Այլեւս բացահայտ հակասություններ

20/07/2008

Մինչ Հայաստանում հասարակական-քաղաքական շրջանակները շարունակում են քննարկել ՀՀ նախագահ

Սերժ Սարգսյանի` հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Մոսկվայում արած հայտարարությունը, երեկ նա եւս մեկ անգամ հաստատել է իր տեսակետը. «Բնականոն քաղաքական հարաբերությունների ստեղծումը մեզ հնարավորություն կտա ձեւավորելու հանձնաժողով, քննարկելու Հայաստանին ու Թուրքիային վերաբերող բոլոր խրթին հարցերը»,- «The Wall Street Journal» հանդեսին տված հարցազրույցում ասել է Ս. Սարգսյանը` Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլին եւս մեկ անգամ հրավիրելով Հայաստան` երկու երկրների ֆուտբոլի հավաքականների խաղը միասին դիտելու նպատակով: «Դրանով իսկ կազդարարենք մեր հարաբերությունների նոր խորհրդանշական սկիզբը»,- հայտարարել է ՀՀ նախագահը: Այս հարցազրույցը հետաքրքիր է ոչ միայն հայ-թուրքական հարաբերությունների տեսանկյունից. «հետաքրքիր զուգադիպությամբ» այն հրապարակվեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի հետ գրեթե միաժամանակ: Իսկ այդ հարցազրույցում` մեկնաբանելով այն կարծիքը, թե ինքը դեռ շարունակում է ղեկավարել երկիրը, Ռ. Քոչարյանն ասել է բառացիորեն հետեւյալը. «Եթե դա այդպես լիներ… հաստատ Թուրքիայի նախագահը չէր հրավիրվի Երեւան` ֆուտբոլ դիտելու»: