Ալեքսանդր Միխայլով «Առ Մոցարտ եւ Կիերկեգոր նախերգանքներից»

20/07/2008 Վարդան ՖԵՐԵՇԵԹՅԱՆ, թարգմանություն

Ջութակների եւ նվագախմբի մնացյալ գործիքների միջեւ ասես ինչ-որ ճեղք է հայտնաբերվում, եւ ահա այդ դրամատիկ բնույթի ճեղքից հորդում են զանազանակերպ կենցաղային պատկերներ, ամենայն վարքուբարքը, որ հանկարծ դրսեւորում է իր նմանությունը Մոցարտի երաժշտության այդ մասի հետ, իր հավասարաձեւունակությունը նրան: Ահա` երաժշտության հարստությունը, իսկական, անտրոհելի, համընդգրկուն, իրենից ավելի ոչինչ չպահանջող, ինքնաբավ, հիասքանչ, իրենով գերազանցող այս աշխարհի ողջ շքեղությունը` այն ամենը, ինչ որ պարփակված է դեռ այս երաժշտության հոյակապության մեջ: «գ արդյո՞ք իմ ականջը դադարել էր լսել` առ Մոցարտի երաժշտությունը սիրուցգ»:

Որպեսզի լսես գոյի երաժշտությունը` այնպիսին, որը ոչ մի հակասանքի մեջ չի մտնի նրա հետ, այլ կշարունակի այն, շարունակվելով նրանում. որպեսզի լսես գոյության երաժշտությունը, պետք է նաեւ դադարես լսել: Փակել վիհը կատարվողի եւ այն բանի միջեւ, որը պետք է, ըստ մտահղացման, կատարվի, կատարվողը, որ կատարվում է այնպես, ինչպես կատարվում է, եւ այն, թե ինչպես պիտի կատարվի: Դժբախտ երաժիշտները, նկատում է Կիերկեգորը, դժբախտ են որպես երաժիշտ, այլ ոչ թե որպես մարդ եւ աղքատգ Դժբախտ, բայց չէ՞ որ նրանց կատարածում, միեւնույն է, պարփակված է աշխարհի պերճանքը: Այդ մասին ոչ նրանք, ոչ էլ շուրջը հավաքված ունկնդիրները չգիտեն, բայց եւ տեղյակ են:

Կիերկեգորն ամեն ինչ նրբորեն լսել է եւ նրբորեն կառուցել: Կարճ հատվածում տեղավորված է Աստված գիտի քանի էջ:

Սկզբում Կիերկեգորը հանդես է գալիս համարյա թե որպես երաժշտության տեխնիկ` լսել հնչածը ոչ միայն որպես ինչ-որ իմաստ, ինչ-որ տրամադրություն եւ զգացմունք, այլ՝ որպես ջութակի շեշտադրում եւ աղեղի շարժում, այսինքն՝ լսել երաժշտությունն իր անկապտելի միաձուլմամբ գործիքավորի ֆիզիկական շարժմանը, լսողությամբ եւ մարմնով վերապրել այդ շարժումը. այդ ամեն մեկին տրված չէ, միայն երաժշտության իսկական գիտակին: Ամենասկզբում Կիերկեգորն այդպես էլ լսում է` երկու ծանոթ շեշտադրում, կամ աղեղի շարժում: Նա լսում է աղեղի շարժումը եւ անհապաղ տեղափոխվում է լսողությամբ եւ հենց իր մարդկային գոյությամբ Մոցարտի նախերգանքի տվյալ տեղը: Եվ կնշանակի, այդ նախերգանքը եւ նախերգանքի այդ կտորը Կիերկեգորը համակողմանի մարսել է` հասկացել, ապրել եւ ընկալել է տեխնիկականի եւ իմաստայինի միասնության, նրանց անբաժանության մեջ: Անբաժան միասնության մեջ եւ ընդմեջ դրա հայտնվել է Կիերկեգորի հայացքին` ոչ միայն բաց հայացքին` բացված լսողությամբ, եւ այնպես, ինչպես լսողությունը կամեցել է հենց երաժշտության կամոք, եւ աղքատ երաժիշտները քաղաքի փողոցում, եւ նրանց աղքատ հագուստի եւ կերպարների, նրանց շրջապատողների ամենայն մանրամասները, եւ ամեն, ամեն բանգԱմեն ինչ սկսվեց աղեղի շարժումից: Շարժումից, որ որսացել է նրբին եւ փորձառու լսողությունըգ

Նախերգելով, մենք բնավ չհասանք Կիերկեգորի եւ նրա փիլիսոփայության մեջ ԴոնԺուանականին, չհասանք հավերժական կերպարի կիերկեգորյան մեկնությանը, իսկ հավերժական կերպարը Կիերկեգորի համար չի ստեղծել իսպանացի Տիրսո դե Մոլինան, ոչ ֆրանսիացի Մոլիերը, ոչ էլ նրանք, ովքեր մինչեւ Մոցարտը ստեղծել եւ մշակել եւ զարգացրել են այդ կերպարը: Եվ ստեղծել է ոչ թե Լորենցո դա Պոնտեի գրիչը, արկածախնդրի համբավով այդ թատերական գործիչը, այսպես թե այնպես, լիբրետոյի հեղինակը, առանց որի չէր լինի հենց Մոցարտի օպերան` դա արդեն հաստատ:

Կիերկեգորի համար հավերժական կերպարի միակ արարիչը միայն Մոցարտն էր: Դե, ինչպե՞ս այլ կերպ: Չէ՞ որ այդ կերպարի մեջ լուծվել եւ փոխակերպվել է Մոցարտի ողջ երաժշտությունը: Հենց այդ կերպարն է աշխարհ բերում եւ Մոցարտի օպերայի ողջ երաժշտությունը` ծնում է այն ամենով, ինչը որ նրանում կա, սկսելով շարժումներից, որ անում են նվագողները, կատարելով այդ երաժշտությունը, եւ վերջացնելով նրանում պարփակված իմաստով, սկսած առանձին վերցրած ամեն մի ֆրազովգ Եվ սակայն, նույնիսկ «չսկսելով» եւ «չավարտելով», այլ ամենայն ինչի միասնությամբ, որը միտված է համընդհանուր օգտին, ծնելով Դոն Ժուանի հետ համատեղ միաձույլ ջանքերով: Երաժշտության նյութական, իրեղեն կողմը, այն, թե ինչպես է կատարվում, դա էլ հենց Մոցարտի երաժշտությունն է, Մոցարտի երաժշտության իրադարձությունը, նրա իրագործումը մեր «աչքի առջեւ»` նրան հառված լսողության աչքի առջեւ:

Սակայն, եւ մենք էլ կողքից արդեն դիտարկել ենք, թե դա ինչպես է կատարվում Կիերկեգորի դեպքում, միայն թե այդ մասին շատ քիչ բան ասացինք եւ չափազանց նվազ մեկնաբանեցինք մտածողի խոսքերը:

Եվ, այդուհանդերձ, մենք նախերգելով՝ չհասանք ամենաէականին, ինչը որ Կիերկեգորը կապում էր մոցարտյան հավերժական կերպարին: Չհասանք նրանց դժգոհությանը, ովքեր չեն կարդացել «Կամ-Կամի» առաջին մասի երկրորդ բաժինը: Մենք կանգ առանք Կիերկեգորի դիապսալմատների վրա, կանգ առանք նրա դիպսալմատներից մեկի վրա եւ չկարողացանք նույնիսկ տեղից շարժվել, ընթերցելով այն: Սակայն չարիքն այդ չէ` համենայն դեպս, ձգտումն ու տենչն անտարբեր յուրացումից լավ է եւ արժեքավոր: Կիերկեգորը Մոցարտի երաժշտության երեւելի լսողներից մեկն էր, նրա մեծագույն ունկնդիրներից մեկը:

Ինչ քիչ է նա նման սիրող-երաժշտին, լսող-երաժշտին, երաժշտություն լսող-տեխնիկին: Յուրաքանչյուրի հետ ինչ-որ ընդհանրություն կա` հմայվածություն երաժշտությամբ, համաստեղծագործական ուժը, ճշգրիտ ունկնդրման հիմնարարությունը: Բայց ամեն ինչ՝ իր հունով: Կիերկեգորյան լսողության մեջ կրկին վերածնվող Դոն Ժուանը` պատմականորեն անկրկնելի, արդեն ներքին փորձով անվերարտադրելի մտածող, գիտակցության եւ գեղարվեստական գլուխգործոցի բացառիկության զուգամիտումը:

Հետնախերգանք

Եթե այնպես պատահեց, որ մեր նախերգանքները հարաբերակցվում էին Կիերկեգորի դիապսալմա-նախերգանքին, ապա սոսկ սկսվածի ավարտին հարմար է գալիս հետնախերգանքը:

Դանիացի մտածող Սյորեն Կիերկեգորի կենաց օրերին Ավստրիայում ապրում էր Ադալբերտ Շտիֆտերը: Նրանց կյանքի ժամանակը համարյա համընկնում էր` Կիերկեգորի ապրած տարիներն են` 1813-1855, Շտիֆտերի ապրած տարիները` 1805-1868: Եթե նրանց ինչ-որ բան բաժանում է, ապա ոչ թե ժամանակը, այլ տարածությունը` Գերմանիան՝ իր մշակութային բազմակերպ զարգացող շրջանների ուժգնությամբ: Այդ գերմանական աշխարհի վայրերը, հավանաբար, ձգտում էին համակարգված լիության, բայց ծայրահեղությունների` ամեն անգամ իրենց հոգում բացահայտվող եւ դրսեւորվող էքզիստենցիալ դիրքորոշման սրման:

Այժմ, սակայն, դիրքորոշումների զուգակցման մասին չէ խոսքը: Ադալբերտ Շտիֆտերի պերսոնաժներից մեկը պատմում է մարդկային հոգու ստեղծածների հանդեպ իր երկրպագության մասին: Նրա գրադարանում դարսված են մանրակրկտորեն ընտրված եւ կանոնավորապես դարսված գրքեր այն լեզուներով, որոնք նրանց տերը չգիտի` սանսկրիտով, արաբերեն, հունարեն: Գրքերը կենում են ակնածալից լռության մեջ: Դրանք` հուշարձաններ են իրենք իրենց: Ժամանակ առ ժամանակ տերը վերցնում է դրանք դարակներից եւ բացում, նրա հայացքը սիրով կանգ է առնում էջերի վրա` ասես շոյում է դրանք: Հետո նա զգուշորեն գրքերը զետեղում է պահարանում:

Գլուխգործոցների այդ ակնածալից երկրպագությանն այլ կերպ չի կարելի մոտենալ, քան հարգանքով: Իրերի ֆակտուրան եւ մակերեւույթը, որոնց իմաստը հայտնի է` իմացողի համար ամենաարտաքին եւ մակերեսային շերտն է: Լավ է, եթե հիշողությունը պահում է իր մեջ առաջին ծանոթության առաջին պահերը: Այդ պահերը դիմում են լսողին եւ ընթերցողին իրենց մակերեւույթով: Դրանից սկսում է ուղին առ խորություն: Լավ է, եթե ընթերցանությունը սկիզբ է առնում երկրպագությունից եւ արմատավորված է իրի պաշտամունքի մեջ` ցանկացած գլուխգործոց ասես փաթաթված է իր մակերեւույթով: Իմացությունը սկսվում է հարգալից վերաբերմունքից առ ձեռագիրը, իր գրաֆիկական պատկերը` նրա այն տեսքը, որն, ասես, հիերոգլիֆորեն դրոշմում է իրենում ողջ իմաստը` ոգու գալիք հիացքների նախագուշակությունը:

Պարզ պատկերացնում եմ այն մարդուն, ով առանց նոտաներն իմանալու՝ իր ձեռքին բռնած կլիներ Մոցարտի պարտիտուրը: Ես պատկերացնում եմ, բայց չեմ ճանաչում նրան: Անկասկած, այդ պարտիտուրը նրան շատ բան կասեր, նրա համար համր չէր մնա: Կարելի է առանց տատանվելու պնդել, որ եթե հայտնվեր այն այդպիսի մարդու ձեռքին բավականաչափ վաղ` թեպետ պարտիտուրները երկնքից չեն ընկնում եւ հազվադեպ են ժառանգություն հասնում անիրազեկներին, նա նրա միջոցով հետզհետե կսկսեր ներթափանցել երաժշտության աշխարհը, իսկ երաժշտության միջոցով` հենց պարտիտուրիգ

Մոցարտի տարին՝ 1991-ը, Արեւմուտքում նշանավորվեց երկու իրադարձություններով: Ամեն ոք կարող էր այդ տարին խանութում գնել եւ իր հետ տանել ոչ այնքան թանկ Մոցարտի լիակատարի գրպանային արտադրանքը: Եվ ամեն ոք կարող էր գնել, ոչ այնքան թանկ գնով, Մոցարտի բոլոր ձայնագրված ստեղծագործությունները: Այդ ամենը մարդկանց ընթերցելու ու երկրպագելու այնպիսի հնարավորություններ է ընձեռում, որոնց տեղյակ չէր Շտիֆտերի պատմվածքի հերոսը: Մոցարտին սիրողը նրա տիրապետության տակ է գտնվում: Նա կանգնած է Մոցարտի նշանի ներքո:

Հայտնի է ինքնագոհության մեղքը` տիրելու ինքնագոհությունը: Չունենալով ոչինչ, կարելի է դրանից չսարսափել: Սակայն ոչինչ չունեցողը հեշտությամբ կարող է ընկնել անհարգալից լինելու մեղքի մեջ` քամահրական վերաբերմունքն առ այն ամենը, ինչը նա չունի: Հանկարծ պարզվում է, որ նրան ամեն ինչ օտար է: Այդպես աղքատանում է մշակույթը:

Կիերկեգորն ակնածում էր Մոցարտի առաջ, թեեւ ունկնդրում եւ երկրպագում էր նրան ոչ երաժշտի պես: Նրանք հանդիպեցին համամտածողության թաքնաթաքուր ոլորտում` այնտեղ, ուր խորհրդավոր կերպով վառվում է նոր, ոչ մեկից չկանխատեսվող լույսը: Նոր իմաստի լույսն առավել քան անորսալի է ստեղծագործությունից` իր թեկուզ եւ հարաբերական ավարտունությամբ եւ տեսանելիությամբ: Այն ծնվում է ստեղծագործությունների հանդիպման մեջ, եւ ըմբռնել նրա անկրկնելի էությունը կարելի է լոկ խորանալով մեկի ստեղծագործության մեջ` կոմպոզիտորի, եւ մյուսի ստեղծագործության` մտածողի: Հանդիպումը երկուստեք լուսաբանում է նրանց: Մենք դեռեւս քիչ գիտենք այն մասին, ինչը որ տեղի է ունեցել այդ հանդիպման ժամանակ, բայց թող որ այն չլինի մեզ համար օտար եւ խորթ: