«Երկիրն ահավոր ծանր վիճակում է»,- ասում է անկախ իրավապաշտպան Արբակ Խաչատրյանը

20/07/2008 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Վերջերս տեղի ունեցավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ռուսաստան, այնուհետեւ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը պաշտոնական այցով եղավ Ադրբեջանում, ապա՝ Թուրքմենստանում եւ Ղազախստանում: Բնականաբար, ծանոթ եք այդ այցերի մասին մեկնաբանություններին: Իրականում դրանք իսկապես այդքան կարեւոր այցեր էին, ինչպես ներկայացվում էին այդ մեկնաբանություններում:

– Հանդիպումները, սովորաբար, լինում են արդյունավետ կամ ոչ արդյունավետ: Արդեն առիթ ունեցել եմ ասելու, որ իմ կարծիքով՝ ճիշտ չէր Սերժ Սարգսյանի նախորդ` մինչ ինագուրացիան կատարած այցը Ռուսաստան: Նման այցերը ես համարում եմ ձեւական` PR նշանակության հանդիպումներ, արված` զուտ հասարակության աչքի համար: Իսկ Մեդվեդեւի` Բաքվում կատարած քայլը` ՌԴ եւ Ադրբեջանի միջեւ կնքված բարեկամության եւ ռազմավարական գործընկերության մասին հռչակագիրը, գլոբալ, համաշխարհային նշանակություն ունեցող հանդիպում էր: Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ժամանակ տեղի ունեցավ մի բան, որը կարող է փոխել համաշխարհային տնտեսությունը: Իսկ համաշխարհային տնտեսությունը քանդվում է, ճգնաժամ է սկսվել` վառելիքի, նավթի թանկացման պատճառով: Այդ հռչակագիրը, կարծում եմ, վաղուց է նախապատրաստվել, ոչ թե միանգամից գնացին եւ ստորագրեցին, 2-3 տարի շարունակ նախապատրաստվել են, մեծ աշխատանքներ են տարվել այդ ուղղությամբ: Հիշո՞ւմ եք, դեռեւս 4 տարի առաջ Նազարբաեւն էր խոսում Կասպից ծովի տակով գազամուղ անցկացնելու մասին, բայց այսօր Ռուսաստանը դա արեց: Դեռեւս 2003թ. ՌԴ նախկին նախագահ Վ. Պուտինին իմ նամակներում գրում էի, որ՝ գազը կգնեք, ու մեր Հայաստանը մի քանի տարի հետո ձեզ տալու բան չի ունենա, որի արդյունքում դուք կհանձնեք Հայաստանըգ Ես Պուտինին խնդրում էի` մի ստեղծեք այնպիսի դրություն, որ հետո հանուն ՌԴ շահերի՝ Հայաստանը հանձնեք, եւ ընդունեք Ադրբեջանին, ու մեզ կհանձնեք, ինչպես 1915 թվին: Այն ժամանակ այլ միջոցներով էին կոտորում, այսօր` տնտեսապես ճնշումների են ենթարկում: ՌԴ-ն իր առջեւ ծագած խոշորագույն հարցերի լուծման համար զոհաբերեց ռազմավարական իր գործընկերոջը: Բայց ՌԴ-ն դա արեց հանուն իր շահերի, ուրեմն մենք էլ պետք է քայլեր կատարելիս մեր շահերը տեսնեինք: Իսկ դրա համար պետք են լուրջ քաղաքական գործիչներ, որոնք կարող են հեռահար քայլեր կատարել: Մեր սխալների պատճառով խաղաղ պայմաններում մենք դարձանք տարածաշրջանում ոչ լիարժեք երկիր: Ասում էի, չէ՞, որ զինադադարը մեզ կործանեց, որովհետեւ մենք սխալ քայլեր կատարեցինք:

– Իսկ տեղյա՞կ եք, թե բացի հրապարակված դրույթներից, ուրիշ ինչ կարեւոր կետեր կան Մեդվեդեւի եւ Ալիեւի միջեւ ստորագրված փաստաթղթում:

– Ռուսաստանն այսուհետ կգնի Ադրբեջանի ամբողջ գազը, եւ ինքը կմատակարարի Եվրոպային: Եթե մինչեւ 2007թ. Ադրբեջանը «Գազպրոմի» գնորդներից էր, ապա այժմ արդեն դարձել է գազ վաճառողներից մեկը: Ընդ որում, Բաքուն Մոսկվայից ոչ միայն դրա դիմաց փող է պահանջում, այլեւ ղարաբաղյան խնդրի լուծման հարցում պահանջներ է դնում: Չմոռանանք, որ ՌԴ-ն ԼՂՀ հարցի լուծման գործընթացում միջնորդ երկիր է հանդիսանում:

Հռչակագրում նշված է նաեւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության մասին: Մինչ օրս թեեւ այդ խնդրի մասին խոսվել է, սակայն, վտանգավորն այն է, որ այսօր այդ մասին փաստաթուղթ է ստորագրվել: Այդպիսով, Հայաստանի տակ դրվեց մի ռումբ, որը շատ արագ կարող է պայթել, մենք շատ արագ կզգանք դրա վնասները: Հարվածը նույնն է, ինչ 1915 թվի կոտորածը, սակայն արդեն տնտեսական ճգնաժամի, շրջափակման տեսքով. այն ժամանակ կոտորում էին այլ զենքով, այսօր` այլ: Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կլինի, եթե մի քանի տարի հետո այդ գազամուղը կառուցվի, մատակարարի աշխարհի հզոր երկրներին: Եվ այդ գազամուղի առկայությամբ մենք ի՞նչ կարող ենք անել: Պարզ է, չէ՞, եթե գազամուղն ունենա համաշխարհային նշանակություն, եւ Ռուսաստանը լինի դրա խոշոր բաժնետերերից մեկը, ինչ վիճակում ենք մենք հայտնվելու, չհաշված Վրաստանում տեղի ունեցող դեպքերը` ռմբակոծումներ, սահմանների փակման սպառնալիք եւ այլն: Ահավոր վտանգ է կախվել ՀՀ-ի վրա: ԵԽ ԽՎ՝ ՀՀ մասին բանաձեւն էլ ցույց է տալիս աշխարհի վերաբերմունքը մեր նկատմամբգ Արտաքին քաղաքականության ասպարեզում եւ ներքաղաքական կյանքում թույլ տրված սխալները, երկրի տնտեսական ծանր վիճակը երկիրն այնպիսի մի վիճակի հասցրեց, որ արդեն մենք ոչ մեկին պետք չենք, հետաքրքիր չենք: Երկրի ներքին այս քաշքշուկն արդեն ծիծաղելի է թվում բոլորին: Նաեւ ծիծաղելի էր, երբ լսեցի, թե ընդդիմությունն իր վերջին` հուլիսի 4-ի հանրահավաքում ինչ խնդիրների մասին է խոսել: Այսօր, երբ երկիրն այս վիճակում է, նրանք քննարկում են մանր հարցեր` ինչ-որ պաշտոնյաների աշխատանքից հեռացնելու հարցերգ Այսօր անթույլատրելի է խոսել նման հարցերի շուրջ` հասկանալով, թե երկիրն ինչպիսի վտանգի առջեւ է կանգնած: Մենք կարո՞ղ ենք այլեւս որեւէ քայլ կատարել՝ մի քանի տարի հետո տասնյակ միլիոնավոր դոլարներ արժեցող գազամուղի շրջակայքում: Իսկ եթե դու ոչինչ չես կարող անել, ուրեմն դու ոչ մեկին պետք չես: Ավելին, ՌԴ նախագահի աշխատակազմի իմ աղբյուրներից տեղեկացա, որ Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպման ժամանակ նաեւ համաձայնություն է ձեռք բերվել հայկական զորքերը ազատագրված 7 շրջաններից դուրս բերելու մասին: Իհարկե, սա ինձ ասվել է բանավոր, իսկ քանի դեռ չեմ տեսել գրավոր որեւէ նյութ այդ մասին` չեմ կարող ասել, թե որքանով է այս տեղեկատվությունը համապատասխանում իրականությանը:

– Իսկ ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը վերջին հանրահավաքում չանդրադարձավ այդ խնդիրներին, հատկապես, որ Մեդվեդեւ-Ալիեւ հանդիպումը կայացել էր դրանից ընդամենը մեկ օր առաջ:

– Տեր-Պետրոսյանը ժամանակ է տվել Սերժ Սարգսյանին՝ որոշ պաշտոնյաների աշխատանքից ազատելու համար: Մարդկանց, որոնց ազատելն անհնար է: Նա չի խոսում տարածաշրջանում ստեղծված այս վիճակի մասին, Մեդվեդեւի եւ Ալիեւի կնքած համաձայնագրի, դրա վտանգների մասին, չի ասում, որ եթե Ռուսաստանը գազն առնում է Ադրբեջանից, ապա դա նշանակում է, որ մենք չենք կարողանալու նրան որեւէ հարված` ոչ էլ տնտեսական հարված տալ, քանի որ այլեւս դա ոչ միայն ՌԴ հարցն է: ՌԴ-ն այդ գազն առնում է` ցույց տալու համար, որ ոչ միայն Թուրքմենստանի, Ղազախստանի, այլեւ Ադրբեջանի գազն էլ է ինքն ուղարկելու Եվրոպա: Սա քաղաքական հզոր քայլ է: Իսկ Ադրբեջանը, պարզ է, հենց այնպես այդ գազը չէր տա ՌԴ-ին: Նրա ցավոտ հարցը Ղարաբաղի հարցն էր: Իսկ Տեր-Պետրոսյանն այդ ուլտիմատումը հատուկ նպատակով է դրել. ժամանակ է շահում: Նա այդ ինֆորմացիան պահում է հարմար պահին ասելու համար, նա զգում է վտանգը: Քաղաքական դեմքը նման լուրը միանգամից չի հնչեցնի. պետք է մշակի ու հարմար պահին տա ժողովրդին: Ժամանակ է պետք, որպեսզի ժողովուրդը պատրաստ լինի այդ ինֆորմացիան ընկալելու համար:

Սկզբում ՌԴ-ի եւ Եվրոպայի կողմից տնտեսական շրջափակում կսկսվի ՀՀ-ի նկատմամբ, ապա ճնշումներ կսկսվեն: Իսկ եթե տնտեսական ճնշումներ լինեն ու ստիպեն, ապա Հայաստանը ոչինչ չի կարող անել, Վրաստանն էլ իր հերթին սահմանները կփակի, պատկերացնո՞ւմ եք` ինչ կլինի:

– ՌԴ-ում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ եթե Թուրքիան բացի Հայաստանի հետ սահմանը, ապա ՀՀ-ն կարող է համաձայնվել ցեղասպանության հարցն ուսումնասիրող պատմաբանների հայ-թուրքական համատեղ հանձնաժողով ստեղծելու առաջարկին: Ինչպե՞ս եք վերաբերվում այս հայտարարությանը:

– Այսօր կարծիքներ եմ լսում` իբրեւ թե Սերժ Սարգսյանին ստիպել են դա ասել: Դրան ես ընդհանրապես չեմ հավատում: Իմ կարծիքով՝ Սերժ Սարգսյանը Մեդվեդեւի եւ Ալիեւի ստորագրելիք այս փաստաթղթի մասին նախապես իմացել է, եւ նա այժմ արդեն մտածում է Հայաստանի համար տնտեսական ճանապարհներ բացելու մասին: Նա գիտակցում է խնդրի լրջությունը:

Դրան էլ լուծում կար: Օրինակ, կարող էին ՀՀ եւ Թուրքիայի նախագահները պայմանավորվել` Ցեղասպանության կապակցությամբ մնալով իրենց տեսակետներին, 5-10 տարի այդ մասին ոչինչ չխոսեին ու սահմանները բացեին-աշխատեին: Եվ 5-10 տարի անց սահմանները բաց աշխատելուց հետո կարող էին հանրաքվեի դնել` սահմանի բացված մնալու հարցը: Բայց այդ ընթացքում պետք է այլ քայլեր եւս կատարել` հաշվի առնելով Սփյուռքը եւ այն երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: Դիվանագիտորեն քայլեր են պետք:

– Ձեր կարծիքով՝ այս իրավիճակից դուրս գալու ի՞նչ ճանապարհներ կան:

– Ճանապարհներ շատ կան: Ես չեմ կարող ամեն ինչ բարձրաձայն ասել: Արդեն ասել եմ, որ կարելի է ՀՀ շահերի համար օգտագործել ՌԴ-ի եւ Վրաստանի բախումը: Կամ, մենք բոլորս տարիներ շարունակ եղել ենք ԽՍՀՄ կազմում, մի պետություն է եղել, որն ունեցել է նավթի եւ գազի հսկայական հարստություն, ինչո՞ւ մենք հարց չենք դնում, որ ԽՍՀՄ փլուզվելուց հետո բոլոր նախկին ԽՍՀՄ երկրները պետք է ունենան իրենց մասնաբաժինն այդ գազամուղիցգ լուծումներ շատ կան: Ես ՌԴ դեմ քայլեր երբեք չեմ առաջարկի, բայց պետք է քայլեր անել ՀՀ շահերի համար: Եվ պետք է Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ երկխոսություն տեղի ունենա:

Կարծում եմ, որ կա մի ուժ, որը խանգարում է այդ երկխոսությանը: Սերժ Սարգսյանն այն անձը չէ, որ երկիրը տանի կործանման: Նա հանուն երկրի փրկության` կգնա ցանկացած քայլի: Իսկ թե ինչն է նրան խանգարում դա անել` առայժմ ինձ հայտնի չէ: Եթե չգնա երկխոսության` երկրի առջեւ կանգնած նախկին եւ ներկա խնդիրների մեղավորությունը կգցեն իր վրա: Երկուսով պետք է նստեն եւ խոսեն: Նրա համար այսօր շատ ծանր վիճակ է: Ինչպե՞ս նա կարող է այսօր դիվանագիտական լուրջ քայլեր կատարել, երբ երկրի ներսում այս վիճակն է: Հեռուստատեսությամբ հետեւում եմ լուրերին, շփվում եմ, տեսնում եմ, թե իշխանություններն ինչ քայլեր են ձեռնարկում ճանապարհատրանսպորտային խախտումների, Հարկային, Մաքսային ծառայությունների ապօրինությունների, կոռուպցիայի դեմ, եւ ժողովուրդը դա տեսնում է: Բայց դրանք զուտ ներքին օգտագործման PR քայլեր են, որոնք ժամանակավոր կարող են թուլացնել ներքաղաքական լարվածությունը. երկիրն ահավոր ծանր վիճակում է, ներքին եւ արտաքին մարտահրավերներին նման քայլերով հնարավոր չէ դիմակայել, համաշխարհային տնտեսությունը քանդվում է, մենք անընդհատ հարվածներ ենք ստանում, լրջագույն քայլեր պետք է ձեռնարկվեն: Իսկ նման քայլեր անելու համար քաղաքական լուրջ գործիչներ են պետք, լուրջ ուժեր: Իսկական քաղաքական գործիչները ծնվում են պրոցեսի ժամանակ: Կան եւ կծնվեն նման քաղաքական գործիչներ: Այսօր մեծ դեր կարող են ունենալ նաեւ կանայք, որոնք զգում են երկրին մոտեցող վտանգը: Թող ներեն տղամարդիկ, բայց շատ կանայք այսօր կարող են կանգնել հանուն իրենց ընտանիքի` գիտակցելով, որ պետության հիմքն ընտանիքն է: Նրանք պատրաստ են ամեն ինչի, նման կանայք պատրաստ են նաեւ դիվանագիտորեն մտածել: