Օջալանը՝ խոչընդոտ Եվրամիության ճանապարհին

31/05/2005

Իմանալով քրդերի առաջնորդ Աբդուլահ Օջալանի գործով նոր դատավարություն
անցկացնելու Եվրոպական դատարանի պահանջի մասին, Անկարայի իշխանություններն
անմիջապես հայտարարել են, որ իրենք կհարգեն «իրավական պետության
սկզբունքները»։ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գիտի, որ Օջալանի
հարցը խաղաքարտ է դառնում Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հարցում։ Սա հեշտ
հարց չէ իսլամական շարժումից իշխանության եկած կառավարության համար։ Մի
կողմից՝ նա պետք է հանդարտեցնի թուրքական հասարակության, հատկապես՝
ազգայնական եւ հակաքուրդ տրամադրություններով ներշնչված պաշտոնական
շրջանակների ու ժողովրդական զանգվածների կարծիքը, մյուս կողմից՝ ԵՄ-ին
անդամակցելու բանակցությունների նախաշեմին (3 հոկտեմբեր), պետք է պահպանի
եվրոպական նորմերը։
Այս առիթով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Աբդուլահ Գյուլն ասել է, թե
«ահաբեկչական շարժման առաջնորդին սպասվում է նույն պատիժը, եթե անգամ նրան
դատեն հարյուր անգամ»։ Արդարադատության նախարար Ջեմիլ Չիչեկն, ով մի քանի
ամիս առաջ գտնում էր, որ նոր դատավարությունը «դանդաղ գործող ռումբ» է
լինելու, հիմա փոխել է դիրքորոշումն ու կարծում է, որ այն լինելու է միայն
«ճշգրտող արարողություն»։
Աշխարհիկ ընդդիմությունն արդեն ազգայնական էքստազի մեջ է։ Ժողովրդական
հանրապետական կուսակցության առաջնորդ Դենիզ Բայկալը կառավարությունից
պահանջում է «գլուխ չծռել օտարերկրյա ճնշման առաջ»։ «Թուրքիան,-
հայտարարել է նա,- պարտավոր չէ անվերապահորեն կատարել Ստրասբուրգի
դատարանի որոշումները»։ Այս տեսակետի հետ, սակայն, համաձայն չէ
Արդարադատության նախարարությունը։ Այնտեղ գտնում են, որ «հրաժարումն այդ
որոշման կատարումից կարող է հանգեցնել ԵԽ-ում Թուրքիայի անդամակցության
դադարեցմանը»։
Բայցեւայնպես, Օջալանի նոր դատավարությունը կարող է գլուխկոտրուկ դառնալ,
քանի որ նրան դատել է Պետական անվտանգության դատարանը, մի մարմին, որը
լուծարվել է Եվրոպայի պնդմամբ իրականացված բարեփոխումների արդյունքում։
Նույն Եվրոպայի պնդմամբ էլ Թուրքիայում վերացվել է մահապատիժը։ Եվ դրա
համար էլ Օջալանին, առավելագույն պատիժ տալու փոխարեն, դատապարտել են ցմահ
բանտարկության՝ առանց ժամկետի կրճատման իրավունքի։
Աբդուլահ Օջալանի դեմ նոր դատավարություն սկսելը հղի է թուրք-քրդական
առանց այդ էլ լարված հարաբերությունների սրմամբ։ Իրանի եւ Իրաքի հետ
թուրքական սահմանների մոտ ուժեղանում են քուրդ զինյալների եւ թուրք
զինվորների բախումները։ Մի քանի օր առաջ իրավապահները հայտարարել են, թե
իրենց հաջողվել է բացահայտել ՔԲԿ-ի ահաբեկչական մի շարք բջիջներ, որոնք
պայթյունների շարան էին նախապատրաստում։
Թուրքիայի ԵՄ-ին անդամակցելու հակառակորդները, որոնք քիչ չեն բանակում եւ
բյուրոկրատիայի վերին էշելոններում, կփորձեն նորից հրահրել թուրք-քրդական
հակամարտությունը, որպեսզի արգելափակեն ինտեգրացիայի գործընթացը։
Գիտակցելով այդ վտանգը, թուրքական «Դեհափ» կուսակցությունը հույս է
հայտնում, որ «համընդհանուր իրավական նորմերով Օջալանի կրկնակի
դատավարությունն անցկացնելը նոր հնարավորություն կստեղծի քրդական խնդիրը
քննարկելու եւ լուծելու համար»։

Տ.Պ.