ատյաններում վրաց եւ ռուս դիվանագետների միջեւ: Հիմա ամեն ինչ ընթանում է միաժամանակ, թե՛ աննախադեպ ծավալի ու աննախադեպ զոհերով ռազմական բախումները, թե՛ վրաց-ամերիկա-ռուսական բախումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Թեեւ օգոստոսի 2-ին ամեն ինչ սկսվեց դարձյալ «սովորական» սցենարով. օսական գյուղում ծեծի ենթարկեցին վրաց մի ոստիկանի, ի պատասխան՝ վրացական գյուղից կրակ բացեցին օսերի ուղղությամբ:
Օգոստոսի 8-ին վրացական բանակի կողմից Ցխինվալիի գրավումը անակնկալի բերեց բոլորին: Ինչո՞ւ հենց Հարավային Օսիան դարձավ պատերազմի գնալու պատճառ, եթե, ի տարբերություն Աբխազիայի, այստեղ համեմատաբար ավելի մեղմ են վերաբերվել եւ վերաբերվում վրացիներին, 1992 թվականից անցած ողջ բանակցային ընթացքում ավելի շատ համատեղ համաձայնագրեր են կնքվել եւ գործնականում իրականացվել դրանք, եթե, ի տարբերություն վրաց-աբխազական հակամարտության, վրացիների եւ օսերի միջեւ խորթացումը մինչեւ այս իրադարձություններն ավելի փոքր է եղել (Հարավային Օսիայում օսական եւ վրացական բնակավայրերը տեղադրված են մեկը մյուսի ետեւից, այստեղ չկան զուտ օսական եւ զուտ վրացական կոմպակտ հատվածներ), եթե անցած տարիների ընթացքում նույնիսկ եղել է վրաց փախստականների վերադարձ Հարավային Օսիայի իրենց նախկին բնակավայրերը, եթե (լա՞վ, թե՞ վատ), բայց 1992 թվականից գործում են, այսպես կոչված, Խառը վերահսկիչ հանձնաժողովի ջոկատները՝ կազմված վրացական, օսական եւ ռուսական ոստիկաններից ու խաղաղապահներից): Մյուս ոչ պակաս հարցը, որ ծագում է գլխումս, այն է, թե ի՞նչը ստիպեց Վրաստանի Զինուժերի գլխավոր հրամանատար Սահակաշվիլուն անելու այդ քայլը, երբ կար Ռուսաստանի վերջնագիրը, եւ առջեւում` 2008 թվականի դեկտեմբերին, ՆԱՏՕ-ի նստաշրջանում Վրաստանի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելու համար Անհատական ծրագիր տրամադրել-չտրամադրելու հարցի երկրորդ քննարկումն է: Չէ՞ որ ՆԱՏՕ-ում եւ նույնիսկ ԱՄՆ-ում մի անգամ չէ, որ հասկացրել են Վրաստանին, որ սա այն երկիրը չէ, եւ սա այն առիթը չէ, ինչի պատճառով նրանք բացեիբաց դեմ դուրս կգան Ռուսաստանին:
Սակայն, հենց այս նույն հանգամանքներում էլ կարելի է գտնել իմ իսկ հարցերի պատասխանները:
Հարավային Օսիայում ավելի հեշտ էր լինելու ցուցադրել վերազինված, արդեն լավ մարզված վրացական բանակի համապատասխանությունը ՆԱՏՕ-ի ստանդարտներին: Թբիլիսիից ընդամենը 100 կմ հեռավորության վրա դիմադրություն մինչեւ Ցխինվալի լինելու էր մեկումեջ, միայն այնտեղ, որտեղ օսական գյուղերն են:
Այդպես, ստեղծված իրավիճակի համար՝ աննախադեպ, եւ այդ տրամաբանությունով՝ ոչ իրատեսական, պատերազմով միայն կարելի էր վերջապես ակնհայտորեն ցույց տալ բոլորին (նախեւառաջ` ՄԱԿ-ի անդամներին), որ իր տարածքային ամբողջականության համար պայքարում Վրաստանը վաղուց գործ ունի ոչ թե աբխազական եւ հարավօսական իշխանությունների, այլ Ռուսաստանի հետ:
Այդպես եւ հենց այդ պատճառով կարելի է արագ կերպով անդամագրվել ՆԱՏՕ-ին, նույնիսկ առայժմ ձերբազատվելով երկու էթնոհակամարտությունները նախապես լուծելու պարտադրանքից: Որպես Ռուսաստանի կողմից ագրեսիայի ենթարկված մի փոքրիկ, անկախ պետություն:
Սակայն… այս վարկածն էլ, ինչպես՝ ցանկացած այլ, քիչ թե շատ տրամաբանական բացատրություններ, ունի բազմաթիվ հակափաստարկներ: Ինչպիսին այն բարդ իրականությունն է, որում ապրում է հիմա ոչ միայն հարեւան եւ Հայաստանի համար խիստ կարեւոր Վրաստանը, այլեւ, առանց բացառության, ողջ Կովկասյան տարածաշրջանը: Սա, սակայն, ուրիշ թեմա է: