Վերաբերմունքի հիմքում ոչ թե արժեքներն են, այլ՝ շահերը

20/07/2008

ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում Հայաստանում եւ Ադրբեջանում ժողովրդավարական գործընթացների քննարկումներն ու արդյունքում ընդունված փաստաթղթերն անմիջապես դարձան երկու երկրներում կարեւորագույն թեմաները: Ո՞րն է դրա պատճառը` Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների կողմից եվրոպական կառույցների վերաբերմունքի հարցում նախանձախնդրությո՞ւնը, ստորացուցիչ պատժամիջոցների չարժանանալու հրամայակա՞նը, Հայաստանի եւ Ադրբեջանի խնդիրները նույն մամլիչի տակ դնե՞լը, թե՞ ուրիշ հանգամանքներ: Այս մասին են մեր հարցազրույցները հայ եւ ադրբեջանցի փորձագետների, իրավապաշտպանների ու քաղաքական գործիչների հետ:

«Ռեգիոն» կենտրոն

– Ձեզ բավարարո՞ւմ է ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության վերաբերմունքը եւ ուշադրությունը Հայաստանում օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների նկատմամբ:

– Ոչ, չի բավարարում: Տպավորություն ունեմ, որ Հայաստանը եւ տարածաշրջանի երկրներն այդ իմաստով մեծապես դուրս են ուշադրությունից: Դա արտահայտվում է հետեւյալ կերպ. այն անօրինականությունները, որոնք եվրոպացիները բացառում են իրենց տանը, կարող են նորմալ համարել Հայաստանում: Եվրամիության կառույցներն աչք են փակում Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարումների եւ ազատությունների սահմանակումների վրա: Փաստորեն` կա տարանջատում յուրայինների եւ օտարների: Նմանապես` ազգերի ինքնորոշման սկզբունքը կիրառելի, ընդունելի եւ անբեկանելի էր ալբանացիների դեպքում, իսկ ԼՂՀ-ի դեպքում` ոչ: Ավելին, Ադրբեջանին վերաբերող վերջին բանաձեւում նույնիսկ նշվել է, որ Ադրբեջանի ժողովրդավարացմանը խանգարում է տարածքային ամբողջականության խախտված լինելու հանգամանքը: Նման բան երբեք չի ասվել Սերբիայի դեպքում: Սերբիայի ժողովրդավարացման գործընթացները զարգանում էին Կոսովոյի անկախացմանն ու պետականության կայացմանը զուգահեռ: Այդ բանաձեւն Ադրբեջանի համար լավագույն պատրվակն է ժողովրդավարացման գործընթացի դադարեցման համար: Հայաստանը եւ Ադրբեջանը եվրոպացիների համար օտար երկրներ են, եւ նրանք կարծում են, որ մեր երկրների հետ կարելի է հարաբերվել` հիմնվելով երկակի ստանդարտների վրա, հետապնդել աշխարհաքաղաքական նպատակներ եւ երկրորդական տեղում թողնել մարդու ազատությունների ու իրավունքների պաշտպանությունը: Ես դրա մեջ մեծ վտանգ եմ տեսնում: Եվրախորհրդի պաշտոնյաների վարքագծի արդյունքում Հարավային Կովկասի երկրների ժողովուրդների աչքերում եվրոպական արժեքները հետզհետե վարկաբեկվում են:

– Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական ազատությունների հետ կապված իրավիճակի, միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանության՝ ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության գնահատականներն արդարացի ու հավասարակշռված համարո՞ւմ եք, թե՞ կիրառվում է երկակի ստանդարտների քաղաքականությունը:

– Գնահատականներն արդարացի չեն: Նման վերաբերմունքի եւ մոտեցումների դեմ բողոքի նշան էր «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի` իր աշխատանքը Վեհաժողովում դադարեցնելու որոշումը: Նա հայտարարեց, որ կվերադառնա իր մանդատին, երբ ՀՀ-ն կսկսի համապատասխանել իր եւ եվրոպական չափանիշներին: Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքում կար կոչ` ուղղված ԵՄ պաշտոնյաներին՝ վերադառնալու եվրոպական արժեքների բարձունքին: Այդպես նա քննադատում է նրանց աշխատաոճը: Արդարացի քննության փոխարեն՝ եվրոպական պաշտոնյաները զբաղված են աշխարհաքաղաքական պատեհական նպատակների իրականացմամբ: Ր. Հովհաննիսյանի քայլն անմիջապես արձագանք ստացավ: Սակայն, եթե անգամ նրան քննադատեցին այդ քայլի համար, կոչ անելով վերադառնալ, այնուամենայնիվ, շատերը հասկացան, որ ինչ-որ բան ճիշտ չեն արել: Դա եվրաչինովնիկներին սթափեցնելու իրապես միակ միջոցն էր, եւ դրա արդյունքները դեռ կերեւան: Հայաստանում չակերտավոր հայրենասերները նշում են, որ, տեսեք, ընդդիմության ներկայացուցիչն ուզում էր, որ Հայաստանի հանդեպ պատժամիջոցներ կիրառվեն: Իրականում այն, որ Հայաստանի պատվիրակության մեծ մասն իր բոլոր ջանքերը կենտրոնացրեց Հայաստանի իշխանությունների` հակաժողովրդավարական մեթոդներով երկիրը կառավարելու իրավունքի վերահաստատման վրա, բերեց ավելի լուրջ պատժի. Հայաստանի եւ ԼՂՀ-ի քաղաքացիների ազատությունը փոխանակվեց Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ: Այսպիսով մեզ պատժեցին` հասկացնելով, որ եթե մենք դեռեւս չենք հասունացել այնքան, որպեսզի մեզ գնահատեն ժողովրդավարական չափանիշներով, ապա արժանի չենք մեր հանդեպ ինքնորոշման իրավունքի կիրառմանը:

– Ինչպե՞ս են, ըստ Ձեզ, մեր երկրում վերաբերվում Հայաստանի ժողովրդավարացման գործընթացներին եվրոպական կազմակերպությունների տված գնահատականներին, արդյո՞ք այդ գնահատականները նշանակություն ունեն այս ուղղությամբ երկրում իրական առաջընթացի համար:

– Մեր քաղաքացիների քաղաքական գրագիտության մակարդակը բավականին բարձր է, նրանք կարողանում են վերլուծել, վերապահումներով են վերաբերվում լրատվամիջոցների հայտնած տեղեկություններին, հաճախ չեն վստահում դրանց: Անգամ Եվրախորհրդի ամենահեղինակավոր ամբիոններից հնչեցրած գնահատականներն ընդունելուց առաջ՝ մարդիկ դատում են` արդյո՞ք դրանք արդարացի են եւ օբյեկտիվ: Եթե կա կեղծավորություն եւ անհետեւողականություն, ապա մարդիկ դա միանգամից զգում են: Իշխանությունների վերաբերմունքն այդ գնահատականներին դարձյալ միանշանակ չէ: Եթե գնահատականների բովանդակությունը ձեռնտու է նրանց, ասում են, որ դա վերջին ատյանի ճշմարտություն է, եթե ձեռնտու չէ, ապա, սկսած Տիգրան Թորոսյանից եւ վերջացրած Հանրապետական կուսակցության պատգամավորներով, քննադատում, դժգոհում են: Ցանկացած գնահատական մեկնաբանվում է պահի թելադրանքի համաձայն: Վերաբերմունքի հիմքում ոչ թե արժեքներն են, այլ` մանր իշխանական շահիկները:

– ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվեց Հայաստանում հետընտրական եւ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իրավիճակները: Ի՞նչ գործոններ են ազդում ԵԽ ԽՎ-ում այդ քննարկումների վրա:

– Պետք է ասեմ, որ Եվրամիության կառույցների վերաբերմունքը Հայաստանի եւ Ադրբեջանի հանդեպ հավասար չէ: Կա երկակի ստանդարտների ակնհայտ դրսեւորում: Հայաստանի դեպքում ասում են, որ անցումային շրջան է, կայացման խնդիր կա, ամեն ինչ կարճ ժամանակում չի լուծվում, բայց դրանք ընդամենն արդարացումներ են, որոնք հնարավորություն են տալիս գործող իշխանություններին՝ շարունակել իրենց հակաժողովրդավարական գործելաոճը: Ադրբեջանի դեպքում ներողամտության պատճառ կարող է լինել նավթային գործոնը, Մոսկվայի հետ Բաքվի սկսած սիրախաղը կամ ընտրական գործընթացների նախաշեմին գտնվելու հանգամանքը:

– Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իրավապաշտպաններն այս երեք երկրների՝ ԵԽ-ին անդամագրումից հետո առաջին անգամ դիմել են ԵԽ ԽՎ-ին` առաջարկելով նշանակել քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցողի: Սա կարո՞ղ է հանգեցնել կոնկրետ արդյունքների, եւ կա՞, արդյոք, իմաստ՝ շարունակել երեք երկրների իրավապաշտպանների այդ համագործակցությունը:

– Կարծում եմ, որ համագործակցությունը հատկապես այս ոլորտում կարող է լավ հիմք լինել երեք երկրներում մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունների աշխատանքի համար: Շատ կարեւոր է, որ երեք երկրներն էլ միասնաբար հռչակել են եվրաինտեգրման ուղղություն: Եվրոպական արժեքների մեջ ամենակարեւորը ոչ թե սահմաններն են, այլ մարդը եւ նրա իրավունքները: Ի դեպ, իմ խորին համոզմամբ՝ այդ նախաձեռնության մեջ ճիշտ կլիներ ընդգրկել նաեւ տարածաշրջանի չճանաչված պետությունները ներկայացնող իրավապաշտպաններին. դրանցում էլ շատ են մարդու իրավունքների հետ կապված խնդիրները: Չեմ կարծում, որ այս խնդրում իրարից թաքցնելու բան ունենք: Մեր հարաբերությունները կարող են բարելավվել ոչ թե այն դեպքում, երբ Հայաստանը կհաղթի, եւ Ադրբեջանը կպարտվի (կամ` հակառակը), այլ՝ երբ Հայաստանում կսկսեն հարգել թե՛ իր, եւ թե՛ Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները, իսկ Ադրբեջանում էլ` Հայաստանի եւ ԼՂՀ-ի քաղաքացիների իրավունքները: