Վիճակը նետված է վաղուց

20/07/2008 Թադեւոս ԽԱՉԱՏՐՅԱՆ

Մեկ-մեկ թվում է, թե մենք թողեցինք 20-րդ դարը՝ այդպես էլ չփորձելով հասկանալ այն: Թվում է, այդպես էլ չձեւակերպեցինք հարցերի այն շարքը, որ մեզ խորապես հետաքրքրում էին եւ, բնականաբար, չգտանք պատասխաններ, որոնցից շատ բան էր կախված, ու առաջին հերթին՝ գուցե թե այդ դարում ապրելու եւ մեր գոյությունը հաստատելու նախադրյալը:

Խոսքն, անշուշտ, չի վերաբերում գոյատեւմանը, որ արդեն ավելի քան հարյուր տարի ամենայն խնամքով գուրգուրում են կուսակցական-քաղաքական գործիչները եւ խանդաղատանքով արտասանում ազգի մտավորականները: Եթե գոյատեւել է պետք՝ չարժե գլուխ ջարդել. ամենահեշտը գոյատեւելն է: Գոյատեւելը էլ ո՞նց է լինում: Հարկ չկա հեռու գնալ. այդպես արդեն մի քանի հազարամյակ գոյատեւում են գնչուները, խաշնարած ցեղերը եւ շատ ավելի ազգային նիստ ու կացով, քան «ազգայինների» ձեռքին օրավուր հյուծվող մեր օրհնյալ ազգը: Թողեցինք 20-րդ դարը՝ այդպես էլ գլխի չընկնելով, թե ինչու այդքան փորձություններով անցանք: Ինչո՞ւ դարի երկու խոշոր պատերազմներում կորցրինք ազգի ուղիղ կեսը, իսկ երրորդին, որ հպարտությամբ կոչեցինք «մեր պատերազմը», դրան հետեւած խաղաղ տարիներին կորցրինք նույնքան: Չփորձեցինք հասկանալ, թե ինչու անցանք աստվածուրացության յոթանասնամյա անապատացնող ուղիով, կոմունիզմի կառուցման Սքիլլայով, եւ այժմ շփոթահար կանգնած ենք ժողովրդավարության Քարիբդայի առջեւ՝ նույնքան շվար ու նույնքան անօգնական: Չհասկացանք, որ Աստծո գոյության ընդունումը միայն հավատի խնդիր չէր եւ ոչ էլ «հաշիշ ժողովրդի համար», ինչպես հետեւողականորեն մեզ համոզում էին: Մետաֆիզիկական խնդիր լինելուց բացի, այն ուներ նաեւ իրական բովանդակություն եւ պարտադրում էր օրենքների ու կանոնների մի ողջ համակարգ, որոնք որոշում էին ամենասովորական քաղաքացու եւ սոցիալական աստիճանակարգության ամենավերին սանդղակին կանգնած չինովնիկի վարքը: Բնականաբար, Աստծո մերժումն էլ թելադրեց իր նոր օրենքները, որով եւ այժմ գոյատեւում ենք:

Իսկ ի՞նչ ունենք այսօր: Երկիր, որ վերջին տարիներին ավելի ու ավելի է կորցնում անկախության հատկանիշները, պետություն, որ սկսած նախագահից, վերջացրած Ազգային ժողովով՝ չունի բավարար օրինականություն (նախ եւ առաջ՝ բնակչության ճնշող մեծամասնության գիտակցության մեջ), տնտեսություն, որ խորհրդային ժամանակների հանգույն միայն թվեր է նկարում, մշակույթ, որ հանգիստ տեղավորվում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» բովանդակազուրկ շուտասելուկի մեջ, իրավական համակարգ, որ միայն պատժիչ գործողություններ է իրագործում վարչակարգի հակառակորդների դեմ, եւ այդ ամենից դուրս պրծնելու առաջարկվող ելք՝ իշխանափոխություն:

«Իսկ իշխանափոխություն հնարավո՞ր է»,- հարցնում են Քոլագերան կայարանի գործազուրկ երկաթուղայինները, Դալմայի այգիների ընչազուրկները, Հյուսիսային պողոտայի տնանկները, աչքը խոպանի ճամփեքին բռնած գյումրեցիները: Նույն հարցին պատասխան ստանալու ակնկալիքով՝ ճռնչում են ընդդիմադիր գրասենյակների գրասեղանները, ճռճռում են պարբերականների էջերը… «Հնարավոր չէ»՝ պատասխանում է «Առավոտ» օրաթերթի խմբագիրը: «Կայունություն»՝ բացականչում են իշխանավորները, եւ բացվում է հերթական բացատը հերթական հյուրանոցի կամ ամառանոցի համար: Լռում են փառապանծ ակադեմիկոսները, երեք ճակատներում հոխորտում են ազգայինները… Եվ այս խառնաղմուկ-կակոֆոնիայի հեռապատկերին իսկապես անհավատալի է թվում այն արիությունը, որով Վազգեն Սարգսյանն ազդարարում էր. «20-րդ դարը մերն է լինելու»:

Ժամանակին Լեւոն Տեր-Պետրոսյանով մարմնավորում ստացավ մի գաղափար, համաձայն որի՝ առանց Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ մենք լավ չենք ապրելու: Կարծում եմ, տնտեսագիտական հանճար պետք չէր ունենալ այս պարզ ճշմարտությունը հիմնավորելու համար: Հիմա հարկավոր է ձեւակերպել այդ ճշմարտությունից բխող հետեւյալ խնդիրը. առանց Ղարաբաղի հակամարտության կարգավորման՝ Հայաստանում հնարավոր չէ ժողովրդավարություն, ինչը նշանակում է, որ իշխանափոխություն ժողովրդավարական ճանապարհով անհնար է: Որովհետեւ ցանկացած պարագայում միշտ էլ կստեղծվի մի իրավիճակ, երբ Ղարաբաղի պահպանումը շատ ավելի նախընտրելի կլինի, քան իշխանության դեմ ցանկացած ընդվզում, որքան էլ այն սուրբ նպատակներ հետապնդի:

«Ազգը վիճակ չէ, այլ ընթացք»,- գիտականորեն հիմնավորում էր Լ. Ն. Գումիլյովը: Իսկ սա նշանակում է, որ երբ ողջ ազգը սեւեռվում է վիճակի վրա, ընթացք լինելու ապագան ստուգապես դառնում է կասկածելի: