Անցած տարվա վերջին համաշխարհային շուկայում սննդամթերքի գնի կտրուկ աճը կրկնակի սրեց ուշադրությունն այս հարցի շուրջ: Կրկնակի` որովհետեւ գները Հայաստանում ավելի վաղ էին թռիչքաձեւ աճ արձանագրել: Անցած ամառ համարյա երկու անգամ թանկացավ ձեթը, կիսով չափ՝ կարագը, եւ այլն: Պաշտոնական բացատրությունները հայտնի են: Դրանք միշտ մատնանշում են արտաքին շուկայի գործընթացները: Սպառողին այդպես էլ պարզ չէ` ի՞նչ համակարգով են ձեւավորվում պարենի գները մեր երկրում, եւ որքանո՞վ են դրանք պայմանավորված արտաքին գործոններով: Երեւի ոչ ոք չի կարծում, որ դրանք շուկայական մրցակցության արդյունք են: Պարենի գների ձեւավորումը, փորձագետների կարծիքով, իր վրա կրում է տնտեսական կյանքում առկա բոլոր արատները: Առաջին՝ Հայաստանի տնտեսության ներմուծման հատվածն անթույլատրելի չափով մոնոպոլիզացված է: Այս հատվածում շատ թույլ է կամ համարյա բացակայում է մանր ու միջին բիզնեսը: Իրավական տեսանկյունից նրանք ամենեւին էլ պաշտպանված չեն: Ներմուծման բացառիկ իրավունք-դիստրիբյուտոր արտահայտությունները թե՛ իրավական, թե՛ պրակտիկ իմաստով համարյա ոչինչ չեն նշանակում: Հենց այս օրերին կարելի է արձանագրել նման մի փաստ: Ձեռներեցներից մեկը մի քանի տարի շարունակ Հայաստան էր ներկրում ձեթի մի տեսակ («Ավեդով»): Մի քանի տարի շարունակ գործարարն այս ապրանքատեսակը գովազդելով՝ այն ճանաչելի դարձրեց մեր ներքին շուկայում, հասցնելով սպառման որոշակի մակարդակի: Հիմա ոլորտի խոշորագույն գործարարը նույն ապրանքի հսկայական խմբաքանակ է ներմուծել: Ակնհայտ է, թե ինչ զարգացում է ունենալու գործընթացը: Խոշոր գործարարն, ի վերջո, տիրանալու է այս ապրանքանիշին ու սպառման շուկային՝ դուրս մղելով նրան, ով ճանապարհ էր հարթել այդ ապրանքանիշի համար: Որովհետեւ խոշոր գործարարները տիրապետում են ոչ տնտեսական մրցակցության ողջ զինանոցին՝ դեմպինգային գների կիրառումից՝ մինչեւ հարկային ու մաքսային վարչարարական բիրտ պայմանների ստեղծում մանր ու միջին գործարարների հանդեպ: Հատկապես անպաշտպան են մանր ձեռներեցները: Նրանք ֆինանսապես ի վիճակի չեն անգամ օրենսդրական ձեւական պատնեշ ստեղծել խոշոր մոնոպոլիստների առջեւ: Որովհետեւ հնարավորություն չունեն դառնալու բացառիկ ներմուծողներ: Նախ` ֆինանսական սուղ միջոցների տիրապետելու, ապա` հնարավոր է նաեւ, գործարարության ոչ բավարար գիտելիքներ ունենալու պատճառով: Այս պարագայում միակ հարցն այն է, թե ինչպե՞ս են խոշոր գործարարները տեղեկատվություն ստանում, որ ինչ-որ մանր ձեռներեց պեղել, գտել ու ներմուծել է ինչ-որ ապրանքատեսակ եւ այն հաջողությամբ իրացնում է ներքին շուկայում: Պարզվում է` հատուկ ուսումնասիրությունների կամ հատուկ վերլուծական ծառայություններ ստեղծելու կարիք չկա: Մանր գործարարն իր տնտեսական հաջողությունների մասին երբեմն ավելի ուշ է իմանում, քան խոշոր մրցակիցը: Պատճառն այն է, որ պարենամթերքի առեւտրի ոլորտում, արդեն մի քանի տարի է, կենտրոնացում է գնում: Հայաստանում արդեն ձեւավորվում են ֆիրմային խանութների ցանցեր: Մանր գործարարն իր ներմուծած ապրանքի մի մասն իրացնում է այդ սուպերմարկետ-սիթիներում: Ուստի շուկայում պահանջարկ ստացող ապրանքատեսակի մասին առաջինը հենց այդ ցանցերի տերերն են տեղեկանում: Մինչեւ մանր գործարարին նրա իրացված ապրանքի դիմաց հասանելիքը տալը: Սա, թերեւս, մանրածախ առեւտրի ոլորտում ընթացող խոշորացման գործընթացի ամենաբացասական կողմն է: Ուստի գնագոյացումը կատարվում է ոչ թե տնտեսական մրցակցության պայմաններում, այլ տվյալ ապրանքատեսակի ներկրող, շուտով նաեւ՝ խոշոր հողատեր արտադրող մոնոպոլիստի թելադրանք-կամքով:
Համաշխարհային շուկայի ազդեցության մասին խոսելիս՝ անհրաժեշտ է ընդգծել, որ դրանք խիստ չափազանցված են: Փետրվար-մարտ ամիսներին մեր հեռուստաընկերությունների եթերը տիրաժավորում էր ցորենի ու բրնձի թանկացման մասին միջազգային տեղեկատվությունը: Բոլորովին էլ բարդ չէ ենթադրել, որ այս ամենը խրախուսվում էր արդարացում փնտրող իշխանությունների կողմից: Հետագայում, երբ համաշխարհային շուկայում գները սկսեցին նվազել, այդ մասին տեղեկատվություն համարյա չկար: Անցած տարի ՀՀ ԿԲ խորհրդի նիստը սեպտեմբերի վերջին հայտարարեց, որ սղաճը Հայաստանում կանխատեսվածից ավելի բարձր է լինելու: Հիմնավորումն ինքնին նորույթ չէր: Պատճառ-պատրվակը սննդամթերքի միջազգային գնաճն էր: Նշվում էր, որ Ռուսաստանում մեծ են ցորենի արտադրության կրճատման սպասումները: Եթե նկատել եք, ԿԲ-ում սիրում են հպարտանալ, որ այս գրասենյակում է կենտրոնացած հայ տնտեսագիտական մտքի ծաղիկը: Որակյալ մասնագետները միջազգային գնաճի բոբոյով հասարակությանը վախեցնելու ջանքի մեջ չէին նկատել, որ սեպտեմբերին Ռուսաստանում ցորենի բերքի մասին կանխագուշակություններ արդեն չեն անում: Բերքը վաղուց արդեն հավաքված է, ծավալները՝ պաշտոնապես հաշվառված:
Խոշորացման գործընթացներն արդեն նկատելի են տեղական սննդամթերքի արտադրության ոլորտում: Բայց հողերի խոշորացման գործընթացը դեռ չի ավարտվել, եւ արտադրող գյուղացին դեռ չի զգում դրա վտանգը: Տեղական արտադրության մթերքի շուկան ավելի բարենպաստ պայմաններում է՝ մրցակցային ճանապարհով ձեւավորվող գների իմաստով: Բայց այստեղ գործում են, եթե կարելի է այդպես ասել, «վայրի» շուկայական մեթոդներ: Գյուղացին դժգոհ մնալով այս տարվա ցածր գներից՝ հաջորդ տարի հրաժարվում է աճեցնել տվյալ բանջարեղենը: Արդյունքում՝ մեր սպառողն անընդհատ բախվում է գների անկանոն ցատկերի՝ մի տարի՝ էժան, հաջորդ տարի՝ շատ բարձր գնով սպառել նույն սննդամթերքը: Ասածի ապացույցն անցյալ տարվա կարտոֆիլի գներն էին: Օգոստոսին միշտ կարտոֆիլի գներն ընկնում էին, 2007-ին հակառակը տեղի ունեցավ, ու բարձր գինը մնաց անգամ բերքահավաքից հետո: Որոշ փորձագետներ պնդում են, որ սա հնարավոր է այն պատճառով, որ կարտոֆիլի արտադրության ոլորտում հայտնվել է խոշոր արտադրող: Հետեւաբար, այստեղ եւս գնագոյացման համակարգն այլեւս շուկայական չէ: Անգամ այս պարագային տեղական մթերքների արտադրության մեջ առայժմ մեծ է մանր տնտեսությունների դերը: Հետեւաբար, դեռեւս կարելի է մտածել քաղաքականություն, որը կպահպանի գնագոյացման մրցակցային համակարգը: Գոնե տեղական մթերքի արտադրության ոլորտում: