Սեմյուել Բեքեթ (1906-1989)

14/08/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ

Մարմնավորումների շարանըգ Նրա, ով զրկված է մարմնից, ով տեղ է փնտրում, որպեսզի բառ արտաբերի, ավատարների (Avatara-«էջք»-հնդկական առասպելաբանության մեջ աստվածության էջքը երկիր, նրա փոխակերպումը մահկանացու էության «աշխարհի փրկության» համար) շղթան միեւնույն անողոքությամբ տանում է Բելակվային դեռեւս անվստահ դեգերումների, «Ավելի շատ հաչում է, քան կծումից» մինչեւ անշարժ գլուխները, կամ արդեն միայն բերանները, որ խոսում են սափորի միջից «Պիեսում», որ ժամանակի հոսանուտ տարածության մեջ մարմին փնտրող գիրը կայանա. «Կան բազում ձեւեր, ուր անփոփոխը արբում է իր անկերպարանությամբ»,- ասում է Մալոնը: Իսկ «Անանունի» ձայնը տալիս է այդ շարժման ճիշտ ուրվագիծը. «Այստեղ հասնողգ կուտակվում են շուրջս, հանց կենալու եւ քարանալու ծարավի մարմիններ»:

Այդ տարանունությունը` ստեղծագործության բնույթում է: Նույնիսկ միակ խոսքն անձամբ քո մասին եւ քո անունից կդառնար ինքնավստահ ինքնամոռացում եւ դիալեկտիկայի տեսանկյունից զրոյի կհավասարեցներ բոլոր կեղծանունները (Կիերկեգոր):

Ավատարները դիմակներ են, որոնցում արձագանքվում է բացակայող անհատի ձայնը: Ավատարները ներածություններ են առ նվիրական խոսքը քո մասին: Մերֆին, Մոլոյը կամ Ուինին` անկոչելիի կեղծանուններն են, անանունի տարակերպերը:

Լյուդովիկ Ժանվյե

Այդ մոտեցումն ակունքին ամեն անգամ ստեղծագործության փորձը դարձնում է ավելի ու ավելի վտանգավոր` վտանգավոր եւ՛ նրա համար, ով կրում է այն, եւ՛ հենց ստեղծագործության համար: Սակայն միայն համանման մոտեցումն էլ արվեստը վերածում է մշտատեւ որոնման, որի համար էլ «Անանունը», որ թույլատրում է զգալ այդ առավելագույն սրությամբ, շատ ավելի կարեւոր է գրականության համար, քան «հաջողությունների» մեծ մասը, որոնցով այն այսօր հպարտանում է:

Մորիս Բլանշո

Նա, ով ուզում է բացահայտել այնպիսի այլատեսակ մարդու, ինչպիսին Բեքեթն է, պետք է զգա «անմասն մնալ» արտահայտության ողջ կշիռը, բեքեթյան ամեն մի պահի այդ համր նշանաբանը, նրա ետեւում թաքնված ողջ մենությունը, գրվանի տակ դրված ողջ մոլեգնությունը, այդ մեկուսացած կյանքի հենց էությունը, որ կենտրոնացած է անողորմ ու անվերջանալի աշխատանքում: Բուդդիզմում պայծառատեսություն փնտրողից պահանջվում է «դագաղ կրծող մկան» համառություն: Իր կոչմանն արժանի յուրաքանչյուր գրող ապրում է այդպիսի լարվածությամբ: Նա ավերիչների տեսակից է, որ բազմապատկում են գոյությունը եւ սաստկացնում այն պայթեցնելով:

Էմիլ Սիորան

Չնայած իր ուրույն ու անկրկնելի գրականությանն ու նույնքան անկրկնելի դեմքին (որի մասին Բրոդսկին ասում էր, որ եթե իրեն իր դեմքն ընտրելու հնարավորություն ընձեռվեր, ապա նա կընտրեր Ս. Բեքեթի կամ Ու. Օդենի դեմքը)՝ Սեմյուել Բեքեթը մնում է 20-րդ դարի ամենաչարչրկված, հայտնի եւ «անհայտ» գրողներից մեկը: Ինչպես «Գոդոյին սպասելիս» պիեսի, Բեքեթից հայերեն թարգմանված եւ նույնիսկ բեմադրված միակ ստեղծագործության հերոսներ Վլադիմիրն ու Էստրագոնը, մենք էլ անվերջորեն սպասում ենք նրանից նոր թարգմանությունների եւ գուցե թե նոր բեմադրությունների: Ինչ վերաբերում է «Գոդոյին սպասելիս» պիեսին, ապա այն, ինչպես Ջեյմս Ջոյսի «Ուլիսը», Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծությունները» կամ, ասենք, Թումանյանի «Կիկոսի մահը» (որում արդեն առկա է աբսուրդի շրջված բանաձեւը` չեղածը հավասար է եղածի), ավելի շատ հայտնի է, քան ընթերցված: Ինչ վերաբերում է ռուսերեն թարգմանությունների (ի տարբերություն հայերեն միակ թարգմանության) թվացյալ առատությանը, դեռեւս չընթերցված են մնում Ջոյսին եւ Պրուստին նվիրված վաղ շրջանի էսսե-հետազոտությունները, անհայտ են մնում Բեքեթին դեռահասությունից մինչեւ խոր ծերություն ուղեկցող բանաստեղծությունները (դրանցից վերջինն անգլերեն գրված «Ինչ է խոսքը» բանաստեղծությունն էր), 2006 թվականին լույս ընծայման ծրագրված Բեքեթի նամակների դեռեւս չտպագրված չորսհատորյակը, ինչպես նաեւ՝ վաղ շրջանի «Էլեֆտերիա» դրաման, նկարիչներին` Անդրե Մասոնին, Բրամ եւ Գերալդուս Վան Վելդե եղբայրներին եւ այլոց նվիրված էսսեները, երկու տասնյակ վիպակները, ինչպես նաեւ՝ պատմվածքներն ու «հենց էնպես» գրված եւ ոչ մի դասակարգության չենթարկվող տեքստերը, դեռեւս կենում են որպես անծանոթ աշխարհ: Եթե դրամատուրգ Սեմյուել Բեքեթը քիչ թե շատ հայտնի է՝ որպես Մարտին Էսլինի թեթեւ ձեռքով «աբսուրդի թատրոն» հորջորջված ուղղության հիմնադիրներից մեկը, ապա Բեքեթի արձակը, որը մինչեւ այսօր մեծ ներգործություն ունի 20-21 դարերի լավագույն արձակի եւ մշակութաբանության վրա` քչերին է հայտնի: Ջեյմս Ջոյսի եւ Ուիլյամ Բաթլեր Յեթսի հետ մեկտեղ՝ լինելով ամենաուշագրավ իռլանդացիներից մեկը, Սեմյուել Բեքեթը մեզանում կույր հիացմունքի եւ նողկանքի հասնող քամահրանքի միջեւ կեցած անհասկանալի եւ անծանոթ մի աշխարհ է: 2006թ. Ս. Բեքեթի 100-ամյակի առթիվ մոսկովյան «Տեքստ» հրատարակչությունը լույս ընծայեց նրա առաջին երկու վեպերը` «Երազանքներ հիասքանչ եւ հենց էնպես կանանց մասին»-ը եւ «Մերֆին»: 1969թ. Նոբելյան դափնեկիր Բեքեթի առաջին վեպը լույս տեսավ նրա մահվանից մի քանի տարի եւ նրա արարումից վաթսուն տարի անց: «Չնայած այն սեփական բույրերով օժտելու իմ ողջ ջանքերին, նրանից Ջոյսի հոտ է փչում»` հեղինակի այս պրովոկացիոն դիտողությունը տեքստը դատապարտեց բացառապես մեծ մոդեռնիստի արվեստի ներքո դիտարկելուն: Վերադառնալով ուշ շրջանի Ջոյսի հետ Բեքեթի առաջին վեպի անիրավական համեմատությանը, հարկ է նշել, որ մեր առջեւ երկու սկզբունքորեն տարբեր տեքստեր են: Եթե Ջոյսը ստեղծում է վիթխարի, ապշեցնող կատարելությամբ շլացնող լեզվական պատկերաքանդակ` անպարագրելի, աներեւակայելի եւ անկառավարելի, գրական առօրեականության ջերմոցից դուրս ժայթքող արքետիպ, ապա Բեքեթը գրում է վեպ-թերասություն, որն, ընդ որում, տենչում է ոչ թե պարզության ձեռք բերման, այլ հակված է լեզվի անողորմ եւ անկանգ փոխակերպմանը մնջանքի: «Ֆիննեգանի հոգեհացը» ավարտելիս Ջոյսն արտաբերեց. «Ես քնացրի լեզուն», նա չէր էլ ենթադրում, որ լեզվի ճշմարիտ քնաբերը կդառնան Բեքեթի տեքստերը: Եվ ապշեցուցիչ է, որ ինքը՝ Բեքեթը, դա գիտակցում էր դեռ իր առաջին վեպը գրելիս. «Ձայները կհեռանան, կծնվեն ու կմահանան, վանկերը կհնչեն ու կգնան, երկրորդը՝ առաջինից հետո, երրորդը՝ երկրորդից հետո, եւ այդպես շարունակ, ըստ կարգի, մինչեւ որ դադարից հետո կհնչի վերջինը, եւ երբ վրա հասնի դույզն-ինչ երջանկությունը, վերջինից հետո կգա լռությունը»: Բայց հարկ է կրկնել, որ լռությունն այդ կշարունակվի լոկ մինչ այն պահը. «Մինչեւ որ երկնագույն ծաղկի ճիչը չսկսի խփվել ջրային անապատի ընդերքի պատերին»:

Պարադոքսալ է, որ ռաբլեական չափազանցություններով լեցուն այդ վեպին շամփրում է տեքստը սպառելու եւ լեզուն լռության մեջ տարրալուծելու ցանկությունը. «Այն, ինչը որ մեզ մնում է, եթե այդ ընթացքում մենք չափազանց չծերանանք եւ թեւաթափ չլինենք, դա հնարավորինս շուտ լռության վարագույրն իջեցնելն է», եւ փոքր-ինչ առաջ գնալով հավելումը. «Նախադասությունների խամրած վարդերն ընթերցողին կնետեն առ հաջորդ ֆրազի կակաչները: Իմ ընթերցողի ապրումը կպարփակվի երկու նախադասությունների միջեւ, դադարներից ծնված լռության մեջ, այլ ոչ թե թեմայի անկյունաքարերում, համագոյակցելու անկարող ծաղիկների միջեւ, հակադիր (հակադրությունից պարզ ի՞նչ կարող է լինել), խոսքերի պոռթկումներով, նրա ապրումը պարփակված կլինի աննկարագրելի հետագծի մասին սպառնալիքի, հրաշքի, հուշի մեջ»: «Երազանքներ հիասքանչ եւ հենց էնպես կանանց մասին» վեպն ինքնակենսագրական է այնքանով, որքան ինքնակենսագրական կարող է լինել գիրքը, որտեղ գլխավոր տեսարանը հերոսի ներաշխարհն է: Բեքեթն իր հերոսին շնորհել է Բելակվա անունը, որ փոխառել է Դանթեի «Աստվածային կատակերգությունից»: Եթե հիշում եք, «Քավարանում» Դանթեն հանդիպում է իր ընկերոջը` կիթառի եւ լյուտնյայի լարառիչներ պատրաստող Բելակվային: Քավարանից ոչ հեռու նինջ մտած Բելակվան ալարում է քավարան հասնել: Բեքեթի Բելակվան նույնպես առավելագույնս ստատիկ է, նա շարժվում է երկրի երեսին, ասես իր կամքից անկախ, որովհետեւ նրա համար ամենակարեւորը ներքին վերելքն է: Այստեղ մենք լիովին տեսնում ենք ապագա Բեքեթին, ով իր առաջին վեպում եւս հերոսի յուրաքանչյուր սրտխփոցից եւ երիկամունքի գալարումից ապակեփչողի պես մակաբերում է վիթխարի եւ արտասովոր կերպարներ, ընթացքում նրանց հագեցնելով Աստվածաշնչից, Դանթեից, Շեքսպիրից, Դոստոեւսկուց, Ռեմբոյից, Վեռլենից եւ շատ ուրիշներից փոխառած արձագանքներով: Ինչ-որ մի պահ նրա մտքին եւ զուգահեռների հրավառությանը հետեւելն անհնար է դառնում, եւ այդժամ սկսում ես ունկնդրել այդ արձակը, ինչպես երաժշտություն, ինչպես շեղ անձրեւ: Ս. Բեքեթը միշտ էլ խոստովանել է, որ իռլանդական ծագումը մշտապես ազդել է նրա ստեղծագործության վրա, չնայած որ կյանքի մեծ մասը նա ապրել է Փարիզում, եւ թեպետ գրում էր անգլերեն եւ ֆրանսերեն, այդուհանդերձ, մնում էր իռլանդացի: Նրա լեզուն կառուցված է իռլանդական ռիթմի եւ շարահյուսության վրա: Նրա վրա մեծ ազդեցություն են թողել նաեւ իռլանդացի նախորդները` Բերքլին, Ջոնաթան Սվիֆթը, Ջոն Սինգը, Ու. Բ. Յեթսը, եւ հատկապես Ջ. Ջոյսը, ում նա պաշտում էր: Երբ լրագրողներից մեկը հարցրել էր Բեքեթին, թե արդյոք նա անգլիական ծագո՞ւմ ունի, ապա նա պատասխանել էր` «Հենց ընդհակառակը»: 1938թ. Բեքեթը հրատարակեց իր երկրորդ` «Մերֆի» վեպը, որը հրաժարվեցին տպագրել 42 հրատարակիչներ, եւ որն արժանացավ Ջեյմս Ջոյսի բարձր գնահատանքին: Վեպն անտարբերության մատնվեց, եւ գրախոսողներից միայն երիտասարդ բանաստեղծ Դիլան Թոմասը «Մերֆիում» տեսավ «տարօրինակ եւ բարդ, ողբերգական բնավորության հետազոտությունը, ով չի կարողանում հաշտեցնել տեսանելի աշխարհի անիրականությունը` անտեսանելիի իրականության հետ»: Նշելով հեղինակի մտադրությունների լրջությունը, նա արվեստագետի հոտառությամբ որսաց հեղինակի արտասովորությունը եւ շատ դիպուկ բնորոշեց վեպի հերոսին. «Ջայլամ-անհատ զանգվածային արտադրության անապատում»: Վեպի կենտրոնն է կազմում 6-րդ գլուխը, որտեղ տրվում է նրա գլխավոր կերպարի կազմության նկարագրությունը: Մերֆիի հոգին բաղկացած է երեք շերտերից. առաջինը լույսի շերտն է` ֆիզիկական աշխարհի մենտալ նմանօրինակը, երկրորդ, այսպես կոչված, Բելակվայի գոտում իշխում է մթնշաղը: Երկրորդ շերտն արտաքին աշխարհում զուգահեռներ չունի, այն պարփակված է ինքն իրենում, դա անգիտակցականի շերտն է, որի վտանգը թաքչած է նրա արտաժամանակյա բնույթում. այն, ինչը որ ժամանակին հասու չէ, փոխակերպվում է հավերժության: Եվ, վերջապես, երրորդ շերտը, սեւության շերտը` «իռացիոնալությունների դրոշմամայրը», որն անվերջորեն ծնում է քայքայվող եւ դարձյալ հայտնվող ձեւերի անվերջանալի շրջապտույտը. երրորդ շերտում Մերֆին «սոսկ կետ էր գծերի եռքում, ծնվող եւ մահացող գծերի ոչնչով չպայմանավորված անվերջության մեջ»: Դա բացարձակ ազատության շերտն է, այնտեղ ամեն ինչ հնարավոր է, բայց ոչինչ տեղ չունի: Այստեղ չկա շարժում, այսինքն, չկա ձգողականություն: Կծկվելով մինչեւ անմարմին կետը, Մերֆին վերադառնում է մինչտոհմային, մինչգոյութենական վիճակին, երբ նախնական քաոսը դեռեւս չի վերածվել տիեզերքի: Արդեն իր հաջորդ երկում՝ «Ուոթ» վեպում (1942-1944թթ), որը 2004 թվականին լույս ընծայեց ռուսական «Էքսմո» հրատարակչությունը, Բեքեթը շարունակում է իր որոնումները: «Ուոթը» գրվել է Երկրորդ Համաշխարհային պատերազմի ժամանակ հարավ-ֆրանսիական Ռուսիյոն գյուղում, ուր Բեքեթն իր ընկերուհու հետ փախչում էր գեստապոյից, եւ այնտեղ առկա են արդեն նրա գալիք ստեղծագործությունների շատ մոտիվները: Խորհրդավոր միստր Նոթի մեջ դժվար չէ տեսնել ապագա Գոդոյին: Ի դեպ, ի տարբերություն Վլադիմիրի եւ Էստրագոնի, Ուոթն առանձնապես չի տենչում հանդիպել Նոթին: Եթե մենք ասում ենք, որ ոչինչ տեղի չի ունենում, ուրեմն մենք հասցրել ենք հեռանալ այդ ոչնչից, եւ ոչինչն արդեն հասցրել է տեղի ունենալ:

Մթնշաղ: Մարող լույսն ընկնում է նստարանի վրա, որի վրա նստած է կուզիկը: Նրան է մոտենում տարեց զույգն ու նստում կողքին: Պարոնը` մի կողմից, տիկինը` մյուս: Նրանց ձեռքերը հանդիպում են կուզի վերեւում: Լսվում է վագոնավարի հիշոցը: Տրամվայն առաջ է շարժվում՝ մայթեզրին թողնելով անշարժ մենավոր կերպարին: Ամենից շատ այն պարանով կապկպված փաթեթ է հիշեցնում: «Ո՞վ է նա»,- հարցնում է կուզիկը: Դա Ուոթն է: Նա գնում է կայարան: Նա` անխոնջ ճամփորդ է:

Բեքեթն օժտված է անդրաշխարհային, բայց եւ շատ մարդկային հեգնանքով, որն «Ուոթում» բնորոշում է որպես անուրախ ծիծաղ: Բեքեթը դատարկությունը լցնում է աբսուրդ հերոսներով, աբսուրդ գործողություններով, եւ գրքի վերջում Ուոթը սկսում է խոսել եւ շարժվել «թարսուշիտակ»: Անուրախ ծիծաղը ցունամիի դեր է խաղում` այն ծածկում եւ խեղդում է առօրյա գործողություններն ու մտքերը: Ի՞նչ (what)` հարցնում է Ուոթի անունը: Ոչինչ (not)` պատասխանում է միսթր Նոթի անունը: Կճուճը կճո՞ւճ է, հարցնում է Ուոթը: Ոչ, մենք լոկ հույս ունենք, որ կճուճը կճուճ է, մեզ չի բավում հակառակը խոստովանելու համարձակությունը, որովհետեւ, եթե մենք ասենք, որ դա, Աստված մի արասցե, ագռավ է (հղում Լյուիս Քերոլին, որ գրքում քիչ չեն)` մենք հանկարծակիի կգանք: Ո՞ր նշանակությունն է ճշմարիտը: Անիծյալ հարց: Բեքեթը քրթմնջում է, շշնջում, ըստ իռլանդական սովորույթի՝ անպարկեշտ անեկդոտ է մեջբերում, լուրջ տեսքով սկսում է խորհրդածել շների, տարբեր շների, սոված եւ տարբեր շների մասին: Լեզվական տարածության պղպջակն ընդլայնվում է, եւ ահագ պայթյունգ ստիպված ես ամեն ինչ նորից սկսել: Գնալ հյուսիս կամ հարավ, կամ արեւմուտք, կամ` արեւելքգ եւ կամ այլ մի տեղ, որին չես հասնում, բայց եւ կարոտում ես: 20-րդ դարի թերեւս ամենահայտնի եւ միաժամանակ ամենաչհասկացված գրողներից մեկը` Սեմյուել Բեքեթն, այսպես է մտաբերվել Իվ Բոնֆուային Իռլանդիայի մերձափնյա երազային ավանում, պանդոկի պատից կախ տեղի հարբեցող ձկնորսներից մեկի լուսանկարին նայելիս. «Բեքեթը, ասում եմ ես ինքս ինձ, գրում էր այնպես, ինչպես այս ծերուկը լողում էր` միայնակ ողջ աշխարհում: Նա նաեւ երկար օրուգիշերներ է անցկացրել այստեղի ամպերի տակ, որոնք բախվում են՝ դիզելով իրենց ապարանքները, ժայռերը, վիշապները, որ ժայթքում են եզրերից, ծործորներից` բոցը, եւ նրանք հանկարծ բաժանվում են, ընձյուղվում է շողը, ցերեկվա ժամը երեքին վրա է հասնում լուսաշերտը, եւ ժամանակը վազում է առ վաղահաս երեկոն, եւ աշխարհն ասես ոսկի է` ծովային ալեծածանքի փափուկ փոսերում: Բեքեթն այժմ էլ իր գետանավակի մեջ է, երբեմն, թվում է, դեռեւս տեսանելի է այնտեղ, ուր մայր մտնող արեւը ծակծկում է օվկիանոսի կատարը: Իր գրքերում նրա բոլոր ասածները մեզ են հասնում ընդմեջ ալիքների հանդարտ գվվոցի կամ անձրեւի ցաքուցրիվ ցայտքի ներքո»: