«Քրիստոսին մատաղ անենք, որ Ստալինին վերակենդանացնի»,- ասում է սովամահ լինող ծեր կինը

20/07/2008 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

83-ամյա Վիկտորյա Եղիազարյանը, տեւական ժամանակ է, զանգահարում է խմբագրություն` խնդրելով այցելել իրեն: Այգեստան 9 հասցեի նեղլիկ արահետները տանում են կիսաքանդ ու խոնավությունից դեղնած պատերով մի խրճիթ:

Միայնակ ու ծռված ողնաշարով տատիկը, որ մտքերով շատ հեռուն է գնացել` մեր երկրում ապրող հազարավոր միայնակ ծերերի մենության արտացոլանքն է: Ասում եմ` «Բարեւ»: Քարացած լռության մեջ անսպասելի լսվող ձայնից ցնցված՝ Վիկտորյա տատն ուրախությունից ինձ գրկում է: «Վա՛յ, բարեւ, բալես: Հավատս չէր գալիս, որ կգաս: Ախր մարդու, իսանի կարոտ եմ, ոչ ոք չունեմ, անտեր, մենակ կնիկ եմ: Ամբողջ օրը մտքերով եմ ապրում, կենդանի շունչ չկա»,- ասում է նա: Հետո ծանոթանում, բարեկամանում ենք, ու Վիկտորյա տատն ինձ խնդրում, աղաչում է, որ մեկ-մեկ իրեն հյուր գնամ ու համարեմ, որ իմ տատիկին եմ այցելում: Ու էդպես հարազատներին հատուկ ջերմությամբ զրուցում էինք դեսից-դենից, մինչեւ որ Վիկտորյա տատը չէր մտաբերել իր համար ցավոտ հարցը` իր հասանելիք ծերության թոշակը: «Ախր էդքան շենքեր են օրական գցում, բայց ես սովից, աղքատությունից մեռնում եմ: Թոշակը ստանում եմ` լույս, ջուր, գազ, հեռախոս, զիբիլ, չգիտեմ՝ որ մեկն անեմ: Մի օր լույսս են կտրում, մի օր՝ ջուրս, մի օր՝ գազս, ես գժվում եմ, չգիտեմ՝ ո՞նց թոշակս օգտագործեմ, որ կարենամ հաց էլ առնեմ»,- բարկանալով ասում է Վիկտորյա տատն, ով 60 տարվա աշխատանքային ստաժ ունենալով հանդերձ՝ ստանում է 37.000 դրամ: Վերջերս ընկել է, ու ոտքը, ողնաշարն ամբողջովին կոտրվել, ձեւախեղվել են, իսկ 2-րդ կարգի հաշմանդամության համար թոշակ նրան չեն տրամադրում: Նա 60 տարի աշխատել է բուժհաստատություններում եւ հերթով թվարկում է այն պրոֆեսորների անունները, ովքեր պատվոգրեր ու շնորհակալագրեր են տվել իրեն: Վիկտորյա տատը վիրավորված է. իր ամբողջ կյանքում բազմաթիվ մարդկանց կյանք է փրկել, օգնել է բոլորին, իսկ այսօր, երբ ինքն է մարդկանց աջակցության կարիքը զգում՝ ոչ ոք ձեռք չի մեկնում: «Աղքատությունից մեռնում եմ: Ամուսինս կաթված ստացավ, մահացավ, իսկ երեխաներ չենք ունեցել: Ամուսինս նախկին կնոջից աղջիկ ուներ, որն ինձ հետ աննկարագրելի վատ վարվեց: Ես ընկա, ոտքս, ողնաշարս կոտրեցի, հիվանդանոցում երկար պառկեցի: Էդ ընթացքում նա էս խուց-տունն էլ սեփականաշնորհեց իր անունով, ու ես մնացի լրիվ անորոշ վիճակում: Ախր ինչի՞ են մարդիկ սիրում ուրիշին քացով խփել, վատություն անել: Ախր մեղք եմ, էլի, չեմ կարում ապրեմ, գոնե էդ լույս, գազ, հեռախոսը՝ որպես աղքատ, մենակ կին՝ զեղչ անեն, 50% ուզեն: Թոշակիցս փող չի մնում, որ հաց առնեմ»: Հետո Վիկտորյա տատը սկսում է հոնգուր-հոնգուր լաց լինել, բղավելով անիծում է էս իշխանություններին, տարիների կուտակած զայրույթն է արտահայտում. «Օրենք չկա, խիղճ չկա, գութ չկա: Մենք պետք ա Հիսուս Քրիստոսին մատաղ անենք, որ Ստալինին վերակենդանացնի, բերի, որ մեր նման աղքատներին տեր կանգնի: Սա պետություն չի, սրանք խուլիգաններ են: Աղքատին աղքատացնում են, իսկ թուրքերին, պարսիկներին, արաբներին բերում են Հայաստան՝ հարստացնում, ու Հայաստանն իրանց են ծախում: 60 տարի աշխատել, պետության համար նասկի, գուլպա եմ գործել, բերանիցս կտրել, ուղարկել եմ կռվի դաշտ, սահմաններ, որ սալդատներն ապահով լինեն, բայց ես էսօր սովից մեռնում եմ: Ախր էս պետության համար գիշերները չեմ քնել, աչք եմ քոռացրել, որ էսօր պետությունն ինձ քոռացնի՞»,- լաց լինելով ասում է Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի Վիկտորյա տատը, ով ապրում է առանց հեռուստացույցի, «պրիոմնիկի», դուռ-լուսամուտի: Ծեր կինը իր վրդովմունքն արտահայտելիս չարանում ու ձեռքերի կտրուկ շարժումներով հարվածում է իրեն շրջապատող մետաղյա դատարկ տարաներին: Բարկությունից նա դառնում է անկառավարելի. կարծում է, որ «էդ խուլիգան» ղեկավարներից մեկն էլ ես եմ ու չեմ կատարում իմ պարտականությունները: Փորձում եմ հանգստացնել նրան: «Ո՞նց հանգստանամ, ո՞նց… Սոված մարդը ո՞նց կարա նորմալ հոգեկան վիճակում լինի: Ինչքա՞ն կարա ողջ մարդը չսնվի: Գիտե՞ս ինչքան ժամանակ եմ մթության մեջ ապրել, լույսս անջատել էին, ուրիշից գիծ եմ բերել: Ես ո՞նց ապրեմ, ասա, սովորացրու, ես էլ քեզ կլսեմ ու 37.000 դրամով քո ասածով կապրեմ»,- գոռում է ծեր կինը: Զայրույթից նրա շրթունքները կապտում են: Ծնունդով մշեցի Վիկտորյա տատը հայտնի իրավաբանի դուստր է եղել, ով իր հարստությունը բաժանել է 29 տնտեսությունների միջեւ, որպեսզի այդ ընտանիքներին սովից փրկի: «Եթե հերս սաղ լիներ…»,- ասում է նա ու մեկ-մեկ թվարկում այն գերատեսչությունների անունները, որոնց նամակներով դիմել է օգնության խնդրանքով: «Մեր թաղապետ Գագիկն էլ սուտասան դուրս եկավ: Բոլորի մոտ իրան գովացել, մեծարել եմ, բայց մի օր դուռս չեն բացել, խնդրանքներիս չեն պատասխանել»,- ասում է նա ու ինձ հրում է իր ննջասենյակ, որպեսզի սենյակի խոնավությունն ու անդուր հոտն անձամբ զգամ: Վիկտորյա տատի շարժումներն ու արտահայտությունները գնալով ագրեսիվ են դառնում: Շուրթերն աննկարագրելի սեւանում են, ու զայրույթից բերանը փրփրում է: Սոցիալիստական աշխատանքի հերոսուհի Վիկտորյա Եղիազարյանը մեր պետությունն այնքան չի սիրում, որ համարում է` «Խաբեբաները գոնե բանկի փողերը տան, հաց առնեմ: 60 տարի աշխատել, կոպեկ-կոպեկ հետ էի գցել, մի քանի ռուբլի բանկում պահ էի տվել: Մեր պետությունը դարձրին ստախոսների պետություն: Գոնե փողս տային՝ հաց առնեի, էլ չեմ դիմանում, սովից մեռնում եմ»: Ծեր կինը պահարանից դուրս է բերում դատարկ տուփերն ու շպրտում ուր պատահի` ցույց տալու համար, որ տանն անգամ հացի փշուր չկա: Վիկտորյա տատի պահվածքն ինձ վախեցնում է, ու ես որոշում եմ հեռանալ։ «Պիտի գնամ, ուշանում եմ»,- ասում եմ: Ձեռքիցս բռնում ու աղաչում է, որ մի քիչ էլ մնամ: Հեռանում եմ` խոստանալով կրկին այցելել: Ետեւիցս բղավում է` «Աղջիկ ջան, խնդրում ու աղաչում եմ, էս թուղթը վերցրու ու տպի էլի: Էս դժբախտ ու աղքատ կյանքում մի մարդ կա, որն ինձ լավություն ա արել: Խնդրում եմ, ինձ խղճա ու խնդրանքս կատարի»: «Հարգելի խմբագրություն. Խնդրում եմ թույլ տաք Ձեր թերթի միջոցով շնորհակալությունս հայտնել Մյասնիկյանի շրջանի ոստիկանապետ Եգոր Անտոնյանին: Նա Երեւան քաղաքի Քրեական հետախուզական վարչության պետ էր: 20 տարի ջուր չունեի, դիմեցի Մյասնիկյանի ոստիկանություն, բայց արդյունքի չհասա: Իմացա, որ նոր պետ է եկել, դիմեցի իրեն եւ մեկ օր հետո ջուրս միացրեցին: Ես այս ժամանակաշրջանում այսպիսի պարտաճանաչ, ազնիվ, բարի, խղճով ղեկավարի չէի հանդիպել: Եթե Հայաստանում նրա նման 20 հոգի ղեկավար լիներ, ապա աղքատություն, դժգոհություն չէր լինի: Հարգարժան Անտոնյան, ցանկանում եմ, որ ջրի պես երկար կյանք, ամուր առողջություն ունենաք եւ անփորձանք լինեք»: