Ազատվել է

20/07/2008

ՀՀ Տնտեսական դատարանի 2007թ. կայացրած վճռով «ՍԻԼ ՎԻ ԷՅ ԶԻ» ՍՊԸ-ին պարտադրվել էր ազատել Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի մետրոպոլիտենի «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքն Արամի փողոցից: Սակայն կազմակերպությունը չէր կատարել դատարանի օրինական ուժ ստացած որոշումը, ինչի առիթով ՀՀ Արդարադատության նախարարության Դատական ակտերի հարկադիր կատարումը (ԴԱՀԿ) ապահովող ծառայությունը հարուցել էր կատարողական վարույթ: «Արմենպրեսին» ԴԱՀԿ-ից տեղեկացրել են, որ պարտապանին որոշակի գործողություններ կատարելուն պարտադրելու մասին որոշմամբ` մինչեւ այս տարվա հունվարի վերջ ընկերությունը պարտավորվել էր բացել «Հանրապետության հրապարակ» կայարանի` Արամի փողոցի կողմից մուտքը: Սակայն պարտապանի կողմից սահմանված ժամկետում որոշման պահանջը չի կատարվել, ինչի համար ընկերությունը ենթարկվել է վարչական պատասխանատվության 200.000 դրամ տուգանքի չափով: ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի հանձնարարականով` ԴԱՀԿ ապահովող ծառայության կենտրոնական մարմնի հարկադիր կատարման օպերատիվ բաժնի աշխատակիցները հուլիսի 2-ի կատարողական գործողությունների ընթացքում ապահովել են ՀՀ Տնտեսական դատարանի վճռի պահանջն ամբողջությամբ` բացելով «Հանրապետության հրապարակ» կայարանի մուտքն Արամի փողոցի կողմից: Ապօրինի շինությունն ապամոնտաժվել է: Բացի այդ, հունիսի 25-ին ԴԱՀԿ ծառայության օպերատիվ բաժնի աշխատակիցների ձեռնարկված կատարողական գործողությունների արդյունքում Օղակաձեւ զբոսայգում 500 քմ տարածք է ազատվել, որն ապօրինաբար զավթվել էր «Ֆոռեստ Ռոու» ՍՊԸ-ի կողմից: ԴԱՀԿ-ն այդպիսով ամբողջությամբ ապահովել է ՀՀ Տնտեսական դատարանի` 2007թ. վճռի կատարումը: Նշենք, «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ն ընդդեմ «Ֆոռեստ Ռոու» ՍՊԸ-ի դատական գործով ՀՀ Տնտեսական դատարանը 2007թ. վճռել էր «Ֆոռեստ Ռոու» ՍՊԸ-ից հօգուտ «Կենտրոն-Կանաչապատում» ՓԲԸ-ի բռնագանձել 918.730 դրամ, որից 505.904 դրամ` հիմնական պարտք, իսկ 412.862 դրամ` տույժ, 22.375 դրամ` պետական տուրք: Բացի այդ, դատարանը վճռել էր պարտավորեցնել «Ֆոռեստ Ռոու» ՍՊԸ-ին՝ ազատել Երեւանի քաղաքապետարանի որոշումներով ընկերությանը Երեւանի Օղակաձեւ զբոսայգու 5-րդ հատվածում հատկացված 100 քմ մակերեսով հողամասից ավելի զբաղեցված հողամասը: Գույքային մասով դատարանի վճիռն ընկերությունը կատարել էր, սակայն տարածքը չէր ազատել: