«Քոլը» միակն է Կապանին հարող կիրճերից, որը մինչեւ հիմա զերծ է մնացել տարածաշրջանի հանքանյութ վերամշակող գործարանների պոչամբարը դառնալու վտանգից: Հատկապես Քաջարանի պղնձամոլիբդենային գործարանը շրջակա միջավայրի զգալի մասը դարձրել է իր հանքանյութի թափոնները պահեստավորելու ամբարներ:
Իսկ «Քոլի կիրճը» դեռեւս մնացել է մաքուր վիճակում՝ հավանաբար այն պատճառով, որ խորհրդային տարիներին եղել եւ մինչեւ հիմա էլ շարունակում է համարվել զբոսաշրջիկների համար գեղեցիկ հանգստի գոտի: Կիրճը գտնվում է Խուստուփ լեռան ստորոտում, որտեղ անտառի հետ միասին պահպանվել են նաեւ միքանիդարյա պատմություն ունեցող մատուռներ: Մի քանի տարի առաջ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նախաձեռնությամբ Հանրապետական կուսակցությունն այս վայրում, ուր գտնվում է Գարեգին Նժդեհի գերեզմանը, տեղադրել է նաեւ նրա արձանն ու բարեկարգել է շրջակայքը: Սակայն երկու տարի առաջ հորդառատ անձրեւները քանդել են այդ տարածքով անցնող գյուղատնտեսական նշանակության ճանապարհը, եւ տեղական իշխանությունները որոշել են այն վերականգնել: Կիրճից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վաչագան գյուղի բնակիչները պատմում են, որ այդ ճանապարհը վերականգնելու համար տեղական իշխանությունները տրակտոր են ուղարկել, եւ տեղի անտառտնտեսության ղեկավարներն էլ որոշել են օգտվել այդ հանգամանքից ու ճանապարհը եւս մի քանի կիլոմետրով խորացնել: Իսկ անտառի մեջ ճանապարհ խորացնելը նշանակում է՝ հատել հանդիպող բոլոր ծառերը:
«Քանի որ տրակտորը հասել էր կիրճ, անտառտնտեսության տեղի ղեկավարները եւ հատկապես տնօրեն Լյովա Գեւորգյանը, որոշել են օգտվել այդ հանգամանքից, իրենց գրպանից վարձատրել են այդ տրակտորիստին ու ասել են, որ մոտ 2 կմ ճանապարհ բացի: Հանդիպող բոլոր ծառերն էլ հատել են ու վաճառել: Այդ ժամանակ Երեւանից լրագրողներ եկան, իսկ Լ.Գեւորգյանը նրանց ասաց, թե՝ «պերիոդիկ հատումներ ենք կատարում»: Սակայն այդ ճանապարհի ծառերը շարքով կտրեցին եւ վաճառեցին տեղում կամ էլ մեքենաներով հասցրեցին Կապան: Գյուղացիների վրա էլ բարկանում էր, թե՝ գոհ չե՞ք, որ ձեզ համար ճանապարհ ենք բացում»,- պատմում է Վաչագան գյուղի բնակիչներից մեկը` չցանկանալով նշել իր անունը` քանի որ վստահ է, որ խնդիրներ կունենա տեղական իշխանությունների հետ: Ոլորտին վերաբերող իրավական ակտերի մեջ «պերիոդիկ հատումներ» տերմին չկա, կա՝ սանիտարական հատումներ, ինչը կատարվում է սահմանված պայմաններով: Այսինքն, սանիտարական հատումները կատարվում են՝ հաշվի առնելով անտառի խտությունը, ծառերի որակը, տարիքն ու այլ հատկանիշները: Իսկ տվյալ դեպքում, մեզ հետ զրուցող գյուղացու խոսքերով, հատումներն իրականացվել են զանգվածաբար եւ մինչեւ հիմա էլ շարունակվում են: Նրա բերած նկարներն էլ ցույց են տալիս, որ ճանապարհ է բացվում: Մենք փորձեցինք «Հայանտառից» տեղեկանալ, թե ի՞նչ գործողություններ են ընթանում «Քոլի» կիրճում, եւ ինչո՞ւ են ծառերը հատվում: «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանը մեզ հետ զրույցում ասաց, թե հնարավոր չէ, որ նման զանգվածային հատումներ լինեն, եւ միաժամանակ զանգահարեց Լյովա Գեւորգյանին: Վերջինս էլ ասաց, թե հիմա հատում չի կատարվում, պարզապես մի քանի տարի առաջ եղել է սանիտարական հատում: Սակայն գյուղացիները պնդում են, որ անտառը հատվել է նաեւ անցած աշնանն ու հատվում է նաեւ հիմա. երբ չոր եղանակ է լինում, ծառերը կտրում են ու մեքենաներով տանում են վաճառելու: «Մի վտանգավոր բան էլ կա: Այս տարի մեր եւ հարակից գյուղերի բնակիչները ջորիներ են գնել, որ իրենք էլ այդ անտառից փայտ բերեն: Տեսել են, որ անտառտնտեսությունն ապօրինի կտրում-վաճառում է, որոշել են իրենք էլ օգտվել: Եթե դա թույլ տվեցին, գյուղացիներն իրենց ջորիներով ավելի շատ ծառեր կկտրեն ու կտեղափոխեն, եւ այդ միակ կիրճն ու անտառն էլ կոչնչացվի: Նաեւ հետաքրքրվել ու ճշտել ենք` բացի այն, որ այդ հատումները սանիտարական չի եղել, անտառի մեջ խորացող ճանապարհն էլ անօրինական է ու կադաստրի կողմից չունի ոչ մի հիմնավորում: Ճանապարհն ինքնակամ խորացնում են, որ ավելի շատ անտառ կտրեն»,- ասում է Վաչագանի բնակիչը:
Բոլոր դեպքերում Մ.Մաթեւոսյանը խոստացավ աշխատանքային խումբ գործուղել այդ տարածաշրջան եւ եւս մեկ անգամ ճշտել, թե ինչ հատումների մասին է խոսքը: Իսկ մինչ այդ, մեր զրուցակից վաչագանցիները պատմում են, որ արտասահմանից զբոսաշրջիկներ են գալիս ու իրենց խնդրում են տանել Գ.Նժդեհի գերեզմանի ու արձանի մոտ: Զբոսաշրջիկները օգտվում են նաեւ գյուղական բարիքներից ու դրա համար վճարում են: Մեր զրուցակիցներն էլ դրանից եզրակացնում են, որ եթե «Քոլի» կիրճը պահպանեն, բարեկարգեն ու անտառը չհատեն, տեղի գյուղերը զբոսաշրջիկներից եկամուտ կունենան: Սակայն նրանք լսել են, որ եթե 2 տարի առաջ ներքին որոշում է կայացվել այն մասին, որ պետք է 2 հեկտար անտառ հատեն, ապա հիմա «ախորժակները մեծացրել են ու ուզում են 10 հեկտար հատել»: Իսկ այդ սանիտարական հատումների անվան տակ՝ պատասխանատու մարմինները ոչնչացնում են անտառները: «Ինչպես որ Երեւանում են մանսարդների անվան տակ բետոնե երկու հարկից կառույցներ ավելացնում շենքերի կտուրներին, այդպես էլ անտառն են ոչնչացնում` ասելով, թե՝ սանիտարական հատում ենք կատարում: Այդ «սանիտարական հատում» կոչվածի անվան տակ ահռելի անօրինականություններ են կատարում` ոչնչացնելով բնությունը: Իսկ տեղում հատած ծառերի փայտի 1 քմ-ն արժե ընդամենը 2500 դրամ: Ծիծաղելի գին է, դրանով Երեւանի սրճարաններում հնարավոր է միայն սուրճ խմել ու պաղպաղակ ուտել: Մինչդեռ այդ բարբարոսներն այդ գնով ոչնչացնում են դարավոր անտառը: Պետք է փակել Վաչագանից Կապան տանող փայտի կանալը»,- ասում է վաչագանցին:
Գյուղացիները նաեւ պատմում են, որ դրանից առաջ էլ իրենց մոտ մեկ այլ վայրենի բան տեղի ունեցավ: Իշխանությունների հովանավորությամբ բրիտանական «Ֆյուրնիչըք» ընկերությունը Վաչագանից ու հարակից մյուս գյուղերից կտրեց ու տարավ ընկույզի ամենահին ծառերը: «300-400 տարեկան մի ծառի համար պաշտոնյաներին վճարեցին շատ թանկ` միջինը 15.000 դոլար, ու բոլոր հին ընկուզենիները կտրեցին-տարան»,- ասում է մեր զրուցակիցը:
Մենք հետեւողական կլինենք այս հարցի վերաբերյալ եւ առաջիկայում կփորձենք ներկայացնել, թե ինչ արդյունքներ է արձանագրել «Հայանտառի» տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի կողմից ուղարկած աշխատանքային խումբը: