Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի բաձրաստիճան պաշտոնյաները վերջերս Մոսկվայում բանակցություններ էին վարում ռուս-ամերիկյան փոխհարաբերությունների ամենատարբեր հարցերի շուրջ: Ցանկացած պարագայում այդ բանակցությունները երկու երկրների համար էլ չափից դուրս կարեւոր նշանակություն կունենային, քանի որ բանակցությունների ընթացքում հիմնական ուշադրությունը բեւեռված էր այն պայմանագրերին, որոնք կանխորոշում են իրավիճակը Եվրոպայում «սառը պատերազմի» ավարտից հետո: Սակայն Իրաքյան պատերազմի ֆոնին այդ պայմանագրերն ավելի կարեւոր նշանակություն են ձեռք բերում: Ինչպես Ռուսաստանը, այնպես էլ ԱՄՆ-ը փորձում են փոփոխություններ մտցնել հանգուցային տարածաշրջանների անվտանգության համակարգերում: Ընդ որում` Վաշինգտոնի ջանքերն ուղղված են դեպի Մերձավոր Արեւելք, իսկ Ռուսաստանին ավելի շատ հետաքրքրում է իր նախկին կայսրության տարածքը: Երկու երկրների հայացքները բացարձակապես անհամատեղելի են, իսկ այն փաստը, որ Ամերիկան խիստ զբաղված է Իրաքում իր խնդիրներով, Մոսկվային հնարավորություն է տալիս փոխելու աշխարհաքաղաքական դաշտի ուրվագծերը «սեփական բոստանում»:
ԱՄՆ-ը դեռ երկար է ստիպված լինելու մնալ Իրաքում
Մի քանի տարվա կազմակերպված քաոսից հետո ԱՄՆ-ը պարզեցրել է Իրաքի խնդրում իր պլանը: Այժմ ԱՄՆ-ը ընդամենն ուզում է կանխել Իրանի` տարածաշրջանում գերիշխող դառնալը: Ամբողջ աշխարհում ժողովրդավարություն ձեւավորելու եւ այս կամ այն պետությանն աջակցելու ազնիվ ու վեհ գաղափարները Վաշինգտոնն այսօր մոռացել է: Եվ սա տեղի է ունեցել Կոնգրեսում գեներալ Դեւիդ Պետրեուսի ելույթից դեռ շատ առաջ: Երկրի վերականգնումն այսօր երկրորդ պլան է մղվել, եւ անգամ նավթի մասին մտքերը լավագույն դեպքում չափազանց անհեթեթ են թվում: Ամերիկյան քաղաքականությունն իր ամբողջության մեջ տվյալ պահին ուղղված է մի բանի` Իրանին: Այս մտքերը ներկայումս տիրում են ոչ միայն Բուշի ադմինիստրացիայի անդամների, այլեւ ամերիկյան հետախուզության եւ ամերիկյան զինվորականների ուղեղներին: Նման դիրքորոշումը բավականին խելամիտ է: Իրաքից ամերիկացիների դուրս գալն Իրանին թույլ կտա շիիթական հարավում իր դաշնակիցներին հակել դեպի իրաքյան տարածքների մեծ մասի վրա աստիճանաբար վերահսկողություն սահմանելու ուղղությամբ գործողությունների: Իրանն իր ազդեցությունը տարածում է նաեւ Պարսից ծոցի` նավթով հարուստ արեւմտյան ափի շիիթական միության մեծ մասի վրա: Եթե ամերիկյան զորքը դադարեցնի Իրանի շրջափակումը, նրանք Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի եւ Կատարի ռազմական անկարողությունը կընկալեն որպես հրավեր` բռնազավթելու այդ ափը: Արդյունքում Թեհրանը կստանա համաշխարհային նավթի արդյունահանման գրեթե քառորդ մասի վերահսկողությունը` օրական մոտ 20մլն բարել: Եթե մի կողմ թողնենք պերճախոսությունը, պարզ կդառնա, որ նման արդյունքը ցանկացած ամերիկյան նախագահի կստիպի լայնածավալ պատերազմ սկսել` զրկելու համար թշնամի պետությանը համաշխարհային տնտեսության ինքնազգացողության վրա ազդելու հնարավորությունից:
Այդ պատճառով ԱՄՆ-ը ստիպված է երկարատեւ ու լրջորեն մնալ Իրաքում: Իսկ դա պահանջում է որոշակի ռազմավարություն մշակել մի այլ պետության նկատմամբ, որը բավականին մեծ ազդեցություն ունի Իրաքի վրա: Խոսքն Իրանի մասին է: Եվ ԱՄՆ-ը լոկ երկու տարբերակ ունի. նա կարող է պարզապես կառավարել Իրաքին` որպես հովանավորյալի, ինչն առանձնապես լավատեսություն չի ներշնչում, կամ էլ ԱՄՆ-ը պետք է փորձի Իրանի հետ համաձայնության գալ Իրաքի հարցում եւ գտնի ազդեցության ոլորտների բաժանման միջոցներ:
Պետրեուսի զեկույցի հրապարակումից հետո Բուշի ադմինիստրացիայի ոչ պաշտոնական քաղաքականության նպատակը դարձել է Իրանի հետ լեզու գտնելը: Սակայն Սպիտակ տունը չի ցանկանում ըստ էության բանակցություններ սկսել, քանի դեռ համապատասխան պայմաններ չեն ստեղծվել: Դրա համար Վաշինգտոնին անհրաժեշտ է Իրանի շուրջ ստեղծել դիվանագիտական սահմանագիծ` դրանով իսկ մեծացնելով Թեհրանի մեկուսացումը, ինչպես նաեւ՝ մեծացնել ֆինանսական ճնշումները: Այս ռազմավարության անկյունաքարը եվրոպական երկրների կողմից ռազմաշունչ հայտարարությունների ակտիվացումն է, նաեւ այն խոշոր բանկերի թվի ավելացումը, որոնք հրաժարվում են համագործակցել Իրանի հետ:
Զարմանալի չէ, որ Իրանն այս ամենին նայում է միանգամայն այլ տեսանկյունից: Պարսկաստանը պատմականորեն շատ հաճախ է բախվել այլ պետությունների կողմից իր արեւմտյան սահմանները ներխուժելու վտանգի հետ: Նման վտանգի վերջին արտահայտությունը 1980-1988թթ. ավերիչ պատերազմն էր, որին զոհ գնացին միլիոնավոր մարդիկ: Պարսկաստանի արտաքին քաղաքականության գլխավոր նպատակը հազարամյակներ շարունակ եղել է շատ ավելի պարզ, քան այն, ինչ հնարում է ԱՄՆ-ը: Այն հետեւյալ կերպ է հնչում` վերացնել Միջագետքը: 2003թ. Վաշինգտոնն այդ ծառայությունը մատուցեց Թեհրանին` նրա փոխարեն անելով դա: Այսօր Իրանի նպատակներն ավելի լայնամասշտաբ են դարձել: Նա ցանկանում է վերացնել տարածաշրջանում իր միակ թշնամուն` տարածաշրջանում գերիշխանություն ձեռք բերելու համար: Դրա համար Թեհրանը պետք է կարողանա ճիշտ օգտագործել Իրաքում ունեցած իր ակտիվները, որպեսզի արյունաքամ անի ամերիկացիներին եւ ստիպի նրանց հեռանալ: Սակայն Իրանը բավականին շատ ճնշումների է ենթարկվում: Թեհրանը հասկանում է, որ կարող է իր գործողություններով չափն անցնել միջազգային ասպարեզում: Նա, անշուշտ, ընդունում է, որ իրեն «դնչկալ հագցնելու» ԱՄՆ-ի փորձերը որոշակի արդյունք տալիս են: Այս պայմաններում Իրանին սեփական հովանավոր է հարկավոր, եւ արդյունքում Մերձավոր Արեւելք է գալիս մի տերություն, որը երկար ժամանակ այնտեղ չի եղել` Ռուսաստանը:
Մերձավոր Արեւելք է գալիս Ռուսաստանը
Աշխարհագրական դիրքի առումով Ռուսաստանը շահեկան վիճակում չէ: Նա օվկիանոսներ չունի, որոնք թշնամիներից ռազմավարական հեռավորություն կապահովեին երկրին: Ռուսաստանը չի կարող պարծենալ աշխարհագրական բնական պատնեշներով, որ նրան բաժանում են Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից ու Հարավային Ասիայից: Ռուսաստանի պատմությունը բուֆերային գոտիներ ստեղծելու եւ այդ բուֆերային գոտիներում սեփական իշխանությունը հաստատելու ուղղությամբ ձեռնարկված նրա քայլերի տարեգրությունն է: «Սառը պատերազմի» ավարտից հետո Ռուսաստանի բուֆերային գոտիները նրա բազմադարյան պատմության ընթացքում նվազագույն սահմանների են հասել: Պարզ ասած` Ռուսաստանը վախենում է ուրիշի տիրապետության տակ ընկնելուց` ռազմական, տնտեսական, քաղաքական եւ մշակութային առումով, եւ այդ պատճառով Ռուսաստանի ողջ քաղաքականությունն ուղղված է բուֆերային գոտիների վերականգնմանը:
Այս պայմաններում Ռուսաստանին անհրաժեշտ է՝ 1. վերականգնել կողմերի հավասարությունը: Քանի ԱՄՆ-ը Ռուսաստանին համարում է երկրորդական տերություն, ամերիկյան ազդեցությունն ու հզորությունն առաջվա պես շարունակելու են քայքայել Ռուսաստանի անվտանգությունը: Եթե Ռուսաստանը կարողանա կողմերի հավասարությունը պահպանել, նման քայքայիչ ազդեցությունը գոնե հնարավոր կլինի նվազեցնել: Թեեւ այսօր Ռուսաստանն ավելի ուժեղ է, քան 1998թ. ռուբլու արժեզրկումից հետո, եւ նա շարունակում է ամրապնդել իր հզորությունը: Նա հիանալի հասկանում է, որ ԽՍՀՄ-ը փլուզվեց նաեւ սպառազինությունների մրցավազքի պատճառով: Իր ռեսուրսների հաշվին հավասարության հասնելն ավելի թույլ Ռուսաստանի համար ուղղակի անհնարին է: Այդ պատճառով հավասարության պետք է հասնել գրչով, ոչ թե սրով: Երեք դաշնագրերի կնքումը հանգեցրեց «սառը պատերազմի» ավարտին եւ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի միջեւ օրինական հավասարության ստեղծմանը: Առաջինը Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին դաշնագիրն էր, որը սահմանափակում է ոչ միջուկային ռազմական տեխնիկայի եւ զենքի քանակը ՆԱՏՕ-ի անդամ երկրների եւ Վարշավայի պայմանագրի նախկին անդամ երկրների ու նրանց իրավահաջորդներից յուրաքանչյուրի համար: Երկրորդ` Ռազմավարական հարձակվողական սպառազինությունների կրճատման մասին դաշնագիրը սահմանափակում է միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների քանակը, որ կարող են լինել ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի զինված ուժերում: Երրորդ դաշնագիրը` միջին եւ փոքր հեռահարության միջուկային ուժերի մասին, հանգեցրեց այն բանին, որ ՆԱՏՕ-ի եւ Ռուսաստանի սպառազինություններից ամբողջովին դուրս բերվեցին 500-ից մինչեւ 5500կմ շառավղով բալիստիկ հրթիռները, ինչպես նաեւ՝ ցամաքային թեւավոր հրթիռները:
Ինչպես գտնում է ինքը` Ռուսաստանը, ուժերի եւ միջոցների այն ամբողջությունը, որը թույլատրում է ունենալ նման դաշնագրեր, չեն ապահովում Ռուսաստանի սեփական անվտանգությունը: Առաջին դաշնագիրը հիանալի դաշնագիր էր այն աշխարհի համար, որտեղ այդ բանակցությունները վարվում էին: Սակայն այդ ժամանակներից ի վեր Վարշավայի պայմանագրի անդամ բոլոր երկրները, որոնք Ռուսաստանի կողմից էին, այժմ մտել են ՆԱՏՕ-ի կազմի մեջ: Այն «հավասարությունը», որ 1990թ. ստեղծվել էր եվրոպական հարաբերությունների համակարգում, այսօր խախտված է, եւ ոչ՝ ի օգուտ Ռուսաստանի:
Երկրորդ պայմանագիրը ռուսների սիրելի պայմանագիրն է, քանի որ այնտեղ նկատի է առնված ամերիկացիների եւ ռուսների նկատմամբ վերաբերմունքը` իբրեւ պարտաճանաչ ու հավասար գործընկերների: Սակայն, ինչպես գտնում են ռուսները, այս դաշնագիրը մի ճակատագրական թերություն ունի: Նրա գործողության ժամկետն ավարտվում է 2009թ., եւ ԱՄՆ-ում փաստացի ոչ ոք չի պաշտպանում այս դաշնագրի ժամկետը երկարաձգելու գաղափարը: Վաշինգտոնում կարծում են, որ դաշնագրերը 20-րդ դարի հակամարտությունները կարգավորելու գործիք են: Իսկ քանի որ ԱՄՆ-ի հզորությունը շարունակում է գլոբալ իմաստով մեծանալ, եթե անգամ հաշվի առնենք Իրաքյան պատերազմի զսպող ուժը, ապա հիմք չկա ամերիկացիների հնարավորությունները սահմանափակող պայմանագրեր կնքելու համար: Մտածելակերպի նման փոփոխությունները բնորոշ են ամերիկյան քաղաքականության երկու կողմերի համար էլ. ոչ Բուշի, ոչ Քլինթոնի ադմինիստրացիաներն անգամ չեն սկսել զինաթափման մասին նոր համաձայնագրերի կնքման ուղղությամբ բանակցություններ:
Եվ վերջապես, երրորդ դաշնագիրը Ռուսաստանի համար վատթարագույնն էր: Միջին հեռահարության հրթիռները մի քանի անգամ էժան են միջմայրցամաքային հրթիռներից: Եթե հանկարծ սպառազինությունների նոր մրցավազք սկսվի, եւ Ռուսաստանը ստիպված կլինի այդպիսի նոր համակարգեր ստեղծել, եթե չի ուզում ետ մնալ ԱՄՆ-ի աճող ռազմական հզորությունից:
Ռուսաստանին պետք է, որ այս երեք պայմանագրերն էլ վերափոխվեն: Նա ցանկանում է փոփոխություններ մտցնել առաջին պայմանագրում, որպեսզի այդ պայմանագրի մեջ արտացոլվի ՆԱՏՕ-ի ընդարձակումը: Ռուսաստանն ուզում է երկարացնել երկրորդ պայմանագրի ժամկետը (ինչպես նաեւ՝ խորացնել նրա բովանդակությունը, եթե հնարավոր է)` սահմանափակելու համար ԱՄՆ-ի երկարաժամկետ հնարավորությունները: Ռուսաստանին պետք է, որպեսզի երրորդ պայմանագիրն ուղղակիորեն հենվի առաջին երկուսի վրա, որպեսզի անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը հնարավորություն ունենա օգտագործելու նոր տարբերակները, կամ էլ, որ այդ պայմանագիրը պարզապես չեղյալ հայտարարվի, իսկ դրան փոխարինի ավելի արդիականացված ու ավելի հուսալի առաջին պայմանագիրը:
Առաջին տարբերակի խնդիրն այն է, որ այն ենթադրում է, թե ամերիկացիները պետք է որոշակիորեն կարեկցեն Ռուսաստանին՝ նրա անհանգստությունների ու մտահոգությունների համար: Սակայն ամերիկացիները մտադրություն չունեն կարեկցելու Ռուսաստանին:
Հիշենք Կրեմլի գլխավոր մտահոգությունը «սառը պատերազմի» ավարտից հետո: Նա վախենում էր, որ ԱՄՆ-ը կսկսի Ռուսաստանի ծայրամասերից մաս առ մաս պոկել, մինչեւ որ Մոսկվան կընկնի: Այս մտավախությունը՝ որքան ուժեղ, նույնքան էլ արդարացված է: ԱՄՆ-ի գոյության ողջ պատմության ընթացքում միայն երեք պետություններ են սպառնացել նրան: Առաջին երկրին` Մեծ Բրիտանիային, ԱՄՆ-ը միացրեց պաշտպանության ոլորտում իր գլոբալ քաղաքականությանը: Երկրորդին` Մեքսիկային, ԱՄՆ-ը պարզապես ենթարկեց իրեն: Իսկ երրորդ պետությունն ուղղակի փլուզվեց «սառը պատերազմի» հետեւանքով: Վարշավայի պայմանագրի անդամ երկրների ու Մերձբալթյան երկրների` ՆԱՏՕ-ին անդամակցելը, Կենտրոնական Ասիայում ռազմաբազաների ստեղծումը, եւ ամենակարեւորը` Ուկրաինայում եւ Վրաստանում «նարնջագույն հեղափոխությունը», որը դեռ շարունակվում է Հայաստանում, Մոսկվային պատկերավոր ցույց տվեցին, որ ԱՄՆ-ը այս խաղում հաղթող է:
Ամերիկացիները կարծում են, որ իրենց շահերից է բխում Ռուսաստանին դանդաղ եւ աստիճանաբար վերացնելը: Այս պատճառով, որպեսզի երկրորդ տարբերակը գործի, Ռուսաստանը պետք է ազդեցության լծակներ ունենա մյուս տարածաշրջաններում: Եվ Իրանը հենց այդպիսի տարածաշրջան է: Եթե Ռուսաստանը համաձայնվի համագործակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի շրջանակներում, ապա Իրանը հաստատապես կհայտնվի դիվանագիտական շրջափակման մեջ: Այն, որ անցյալում Ռուսաստանը որոշակի պատրաստակամություն էր ցուցաբերում համագործակցելու Բուշերի ԱԷԿ-ի հարցում, խոսում է այն մասին, որ Կրեմլը կարող է գնալ Իրանի միջուկային նկրտումների դատապարտմանը: Թեհրանին զենք վաճառելուց Ռուսաստանի հրաժարվելը կհանգեցնի այն բանին, որ ԱՄՆ-ը կուժեղացնի Իրանի նկրտումները ռազմական միջոցներով զսպելու փորձերը: Ավելի պարզ ասած` Ռուսաստանը հնարավորություն ունի Իրանը նետելու ամերիկյան «հումանիտար» ռումբերի տակ, սակայն դա չի անի: Փոխարենը՝ Ռուսաստանն ուզում է պայմանագրերի մեջ փոփոխություններ մտցնել հօգուտ իրեն: Նա նաեւ ուզում է, որ Ամերիկան ավելի հարգանքով վերաբերվի հետխորհրդային տարածքում անվտանգության խնդիրներին:
Մոսկովյան վերջին բանակցություններն ամբողջովին ուղղված էին այն բանին, որ վերացնեն Ռուսաստանի մտահոգություններն անվտանգության եվրոպական կառույցի նկատմամբ, ինչպես՝ այդ պայմանագրերի, այնպես էլ՝ դրանց շրջանակներից դուրս: Դրա դիմաց առաջարկվում էր Իրանի հարցում Արեւմուտքի հետ համագործակցություն: Մի քանի օր տեւած բանակցություններից հետո ամերիկացիները հրաժարվեցին զիջումների գնալ բոլոր կարեւոր կետերի հարցում: