– Պարոն Օհանյան, այս տարվա զորակոչն առաջինն էր Ձեզ համար` ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում: Կարծիք կա, որ նախորդ տարիների համեմատ՝ այս տարի զորակոչի հետ կապված «հարցեր լուծելն» անհամեմատ բարդացել է:
– Բանակի համալրման գործընթացը տարեցտարի կատարելագործվում է: Տարեցտարի ավելի է բարձրանում արդարության այն սկզբունքը, որ պետք է ընկած լինի այդ գործընթացի հիմքում: Ես` որպես ղեկավար, միշտ փորձել եմ օրինականության, արդարության սկզբունքներին իմ հավատարմությունը ցույց տալ անձնական օրինակով: Իմ առջեւ խիստ խնդիր եմ դրել` բանակին առնչվող մտահոգիչ, ինչպես նաեւ հասարակության ուշադրության կենտրոնում գտնվող հարցերը դարձնել ավելի թափանցիկ եւ օրինական: Նման հարցերից մեկն էլ զորակոչն է: Հասարակության կողմից քննադատվում են այս գործընթացի հետ կապված մի քանի ուղղություններ. կցագրման աշխատանքները զինկոմիսարիատներում, բժշկական հետազոտությունները, նորակոչիկների բաշխման գործընթացը հավաքակայանում, եւ վերջապես` զորամասերում անձնակազմի հաշվառման խնդիրները: Այս բոլոր ուղղություններով էլ թերություններ կան, այս բոլոր օղակներում էլ կան մարդիկ, որոնք խախտում են օրենքը, քաղաքացիներից գումարներ կորզում: Իսկ յուրաքանչյուր ղեկավար, իր ղեկավարած գերատեսչության պատիվը, ինչպես նաեւ իր արժանապատվությունը բարձր պահելու համար, ձգտում է օրինականության: Իմ խորին համոզմամբ, զինվորի պարագայում գումար աշխատելն անբարոյականություն է, եւ դրան վերջ պետք է տրվի: Իհարկե, հնարավոր չէ կտրուկ վերացնել ծանոթ-մտերիմ կապերի դրսեւորումները, սակայն արվում է հնարավորը, որպեսզի այդ գործընթացն առուծախի չվերածվի: Եվ բանակի ղեկավարությունն այս ուղղությամբ տրված ցուցումները լիովին իրականացնում է. բացթողումներ, վրիպումներ, խախտումներ, ինչ խոսք, կան, այնուամենայնիվ, դրական ռեզոնանսը մեծ է: Խստացել եւ օրըստօրե խստանալու են ինչպես մինչզորամասային, այնպես էլ ներզորամասային խնդիրները. անձնակազմի հաշվառում, արձակուրդների տրամադրում: Պետք է ստեղծենք մի համակարգ, որտեղ հնարավոր չլինի խախտել օրենքը, հասարակությունն էլ պետք է համոզվի, որ զորակոչի իրականացման հիմքում ընկած է հավասարության եւ արդարության սկզբունքը:
– Իսկ ներքաղաքական վերջին իրադարձությունները, հասարակության մեջ առկա որոշակի լարվածությունն արդյո՞ք բացասաբար չեն ազդել զորակոչի ընթացքի վրա:
– Ներքաղաքական իրադրությունն, իհարկե, որոշակիորեն անդրադառնում է զորակոչի ընթացքի վրա, քանի որ դրանց մի կողմում կանգնած են պետական կառույցները, մյուս կողմում՝ ընդդիմությունը: Ըստ վերջին տարիներին իրականացվող սոցհարցումների արդյունքների, տարեցտարի մեծանում է վստահությունը բանակի հանդեպ: Ծնողների համար մտահոգիչ հիմնական խնդիրներն են. անարդար վերաբերմունքը եւ հրամանատարական կազմի որոշակի հատվածի մասնագիտական ցածր գիտելիքները. դաստիարակության եւ ուսուցման գործընթացին ոչ լիարժեք տիրապետումը, եւ, վերջապես, ծառայության պայմանները, որոնք որոշ զորամասերում քիչ ավելի վտանգավոր են: Պետք է աշխատանքներ իրականացնել այս երեք ուղղություններով` ինչը կնպաստի հասարակության մեջ վստահություն ձեռք բերելուն:
Հայ ժողովրդի նորօրյա պատմության կարեւորագույն նվաճումներից մեկը բանակն է` մեր անվտանգության ապահովման երաշխավորը: Յուրաքանչյուր քաղաքացու համար պատիվ եւ հպարտություն պետք է լինի իր զավակի մասնակցությունը մեր բանակի մարտունակության բարձրացման գործին. այդ զավակին հպարտությամբ պետք է ուղարկել ծառայելու: Այս առումով բանակը մեծ խնդիր ունի իրականացնելու, իսկ մեր պետական գործիչները, իշխանավորները պետք է օրինակ ծառայեն, քանզի շատ հաճախ հասարակության քննադատության առարկա է դառնում այն փաստը, որ վերջիններիս որդիները չեն կատարում իրենց քաղաքացիական պարտքը: Բոլորս պետք է օրինակ ծառայենք. իմ երեք որդիներից մեկն այսօր ծառայում է բանակում` որպես սպա, մյուսը ծառայել է, ընդ որում, բուհի առաջին կուրսն ավարտելուց հետո, իսկ կրտսեր որդիս դեռ փոքր է. զորակոչային տարիքի հասնելուն պես անպայման կատարելու է հայրենիքի արժանավոր զավակ լինելու իր պարտքը:
– Դուք ցանկանում եք պայքարել արմատավորված մի համակարգի դեմ, որը գործում է տարիներ շարունակ, եւ որտեղ Ձեր իսկ կողմից հիշատակված կատեգորիայի մարդիկ «որակ» են կազմում: Կարծում եք՝ կհաջողվի՞:
– Այդ մարդիկ էլ մեր հասարակության մասն են կազմում, իսկ համակարգն էլ միակը չէ, որտեղ կան նման արատներ: ՀՀ Նախագահի ծրագրում ամրագրված կոռուպցիայի եւ կաշառակերության դեմ պայքարն իրականացնելու ենք: Եթե նույնիսկ այդ կետը ներառված չլիներ Նախագահի ծրագրում (ինչին, իհարկե, չեմ հավատում), միեւնույն է, ես պայքարելու էի այդ երեւույթների դեմ:
– Մամուլում հրապարակումներ եղան, որ պաշտպանության նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Դուք փորձել եք հեռացնել համակարգի որոշ ներկայացուցիչների, որոնց հետ չեք ցանկացել աշխատել: Ճի՞շտ են արդյոք այդ լուրերը, եւ արդյո՞ք այլեւս նման աշխատակիցներ չկան:
– Յուրաքանչյուր ղեկավար ձգտում է աշխատել այն մարդկանց հետ, որոնց կարող է վստահել: Այս առումով ես ոչ թե լայնամասշտաբ կադրային, այլ ընթացիկ փոփոխություններ եմ իրականացնում: «Ես աշխատում եմ. նրանք, ովքեր չեն դիմանում իմ կողմից առաջադրված տեմպերին կամ հավատարիմ չեն իմ սկզբունքներին` ընթացքում ազատվում են աշխատանքից, կամ` նշանակվում ավելի ցածր պաշտոնի:
– Պարոն Օհանյան, ինչո՞վ է պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանագծում վերջին շրջանում նկատվող ակտիվացումը` ադրբեջանական կողմից պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտման փորձերը:
– Այն միջադեպերը, որոնք տեղի ունեցան Արցախում (ի նկատի ունեմ ս.թ. մարտ ամսին տեղի ունեցած դեպքերը) եւ Հայաստանի սահմանամերձ շրջաններում, քաղաքական միտում ունեին. մեր ներքաղաքական կյանքի լարվածությունն ադրբեջանցիները փորձեցին օգտագործել առաջին գծում: Եվ հպարտությամբ պետք է նշեմ, որ Պաշտպանության բանակի զինծառայողներն իրենց անձնուրաց գործողությունների շնորհիվ արժանի հակահարված տվեցին ադրբեջանական զինված ուժերին:
– Կարծիք հնչեց, որ ադրբեջանցիներն, այդպիսով, նաեւ իրենց ուժն էին փորձում: Դուք համաձա՞յն եք:
– Կարծում եմ, նրանց հրամանատարության կողմից ոչ իրական պատկեր էր ներկայացվել ղեկավարությանը` նմանատիպ խնդիր լուծելու առնչությամբ: Այդ օրը այդ զորամասում տոն էր, որին հրավիրված էին նաեւ Ադրբեջանի Հանրապետության Նախագահը եւ պաշտպանության նախարարը, որոնք, ըստ երեւույթին, որոշել են ինչ-որ ձեւով իրենց ցույց տալ: Միեւնույն ժամանակ, իհարկե, նաեւ փորձում էին համոզվել` կկարողանա՞ն արդյոք նման խնդիր իրականացնել, թե՞ ոչ:
– Այսինքն՝ ադրբեջանական կողմը տարածք գրավելու խնդիր չէ՞ր դրել:
– Չեմ կարծում, թե լուրջ հարձակման նպատակ են ունեցել. հարձակում եղել է միայն մեկ հենակետի ուղղությամբ:
Ինչ վերաբերում է հայաստանյան հատվածին, ապա նշեմ, որ մեր դիրքերի կամ սահմանային տարածքներում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր քաղաքացիների ուղղությամբ գնդակոծություններ հակառակորդի կողմից հաճախակի են լինում: Վերջին դեպքը` Չինարի գյուղում, ուղղակի մտահոգիչ էր, որովհետեւ նշանառված կրակ էր բացվել աշխատող գյուղացիների վրա: Մեր զինված ուժերը, սակայն, արժանի հակահարված տվեցին. նման իրադրություններում մեր կողմից պետք է մշտապես ճնշման տակ պահվեն առաջին գծում տեղակայված իրենց այն դիրքերը, որտեղից կրակ է բացվում եւ նախաձեռնությունն առաջին գծում պետք է լինի մեր ձեռքերում:
– Վերջերս Բաքվում տեղի ունեցավ զորահանդես, որը, շատերի կարծիքով, ավելի շատ իրենց հզորությունը ցուցադրելու նպատակ ուներ: Այս համատեքստում ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, այսպես կոչված, սպառազինության մրցավազքը: Կա՞ն արդյոք ուժերի հավասարությունը պահպանելու համար Հայաստանին անհրաժեշտ ֆինանսական միջոցների վերաբերյալ հաշվարկներ:
– Նախ՝ զանգվածային լրատվամիջոցներով իրենք ներկայացնում էին, թե զորահանդեսը նպատակ ունի առաջին հերթին Հայաստանին, ապա միջազգային հանրությանը ցույց տալ, որ Ադրբեջանի բանակը հզորն է տարածաշրջանում… Բայց մեկ բան է՝ ցույց տալ դա մայրաքաղաքում, հրապարակում, բոլորովին այլ բան` մարտի դաշտում: Բանակին անհրաժեշտ միջոցները, որքան էլ շատ լինեն, միեւնույն է` քիչ են պաշտպանության կազմակերպման համար: Սակայն, ինչպես մեր վերջին հանդիպման ժամանակ նշեց ՀՀ Նախագահը, բանակը ֆինանսական միջոցների որեւէ կարիք երբեւէ չի ունենալու: Այլ հարց է, թե մեր հնարավորություններն ինչպե՞ս ենք կարողանում օգտագործել պաշտպանական խնդիրների լուծման համար: Իհարկե, դրանք էապես տարբերվում են Ադրբեջանի ֆինանսական հատկացումներից. ճիշտ վերլուծություններ պետք է կատարել եւ պահպանել ուժերի հավասարակշռությունը: Չպետք է թերագնահատել հակառակորդին. նրանք եւս որոշակի զարգացում են ապրում, բարեփոխումներ իրականացնում: Առավել եւս, երբ նրանց ակնհայտ աջակցում է Թուրքիան:
Թվում է, թե վերոնշյալ սպառազինության մրցավազքն ուժերի անհավասարակշռություն է ստեղծում տարածաշրջանում, սակայն այդ անհավասարակշռությունը եղել է դեռեւս 1992 թվականից: Մենք միշտ դիմագրավել ենք որակով եւ, իհարկե, զորքերի պատրաստության մակարդակով, մարտական ոգով, ինչն, ի դեպ, անչափ կարեւոր է հաղթանակելու գործում: Այդուհանդերձ, նախաձեռնում ենք համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ. 2000 թվականից սկսած, մեր` սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով հագեցվածության, արդիականացման ցուցանիշներն էապես տարբերվում են նախորդ տարիների ցուցանիշներից. մենք բավական մեծ պաշարներ ունենք` մեր առջեւ դրված խնդիրներն իրականացնելու համար:
– Այսօր Հայաստանը տարբեր ձեւաչափերով եւ ծրագրերով համագործակցում է ՆԱՏՕ-ի հետ: Որքանո՞վ է Հայաստանի համար իրատեսական պրոֆեսիոնալ բանակ ունենալու հեռանկարը: Ի դեպ, նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում որոշ թեկնածուներ հայտարարում էին, թե այդ խնդիրը կարելի է լուծել մի քանի տարում: Կա՞ արդյոք մոտ ապագայում պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու պետական ծրագիր:
– Այսօր ՀՀ զինված ուժերում իրականացվում է ՀՀ Նախագահի կողմից հաստատված «Պաշտպանական բարեփոխումների` 2007-2015թթ. ծրագիրը», որին բազմիցս անդրադարձել ենք: Առաջիկայում ունենալու ենք խառը համալրվածությամբ բանակ` եւ՛ զորակոչային, եւ՛ պրոֆեսիոնալ. աշխարհի հզոր բանակներից շատերը համալրվում են հենց այս հիմունքներով: Բարեփոխումների ծրագիրը նախատեսում է, նախ, բանակի պրոֆեսիոնալ կազմի` գեներալների, սպաների, ենթասպաների, պայմանագրային սերժանտների եւ պայմանագրային հիմունքներով համալրված ստորաբաժանումների ծառայողների կրթական ցենզի բարձրացում: Արդեն շուրջ 5 տարի է, ինչ պրոֆեսիոնալ ստորաբաժանումներ ենք կերտում: Վերջին տարիներին, ինչ խոսք, դրանց քանակն ավելացել է` կախված զորակոչային ռեսուրսների քանակից:
– Դուք նշեցիք, որ անելու եք ամեն հնարավորը` զորակոչի գործընթացում եւ ընդհանրապես զինծառայողների հետ կապված հարցերում «առուծախի» երեւույթները բացառելու ուղղությամբ: Ձեր կարծիքով, սպան կկարողանա՞ իր աշխատավարձով նորմալ կենսապայմաններ ապահովել: Ինչպիսի՞ն է Ձեր մոտեցումը:
– Ինչպեսեւ բանակի ֆինանսավորումը, այնպես էլ աշխատավարձը` երբեք չի բավարարում: Բարեխիղճ մարդիկ, սակայն, կարողանում են բավարարվել: Այսօր սպայի, զինծառայողի աշխատավարձը թույլ է տալիս նվազագույն անձնական խնդիրները հոգալ: Կան, իհարկե, սոցիալական, այդ թվում նաեւ` բնակարանային ապահովման բազմաթիվ խնդիրներ. ՀՀ վարչապետի հանձնարարականով մշակվում է հիպոթեքային վարկավորման հայեցակարգ` անօթեւան սպաների, զինծառայողների խնդիրները կանոնակարգելու նպատակով:
– Պարոն Օհանյան, վերջին ներքաղաքական իրադարձություններին մասնակցում էին նաեւ նախկին ազատամարտիկներ, որոնց մի մասն այսօր ազատազրկված է: Շատ է խոսվում այն մասին, որ նրանց նկատմամբ նման վերաբերմունքի պատճառով, հետագայում հնարավոր ռազմական գործողությունների դեպքում շատերն ուղղակի զենք չեն վերցնի: Որպես Արցախյան պատերազմի մասնակից, որպես պաշտպանության նախարար՝ կիսո՞ւմ եք այդ մտահոգությունները:
– Հակամարտության գոտում հայտնված ցանկացած երկրում հետպատերազմյան տարիներին ստեղծվում է նմանատիպ իրավիճակ, երբ պատերազմական խնդիրներն իրականացնում են այլ մարդիկ, իսկ դրա բարիքներից օգտվում են ուրիշները: Նրանք, ովքեր չեն օգտվում այդ բարիքներից` անձնուրաց, համեստ մարդիկ են, որոնք հետագայում չեն կարողանում իրենց գտնել այլ ոլորտներում` այդպիսով հայտնվելով անաշխատունակ վիճակում: Իսկ նրանք, ովքեր ունեն զինվորական ձիրք` շարունակում են իրենց ծառայությունը: Ինչպես նաեւ կան մարդիկ, ովքեր կարողանում են իրադրության մեջ արագ կողմնորոշվել` դժվար պահին իրենց զերծ պահելով պատերազմի ազդեցություններից, եւ խաղաղ պայմաններում օգտվում դրա հետեւանքներից: Ցավոք, մեր պետությունը եւս բացառություն չէ, սակայն, մեր իշխանությունների հետեւողական աշխատանքի շնորհիվ՝ մենք, ի տարբերություն նման իրավիճակում հայտնված այլ երկրների, ավելի բարվոք վիճակում ենք: Ե՛վ պետությունը, եւ՛ հասարակությունը պարտավոր են համապատասխան վերաբերմունք ցույց տալ պատերազմի մասնակցին, այն մարդկանց, որոնց ջանքերի շնորհիվ ստեղծվել են խաղաղ պայմաններ: Իրադրությունն այնպիսին է, որ նույնիսկ պետությունը` իր սոցիալ-տնտեսական համակարգով, չի կարող ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի այդ մարդիկ ոչնչի կարիք չունենան: Այս առումով՝ գոնե համապատասխան վերաբերմունքն արդեն որոշակի սփոփանք է:
Ինչ վերաբերում է մյուս հարցին` թե արդյո՞ք մարդիկ կգնան պայքարելու. կարծում եմ, դրա ամենակարեւոր նախապայմանը ռազմահայրենասիրական դաստիարակությունն է` ուղղված մատաղ սերնդին` ավագ սերունդների կողմից: Պետք է կարողանանք մեր նորօրյա պատմության արժեքները ներկայացնել մատաղ սերնդին: Ի դեպ, ի տարբերություն մայրաքաղաքի, Արցախում եւ ՀՀ սահմանամերձ մարզերում ռազմահայրենասիրական դաստիարակությունը բարձր հիմքերի վրա է դրված: Բազմիցս նշել եմ, որ օրինակելի հասարակության կերպար կարող է հանդիսանալ Իսրայելի հասարակությունը, որտեղ համապատասխան բարձր մակարդակի վերաբերմունք կա զինծառայողի, ընդհանրապես` հայրենիքի համար պայքարողի հանդեպ:
Ինչ վերաբերում է պատրաստակամությանը վաղվա օրվան. այսօր մենք առավելություն ունենք, եւ այդ առավելությունը կայանում է նրանում, որ երկու սերունդ է մասնակցելու մեր երկրի պաշտպանությանը. նրանք, ովքեր պայքարել են, այսինքն` մեր սերունդը. մենք, մեր կատարածը կիսատ չթողնելու համար, միանշանակ գնալու ենք երկիրը պաշտպանելու, եւ, իհարկե, մատաղ սերունդը. ի դեպ, որքան էլ թերի իրականացված լինեն ռազմահայրենասիրական դաստիարակության խնդիրները, այնուամենայնիվ նրանք ավելի լավ են կռվելու, ավելի գրագետ են լինելու, ավելի նվիրված` հայրենիքին։
– Իսկ ինչպե՞ս է պետք կազմակերպել ոազմահայրենասիրական դաստիարակությունը, ի՞նչ կոնկրետ քայլեր պետք է ձեռնարկվեն, որպեսզի մատաղ սերունդը չկարծի, թե արժանավորները հայտնվում են լուսանցքում, իսկ շատերն էլ, որոնք ավանդ չունեն` բարեկեցության են հասնում:
– Ռազմահայրենասիրական դաստիարակությունը պետք է մաս կազմի ողջ բնակչության դաստիարակության: Տարբեր առիթներով նշել եմ, որ պետք է բնակչության հայրենասիրական դաստիարակության հայեցակարգ ունենանք: Ցավոք, այն, ինչի մասին խոսում ենք, էապես տարբերվում է նրանից` ինչ տեղի է ունենում հասարակությունում. սա պետք է լինի խնդիրը թե՛ դպրոցում, եւ թե՛ բուհում: Մեր ոչ կատարյալ հասարակությունը կատարյալ դարձնելու համար պետք է ճիշտ կիրառել օրենքները, պետք է հախուռն պայքար սկսել կաշառակերության, կոռուպցիայի դեմ, պետք է կադրային ճիշտ քաղաքականություն վարել. պետք է լինեն օրինակելի մարդիկ, որոնց հետեւից կգնա հասարակությունը: Յուրաքանչյուր ոք պետք է ապացուցի, որ ինքն այն է` ինչի մասին խոսում է: Այս առումով օրինակ պետք է ծառայեն պետական կառույցները եւ պետական այրերը: Որքան էլ ընդդիմությունը քննադատողի դերում է, միեւնույն է, նրանք պետք է հոգան, որպեսզի այդ նույն ընդդիմության վերաբերմունքը փոխվի: