ԱՄՆ նախկին պետքարտուղար, ներկայում Kissinger and Associates
ընկերության ղեկավար Հենրի Քիսինջերը գտնում է, որ վերջին ամիսներին
ժողովրդավարությունն աննախադեպ առաջընթաց է ունեցել՝ ընտրությունները
Աֆղանստանում, Իրաքում, Ուկրաինայում եւ Պաղեստինում, տեղական
ընտրությունները Սաուդյան Արաբիայում, Լիբանանի հեռացումը Սիրիայից,
Եգիպտոսի ընտրությունների թափանցիկությունն ու ապստամբությունն՝ ընդդեմ
Ղրղըզստանի ավտորիտար կառավարության, դրա վառ ապացույցներն են։
Այս ամենը Քիսինջերը պայմանավորում է Մերձավոր Արեւելքում Ջորջ Բուշի
վարած քաղաքականությամբ եւ վերընտրությունից հետո արտասանած ճառով, որով
ազատության առաջընթացը բարձրացվեց Ամերիկայի արտաքին քաղաքականության
նպատակակետի մակարդակի։
«Ամերիկայի արտաքին քաղաքականությանը վերաբերող քննարկումներում ոմանք սա
ներկայացնում են որպես «իդեալիստների» հաղթանակ՝ ընդդեմ «ռեալիստների»,-
ասում է Քիսինջերը՝ միաժամանակ նկատելով, որ ԱՄՆ-ը իրականում միակ երկիրն
է, որտեղ «ռեալիստ» բառը կարող է օգտագործվել որպես վիրավորական
որակավորում։ «Ոչ մի լուրջ ռեալիստ չի կարող հայտարարել, թե իշխանությունը
ծառայում է ինքնարդարացմանը, եւ ոչ մի իդեալիստ չպետք է պնդի, որ իդեաների
տարածման համար իշխանությունը կարեւոր չէ։ Խնդիրը քաղաքականության այս
երկու կարեւորագույն տարրերի միջեւ հավասարակշռություն գտնելն է»,- ասում
է նա։
“The International Herald Tribune” պարբերականում հրապարակած իր
վերլուծությունում՝ համեմատելով ռեալիստների եւ իդեալիստների
մոտեցումները, Հենրի Քիսինջերն, ըստ էության, գովերգում է Ջորջ Բուշի
քաղաքականությունը։ «Ժողովրդավարությունը չի կարող առաջընթաց ապրել միայն
սեփական ազդակներով։ Հանգամանքները նույնքան կարեւոր են, որքան
ծրագրավորումը։ Իրաքի եւ Աֆղանստանի ընտրությունները հնարավոր եղան միայն
Թալիբանի եւ Սադամ Հուսեյնի դեմ ԱՄՆ-ի տարած հաղթանակների շնորհիվ,
ուկրաինական հեղափոխության արմատները գալիս են Խորհրդային Միության
անկումից, Լիբանանի ապստամբությունն այն մեկուսացման արտացոլումն է, որում
հայտնվեց Սիրիան ԽՍՀՄ փլուզումից հետո, իսկ պաղեստինյան ընտրությունները
հնարավոր դարձան Յասիր Արաֆաթի մահվանից եւ Երկրորդ հակամարտության
պարտությունից հետո։
Ռեալիստական դպրոցը չի արտացոլում իդեալների կամ արժեքների
կարեւորությունը, փոխարենը՝ պնդելով նյութական ուժերի
հավասարակշռությունը։ Ռեալիստները հաշվի են առնում պատմությունը,
մշակույթն ու տնտեսությունը։ Իդեալիստական դպրոցը, սակայն, թույլ չի տալիս
կամավոր սահմանափակումներ։ Այն անպայմանորեն չի մերժում ռեալիզմի
աշխարհաքաղաքական ասպեկտը, այլ վերածում է այն ռեժիմներ փոխելու խաչակրաց
արշավանքի կոչի։
Ռեալիստները քաղաքականության մասին դատում են նպատակին փուլ առ փուլ
հասնելու կարողությամբ։ Իդեալիզմի սպասավորները վերացնում են նման
սահմանափակումները՝ կենտրոնանալով վերջնական նպատակի վրա, նրանք
հրաժարվում են ծրագրերի իրականանալիության մասին քննարկումներից։
Ռեալիստները ձգտում են հավասարակշռության, իդեալիստները՝ փոխակերպման։ Այդ
իսկ պատճառով խաչակիրներն ավելի հաճախ են ապստամբություններ առաջացնում եւ
ավելի շատ են տառապանք պատճառում։
Ամերիկայի բացառիկությունը համընդհանուր արժեքներ ներկայացնելն է, որոնք վեր են ազգային շահերի ավանդական թելադրանքից։
Ջիհադի, ահաբեկչության աշխարհում նախագահ Բուշը վերընտրությունից հետո
ունեցած իր ելույթում առաջ քաշեց մի նպատակ, որը վեր է յուրաքանչյուր
առանձին երկրի շահերից, եւ որը տարբեր հասարակություններ կարող են
ընդունել՝ անհոգ լինելով սեփական շահերի համար։
Նա բացատրեց, որ «ԱՄՆ-ը ձգտում է ազատության առաջընթացի եւ ոչ թե որոշակի
ժամանակահատվածում դրան հասնելու, եւ որ ամերիկացիներն ընդունում են
պատմական էվոլյուցիան, որը պետք է դրված լինի հաջող գործընթացի հիմքում։
Եվ սրանից ելնելով՝ ռեալիստներն ու իդեալիստները պետք է միասին գնան
առաջ»։
Տ.Պ.