Երբեւէ մտածե՞լ եք, թե ինչու են շատ հայաստնացիներ գնում Անթալիա հանգստանալու, այն դեպքում, երբ ոչ մի թուրք զբոսաշրջիկի այսքան ժամանակ Սեւանի ափին հանգստանալիս չեք տեսել։Հատկապես, որ մեր պաշտոնյաները ցանկացած առիթի դեպքում սիրում են հիշատակել, որ զբոսաշրջությանը մեծ ուշադրություն են դարձնում, եւ, որ Հայաստանը զբոսաշրջության կենտրոն դառնալու մեծ պոտենցիալ ունի։
Ասում են՝ շատ մեծ պոտենցիալ ունենք՝ բաց երկնքի տակ եղած թանգարանով, Գառնի-Գեղարդով, Սեւանով, խորոված-քաբաբով, եւ, իհարկե՝ «պատիվ տալու տեղերով», որոնց ավելացման մասին հպարտությամբ նշում էր Ռոբերտ Քոչարյանը՝ փետրվարի 29-ին, ԵՊՀ-ում ուսանողների հետ հանդիպման ժամանակ։ Հետո, ավելի ճիշտ՝ մեկ օր անց, տեղի ունեցան մարտի 1-ի դեպքերը, Ռ. Քոչարյանը հրապարակավ անհանգստություն հայտնեց, թե այդ դեպքերը բացասաբար են ազդել զբոսաշրջության սպասվող ծավալների վրա։ Իհարկե, շատերի համար անհասկանալի մնաց, թե նա ինչպե՞ս հասցրեց այդքան օպերատիվ ինֆորմացիա ստանալ հետաձգված «տուր-պակետների» մասին, սակայն կարեւորը դա չէ։ Կարեւորն այն է, որ նրա մտավախությունը չարդարացավ, եւ այսօր Երեւանի փողոցներում հանդիպում են մեծաթիվ զբոսաշրջիկներ՝ հիմնականում տարեց մարդիկ, «շորտերով», լուսանկարչական ապարատով, եւ էլիտար շենքերին ու պատիվ տալու տեղերին ուղղված հիացած ու նախանձոտ աչքերով։
Ի դեպ, «պատիվ տալու տեղերի» կարեւորությունը զբոսաշրջության զարգացման մեջ նշված է նաեւ պաշտոնական հրապարակումներում։ Իհարկե, դրանք ձեւակերպված են որպես «ենթակառուցվածքներ»։ Եվ այդ ենթակառուցվածքները, համաձայն ՀՀ Էկոնոմիկայի նախարարության կայքէջի, «զգալիորեն զարգացել են»՝ «ճանապարհներ, նոր միջազգային չափանիշներին համապատասխանող օդանավակայան, հյուրանոցային տնտեսության, սննդի ու զվարճանքի օբյեկտների քանակական եւ որակական զգալի աճ»։ Մի կողմ թողնենք այն, որ, օրինակ, օդանավակայանի դեպքում, միջազգային չափանիշներին առայժմ համապատասխանում են միայն ժամանման տերմինալը եւ սրճարանի գները։ Գների առումով համապատասխանում են նաեւ հյուրանոցները, ռեստորանները, «պատիվ տալու տեղերը», կազինոները, մոթելներն ու սաունաները։ Ավելի կարեւոր է, թե այդ ամենն ինչպես է ներկայացվում դրսում։
Ճշմարտության դեմ չմեղանչելու համար նշենք, որ մարկետինգային առումով քիչ աշխատանք չի կատարվում. Հայաստանի գովազդը մի քանի անգամ ցուցադրվել է CNN-ով, Հայաստանը մասնակցել է մի շարք ցուցահանդեսների։ Բացի այդ՝ մարկետինգային լուրջ աշխատանքներ են կատարում արտասահմանում գտնվող մեր պաշտոնյաները, պատգամավորները՝ իրենց վարքագծով լավագույնս գովազդելով մեր երկիրը, երբեմն՝ ի հաշիվ սեփական առողջության։
Թվում է՝ բոլոր պայմանները կան, որ գրկաբաց սպասենք զբոսաշրջիկներին՝ Ծաղկաձորում, Սեւանում, Դիլիջանում, Ջերմուկում եւ այլուր։ Ավելին՝ «Զբոսաշրջության եւ զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով զբոսաշրջությունը հայտարարված է որպես տնտեսության գերակա ճյուղ։ Ունենք նաեւ զբոսաշրջության զարգացման հայեցակարգ, որը հաստատվել է ՀՀ կառավարության 2000թ. ապրիլի 20-ի N 15 արձանագրային որոշմամբ։ Փաստորեն, մեր իշխանությունները շատ լուրջ են վերաբերվում այս ճյուղին։ Այնքան լուրջ, որ Էկոնոմիկայի նախարարության կայքէջում վերը նշված խոսքերից հետո կարող եք կարդալ. «Համաձայն կատարված զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտության արդյունքների, միջազգային այցելուների զբոսաշրջային ծախսերը սկսած 2001-ից տարեկան 36% աճ են գրանցում, 2006թ. կազմել են 299 մլն ԱՄՆ դոլար, իսկ 2007թ. կանխատեսումը 410 մլն ԱՄՆ դոլար է»։ Արդեն 2008-ի կեսն անցել ենք, բայց 2007-ի համար դեռ կանխատեսումներով են խոսում։ Լավ, ընդունեք, որ սա մանրուք է՝ մարդիկ ժամանակ չեն ունեցել տեղեկատվությունը թարմացնել։ Բայց երբ տեսնում ես, որ Ազգային վիճակագրության ծառայության «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2007թ. հունվար դեկտեմբեր ամիսներին» հրապարակման մեջ «գերակա ճյուղին» հատկացված է ընդամենը 6 տող, սկսում ես կասկածել, որ որեւէ մեկն այս ոլորտին լուրջ է վերաբերվում. «Ըստ ստացված հաշվետվությունների տվյալների եւ հետազոտությունների արդյունքում ձեւավորված փորձագիտական գնահատումների, 2007թ. հունվար-դեկտեմբերին հանրապետություն են ժամանել 510.287 զբոսաշրջիկներ, 2006թ. նույն ժամանակաշրջանի 382.240 զբոսաշրջիկների դիմաց, կամ աճի տեմպը կազմել է 133.5%: Նույն ժամանակաշրջանում զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 467.574 մարդ կամ 2006թ. հունվար-դեկտեմբերի նկատմամբ աճի տեմպը կազմել է 138.7%»։ Տեքստը քիչ է, բայց կարեւորը՝ թվերն են տպավորիչ. նախորդ տարվա ընթացքում ունեցել ենք կես միլիոնից ավելի միջազգային զբոսաշրջիկ։ Բայց մի նրբություն կա. թվաքանակի հաշվարկման համար հիմնականում հիմք է հանդիսացել սահմանային անցման կետերում ուղեւորների հաշվառման արդյունքում արձանագրված՝ ՀՀ ժամանողների եւ ՀՀ-ից մեկնածների թվաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը, որը տրամադրում է Միգրացիոն գործակալությունը։ Պարզ ասած, այդ կես միլիոնի մեջ մտնում են, օրինակ, այն մարդիկ, ովքեր բնակվում են Մոսկվայում եւ մի քանի օրով ժամանել են Հայաստան՝ մասնակցելու իրենց մոտ բարեկամի հուղարկավորությանը։ Ավելի պարզ ասած՝ այդ թիվն ուռճացված է։ Ուռճացված է նաեւ Հայաստանից մեկնող զբոսաշրջիկների թիվը, երբ բոլոր մեկնողները՝ այդ թվում «գրին-քարտ» շահած եւ ԱՄՆ մշտական բնակության մեկնող ընտանիքները, ներկայացվում են որպես զբոսաշրջիկ։
Նշենք, սակայն, որ զբոսաշրջության նպատակով արտասահման մեկնող մեր հայրենակիցների թիվը, ճիշտ է՝ 467 հազար չէ, սակայն մեծ է եւ գնալով մեծանում է։ Բայց դա իշխանությունների ոչ թե շնորհքն է, այլ՝ մեղքը։ Մեր հայրենակիցների մեծ մասը գերադասում է հանգստանալ արտասահմանում, որովհետեւ այդպես ավելի էժան է։ Երեկ մենք զանգահարեցինք երեւանյան զբոսաշրջային գործակալություններից մեկը եւ, որպես հաճախորդ՝ հետաքրքրվեցինք՝ որքա՞ն կարժենա, ասենք, Անթալիայում (Թուրքիա) հանգստանալը։ Մեզ պատասխանեցին՝ երկու անձի համար երկշաբաթյա հանգիստը ծովի ափին գտնվող 4-աստղանի հյուրանոցում, ներառյալ՝ ինքնաթիռի տոմսը, կարժենա 3390 ԱՄՆ դոլար։ Պարզ թվաբանական գործողություններ անելով՝ կստանանք, որ մեկ անձի համար 1 օր Անթալիայում հանգստանալն արժե մոտ 37 հազար դրամ կամ 120 դոլար։ Ընդ որում՝ եթե 4-աստղանի հյուրանոցի փոխարեն նախընտրում եք ավելի էժան հյուրանոց, ապա գումարն ավելի քիչ կլինի։ Հիմա հիշեք Հայաստանի գները՝ Ծաղկաձորում հանգստանալու մեկ օրն արժե 8-18 հազար դրամ, որոշ դեպքերում՝ 30-35 հազար դրամ։ Դիլիջանում նորմալ հանգստի 1 օրն արժե 20 հազարից ավելի։ Մյուս տեղերում՝ Ջերմուկ, Սեւան, Արզնի, գրեթե նույն գներն են, երբեմն՝ ավելի բարձր։ Առաջին հայացքից ստացվում է, որ զուտ գումարային առումով Հայաստանում հանգստանալն ավելի էժան է։ Սակայն, երբ հաշվի ենք առնում, որ Անթալիայում մարդիկ վայելում են ծովը, բարձրակարգ սպասարկումը, չեն վախենում, որ ինչ-որ մի պաշտոնյայի «հաբռգած» զավակը գիշերվա ժամը 3-ին իրենց դիվադադար կանի, իսկ Սեւանում հանգստանալու ժամանակ իրենց նյարդերը 5 րոպեն մեկ չեն սղոցի «թարըմ կուկուռուզ» գնելու պահանջով, ապա Անթալիան դառնում է ավելի նախընտրելի։
Սա՝ հայաստանցի զբոսաշրջիկի աչքերով։ Հիմա պատասխանենք հոդվածի սկզբում նշված հարցին՝ Հայաստանում չհանգստացող թուրք զբոսաշրջիկի մոտիվների վերաբերյալ։ Եթե հայաստանցի զբոսաշրջիկը կարող է Թուրքիայում հանգստանալ, ի՞նչն է խանգարում, որ թուրքն էլ գա այստեղ հանգստանալու։ Ի վերջո, երկրի համար կարեւորը ոչ թե զբոսաշրջիկի ազգային պատկանելությունն է, այլ՝ նրա ծախսած գումարը։ Սակայն Թուրքիայում բնակվողը, որքան էլ ցավալի է, ոչ մի դեպքում Հայաստան չի գա հանգստանալու։ Ոչ թե այն պատճառով, որ մեզ չի սիրում (մենք էլ իրենց չենք սիրում), այլ՝ որովհետեւ հիմար չի ու հաշվել գիտի։ Նրա համար Ծաղկաձորի կամ Դիլիջանի անիմաստ, ձանձրալի հանգստի բավական թանկ գումարին (1 օրը՝ մոտ 70 դոլար) ավելանում է նաեւ ինքնաթիռի տոմսը՝ մոտ 500 դոլար։ Իրենց երկրում նա այդ 500 դոլարը չի վճարում, եւ Անթալիայում 1 օր հանգստանալը նրա վրա նստում է մոտ 80 դոլար։ Գրեթե նույն գներն են։ Այսինքն՝ արտասահմանցուն Հայաստան կարող է բերել կամ անբացատրելի սերը Հայաստանի նկատմամբ, կամ անտեղյակությունը։ Իսկ կոնկրետ թուրքերի դեպքում՝ ոչ սերը կա, ոչ էլ անտեղյակությունը։ Մի խոսքով, զբոսաշրջության միջազգային, անգամ՝ տարածաշրջանային կենտրոն լինելուց մենք շա՜տ հեռու ենք, որքան էլ աջուձախ հայտարարենք, թե Հայաստանը թանգարան է՝ բաց երկնքի տակ։ Կարճ ասած՝ մրցունակ չենք։ Իսկ անմրցունակության պատճառները պարզ են դառնում, երբ ետ ենք գնում 2000-2001 թվականները։ 2000թ., ինչպես արդեն նշեցինք, հաստատվել է զբոսաշրջության զարգացման հայեցակարգը, իսկ 2001թ. հիմնադրվել է Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալությունը։ Չենք կարող ասել, թե այս քայլերն ինչ օգուտ են տվել ՀՀ-ում զբոսաշրջության զարգացմանը, սակայն մի բան հայտնի է՝ 2000թ. ԱՄՆ դոլարի միջին փոխարժեքը կազմել է 539.52 դրամ (ըստ ԱՎԾ տվյալների)։ Փաստորեն, եթե այսօր ծաղկաձորյան մեկօրյա հանգիստն արժե 20 հազար դրամ կամ մոտ 65 դոլար, ապա նույն 20 հազարն 8 տարի առաջ արժեր 37 դոլար։ Եվ քանի որ Հայաստան այցելող արտասահմանցի զբոսաշրջիկը հաշվարկը կատարում է արտարժույթով, ապա նրա համար միայն փոխարժեքի տատանման արդյունքում Հայաստանում հանգստանալը մոտ երկու անգամ թանկացել է։ Չենք խոսում այն մասին, որ անցած 8 տարիների ընթացքում գները թանկացել են նաեւ դրամային տեսքով։ Այսինքն, արտասահմանցու համար Հայաստան ճանապարհորդելը մի քանի անգամ թանկացել է։ Եվ «պատիվ տալու» տեղերը որքան էլ ավելացած լինեն, արտասահմանցուն դրանով չես զարմացնի, մանավանդ, որ նրանք տոգորված չեն խաշի ու խորովածի նկատմամբ անսահման սիրով։
Եթե ոմանք հարց կուղղեն՝ այդ դեպքում ինչո՞վ բացատրել, որ, այնուամենայնիվ, արտասահմանցիներն այցելում են Հայաստան, կպատասխանենք՝ դա անբացատրելի է։ Նույնքան անբացատրելի, որքան ապրիլի 24-ին թուրքական դրոշն այրող, պահանջատիրությունից խոսող մարդկանց ամառային հանգիստը Թուրքիայում։