«Իմ ընկեր Օնիկին սեւ կարիչը կծել էր, ու ես ահավոր վախենում եմ»

14/08/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

10 տարեկան Գրիգորի համար էս աշխարհն էնքան անհարմարավետ ու հոգսաշատ է, որ իր մանկությունն այս փոքրիկ տղան վատնում է կողակիցներին խնամելու ու միջավայրում տիրող անհարմարավետությունը հաղթահարելու վրա:

Հարցնում եմ` «Ինչո՞ւ ես էսքան մտազբաղ»: Ցրված կարկամելով՝ պատասխանում է` «Ախր դժվարությունները շատ են: Ես վախենում եմ, որովհետեւ իմ ընկեր Օնիկին սեւ կարիճը կծել էր, ու իմ ընկեր Օնիկը վատացել էր, ես շատ էի անհանգստանում ընկերոջս համար: Մի անգամ սառնարանը բացեցի` դռան վրա կարիճ էր, ու ահավոր վախեցա: Ինձ անընդհատ թվում ա, որ կարիճ ու օձ եմ տեսնում: Էդ շատ վախենալու ա, որովհետեւ գիշերները վախենում եմ քնել, ինձ թվում ա, որ օձ ու կարիճ են գալիս ինձ վրա»: Գրիգորը մեծ մարդու նման ու փոքրիկ երեխային հատուկ երկյուղով պատմում է օձերի ու կարիճների մասին իր ու իր ընկեր Օնիկի տեսած ու լսած պատմությունները: Ասում է, որ իր կյանքը վտանգի տակ է, որովհետեւ կացարանից մինչեւ դպրոց տանող ամենօրյա ճանապարհը հաղթահարելու համար նա անցնում է ճահճուտի արահետով, որն օձերի ու կարիճների բնակավայրն է: Դրա համար էլ իմ այն հարցին, թե` «լա՞վ ես սովորում», պատասխանում է` «Դե՛ սովորական էլի… Իմ ուշքն ու միտքը էդ օձերն ու կարիճներն են: Առավոտը դպրոց գնալուց վախենում եմ, իսկ երբ դասերը վերջանում են` մտածում եմ, թե էդ ճանապարհով ո՞նց եմ գնալու: Չեմ կարում կենտրոնանամ դասերի վրա»: Մայրը պատմում է, որ տղան քնած ժամանակ ուշաթափվում է, որովհետեւ այդ սթրեսներից վատ երազներ ու հալյուցինացիաներ է ունենում:

Վարդաշեն 9-րդ փողոց, 70 շենքի տեղանքը ճիշտ նկարագրելու իմ բոլոր փորձերը ձախողվեցին, քանի որ բառաշարերով նկարագրություններն այս պարագայում անօգուտ են: Այս տարածքը տեսնել է պետք, որովհետեւ մարդիկ այստեղ ապրում են, բառիս բուն իմաստով` բախտի քմահաճույքով: Երթուղային տաքսի այստեղ գոյություն չունի, հետեւաբար՝ Վարդաշենի կենտրոն հասնելու համար պետք է կիլոմետրեր ոտքով կտրել: Շտապօգնության մեքենաները հրաժարվում են այս տարածքում սպասարկում իրականացնել` պատճառաբանելով, որ մեքենաները շարքից դուրս են գալիս: «Երբ արտակարգ դեպքեր են լինում, զանգում ենք, հասցեն լսում են, թե չէ` շան լափը լցնում են գլխներիս»,- ասում է Գրիգորի մայրը` Սուսաննան: Երկհարկանի կացարանը գտնվում է Քարի գործարանի ետնամասում, գործարանն այս շենքից բաժանվում է ճահճուտով, հետեւաբար մարդիկ ապրում են այդ ճահճի անմիջապես ափին: Քարի գործարանի համար այդ ճահճուտն անհրաժեշտություն է, դրանով քար արտադրելիս աշխատում են, իսկ տեղի բնակիչների համար այն սթրեսների ու վախերի աղբյուր է, որովհետեւ ճահճից օձերը, կարիճները, գորտերն ու մորմերը սողոսկում են բնակարաններ: Կացարանում ապրող մարդիկ 10 տարուց ավելի սպասում են սեփականաշնորհման իրավունք ստանալուն, սակայն ՀՀ նախագահական ընտրություններից առաջ տրված այդ խոստումը նույնպես որեւէ գործնական քայլի չարժանացավ: Երեք անչափահաս երեխաների մայր Սուսաննան իրենց վիճակը նկարագրելու անզորությունից լաց է լինում, իսկ նրա հուզմունքից հուզվում են նաեւ երեխաները: Շուրջը տիրող անարդարությունների շարանը Սուսաննան չի հասցնում համարակալել ու հերթով պատմել, դրա համար էլ մտքերը խառնվում են իրար, ու գլուխն առնում է ափերի մեջ, որպեսզի մի քիչ կենտրոնանա: Ավագ դուստրը` Գրետան, ցմահ հաշմանդամ է, 2 տարեկան հասակում հայտնաբերվել է էպիլեպսիա հիվանդությունը: Հետագայում պարզվել է, որ հղիության ընթացքում մոր նյարդային վիճակն անդրադարձել է երեխայի վրա: Գրետայի վարքագիծը գնալով անկառավարելի է դառնում, ցայտնոտով վազում է այս ու այն կողմ, եւ անպայման պետք է մեկը, ով նրան կարգելակի: Մայրն ասում է, որ գիտակցական մակարդակը զրոյական է, հետեւաբար՝ նա մշտական խնամքի կարիք է զգում: Էպիլեպսիայով տառապող, հոգեկան հիվանդ Գրետայի համար մեր պետությունն անվճար դեղորայք տրամադրելու հնարավորություն է ստեղծել, մինչդեռ, արդեն մեկ տարի է, ինչ հոգեմետ այդ դեղերը չեն տրամադրվում նրան առանց պատճառաբանության: Առհասարակ նման հիվանդները գոյատեւում են դեղորայքի ազդեցության շնորհիվ, իսկ Գրետայի առողջական վիճակն աստիճանաբար վատանում է: «Շատ ուժեղ նոպաներ ա ունենում, նույնիսկ նստած ժամանակ գլխի վրա ընկնում, ուշաթափվում ա: Դեղերը Նոր Նորքի մանկական նեւրոլոգիական դիսպանսերից էինք ստանում, բայց արդեն 1 տարի ա, ինչ չեն տալիս, ասում են` չունենք, վերեւից են կտրել: Ստիպված մի քանի հատիկներով առնում ենք, բայց դրանք շատ թանկ դեղեր են: Հոգեմետ, դեղատոմսով տրվող դեղեր են, որոնք երեխայիս ողջ մնալու համար օդի պես անհրաժեշտ են»,- պատմում է Սուսաննան` ասելով, որ նման ծանր հաշմանդամություն ունեցող երեխայի խնամքը մեծ խնդիրների հետ է կապված: Տեսնելով այս կնոջ անզորությունը՝ շատերը նրան խորհուրդ են տալիս Գրետային հանձնել Խարբերդում գտնվող մտավոր հետամնաց երեխաների համար նախատեսված մանկատուն: Մինչդեռ նա վստահեցնում է, որ ինչ էլ պատահի` այդ քայլին չի գնա: Հիշեցնենք մի կարեւոր հանգամանք. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները մամուլի ասուլիսների ժամանակ պարբերաբար թվեր են ներկայացնում, ըստ որի, նախարարության արդյունավետ աշխատանքի շնորհիվ՝ Հայաստանի մանկատներն աստիճանաբար բեռնաթափվում են: Այդ արդյունավետ աշխատանքի արդյունքում ցմահ հաշմանդամություն ունեցող, երեք անչափահաս երեխաների ծնողներին զրկել են նաեւ 24.000 դրամ ընտանեկան նպաստից, որով Սուսաննան կարողանում էր գոնե Գրետայի դեղորայքը գնել: Սուսաննայի նման հարյուրավոր մայրեր իրենց մեջ սպանելով մայրական զգացումը՝ նման երեխաներին հանձնում են մանկատուն միայն նրա համար, որ այնտեղ գոնե երեխաները պաշտպանված լինեն: ՀՀ Առողջապահության նախարարությունը նման խոցելի խմբերի համար նախատեսում է անվճար դեղորայք, որն, ինչպես նշեցինք` չի տրվում Գրետային: ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նման խոցելի խմբերի համար նախատեսում է ընտանեկան նպաստ, որն, ինչպես նշեցինք` չի տրվում Սուսաննայի ընտանիքին: Սոցիալական աջակցության վարչության պետ Աստղիկ Մինասյանը մեզ խոստացավ ճշտել, թե Սուսաննա Հովհաննիսյանի ընտանիքին ընտանեկան նպաստից զրկելու պատճառը ո՞րն է եղել, եւ մենք առաջիկայում կներկայացնենք այն:

«Ախր իրանք լավ գիտեն, որ հաշմանդամ երեխա ա, անօթեւան ենք, կացարանում ենք ապրում: Էլ ինչքա՞ն վատ պիտի լինենք, որ մեր պետությունը մեզ աջակցի»,- հարցնում է Սուսաննան, ով Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին նամակ է գրել, որի պատասխանը, տեւական ժամանակ է, անգամ չեն բարեհաճում տալ: Այս ընտանիքին միայն օգնում է «Դիակոնիա» բարեգործական կազմակերպությունը՝ ամիսը մեկ անգամ սնունդ տրամադրելով: «Երեխայիս խղճալով՝ մեզ օգնություն են տալիս, մենակ իրանց մեջ մարդկություն կա, թե չէ բոլորի խիղճը, գութը մեռել ա»,- ասում է Սուսաննան ու աչքերը կարմրացնելով պատմում է, որ ամուսինն անգամ գիշերները չի քնում, բանվորություն է անում, որ երեխաները քաղցած չմնան: «Սա՞ էր «Առաջ Հայաստանը», երբ առաջ գնալու փոխարեն՝ հետ ենք գնում, երբ մեր պետության հաշմանդամ երեխաներին սպանում են, փակում են բոլոր ճանապարհները, որ ողջ մնալու տարբերակ չլինի»,- ասում է Սուսաննան: Հետաքրքիրն այն է, որ ՀՀ-ում հարյուրավոր բարեգործական եւ հասարակական կազմակերպություններ են գրանցված, որոնց առաքելությունը նման ընտանիքներին, նման հաշմանդամներին հավաքագրելն ու աջակցելն է: Գրետայի տվյալները նույնպես հավաքագրել են շատ կազմակերպություններ, որոնք գրետաների անուններով արտասահմաններից փողեր են բերում, սակայն հասցեատերերին այդ գումարները չեն տրամադրում: Գրիգորին հարցնում եմ` «Ինչպե՞ս ես անցկացնում ամառային արձակուրդը»: Պատասխանում է` «Դե՛, ես մի քիչ հոգսեր ունեմ, ուրիշների նման չեմ կարա գնամ հանգստանալու: Քուրիկիս ես եմ խնամում: Մաման Մարիամին` քուրիկիս, տանում ա մանկապարտեզ, բերում ա, ու ես եմ Գրետային նայում, ինքը մենակ չի կարա մնա: Ինքը գիշերները շատ ա վատանում, ու ես ահավոր վախենում եմ, բայց արդեն սովորել եմ: Քնած տեղը գոռում ա, դիվանից ընկնում ա, ու էդ վախից ոնց որ ուշքս գնա: Բայց ամենաշատը օձերից ու կարիճներից եմ վախում, քուրս ինձ վնաս չի տա, իսկ դրանք որ կծեցին… Իմ ընկեր Օնիկին որ կծել էին` էնքան սրսկեցին… Արձակուրդներին պապայիս էլ եմ օգնում, բանվորություն եմ անում հետը, որ հացի փող աշխատենք»:

Գրիգորը երազում է, որ ծնողները մի օր իրեն քաղաք տանեն զբոսանքի: Ասում է` «Ես երբեք կարուսել չեմ նստել, կուզենայի մի օր նստել ու դասարանցիներիս պատմել: Ես չգիտեմ, թե քաղաքը որտեղ ա, ինձ չեն տարել ըսկի: Իմ երազանքը կարուսել նստելն ա»:

Հ.Գ. Վարդաշեն 9 փողոցի թիվ 70 կացարանում բնակվող 23 ընտանիքները հայտնվել են անելանելի վիճակում: Բանն այն է, որ այս տեղանքը բավական բարենպաստ է ցեմենտի արտադրություն կազմակերպելու համար, հետեւաբար՝ հսկայական այդ տարածքները վաճառվում են տնտեսվարող սուբյեկտներին` նմանատիպ արտադրամասեր կառուցելու համար: Բնակիչների` պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններին ուղղված ահազանգերը, որպես կանոն, արժանանում են անտարբեր վերաբերմունքի: Երկհարկանի կացարանում ապրող այս ընտանիքները հայտնվել են սանիտարահիգիենիկ եւ բարոյահոգեբանական ծանր իրավիճակում: Մի կողմից՝ նրանք շնչում են քարի արտադրության հետեւանքով աղտոտված օդը, մյուս կողմից՝ պայքարում են ճահճուտից պարբերաբար բնակարաններ սողոսկող կարիճների, օձերի ու մորմերի դեմ: Վերջերս բնակիչների մեծ մասի մոտ ճահճուտից դուրս եկող անհայտ ծագման միջատներից առաջացած քոր է սկսվել: Համաճարակի վտանգը կանխելու համար նրանք ահազանգել են սանէպիդկայան, որտեղից, սակայն, նրանց տեղեկացրել են, որ այդ տեղանքում զննումներ կատարելու համար բնակիչները պետք է վճարեն: Բնակիչները, որոնք ապրում են սոցիալապես ծայրահեղ վատ պայմաններում, ի վիճակի չեն վճարել եւ այդ իսկ պատճառով ստիպված են ինքնուրույն պայքարել քորի դեմ: «168 Ժամի» հաջորդ համարում կներկայացնենք այս կացարանի կարգավիճակի «ոդիսականը»: