– Ձեզ բավարարո՞ւմ է ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության վերաբերմունքը եւ ուշադրությունը Ադրբեջանում օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների նկատմամբ:
– Այդ կազմակերպությունների դերն Ադրբեջանում, ինչպես նաեւ՝ ամբողջ Հարավային Կովկասում ժողովրդավարության զարգացման եւ պաշտպանության գործում չի կարելի համարել բավարար։ Արեւմտյան ինստիտուտների հետ Ադրբեջանի սերտ համագործակցության տարիներին իրադրությունը երկրում վատացել է բոլոր ոլորտներում։ Արդեն քանի տարի միջազգային կազմակերպությունների տարբեր ռեյտինգային ցուցակներում մեր երկիրն առաջատար դիրքեր է զբաղեցնում՝ ըստ բոլոր բացասական ցուցանիշների։ Որպես ԶԼՄ-ների ներկայացուցիչ՝ ես պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ Ադրբեջանում նպատակասլաց եւ հետեւողական ձեւով ոչնչացվում է խոսքի ազատությունը, եւ հաստատվում է մենաշնորհ մեդիայի նկատմամբ՝ փորձելով սահմանել վերահսկողություն հասարակական գիտակցության նկատմամբ։ Նման գործընթացներ տեղի են ունենում բոլոր ոլորտներում։ Այդ ամենը չէր լինի, եթե միջազգային կազմակերպություններն իրականացնեին իրենց մանդատը։ Թե չէ երբեմն տեսնում ենք ժողովրդավարության նմանակում, այլ ոչ թե իրական գործեր։
– Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական ազատությունների հետ կապված իրավիճակի, միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանության՝ ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության գնահատականներն արդարացի ու հավասարակշռված համարո՞ւմ եք, թե՞ կիրառվում է երկակի ստանդարտների քաղաքականությունը:
– Հարավային Կովկասում տեղի ունեցած ընտրությունների՝ միջազգային կազմակերպությունների գնահատականը երբեք չի եղել արդարացի եւ հավասարակշռված։ Ավելին՝ այդ կազմակերպություններն իրենց դիրքորոշմամբ խրախուսել են իշխանություններին՝ մղելով նոր խախտումների։ Ահա թարմ օրինակ. նախորդ ընտրությունների ոչ ադեկվատ գնահատականը հանգեցրեց այն բանին, որ Հայաստանում ընտրություններն ավարտվեցին բողոքի գործողությանը մասնակցող խաղաղ ցուցարարների ջարդով եւ սպանություններով, Վրաստանում՝ խորհրդարանական ընտրությունների զանգվածային կեղծումներով, իսկ Ադրբեջանում՝ ընտրական գործընթացի խստացմամբ։
– Ինչպե՞ս են Ադրբեջանում վերաբերվում երկրի ժողովրդավարացման գործընթացներին եվրոպական կազմակերպությունների տված գնահատականներին, արդյո՞ք այդ գնահատականները նշանակություն ունեն այս ուղղությամբ երկրում իրական առաջընթացի համար:
– Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանի իշխանություններն օրեցօր բոլոր ոլորտներում ընդլայնում են քաղաքացիների իրավունքների խախտումների դաշտը, ապա կարող ենք եզրակացնել, որ միջազգային կազմակերպությունների որոշումները մեր երկրի վրա զրոյական ազդեցություն ունեն։ Այս ամենը խոսում է այն մասին, որ Արեւմուտքում ժողովրդավարական ինստիտուտներն ապրում են լուրջ ճգաժամ եւ իրենք ունեն բարեփոխման կարիք։
– ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվեց ՀՀ-ում հետընտրական եւ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իրավիճակները: Ի՞նչ գործոններ են ազդում ԵԽ-ում այդ քննարկումների վրա:
– ԵԽ ԽՎ-ն, ինչպես եւ մյուս կազմակերպությունները, ելնում են Հարավային Կովկասի երկրների նկատմամբ ռազմավարական շահերի իրականացման խնդրից՝ կատարելով մարտավարական զիջումներ։ Օրինակ՝ Հայաստանի քվեարկության իրավունքի սառեցման հարցը հետաձգվեց մինչեւ հունվար։ Այդպես պատահեց նաեւ Ադրբեջանի դեպքում։ Հատուկ վերաբերմունք կա պսեւվդոժողովրդավարական Վրաստանի նկատմամբ։ Ես չեմ կարծում, թե ինչ-որ կերպ կարելի է արդարացնել ժողովրդավարության հարցում կատարվող մարտավարական զիջումները։ Եվ դրա օրինակը Հարավային Կովկասի բոլոր երկրների դառը փորձն է։ Մեծաթիվ մարտավարական պարտությունները չեն կարող վերաճել ռազմավարական հաղթանակի։
– Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իրավապաշտպանները այս երեք երկրների՝ ԵԽ-ին անդամագրումից հետո առաջին անգամ դիմել են ԵԽ ԽՎ-ին` առաջարկելով նշանակել քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցողի: Սա կարո՞ղ է հանգեցնել կոնկրետ արդյունքների, եւ կա՞ արդյոք իմաստ՝ շարունակել երեք երկրների իրավապաշտպանների այդ համագործակցությունը:
– Վաղուց ժամանակն է, որպեսզի երեք երկրների քաղաքացիական հասարակությունները համագործակցեն հանուն Հարավային Կովկասում ժողովրդավարության հաստատման, եւ այդ բանը սկսում են հասկանալ ժողովրդավարության կողմնակիցները։ Առանձին կովկասյան երկրների խնդիրների նկատմամբ տարածաշրջանը կարիք ունի համալիր տարածաշրջանային մոտեցման։ Միայն Հարավային Կովկասի ամբողջ տարածքում ժողովրդավարական արժեքների հաստատումը կարող է դառնալ տարածաշրջանի բազմաթիվ խնդիրների լուծման բանալին՝ տարբեր ոլորտներում քաղաքացիների համար հավասար իրավունքների ապահովման, խոսքի ազատության, օրենքի գերակայության հարցերից՝ մինչեւ առկա տարածքային հակամարտությունների խաղաղ կարգավորումը։