Արեւահարությունը մի վիճակ է, որը ստեղծվում է գլխի վրա արեւի անմիջական ճառագայթների անչափ ուժեղ ազդեցությունից: Դրանից ուղեղի արյունատար անոթները լայնանում են, եւ գլխում տեղի է ունենում արյան հորդացում ու ուղեղի այտուց: Եթե վնասվում են փոքր արյունատար անոթներ, ապա փոքր արյան զեղումներն ուղեղի տարբեր մասերում հանգեցնում են կենտրոնական նյարդային համակարգի գործունեության խանգարմանը: Արեւահարության առաջին նշաններն են դեմքի կարմրությունը, ուժեղ գլխացավը: Այս ամենին կարող է հաջորդել սրտխառնոց, գլխապտույտ, աչքերի մթագնում եւ փսխում: Հիվանդի մոտ հնարավոր է գիտակցության կորուստ: Այդ ժամանակ զարկերակն ու շնչառությունն արագանում են, առաջանում է շնչարգելություն, վատանում է սրտի աշխատանքը: Այս ամենին նպաստում են տոթ եղանակը, արեւի տակ հարբած վիճակով գտնվելը եւ այլն: Խորհուրդ չի տրվում քնել արեւի տակ:
Առաջին օգնություն արեւահարության ժամանակ
Առաջին հերթին պետք է փորձել կանխել արեւի ազդեցությունը: Անհրաժեշտ է հիվանդին տեղափոխել համեմատաբար ցուրտ վայր, հանել հագուստը եւ գլուխը բարձր դնել: Այնուհետեւ պետք է փորձել սառեցնել մարմինը սառը ջրի կոմպրեսներով: Տուժողին պետք է ստեպ-ստեպ անուշադրի սպիրտով ուշքի բերել, այնուհետեւ նա պետք է ընդունի սրտի կաթիլներ` կորվալոլ: Հիվանդը նաեւ պետք է առատ հեղուկ ընդունի սառը վիճակում: Հետո արդեն մնացածը բժիշկների գործն է:
Նման դեպքերում ջերմությունն իջեցնելու համար կարելի է դիմել մի քանի ժողովրդական միջոցների` տարբեր դեղաբույսերով: Այդ դեղաբույսերից ավելի հաճախ օգտագործվում են, օրինակ` մանրաթերթիկ լորենին, սովորական ազնվամորին, Ճահճային լոռամրգենին, մոշը եւ այլն:
Լորենու ծաղիկը լավացնում է քրտնարտադրությունը: 1 ճաշի գդալ լորենու մանրացրած ծաղիկները եփել 1 բաժակ եռջրով, ապա թրմել 20 րոպե, քամել եւ խմել՝ ինչպես սովորական թեյը:
Սովորական ազնվամորու 2 ճաշի գդալ չորացրած պտուղները 1 բաժակ եռջրով եփել, 20 րոպե հետո սկսել խմել թեյի նման`1-2 ժամվա ընթացքում: Իսկ ահա գիտական բժշկության մեջ լոռամրգի պտուղներից պատրաստվում են թթվաշ խմիչքներ`տենդային հիվանդությունների համար:
Մոշի տերեւներից պատրաստված թուրմը`10գ/200գ ջրի հարաբերությամբ, մի քիչ մեղրի հետ, լավ քրտնամուղ է:
Քաղցր նարինջը միշտ համարվել է տարբեր հիվանդությունների բուժամիջոց: Տենդով հիվանդներին խորհուրդ է տրվում ամեն օր 2-3 անգամ ուտել նարինջ եւ խմել հյութը, այն լավ հագեցնում է ծարավը:
Սովորական բալի ու գետնամորու պտուղներն ու հյութը եւս շատ օգտակար են նման դեպքերում եւ հագեցնում են ծարավը: Նույն նպատակի համար կարելի է նաեւ օգտագործել կիտրոնի ու կարմիր հաղարջի հյութն ու պտուղները: Իսկ ահա թարմ վարունգի հյութն օգտագործում են եւ՛ որպես ջերմիջեցնող, եւ՛ որպես հակաբորբոքային միջոց: Դաղձը եւս համարվում է եւ՛ միզամուղ, եւ՛ քրտնամուղ: Մասուրը հիմնականում օգտագործվում է որպես պոլիվիտամինային միջոց:
Ավելի շուտ կարող են արեւահարվել երեխաները: Այդ պատճառով անպայման պետք է գլուխը ծածկել, եւ ցանկալի է երեխային անընդհատ ջուր կամ թեյ տալ, այդ դեպքում՝ հատկապես կանաչ թեյ: Բայց ամենագլխավորն՝ օրվա ժամը 11-16-ն ընկած ժամանակահատվածում պետք չէ երեխաներին դուրս հանել: Իսկ եթե, այնուամենայնիվ, երեխան արեւահարվել է, անպայման կբարձրանա ջերմությունը, իսկ երեխայի համար նշված միզամուղներն ու քրտնամուղներն այնքան էլ հարմար չեն, պետք է տալ ջերմիջեցնող պրեպարատներ: Ծնողները պետք է հիշեն, որ չի կարելի երեխային արեւի տակ քնեցնել: Երբեմն երեխաներն, արեւի տակ քնելուց հետո, վատ ինքնազգացողություն են ունենում, ինչն անպայման անդրադառնում է նրանց տրամադրության վրա:
Արեւայրուքն օգո՞ւտ է, թե՞ վնաս
Այսօր շատ է ընդունված, այսպես կոչված, սոլյարին` արհեստական թխությունը, արեւայրուքի էֆեկտով քսուքների գործածությունը կամ Air Art կոչվածը, ոմանք էլ ընտրում են սովորական արեւը: Խոսենք սրանց օգտակարության ու վնասի մասին, եւ հետո, ընտրությունը ձերն է: «Չկա ոչինչ սարսափելի, քան ասպիրինի գույնի մաշկը»,- ասել է լեգենդար Կոկո Շանելը, դրանով իսկ նորաձեւության մեջ նոր խոսք ասելով արեւայրուքի մասին: Անցել է կես դար, բայց մենք, միեւնույն է, փորձում ենք հասնել մեր երազած շոկոլադե ոսկեգույնին:
Նման արդյունքի հասնելու համար վաճառվում են տարբեր տեսակի քսուքներ ու լոսյոններ: Արդյունքը զգացվում է 2 շաբաթվա անընդմեջ գործածությունից հետո: Այս ձեւով թխանալու առավելությունները նրանք են, որ կարճ ժամանակահատվածում է լինում, եւ դրանք հանդիսանում են նաեւ մաշկի խոնավացման միջոց ու համեմատաբար այնքան էլ թանկ չեն: Իսկ վնասն այն է, որ կարող են հագուստի վրա մնալ տեղեր։ Խորհուրդ չի տրվում օգտագործել նրանց, ովքեր տառապում են մաշկային ու հորմոնալ հիվանդություններով, երբեմն մաշկին տալիս է ոչ այնքան բնական` դեղնավուն գույն, եւ, վերջապես, այնքան էլ հաճելի հոտ չունեն:
Air Art-ը սովորական պրոցեդուրա է, որը գործածվում է գեղեցկության սրահներում: Տեխնոլոգիան շատ պարզ է. կոսմետոլոգը հատուկ սարքի միջոցով մարմնի վրա ցանում է լոսյոն, որի հիմքը շաքարեղեգն է: Այս պիգմենտի արագ ներգործությունից մաշկը շատ լավ գույն է ստանում: Այս պրոցեդուրայի առավելությունը կայանում է նրա անվնասակարության մեջ: Այսինքն` այս միջոցին կարող են դիմել այնպիսի հիվանդություններով մարդիկ, ինչպիսին պսորիազն է կամ պիգմենտային բծերը: Շաքարեղեգի հաշվին այն նաեւ ձգում ու երիտասարդացնում է մաշկը: Հետո համաչափ մաշկը սպիտակում է 5-10 օրվա ընթացքում, չեն մնում ավելորդ բծեր: Այս միջոցը նաեւ, կարելի է ասել, մաշկի համար պիլինգի ազդեցություն է ունենում, մաքրում է մաշկը: Air Art-ի բացասական կողմն այն է, որ շատ կարճ է մնում մաշկի գույնը, եւ բավականին թանկ արժե: Այն հնարավոր չէ տնային պայմաններում անել եւ բացարձակ պաշտպանիչ շերտ չի հանդիսանում արեւից:
Բնական արեւով արեւայրուք ընդունել հնարավոր է եւ՛ ծովափին, եւ՛ գյուղում, եւ՛ ընդհանրապես այնտեղ, որտեղ արեւ կա: Իհարկե, ասում են՝ ծովափի ու գետափի արեւայրուքը գույնով տարբերվում է, բայց բժիշկ-կոսմետոլոգները գտնում են, որ այն պարզապես կախված է մաշկից եւ ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ գտնվելու ժամանակահատվածից: Այս տարբերակի առավելությունն այն է, որ մաշկն ընդունում է ամենահավասար արեւայրուք, մեծացնում է արյան մեջ սպիտակուցների քանակը եւ բարձրացնում ֆերմենտների ակտիվությունը: Այս ամենի ազդեցությունից բարձրանում է դիմադրողականությունը, օրգանիզմում վիտամին D-ի յուրացումն արագ է տեղի ունենում, որն էլ նպաստում է ոսկրերի ու մկանների ամրացմանը եւ օգնում պայքարել դեպրեսիաների ու սթրեսների դեմ: Բայց այս տարբերակը եւս ունի իր բացասական կողմերը: Այն մեծացնում է մաշկի ու կրծքի քաղցկեղով հիվանդանալու վտանգը: Եթե օրվա մեջ 30 րոպեից ավելի եք գտնվում արեւի տակ, մաշկը ժամանակից շուտ ծերանում է: Կարող է տեղի ունենալ արեւահարություն կամ ջերմահարություն:
Այսօր մաշկին թուխ երանգ հաղորդելու ամենաընդունված ձեւը սոլյարին է: Այն կատարվում է 2 տարբերակով` հորիզոնական եւ ուղղահայաց, այսինքն` պառկած կամ կանգնած: Հորիզոնական սոլյարիի ժամանակ գործածվում են միջին ուժգնության լամպեր` 15-20 րոպե տեւողության: Տուրբոսոլյարիի` ուղղահայաց սոլյարիի ժամանակ գործածվող լամպերն ավելի ուժեղ են, այդ պատճառով տեւողությունն ավելի կարճ է` 10-12 րոպե: Սոլյարիի առավելությունն այն է, որ նույնիսկ խորը ձմռանը հնարավոր է ստանալ մաշկի հավասարաչափ գույն: Այն այնքան էլ թանկ հաճույք չէ ու բավականին երկար կարող է չանցնել մաշկի վրայից: Այն բացարձակ չի ազդում մաշկի էլաստիկության վրա: Բայց ունի շատ հակացուցումներ: Սոլյարին հակացուցված է մասնավորապես սիրտ-անոթային համակարգի հիվանդություններով, տուբերկուլյոզով ու բրոնխիալ ասթմայով տառապողներին, արյան հիվանդություն ու վահանաձեւ գեղձի խնդիրներ ունեցողներին: Հղիներին եւս խիստ հակացուցված է սոլյարին: Չի կարելի նաեւ այն դեպքում, եթե հիվանդությունից հետո հակաբիոտիկներ են ընդունում կամ հորմոնային, հոգեմետ, միզամուղ պրեպարատներ: Այն կարող է ավելացնել կորյակների քանակը: Նպաստում է մաշկի չարորակ ուռուցքի զարգացմանը, հատկապես՝ սպիտակամորթների ու շիկահերների մոտ: