«Խնդիրները պետք է լուծվեն ոչ թե երեւանցիների հաշվին, այլ՝ երեւանցիների համար»

20/07/2008

Երեկ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Երեւանի քաղաքապետարանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի օրակարգում եղել են մայրաքաղաքի համար կարեւոր մի քանի խնդիրներ, որոնք, ըստ նրա` «պետք է լուծվեն համատեղ աշխատանքի ընթացքում եւ միասնական ջանքերով»:

«Երեւանում առկա հիմնախնդիրները բոլորիս աչքի առաջ են, բոլորս տեսնում ենք եւ պարտավոր ենք շատ արագ լուծումներ տալ այն խնդիրներին, որոնք մեծ ներդրումներ չեն պահանջում, ապա` սկսել մտածել նրանց մասին, որոնց համար անհրաժեշտ են մեծ ֆինանսական միջոցներ: Պարզ է, որ մեկ օրվա, մեկ խորհրդակցության ընթացքում հնարավոր չէ խոսել բոլոր խնդիրների մասին եւ, մանավանդ, հնարավոր չէ շատ կարճ ժամանակում լուծել Երեւանի բոլոր խնդիրները: Բայց որ այդ խնդիրների մասին մենք պարտավոր ենք բարձրաձայն խոսել, հաշվետու լինել դրանց լուծման ընթացքի մասին, այստեղ որեւէ կասկած չկա, եւ նաեւ կասկած չկա, որ մենք պետք է հետեւողական լինենք ոչ միայն այս խնդիրները բարձրաձայնելու, այլեւ` դրանք լուծելու հարցում: Վերջին մի քանի ամիսների ընթացքում ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել երեւանցիների հետ` խորհրդարանական ընտրությունների, կառավարության ղեկավար աշխատելու, եւ, բնականաբար, նախագահական ընտրությունների ժամանակ: Ես լսել եմ բազմաթիվ խնդիրների մասին, բազմաթիվ հարցեր են բարձրացվել, խոստացել եմ դրանց ընթացք տալ: Այնպես որ, կարծում եմ, որեւէ մեկը չպետք է կասկածի, որ մենք պետք է տրամադրվենք լուրջ, ծանր, բայց, միեւնույն ժամանակ, շատ կարեւոր եւ պատվաբեր աշխատանքի: Վստահ եմ, որ եթե մեր ջանքերը համադրենք, ապա կարճ ժամանակում կարող ենք հասնել տեսանելի փոփոխությունների: Եթե որեւէ մեկը սրան կասկածում է, չի ցանկանում մինչեւ վերջ ծառայել Երեւանին, ապա ավելի լավ կլինի` մտածի այլ աշխատանքով զբաղվելու մասին, որովհետեւ քաղաքապետարանը մի այնպիսի կառույց է, որտեղ պետք է աշխատեն մարդիկ, ովքեր շատ հստակ գիտակցում են, որ իրենք ծառայում են Երեւանին, երեւանցիներին: Նոր բան ասած չեմ լինի, եթե մեկ անգամ եւս կրկնեմ, որ երեւանցիների սպասելիքները չափազանց մեծ են քաղաքային իշխանություններից: Այս դահլիճում նստած մարդկանցից շատ-շատերն այսօր կարող են թվարկել մի քանի անունները, ովքեր հարգված ու սիրված են երեւանցիների կողմից` նախկին քաղաքապետեր, քաղաքապետարանի աշխատակիցներ: Բայց, ցավոք սրտի, այդ մարդիկ հիմնականում աշխատել են Խորհրդային Հայաստանի տարիներին: Դուք այսօր շատ մեծ հնարավորություն ունեք` թողնելու բարի, լավ անուն: Այդ հնարավորություններն ամեն օր կրկնապատկվում են, կրկնապատկվում են նաեւ այն պատճառով, որ եւ՛ քաղաքապետարանը, եւ՛, ընդհանրապես, մեր պետությունն ամեն օր հավելյալ միջոցներ են գտնում, որպեսզի կարողանան Երեւանին տալ ավելի լավ տեսք, դարձնել ավելի հարմարավետ»,- ասել է Ս. Սարգսյանը` առաջարկելով ղեկավարվել երկու կարգախոսով: «Առաջինը` ես մի քանի անգամ նշել եմ` Երեւանը պետք է հարմար լինի ապրելու համար:

Եվ երկրորդը` Երեւանի խնդիրները պետք է լուծվեն ոչ թե երեւանցիների հաշվին, այլ` երեւանցիների համար: Այս վերջինը ես հատկապես կարեւորում եմ: Ուզում եմ մի օրինակ բերել եւ ասել, որ վերջին տարիների կառուցապատումը, չնայած իր հսկայական ազդեցությանն ու դրական արդյունքին, առաջացրեց սոցիալական լարվածություն, որից մենք պարտավոր էինք ու կարող էինք խուսափել: Ասածս ամենեւին չի նշանակում, թե ես թերագնահատում եմ այդ աշխատանքը: Ընդհակառակը` չափազանց կարեւորում եմ: Համարում եմ, որ կառուցապատման աշխատանքները նոր տեսք տվեցին Երեւանին, հասցրեցին զարգացման նոր փուլի: Բայց մենք ցանկացած դրական աշխատանքի մեջ պետք է տեսնենք, թե որոնք էին թերացումները, որպեսզի հետագա աշխատանքներում դրանք վերացնենք: Այս առումով ուզում եմ բերել Կոնդ թաղամասի օրինակը, եւ ասել՝ փառք Աստծո, այսօր արդեն այդ աշխատանքները հավելյալ լարվածության չեն բերում: Կոնդում արդեն հարյուրից ավելի իրացումներ են կատարվել, եւ որեւէ արձագանք չկա, եթե արձագանք չկա, ուրեմն` չկան նաեւ դժգոհություններ: Այսպիսի դեպքերում մենք մշտապես պետք է ղեկավարվենք այն սկզբունքով, որ բնակչին բնակարան պետք է առաջարկվի հենց այդ տարածքում… »,- ասել է Ս. Սարգսյանը: Ըստ նրա, ընթացիկ գործերը պարտադիր են, բայց քաղաքապետարանում պետք է լինեն մարդիկ, մարդկանց մի խումբ, ովքեր «նայում են ապագային, տեսնում են ապագայի խնդիրները», եւ կարող են լուծումներ առաջարկել: «Այս առումով ես ուզում եմ մեկ օրինակ բերել եւ հիշեցնել, որ սրանից 10-12 տարի առաջ հազիվ թե Երեւանում գտնվեին մարդիկ, ովքեր կմտածեին, որ տեսանելի ապագայում Երեւանի ամենամեծ խնդիրներից մեկը լինելու է տրանսպորտային խնդիրը: Այն, որ Երեւանի քաղաքապետարանը մի քանի տարի առաջ սկսեց փնտրել տրանսպորտային հանգուցալուծումներ, իհարկե, գովեստի արժանի քայլ է: Բայց, մյուս կողմից, միայն տրանսպորտային հանգուցալուծումները բավարար չեն խնդրի լուծման համար: Մենք պարտավոր էինք կառուցապատման, հողերի իրացման շրջանում նախատեսել վայրեր, տարածքներ, որտեղ պետք է կառուցվեին ավտոկայանատեղեր: Բայց սա է իրավիճակը, եւ այսօր մենք պետք է փնտրենք այլ լուծումներ: Մասնագետների կարծիքով, խցանումները, երթեւեկության անհարմարությունը ստեղծվում է ոչ թե այն պատճառով, որ Երեւանի կենտրոնի փողոցները նախատեսված չեն այսքան ավտոմեքենաների համար կամ նեղ են, այլ առաջին, ամենահիմնական խոչընդոտը չթույլատրված կամ չարտոնված տեղերում բազմաթիվ ավտոմեքենաների կայանումն է…»,- ասել է Ս. Սարգսյանը:

«Պետք է շատ խիստ պայքար տանենք քաղաքի ճարտարապետական տեսքի աղճատումների դեմ: Առաջին հերթին պետք է սկսենք նրանից, որ, եթե հնարավոր է, վերացնենք անցյալում թույլ տրված սխալները: Այսօր մենք պետք է իսպառ դադարեցնենք կանաչ տարածքներում, մայթերում սնկի պես աճող, այսպես կոչված, «օբյեկտների» կառուցումը: Ինձ համար անընդունելի է, երբ իմ հարցադրմանը, թե ինչու է այստեղ այս բանը կառուցվում, պատասխանում են, որ այդ թույլատվությունը տրվել է երկու, երեք կամ հինգ տարի առաջ: Կատեգորիկ արգելում եմ այսպիսի մոտեցումը»,- նշել է Ս. Սարգսյանը: Երկրորդ խնդիրը, ըստ Ս. Սարգսյանի` կապված Երեւանի արտաքին տեսքի հետ, այն «ինքնագործունեությունն» է, որ սկիզբ է առել դեռեւս 90-ական թվականների սկզբներից. «Յուրաքանչյուրը, ով սեփական տարածք ունի շենքերի առաջին հարկում կամ վարձակալությամբ է վերցրել, սկսում է իր ճաշակով, հայեցողությամբ մաքրել, ձեւափոխել, որից հետո այդ շենքը նմանվում է կարկատած շորի: Այդ լաթակարկատ վերափոխումներով քաղաքի տեսքը չի լավանում: Չեմ կարծում, որ խիստ ցուցումների դեպքում տվյալ սեփականատերը կարող է այդպես վարվել: Մենք խիստ ուշադրություն պետք է դարձնենք մեկ հանգամանքի եւս. երբ ասում ենք՝ Երեւան, շատ-շատերս պատկերացնում ենք վարդագույն քաղաք: Ընդհանրապես, շատ է խոսվում Երեւանի` վարդագույն քաղաք լինելու մասին: Բայց այսօր վիճակը մի քիչ այլ է, որովհետեւ մաքրման աշխատանքների մասին մենք ընդհանրապես մոռացել ենք»: Սերժ Սարգսյանն անդրադարձել է նաեւ շինարարական մշակույթին եւ շինարարության հետ կապված խնդիրներին` նկատելով, թե հսկայածավալ շինարարական աշխատանքները վնաս են հասցնում կանաչ տարածքներին, աղճատում են Երեւանի տեսքը, քանի որ շինարարները զլանում են կամ ափսոսում են հավելյալ միջոցներ ծախսել, ցանկապատել իրենց շինարարական տարածքները, զլանում են շինարարական աղբը տանել քաղաքից դուրս: «Մենք պետք է զերծ մնանք կանաչ տարածքները փչացնելուց, ծառ կտրելուց: Ընդհակառակը, կառուցապատումից հետո պարտավոր ենք կանաչ տարածքներն ավելացնել»,- ընդգծել է նա:

Խոսելով շինարարական աղբի, շինարարության հասցրած վնասների մասին` Սերժ Սարգսյանը նաեւ անդրադարձել է Երեւանի աղբահանման խնդիրներին: Ըստ նրա` այն սոսկ սանմաքրման աշխատանք չէ. «Խնդիրը պետք է դիտարկել շատ ավելի լայն. Երեւանի աղբահանման խնդիր ու աղբի վերամշակման հիմնահարցեր: Այս խնդիրներին պետք է արագորեն լուծում տալ` քաղաքապետարանի եւ թաղապետարանների միասնական ջանքերով»:

Խորհրդակցության վերջում Ս. Սարգսյանն ասել է, թե իր կողմից նախանշված խնդիրների լուծմամբ է նաեւ պայմանավորված վստահությունը քաղաքային իշխանությունների նկատմամբ: «Եթե չեղավ վստահության մթնոլորտ, բոլոր նախաձեռնությունները, բոլոր բարի գործերը դժվար են ընթանալու, եւ ընդհանրապես պետք է այնպես անենք, որ մարդիկ հասկանան` քաղաքապետարանն այս ամենն անում է Երեւանի եւ երեւանցիների համար, ավելի հարմար, ավելի լավ ապրելու համար, եւ որեւէ մեկը նպատակ չունի փորձարկումներ անել կամ դիտավորյալ անհարմարություններ առաջացնել»: