«Որոշ լրատվամիջոցներ, շարունակաբար նախապատվությունը տալով չստուգված տեղեկատվությանը, փորձում են «նպատակն արդարացնում է միջոցը» սկզբունքով յուրովի ծառայություն մատուցել որոշ քաղաքական ուժերի` դատապարտյալներին անուղղակիորեն դրդելով հացադուլի: Այս գործելաոճով փորձ է արվում նաեւ խոչընդոտել քրեակատարողական հիմնարկների բնականոն աշխատանքին»,- նման պատասխան է տվել ՀՀ Արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը` «Արմենպրեսի» հարցին, թե ինչպես է մեկնաբանում ք/կ հիմնարկներում հացադուլ հայտարարած անձանց թվի մասին «տարաբնույթ շահարկումները»: «Վերջին շրջանում բազմաթիվ անգամ տարբեր թվեր են ներկայացվում քրեակատարողական հիմնարկներում գտնվող իբր հացադուլ հայտարարած անձանց վերաբերյալ: Բազմաթիվ անգամ մեր կողմից բոլոր լրատվամիջոցներին առաջարկվել է համագործակցություն, որը կայանում է իրենց «հավաստի աղբյուրից» ստացած տեղեկությունը պաշտոնականի հետ համեմատելը»,- ասել է նա, նշելով, թե վերջերս հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ է հայտարարել 30 դատապարտյալ, չէր համապատասխանում իրականությանը: «Այն դեպքում, երբ նախօրեին հացադուլ հայտարարած ընդամենը 6 հացադուլավորներ արդեն իսկ հրաժարվել էին հացադուլից, եւ այդ պահին որեւէ հացադուլ հայտարարած անձ նշված քրեակատարողական հիմնարկում չկար»,- ասել է Ա.Բաբայանը:
Ըստ նրա` գրանցվել են նույնիսկ դեպքեր, երբ կալանքում գտնվող կամ դատապարտված անձն ինքը նույնիսկ չի իմացել, որ հացադուլ է հայտարարում, եւ հրապարակումը տեսնելուց հետո որոշել է ենթարկվել դրան: Վերջերս քննարկում էր կազմակերպվել Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանի կողմից` կապված դատապարտյալների պայմանական վաղաժամկետ ազատման կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու հարցերով անկախ հանձնաժողովի գործունեության հետ: «Զ.Փոստանջյանն իր «մտահոգությունը» հայտնեց, որ ունի տեղեկություն, թե քրեակատարողական համակարգում 80 դատապարտյալ հացադուլ են հայտարարելու, եւ հետագայում դա կրելու է զանգվածային բնույթ: Առնվազն տարօրինակ է, որ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը, որն ունի օպերատիվ ծառայություն, չուներ նման տվյալներ, իսկ Զարուհի Փոստանջյանն ուներ: Քննարկման հենց հաջորդ օրը լրատվության որոշ միջոցներ, որոնք ներկա էին քննարկմանը, տարածեցին այդ տեղեկությունը` հղում անելով իրենց «հավաստի աղբյուրին», որ, իբր, 80 դատապարտյալ սկսելու են էտապային հացադուլ, սակայն այդ «հավաստի տեղեկությունը» որեւէ կապ չունեցավ իրականության հետ»,- նշեց ՔԿ վարչության մամլո խոսնակը: Անդրադառնալով Ժիրայր Սէֆիլյանի մեղադրանքին, ըստ որի, քրեակատարողական համակարգի ղեկավարությունը կաշառք է պահանջում` Ա.Բաբայանը նշել է, որ Ժիրայր Սէֆիլյանի մեղադրանքը վերաբերում է հանցավոր արարքի, իսկ նմանատիպ մեղադրանքները քննող մարմիններ կան, եւ ինքը ոչ միայն կարող է, այլ նաեւ պարտավոր է դիմել այդ մարմիններին: