«Գիտե՞ք, սա իմ մեքենան է»,- մատնացույց անելով մանկատան մուտքի դիմաց կանգնած գեղեցիկ, արտասահմանյան մակնիշի ավտոմեքենան, ասում է փոքրիկ Արմենը: Վերջինս «Զատիկ» մանկատան ամենակրտսեր բնակիչներից է:
Չնայած Արմենն ութ տարեկան է, բավականին փոքրամարմին է ու իր տարիքից բավական փոքր է երեւում: Արմենը մանկատան մյուս երեխաների նման հաճախում է մոտակա դպրոցներից մեկը, այս տարի փոխադրվել է երրորդ դասարան: Ասում է, որ երբ մեծանա, գեղեցիկ մեքենա է ունենալու, ինչի համար պետք է աշխատի շուկայում: «Չէ, շուկայում աշխատելը լավ չի, պետք է դատավոր դառնաս: Ես երբ մեծանամ, դատավոր եմ դառնալու»,- նրան ուղղում է կրտսեր ընկերը` Ազատը, ով այս տարի առաջին անգամ դպրոց է գնալու: Ազատին ի վերջո հաջողվում է համոզել ընկերոջը, որ միայն դատավոր դառնալու դեպքում կարելի է շքեղ մեքենա ունենալ:
«Զատիկ» մանկատանը բնակվում են 6-18 տարեկան 85 երեխաներ: Մանկատան հիմնական կարիքները հոգում է պետությունը, սակայն երբեմն նաեւ բարեգործներ են հայտնվում, որոնք այս կամ այն կերպ օգնում են երեխաներին: «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանի խոսքերով` այդ օգնությունը հիմնականում արտահայտվում է ապրանքի տեսքով` մարդիկ գալիս, տեսնում են, թե ինչի կարիք ունեն երեխաները, եւ բերում են դրանք: Նմանատիպ նախաձեռնությամբ օրերս հանդես եկավ նաեւ bmi ավիաուղիները, որոնց աշխատակիցների հետ միասին այցելեցինք «Զատիկ» մանկատուն: Ներկայումս մանկատան երեխաներն առաջին հերթին գրենական պիտույքների կարիք են զգում, քանի որ պատրաստվում են նոր ուսումնական տարվան: Մանկատնից այս տարի առաջին դասարան երկու երեխա կգնան: Երեխաները սովորում են «Զատիկի» մոտակայքում գտնվող Քանաքեռ-Զեյթուն համայնքի մի քանի դպրոցներում: Տարվա այս եղանակին, սակայն, մանկատունը որոշ չափով դատարկվել է` երեխաներից շատերը գնացել են տուն` հարազատների մոտ: Աշոտ Մնացականյանը նշում է, որ երեխաների ծնողները կամ հարազատները երբեմն նրանց մի քանի օրով տանում են իրենց մոտ: Դրա համար, ի դեպ, հարկ է դիմում գրել: Մանկատան սաներից 14-ամյա Նարինեն անկեղծորեն խոստովանում է, որ այնքան էլ չի սիրում սովորել: Չի էլ որոշել, թե դպրոցն ավարտելուց հետո ինչով է զբաղվելու, ինչ մասնագիտություն է ընտրելու: Նարինեն ասում է, որ շատ է սիրում հեռուստացույց դիտել: Իսկ մանկատան յուրաքանչյուր տարիքային խմբի բաժնում հեռուստացույց կա տեղադրված: Ի տարբերություն Նարինեի` նրա հասակակից Անին իրեն իբրեւ ապագա մանկաբույժ է տեսնում: Անին սիրում է կարդալ, ասում է, որ հաճախ է օգտվում մանկատան գրադարանից: Սիրելի հեղինակը Վիլյամ Սարոյանն է: Թե՛ Անին, թե՛ Նարինեն հարազատների հետ հանդիպում են: Իսկ ամռանը կամ էլ ձմռանը, հատկապես` Ամանորին, մի քանի օրով գնում են նրանց մոտ: Ընդհանրապես, «Զատիկ» մանկատնից որդեգրում ոչ այնքան հաճախակի է իրականացվում: Մանկատան տնօրեն Ա. Մնացականյանի խոսքերով` երեխաներից շատերի ծնողները չեն հրաժարվում նրանցից: Բացի այդ` երեխաներն իրենց մանկատանը շատ ավելի լավ են զգում: Առայսօր մանկատան համար կարեւորագույն խնդիր է 18 տարին լրացած երեխաների հարցը:
Ա. Մնացականյանը նշում է, որ թեեւ պետությունը հաճախ նրանց բնակարանով ապահովում է, միեւնույն է` մինչեւ բնակարանային ծրագիրը հասնում է կոնկրետ երեխային, երեք-չորս տարի անցնում է: «Շատերն արդեն ստացել են բնակարաններ, իսկ այն երեխաները, որոնք դեռ չեն ստացել, այստեղ են մնում: Այլ կազմակերպություններ ու տներ էլ կան, որտեղ ապրում են 18 տարին լրացած երեխաները: Սակայն բնակարան ստանալուց հետո էլ երեխաները մանկատան հետ կապ անպայման պահպանում են: Հաճախակի այցելում են մեզ»,- ասում է նա: Ի դեպ, մի քանի օր անց «Զատիկ» մանկատանը մեծ ուրախություն է սպասվում: Մանկատան սանուհիներից մեկն ամուսնանում է, իսկ հարսանիքին պատրաստվում է մանկատան ամբողջ աշխատակազմը: «Հարսանիքի հենց հաջորդ օրն էլ մեր մյուս սանուհու նշանդրեքն է»,- ասում են «Զատիկի» դաստիարակչուհիները: