«Չգիտեի՝ ինչպես երջանիկ դարձնել, այդ պատճառով էլ սպանեցի նրան»

14/08/2008 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆԸ

Կինոռեժիսոր Աննա Մելիքյանը հայտնի ու սիրելի դարձավ իր ստեղծած պերսոնաժի շնորհիվ։ Նա կինոէկրաններ բաց թողեց տարօրինակ ու երազկոտ Ալիսային, ով կարողանում է մտքի ուժով ծառից թափել խնձորները, ստիպել, որ շոգենավերը գործի դնեն իրենց սուլիչները, եւ եթե պետք է՝ մտքով այրում է սեփական տունը, փոթորիկ է բարձրացնում, ստիպում է մարդկանց մահանալ կամ էլ ընդհակառակը՝ պաշտպանում է նրանց։ Նա ինչ ուզում է, անում է։ Այդպես է ստացվում։ Ալիսան պատրաստ է հարմարվել կյանքի յուրաքանչյուր էջին, նա ոչ թե սեփական կյանքի շարժիչ ուժն է, այլ՝ իր ճակատագիրը հնազանդ ընդունողն է։ Ահա այդպիսի տարօրինակ, կանաչավարս, հրաշագործ ջրահարս է ապրում ծովափնյա փոքր, գավառական քաղաքում։

«Ես միշտ ասում եմ, որ «Ջրահարսը» ինքնակենսագրական պատմություն չէ, բայց շատ անձնական է։ Ֆիլմում շատ բան կա ինձանից, բոլոր հերոսների մեջ (եւ ոչ միայն կին հերոսների, այլեւ՝ տղամարդկանց) ես կամ։ Ֆիլմը անձնական է»,- ասում է Ա.Մելիքյանը։ Նրա ստեղծած Ալիսան երազում է բալետի պարուհի դառնալ, բայց երգչախմբում է հայտնվում, իսկ օրերից մի օր վիրավորվելով աշխարհից՝ որոշում է լռել։ Եվ երկար տարիներ լռում է, տեղափոխվում է մեգապոլիս, աշխատում է, սիրահարվում է, նորից սկսում է խոսել եւ մահանում է։

Ալիսան շատ հմայիչ ու թարմ կերպար է ռուսական կինոյում, այն կարծես նոր, ժամանակակից հեքիաթի հերոս է։ Ինչպես ասում է հեղինակը՝ նա շատ է ազդվել Անդերսենի տխուր եւ ֆանտաստիկ տարրերով հագեցած «Ջրահարսից» եւ որոշել է ստեղծել իր ջրահարսին։ Ու թեեւ նրա «Ջրահարսը» շատ գեղեցիկ ու ծիծաղելի դրվագներով է լեցուն, սակայն ֆիլմի ընդհանուր ենթատեքստը թախծոտ է։ Իսկ ինչո՞ւ է նրա հեքիաթը ողբերգական ավարտվում, Ա.Մելիքյանը պատասխանում է. «Ինձ հաճախ են այդ հարցը տալիս՝ ասելով, որ իմ հերոսուհին արժանի չէր վախճանի։ Անկեղծ ասած, ես պարզապես չգիտեի՝ ինչպե՞ս նրան երջանիկ դարձնել, այդ պատճառով էլ սպանեցի նրան»։

Աննա Մելիքյանն իրեն լիակատար անկախ ռեժիսոր է համարում։ «Անկախ լինելը նշանակում է՝ անկախ լինել պատվերներից։ Ես պատվերներ չեմ կատարում։ Իմ բոլոր պատվերները հոգու խորքում են գտնվում, եւ իմ միակ պատվիրատուն իմ սիրտն է։ Ինձ վրա ոչ ոք չի ազդում, ես անում եմ միայն այն, ինչ ուզում եմ։ Այդ իմաստով, ես իրոք բացարձակապես անկախ եմ»,- ասում է նա։ Եվ ավելացնում է, որ կինոն չի կարող կանացի կամ տղամարդկային լինել, այն կարող է միայն հեղինակային լինել։ «Նայում ես ու տեսնում ես՝ թե ի՞նչ մարդ է այն նկարահանել»,- ասում է նա։ Ա.Մելիքյանը փառատոնային եռուզեռը բավականին հոգնեցուցիչ է համարում. «Արվեստի մեջ մրցելն անիմաստ է, արվեստը հո սպո՞րտ չէ, որտեղ ֆինալային ժապավեն կա եւ որտեղ հաղթում է նա, ով առաջինն է հասնում այդ ժապավենին։ Իրականում որոշիչը միայն ժամանակն է։ Բայց ես սիրում եմ մրցույթների մասնակցել ու ստանալ տարբեր տեսակի ոսկե «թավաներ»։ Ինչո՞ւ՝ ոչ, թող լինեն նաեւ մրցանակները»։

«Ջրահարսը» «Ոսկե ծիրան» 5-րդ միջազգային կինոփառատոնում «լավագույն խաղարկային ֆիլմ» ճանաչվեց։ Ֆիլմն արդեն իսկ բազմաթիվ այլ մրցանակների է արժանացել, որոնցից, թերեւս, ամենահեղինակավորը Անկախ ֆիլմերի «Սանդանս» ամերիկյան փառատոնի «Լավագույն ռեժիսուրա» մրցանակն էր։

«Ֆիլմի ստեղծումը ինձ մոտ շատ դանդաղ է ընթանում։ Պետք է անպայման անցնի կուտակման փուլը, որի ժամանակ ես գրառումներ եմ անում, մտածում եմ, հավաքում եմ իմ հուշերը։ Եվ քանի որ ինքս եմ գրում իմ սցենարները, ամեն ինչը շատ դանդաղ է կատարվում, իմ ներսում։ «Ջրահարսն», օրինակ, ծնվեց իմ ուսանողական գրառումներից ու հուշերից, որոնք ես, հետեւելով ՎԳԻԿ-ի իմ ղեկավար Սերգեյ Սոլովյովի խորհրդին, միշտ գրառում էի նոթատետրում»,- ասում է Ա.Մելիքյանն, ով իր ֆիլմով ապացուցեց, որ հեղինակային կինոն չի բացառում կոմերցիոն հաջողությունը։ «Ջրահարսը» շուտով կցուցադրվի ամերիկյան եւ կանադական կինոթատրոններում։

Իհարկե, Աննա Մելիքյանն՝ ի տարբերություն այլ ռուսաստանցի երիտասարդ ռեժիսորների, արտոնյալ պայմաններով է շրջապատված, քանի որ նրա ամուսինը Ռուսաստանի խոշորագույն կինոընկերություններից մեկի՝ «Ցենտրալ պարտնյորշիփ» կինոընկերության գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Դիշդիշյանն է։ Իսկ դա նշանակում է, որ երիտասարդ ռեժիսորին հավատացող ու գումար տրամադրող պրոդյուսեր կա, իսկ պրոդյուսերն էլ գտել է իր տաղանդավոր ռեժիսորին, ում աշխատանքները ֆինանսավորելը միայն պատիվ է։ Սա էլ յուրահատուկ կինոհեքիաթ է։ Երբ Երեւանում Ա.Մելիքյանին հարցրին՝ «Ձեր կարծիքով՝ Ռուբեն Դիշդիշյանը առաջին հերթին ձեզ որպես կի՞ն, թե՞ որպես ռեժիսոր նկատեց», նա պատասխանեց. «Չգիտեմ, լավ կլինի նրան հարցնեք»։

Հիմա Ա.Մելիքյանն ինքն է պրոդյուսերական աշխատանքով զբաղվում եւ խոստովանում է. «Զգում եմ, որ ռեժիսուրան բացարձակապես անպատասխանատու մասնագիտություն է։ Երբ ես էի ֆիլմ նկարահանում, ինքս էլ մեծ պատասխանատվություն չէի զգում։ Իսկ երբ ստիպված ես ամեն ինչի համար պատասխան տալ, ներքուստ «հավաքվում» ես»։

«Ջրահարսի» գլխավոր դերակատարներից մեկը՝ Եվգենի Ցիգանովը, պատմեց, որ ֆիլմի նկարահանման ժամանակ ամենազվարճալի պատկերը եղել է հղի ռեժիսորը, ով վազում էր նկարահանման հրապարակում ու կտրված ձայնով հրահանգներ էր տալիս։ Այս ամառ Ռուբեն Դիշդիշյանն ու Աննա Մելիքյանը Երեւան էին եկել իրենց դստեր՝ Ալեքսանդրայի հետ։

Քաղաքներն ու ծովերը

Բավականին խիստ ու «փակ» մարդ լինելով՝ Ա.Մելիքյանն ասում է. «Իմ վերադարձը հայրենիք իրականացավ միայն «Ոսկե ծիրանի» շնորհիվ։ Մինչ առաջին «Ոսկե ծիրանի» մասնակցությունը ես 12 տարի Հայաստանում ընդհանրապես չէի եղել։ Հաճախ պատրաստվում էի գալ, բայց միշտ չէր ստացվում։ Իսկ երբ հինգ տարի առաջ ինձ հրավիրեցին մասնակցել «Ոսկե ծիրանին» իմ «Մարս» կինոֆիլմով, ես հասկացա, որ դա շատ լուրջ առիթ է՝ վերջիվերջո հավաքվելու եւ Հայաստան գալու համար։ Ես շատ շնորհակալ եմ փառատոնի կազմակերպիչներին, քանի որ ես եկա ու կարծես թե ինքս ինձ համար նորովի բացահայտեցի ու սիրեցի իմ մանկության քաղաքը։ Հիմա ես տարին մի քանի անգամ գալիս եմ Երեւան, իսկ «Ոսկե ծիրանին» ստաբիլ կերպով եմ մասնակցում՝ նշանակություն չունի՝ մասնակցո՞ւմ եմ մրցույթին, թե՞ ոչ։ Պարզապես գալիս եմ։ Երբ փոքր էի, ինձ թվում էր, որ Երեւանը նույնպես փոքր քաղաք է, այն ինձ համար սահմանափակվում էր Կոմիտաս փողոցով, որտեղ ես ապրում էի, եւ Օրբելի փողոցով, որտեղ գտնվում էր իմ դպրոցը։ Եվ իմ բոլոր հուշերը կապված էին քաղաքի միայն այդ հատվածի հետ։ Իսկ հիմա ես Երեւանը կարծես որպես տուրիստ եմ հայտնագործում։ Շատ հետաքրքիր զգացում ունեի, մտածում էի՝ ես Երեւանում եմ ու ապրում եմ ոչ թե տանը, այլ՝ հյուրանոցում, եւ ինձ էքսկուրսիաների են տանում։ Սովորաբար, երբ ապրում ու աշխատում ես, ժամանակ չես ունենում ազատ շրջելու ու էքսկուրսիաների գնալու։ Ես նման էի այն ֆրանսիացի բանվորին, որին հարցնում են՝ իսկ դուք եղե՞լ եք Ելիսեյան դաշտերում։ Իսկ նա պատասխանում է՝ ոչ, ես այնտեղ չեմ աշխատել»։

1976 թվականին Բաքվում ծնված Ա.Մելիքյանը պատմեց. «Բաքվում ապրում էին իմ տատիկն ու պապիկը։ Ես ապրում էի Երեւանում, բայց բոլոր ամառներն անցկացնում էի Բաքվում։ Բաքուն ինձ համար առաջին հերթին ծովն է, որի կարոտը միշտ իմ մեջ է, այն նկատվում է իմ եւ՛ առաջին, եւ՛ երկրորդ ֆիլմերում։ Ինձ համար քաղաքն առաջին հերթին մարդիկ են։ Մանավանդ, երբ դու երեխա ես, դու քաղաքը ոչ թե որպես ճարտարապետական կառույց ես ընկալում, այլ՝ որպես կոնկրետ մարդկանց ապրելու վայր։ Ամեն ինչ շատ պարզ է։ Ինձ համար ամենասիրելի մարդն իմ պապիկն էր, իսկ նա ապրում էր Բաքվում, եւ այդ պատճառով էլ Բաքուն իմ ամենասիրելի քաղաքն էր։ Երբ ես հինգերորդ դասարանում էի սովորում, իմ պապիկը մահացավ, եւ ես դրանից հետո այլեւս Բաքվում չեմ եղել։ Չեմ էլ պատրաստվում լինել, քանի որ այդ քաղաքն ինձ համար միայն որպես իմ պապիկի քաղաք գոյություն ուներ»։

Ա.Մելիքյանը հավատում է, որ բոլոր պատահականություններն օրինաչափ են, եւ փորձում է չանտեսել ճակատագրի նշանները։ «Երբ հասկանում ես այդ նշանները, ամեն ինչ ստացվում է»,- ասում է նա։ Եվ ավելացնում է. «Երբ ինձ գովում են, ինձ մոտ թեւեր են բացվում, իսկ երբ վատ կարծիքներ եմ լսում, փակվում եմ մի անկյունում ու լռում եմ»։ Ալիսան էլ էր այդպիսին։