Ռուսաստանի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն,
քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին մայիսի 13-ին հարցազրույց է տվել ամերիկյան
Washington ProFile էլեկտրոնային թերթին՝ վերլուծելով Ռուսաստանի արտաքին
ու ներքին քաղաքականությանն առնչվող հարցեր։
«Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական շահերը թե՛ Հարավում եւ թե՛
Արեւելքում ընդհանուր են։ Եվ պատահական չէ, որ Առաջին եւ Երկրորդ
աշխարհամարտերում Ռուսաստանն ու ԱՄՆ-ը դաշնակիցներ են եղել։ Բայց հիմա,
շահերի ակնհայտ համապատասխանության պարագայում, անհեթեթ իրավիճակ է
ստեղծվել։ Մենք այսօր ապրում ենք այնպիսի վտանգավոր աշխարհում, որ առաջին
հերթին պարտավոր ենք մտածել աշխարհաքաղաքական համընկնող շահերի մասին եւ
ոչ թե այն հարցերի, որոնք մեզ բաժանում են»,- այսպես է բնութագրում
ռուս-ամերիկյան հարաբերությունները քաղաքագետ Անդրեյ Պիոնտկովսկին։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականությունը խելահեղ է, քանի որ
ռուսները մի կողմից՝ հավաստում են, թե իրենց ռազմավարական շահերը
համընկնում են ԱՄՆ-ի հետ, մյուս կողմից՝ վարում բացահայտ հակաամերիկյան
քաղաքականություն։ Եվ այս հայացքները մամուլի ու հեռուստատեսության
միջոցով ակտիվորեն ներշնչվում են հասարակությանը։ «Օրինակ՝ ի՞նչ ասաց
Պուտինը Բեսլանից հետո։ Նա ասաց, որ ահաբեկիչներն ուղղակի գործիք են
Ռուսաստանի առավել հզոր եւ ազդեցիկ թշնամիների ձեռքում։ Դժվար չէ կռահել,
թե ում նկատի ուներ նա»,- ասում է Պիոնտկովսկին։
Թղթակցի այն հարցին, թե ի՞նչ նկատի ուներ Պուտինը, հայտարարելով, որ ԽՍՀՄ
փլուզումը 20-րդ դարի ամենամեծ աղետն էր, ռուս քաղաքագետը պատասխանում է.
«Նա անկեղծորեն այդպես է մտածում։ Այդտեղ ինչ-որ մեկին դուր գալու թաքուն
ձգտում պետք չէ փնտրել։ Կարդացեք «Առաջին դեմքով։ Զրույցներ Վլադիմիր
Պուտինի հետ» գիրքը։ Այնտեղ ամեն ինչ ակնհայտ է։ Պուտինը Խթը-ի մանր
աշխատակցի գիտակցություն ունի։ ԽՍՀՄ-ի հետ փլուզվել է նրա աշխարհը, թեեւ
այդ աղետն է նրան հասցրել նման բարձր դիրքի։ Պուտինի նման շատ մարդիկ ԽՍՀՄ
փլուզումը դիտում են որպես աշխարհում ունեցած իրենց կարգավիճակի անկում։
Նրանք այդ ամենն անձնական են համարում։ Ի՞նչ է ռուսական քաղաքական
վերնախավը։ Դա նույն խորհրդային քաղաքական վերնախավն է, գուցե՝ երկրորդ
կամ երրորդ տեսակի։ Այդ մարդիկ ամեն ինչ սրտին մոտ են ընդունում»։
«Ոչ հեռավոր անցյալում համաշխարհային քաղաքականության սուպերլիգայում կար
երկու թիմ՝ ԽՍՀՄ-ն ու ԱՄՆ-ը։ Նրանք մրցում ու պայքարում էին միմյանց հետ։
Բայց այդ ժամանակաշրջանում ԽՍՀՄ-ում այսքան բարձր աստիճանի
հակաամերիկանիզմ չի եղել։ Խորհրդային Միությունն ուներ ուժեղ հակառակորդ,
որին կարելի էր հարգել, ինչն ինքնաբերաբար հանգեցնում էր նրան, որ
խորհրդային վերնախավն ունենում էր ինքնահարգանքի զգացողություն։ Հիմա
վերնախավը զգում է, որ սուպերլիգայում մեկ թիմ է մնացել, իսկ իրենք
տեղափոխվել են առաջին կամ երկրորդ լիգա, ինչն ահավոր վիրավորում է այդ
մարդկանց։ Եվ այդ պատճառով էլ կրքոտ, քարանձավային հակաամերիկանիզմը
դրսեւորվում է քաղաքական բոլոր ելույթներում»,- ասում է Անդրեյ
Պիոնտկովսկին։
Թղթակցի հարցին, թե Պուտինը գնալով հակվում է դեպի ազատական
քաղաքականություն, քաղաքագետը պատասխանում է՝ դա միայն մանեւր է։ Պետական
կառավարման մարմիններին Պուտինի ներկայացրած մեղադրանքները նա համեմատում
է Ստալինի «Գլխապտույտ հաջողություններից» գրքի հետ, որում վերջինս ամեն
ինչի համար մեղադրում էր մանր չինովնիկներին։ «Եթե նկատում եք, Պուտինն
ինձանից ավելի կտրուկ է քննադատում իր վարչակազմի գործողությունները,
օրինակ, հարկային ոստիկանության վարքը։ Հարց է առաջանում՝ ո՞ւմ է
ենթարկվում այդ գերատեսչությունը»։
Այսուհանդերձ, քաղաքագետը չի տեսնում Ռուսաստանի ազատականացման ոչ մի
միտում, այլ նկատում է, որ պուտինյան խմբավորումը հեղինակության կորուստ է
ունենում։ «Ռուսական իշխանություններին չի սպառնում «նարնջագույն
հեղափոխություն»։ Սոցիալական բռնկումները կարելի է մարել նավթադոլարներով,
սակայն շատ մարդիկ, հատկապես՝ քաղաքական շրջանակներում, սկսել են այդ
խմբավորմանը չվստահել։ Իշխանություններին սպառնում է համատարած
հիասթափություն»,- գտնում է նա։
Քաղաքագետի կարծիքով, Պուտինը ոչ միայն չի կարող, այլեւ չի ուզում
տարանջատվել «ուժային» խմբավորումից, որովհետեւ իր մտակերտվածքով եւ
քաղաքական ծագմամբ «ուժային» է։ «Նա սիրում է լինել Բուշի ռանչոյում,
Շիրակի հետ պտտվել Ելիսեյան դաշտերով, բայց հոգով չի կարողանում կտրվել
«ուժայիններից»։ Հասկանալով, որ «ուժայիններն» արդեն շատ են խորացել, նա
փորձում է ինչ-որ կերպ հանդարտեցնել Ռուսաստանի քաղաքական դասակարգին»։
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրենը գտնում է, որ մինչեւ
2007-08 թվականները Ռուսաստանում սահուն զարգացումներ սպասել պետք չէ։ Նրա
կարծում է, որ շատ լուրջ ու դրամատիկ իրադարձություններ են լինելու, եւ
վախենում է նոր լայնամասշտաբ ահաբեկչություններից։ «Պուտինյան ռեժիմի
պատմությունը զանգվածային ահաբեկչության պատմություն է։ Պուտինին
շրջապատող «ուժայինները» կօգտագործեն խոշոր ահաբեկչություններն՝ աճող
ընդդիմության հետ հարցերը վճռականորեն լուծելու համար»,- գտնում է
քաղաքագետը։
Տ.Պ.