Շաբաթվա կարեւոր իրադարձություն է շարունակում մնալ Ռոբերտ Քոչարյանի հերթական եւ, նկատենք, ոչ այնքան հաջող ձեւակերպումներով առատ հարցազրույցը, որը նոր խոսք էր քաղաքական վիրավորանքների պրակտիկայում: Կրկնելու անհրաժեշտություն չկա. հարցազրույցն ամբողջությամբ տպագրվել է մամուլում: Սակայն «Մեդիամաքսին» տված այս հարցազրույցը` անկախ ասված մտքերից, տխուր տպավորություն է թողնում: Եվ, նախեւառաջ` վիզուալ. այն զբաղեցնում է թերթի կես էջ, ինչպես եւ նույն գործակալությանը տված նախորդ հարցազրույցը: Իսկ դա, կպնդի ցանկացած լրագրող, լակոնիկության մասին չէ, որ խոսում է: Եթե հարցազրույցն այդքան կարճ է, նշանակում է` հարցազրույց տվողն ասելու շատ բան չունի, իսկ հրապարակման ենթակա մտքերը շատ երկար չափուձեւ է արել եւ, ի վերջո, թողել այն, ինչ առավել արժեքավոր է համարել: Լրագրողների աչքի համար նկատելի է նաեւ, որ Ռոբերտ Քոչարյանին է վերապահվել նաեւ հարցերի քանակն ու ընտրությունը, քանի որ նախկին նախագահի հետ հարցազրույց անցկացնելու հնարավորություն ունեցող լրագրողը, ազատ աշխատելու դեպքում, չէր սահմանափակվի միայն այդ հարցերով: Եվ խնդիրն ամենեւին այն չէ, թե ում ուղղված մեսիջ է այս հարցազրույցը, որքանով են հիմնավորված մարտի մեկին նաեւ առաջին նախագահի մեղավորության մասին մեղադրանքները, գործող իշխանություններին ուղղված ակնարկը` չձեւանալ սրբազան կով: Նա հիշեցնում է, որ գործող նախագահն իր նախագահությամբ պարտական է միայն մեկ մարդու, եւ այդ մեկ մարդն ինքն է` Ռոբերտ Քոչարյանը: Խնդիրն այն է, որ մեր աչքի առաջ միմյանց փոխարինել են երեք նախագահ, եւ մենք ականատեսն ենք երեքի հոգեբանական բարդ էվոլյուցիային. երեքի համար հեռանալը ցավալիորեն բարդ պրոցես է:
Ինչո՞ւ է ցանկացել խոսել նախկին նախագահը: Այն, ինչ նա ցանկանում էր ասել Սերժ Սարգսյանին, կարող էր ասել անձամբ, առանց այսքան վկաների: Այն, ինչ ցանկանում էր ասել Լեւոն Տեր-Պետրոսյանին, կարող էր ասել այլ խողովակներով: Ակնհայտ է մեկ բան. այս հարցազրույցով Ռոբերտ Քոչարյանը նախեւառաջ փորձել է տհաճություն, դիսկոմֆորտ, անհարմար վիճակ ստեղծել իր նախորդի եւ հաջորդի համար: Եվ դա երեւում է նախադասությունների շարադասությունից, վիրավորանքների ընտրությունից: Նա հնչեցնում է սպառնալիք, որը շատ տհաճ է հակառակորդի ականջի համար, սակայն որն իրականություն դարձնել երբեք չէր համարձակվի` ձերբակալել Լեւոն Տեր-Պետրոսյանին:
Իսկ ներկայացված հիմնավորումները, թե ինչով է իր նախագահության ընթացքը տարբերվում Տեր-Պետրոսյանի աշխատանքային տարիներից, բավական թույլ էին հիմնավորված: Էլիտար շենքերը չեն կառուցվել ու փողոցները չեն ասֆալտապատվել նախագահ Քոչարյանի անձնական խնայողություններից: Խնդրեմ, Թումանյան եւ Տերյան փողոցի հատման կետում քառակուսի մի նորակառույցի պատին փորագրված է, որ այդ շենքը կառուցվել է Սամվել Մայրապետյանի միջոցներով: Եվ, որ ճարտարապետը ոչ այլ ոք է, քան Նարեկ Սարգսյանը: Մայրապետյանը փող ունի, եւ վստահ ենք, որ նա խիստ դժկամությամբ կհամաձայնի իր փողերով կառուցված շենքի շինարարությունը վերագրել երկրորդ նախագահին: Այլ խնդիր է, որ Ռոբերտ Քոչարյանը թույլ է տվել, շնորհ է արել, եւ այդ շենքին փորագրված են հենց Սամվել Մայրապետյանի եւ Նարեկ Սարգսյանի անուն-ազգանունները: (Ի դեպ, թեմայից շեղվելով` նկատենք, որ հայոց բազմաթիվ շքեղ եկեղեցիներ ու շինություններ նախագծող կամ կառուցող ճարտարապետների անունները մեզ հայտնի չեն, քանի որ վերջիններս Սամվել Մայրապետյանի կամ Նարեկ Սարգսյանի չափ հեռատես չեն եղել եւ արժանի չեն համարել իրենց անունները փորագրել շինությունների պատերին եւ բավարարվել են` իրենց մասին թողնելով խիստ համեստ վկայություններ`«Ես` նվաստս», «Ես` անարժանս», եւ այլն): Ռեստորանները, սրճարանները, շքեղ խանութները եւս ամենեւին չեն խոսում հասարակության բարեկեցության մասին, քանի որ դրանց տերերը, փայատերերը մարդկանց նույն փոքր խումբն է: Երբ ՀՀ երկրորդ նախագահն իր գրագետ կառավարմանն է վերագրում Հայաստանում շքեղ մեքենաների ավելացումը, դա այնքան էլ այդպես չէ. եվրոպական որեւէ երկրի մայրաքաղաքի փողոցներով նման շքեղ մեքենաներ չեն երթեւեկում: Պատճառն այն չէ, որ, ասենք, Սարկոզին կամ Բեռլուսկոնին չեն հասել տնտեսական այնպիսի աճի, որ Փարիզում կամ Հռոմում մարդիկ իրենց շքեղ մեքենաներ թույլ տան: Եվ այս խտության սրճարաններ ու ռեստորաններ չկան եվրոպական երկրների մայրաքաղաքներում:
Այսինքն, այն կենցաղը, որ վարում են մեր երկրի պաշտոնյաներն ու օլիգարխները, բնավ մեր երկրում տնտեսական, սոցիալական բարեփոխումների հայելին չէ: Ճիշտ հակառակը: Մեր երկրի իրական նկարագրի մասին խոսում է այն լեքսիկոնը, որով միմյանց մասին արտահայտվում են երկրի առաջին դեմքերը: Եվ շատ տխուր է, երբ երկրի երբեմնի նախագահն իրեն թույլ է տալիս հրապարակայնորեն կասկածի տակ դնել իր կոլեգայի հոգեկան առողջությունը, մեղսունակությունը, տղամարդկության աստիճանը: Եվ հետո դառնալ իր իսկ արտահայտությունների թիրախ. ընդդիմադիր գործիչները Ռ. Քոչարյանի այս հարցազրույցից հետո իրենց թույլ են տալիս նույն բառապաշարով արդեն իրեն համարել հոգեպես անառողջ մեկը:
Սակայն Ռոբերտ Քոչարյանն այսօր, անկախ որոշ վերլուծաբանների այն պնդումներից, թե երկրի ղեկը շարունակում է իր ձեռքում պահել, այնուամենայնիվ, ձիու վրա չէ: Նրա հարցազրույցից էլ երեւում է, որ նրան հարցազրույց տալ է ստիպել ոչ թե համառ լրագրողը, այլ վիրավորանքը` բոլորից: Նա այնքան է վիրավորված Սերժ Սարգսյանից, որ պատրաստ է դա հրապարակավ ի ցույց դնել (այդ մասին վկայում է ոչ միայն այն արտահայտությունը, թե իր օրոք Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը զրկված կլիներ Հայաստան-Թուրքիա ֆուտբոլային խաղը Երեւանում դիտելու հնարավորությունից եւ դա ստիպված կլիներ անել իր տանը` հեռուստացույցով, այլ ողջ հարցազրույցի տոնը): Նրան վիրավորում է այն, որ իր հեռանալն իշխանությունից ոչ ոք ծանր չտարավ, անգամ նրանք, ում համարում են իր տեղապահները կառավարությունում: Նրան վիրավորում է, որ կառավարությունում փորձում են բարեփոխումներ իրականացնել, եւ դրա համար շեշտում են բացառապես Սերժ Սարգսյանի անունն ու ցանկությունը:
Ամեն դեպքում, ցավալի է, որ մենք այդպես էլ չենք ունենում այնպիսի նախագահ, որին ժողովուրդը հրաժեշտ տա ափսոսանքով: Կա հակառակը. նախագահներն են ընդգծված ափսոսանքով հրաժեշտ տալիս իրենց պաշտոններին` դրանից բխող բոլոր հետեւանքներով: