Ղարաբաղը խորհրդարանական ընտրությունների շեմին

31/05/2005 Անահիտ ԴԱՆԻԵԼՅԱՆ

ԼՂՀ խորհրդարանական ընտրություններին մնացել է ուղիղ մեկ ամիս, եւ
նախընտրական քարոզարշավն արդեն մեկնարկել է: Գնալով կրքերն ավելի են
բորբոքվում, հասարակության շրջանում լուրջ քննարկումներ են ընթանում
գործող կուսակցությունների դիրքորոշումների, նրանց ծրագրերի եւ այլ
հարցերի շուրջ:
Վերջերս Արցախի ժողովրդավարական իշխանամետ կուսակցության «Հայրենիք»
թերթում, որի խմբագիրն է ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի
նախագահ Վահրամ Աթանեսյանը, տպագրվել է հոդված, որում պարզ երեւում է
Ազգային ժողովում ներկայումս մեծամասնություն կազմող կուսակցության
անհանգստությունը: Հստակ նշվում է, որ գործադիր համակարգում շատ
պաշտոնյաներ ուղղակի մտահոգված չեն ընտրությունների ճակատագրով, որովհետեւ
նրանց համար, հեղինակի խոսքերով, կարծես տարբերություն չկա` վաղը ով կլինի
խորհրդարանական մեծամասնություն: «Պետական համակարգը, ցավոք, լիովին չի
ըմբռնում, որ պարտվել խորհրդարանական ընտրություններում այս անգամ
նշանակելու է՝ նաեւ գործադիր իշխանության փոփոխություն»,- նշվում է
խմբագրության հեղինակած հոդվածում:
Վերլուծաբանների կարծիքով, գալիք ընտրություններում առավել շատ տեղեր
գրավելու շանսեր ունի «ՀՅԴ-Շարժում 88» դաշինքը: Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն
«Շարժում 88»-ին աջակցել է անցյալ տարի ամռանն անցկացված տեղական
ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ, որի արդյունքում
Ստեփանակերտի քաղաքապետ է ընտրվել «Շարժում 88» ընդդիմադիր կուսակցության
ղեկավար Էդուարդ Աղաբեկյանը:
ՀՅԴ «Ապառաժ» թերթին տված հարցազրույցում դաշինք կազմելու վերաբերյալ ՀՅԴ
Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանն ասել է, որ
հիմնական սկզբունքը երկու կուսակցությունների այն գիտակցումն է, որ երկրի
փրկությունը ժողովրդավարական եւ իրավական պետության կայացումն է:
«Հանրապետությունում դեռ շատ մեծ է անհատների դերակատարությունը: Կարծում
եմ, գալիք ընտրությունները քայլ կլինեն դեպի գաղափարների պայքար»,-
կարծում է Գ. Հայրապետյանը:
Տեղեկացնենք, որ դաշինքի ղեկավարն է ԼՂՀ պաշտպանության նախկին փոխնախարար, գեներալ-մայոր Վիտալի Բալասանյանը (անկուսակցական):
Հասարակության շրջանում զարգանում է նաեւ այն միտքը, որ ընդդիմության
հաղթանակի դեպքում հնարավոր է նաեւ երկրի նախագահի պաշտոնանկություն: ՀՅԴ
ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանի հավաստմամբ, դաշինքը չի քննարկում այդ
հարցը, քանի որ գալիք ընտրությունները դիտում է ոչ թե իշխանափոխության
հնարավորություն, այլ պարզապես` խորհրդարանական ընտրություններ: «Մենք
կձգտենք ձեւավորել այնպիսի խորհրդարան, որը կկարողանա հավասարակշռել եւ
վերահսկել իշխանության գործադիր թեւը: Իսկ նախագահը պետք է աշխատի այնքան,
ինչքան օրենքն է թույլ տալիս»,- նկատել է Դաշնակցության ներկայացուցիչը:
Հունիսի 19-ին կայանալիք ընտրություններին լուրջ նախապատրաստվում է նաեւ
ԼՂՀ կառավարությունը: Այս առնչությամբ վերջերս կառավարությունում կայացած
աշխատանքային խորհրդակցությունում վարչապետ Անուշավան Դանիելյանը,
կարեւորելով այս ընտրությունների քաղաքական նշանակությունը, նշեց, որ
ինչպես նախորդ` ՏԻՄ ընտրությունների ժամանակ, այս անգամ նույնպես
կապահովվի մարդկանց ազատ ու թափանցիկ ընտրություն կատարելու իրավունքը:
Արցախի ժողովրդավարական կուսակցությունից ու դաշինքից բացի,
ընտրություններին մասնակցում են նաեւ մի քանի կուսակցություններ, որոնցից
խորհրդարանում հայտնվելու ամենամեծ հավանականությունն ունի աջ կենտրոնամետ
«Ազատ Հայրենիք» կուսակցությունը:

Որպես իշխանության մի թեւ` խորհրդարանն այդպես էլ չկայացավ

Իսկ ինչպիսի՞ն էր ԼՂՀ գործող խորհրդարանը, ինչպե՞ս է գնահատվում նրա 5
տարվա գործունեությունը: Քաղաքական ուժերն այս հարցի շուրջ տարակարծիք են:
Վերջերս ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, Արցախի
ժողովրդավարական կուսակցության «Ժողովրդավարություն» (նախկինում` ԺԱՄ)
խմբակցության փոխնախագահ Վահրամ Աթանեսյանը մամուլի ասուլիսի ժամանակ
բարձր է գնահատել խորհրդարանում ճնշող մեծամասնություն կազմող ԺԱՄ
խմբակցության գործունեությունը:
2000 թ. ընտրությունների արդյունքում Ազգային ժողովի կազմում ընտրվեց 9
դաշնակցական, ԺԱՄ 13 անդամ եւ 11 անկախ պատգամավոր: Դաշնակցության
ներկայացուցիչ Գրիշա Հայրապետյանի խոսքերով, առաջին իսկ նիստից հետո
իշխանությունները բանակցություններ սկսեցին անկախ պատգամավորների հետ`
առաջարկելով միանալ ԺԱՄ խմբակցությանը, որը մեծամասնություն ունենալու
շնորհիվ կարողացել է ապահովել կառավարության կողմից ներկայացված բոլոր
նախագծերի ընդունումը: «Մենք գտնում ենք, որ նման իրավիճակ չի կարելի
թույլ տալ, եւ պետք է անենք ամեն ինչ, որ ընտրվելիք խորհրդարանը ճիշտ
կատարի իր դերը եւ կարողանա ընդունել ժողովրդի շահերից բխող օրենքներ»,-
ասել է նա:
ՀՅԴ խմբակցության անդամ Ալյոշա Գաբրիելյանը գտնում է, որ որպես
իշխանության մի թեւ` խորհրդարանն այդպես էլ չկայացավ: «Եվ նախագահի, եւ
կառավարության կողմից քայլեր են ձեռնարկվել, որպեսզի նսեմացվի պատգամավորի
դերը պետական կառուցվածքի մեջ»,- ասել է պատգամավորը:
Իսկ «Շարժում 88» կուսակցության նախագահ, Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ
Աղաբեկյանն այն կարծիքին է, որ կիսամշտական խորհրդարանը չէր կարող ավելին
անել: Նա գտնում է, որ Ղարաբաղին պետք է պրոֆեսիոնալ պառլամենտ, որի
իրավասություններն անհամեմատ բարձր պետք է լինեն, ընդ որում` երկրի
նախագահի իրավասությունների հաշվին: