«Ադրբեջանցիների հետ հարաբերություններում առաջին գործոնը նավթն է»

20/07/2008

– Ձեզ բավարարո՞ւմ է ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության վերաբերմունքը եւ ուշադրությունը Հայաստանում եւ Ադրբեջանում օրինականության, ժողովրդավարության եւ մարդու իրավունքների հետ կապված խնդիրների նկատմամբ:

– Անկասկած, առանց այդ կազմակերպությունների օգնության Ադրբեջանը կհայտնվեր Բելառուսի եւ Ուզբեկստանի վիճակում։ Արդյունաբերապես զարգացած արեւմտյան երկրները, որոնք վերահսկում են նշված կազմակերպությունները հանուն հաջող նավթային բիզնեսի, շահագրգռված են Ադրբեջանի կայունությամբ եւ մարդու իրավունքների որոշ նվազագույն մակարդակի պահպանմամբ, որպեսզի Եվրոպան չհեղեղեն անկայուն երկրներից եկած փախստականները։ Այդ պրագմատիկ շահն էլ հենց թելադրում է, որպեսզի Արեւմուտքում հոգ տանեն մարդու իրավունքների մասին։ Էներգակիրների ոլորտում ճգնաժամի սպառնալիքը նավթ եւ գազ արդյունահանող երկրների կառավարություններին տալիս է լրացուցիչ միավորներ եւ մեղմում Արեւմուտքի կողմից նրանց քննադատությունը։ Դրանով է բացատրվում այն հանգամանքը, որ Բելառուսին մեղադրում են ավելի շատ, քան Ադրբեջանին, Ուզբեկստանին՝ ավելի շատ, քան Թուրքմենստանին։ Ադրբեջանի վերաբերյալ եվրոպական առաջնորդների ելույթներում առաջին գործոնը նավթն է, երկրորդը՝ ահաբեկչությունը, եւ միայն երրորդ տեղում մարդու իրավունքներն են։ Եվ, իհարկե, դա հարուցում է իրավապաշտպանների քննադատությունը։

– Հարավային Կովկասի երկրներում ժողովրդավարական ազատությունների հետ կապված իրավիճակի, միջազգային ստանդարտներին դրանց համապատասխանության՝ ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի, Եվրամիության գնահատականներն արդարացի ու հավասարակշռված համարո՞ւմ եք, թե՞ կիրառվում է երկակի ստանդարտների քաղաքականությունը:

– Կարծում եմ, որ կիրառվում է նույնիսկ ոչ թե երկակի, այլ եռակի ստանդարտների քաղաքականություն՝ յուրաքանչյուր երկրի համար առանձին։ Վրաստանը ձգտում է մտնել ՆԱՏՕ։ Ադրբեջանն արտահանում է նավթ եւ գազ։ Իսկ Հայաստանն, իմ կարծիքով, Արեւմուտքի համար հետաքրքրություն չի ներկայացնում: Հայաստանի հետ հարաբերություններն ածանցվում են այն զգուշավորությունից, որով Արեւմուտքը վերաբերվում է Ռուսաստանին։ Իրականում դա Հարավային Կովկասի միակ երկիրն է, որը բացահայտ համակրանք է արտահայտում Թեհրանի ռեժիմի նկատմամբ, որն օժանդակում է քուրդ անջատողականներին, տարածքային հավակնություններ է դրսեւորում ՆԱՏՕ-ի անդամ երկրի նկատմամբ, ինչպես նաեւ՝ անբարյացակամություն հենց ՆԱՏՕ-ի նկատմամբ՝ սեփական նախաձեռնությամբ իր տարածքում պահելով ռուսական ռազմակայաններ, եւ ակտիվորեն հակամարտության մեջ է ներգրավված իր հարեւանի՝ Ադրբեջանի հետ։

Հայաստանն Արեւմուտքին ավելի շատ գլխացավանք է պատճառում, քան ինչ-որ վարդագույն սպասելիքների տեղիք տալիս։

– Ինչպե՞ս են, ըստ Ձեզ, Ադրբեջանում վերաբերվում երկրի ժողովրդավարացման գործընթացներին եվրոպական կազմակերպությունների տված գնահատականներին, արդյո՞ք այդ գնահատականները նշանակություն ունեն այս ուղղությամբ Ադրբեջանում իրական առաջընթացի համար:

– Կառավարության դիրքորոշումը պետք է գնահատել ոչ թե ըստ պաշտոնյաների հայտարարությունների, այլ՝ ըստ իրական տեղաշարժերի։ Ես համաձայն չեմ այն պնդման հետ, թե իրավիճակը հիմա ավելի վատ է, քան երկրի՝ Եվրախորհուրդ մտնելու ժամանակ։ Պաշտոնյաները շատ առումներով իրենց պահում են ավելի վայելուչ, քան առաջ։ Այլ բան է, որ երկրում չի ավարտվել տնտեսական բարեփոխումը, եւ կապիտալը գտնվում է մաֆիոզ խմբի ձեռքին, որը կկորցնի այն՝ իշխանափոխության դեպքում։ Ուստի այլախոհությունը ճնշվում է։ Եվ քանի դեռ չի վերացել կեղտոտ կապիտալը, չի հաստատվել օրենքի գերակայությունը, եւ ստվերից դուրս չեն եկել իրական կապիտալիստները, խոսք չի կարող լինել ժողովրդավարացման մասին, եւ Եվրոպայի բոլոր ջանքերն անօգուտ կանցնեն։ Կարելի է հատուկ թանաքով ներկել թեկուզ ձեռքի բոլոր մատները, բայց եթե իշխող կուսակցությունը հստակ վճռել է իշխանությունը պահել, ընդ որում՝ վերահսկելով ուժային կառույցներին, ԿԸՀ-ին եւ Սահմանադրական դատարանին, ապա երկրում ոչ մի ժողովրդավարական ընտրություն չի լինի։

– ԵԽ ԽՎ հունիսյան նստաշրջանում քննարկվեցին Հայաստանում հետընտրական եւ Ադրբեջանում ժողովրդավարական ինստիտուտների հետ կապված իրավիճակները: Ի՞նչ գործոններ են ազդում ԵԽ ԽՎ-ում այդ քննարկումների վրա:

– Ուզում եմ ընդգծել, որ եվրոպացիներն ունեն որոշ «սրբազան կովեր», որոնց նկատմամբ ոտնձգությունները նրանց խիստ նյարդայնացնում են։ Դրանցից մեկը կարծիք հայտնելու ազատությունն է։ Այս առումով՝ լրագրողների նկատմամբ ուժային կառույցների եւ դատարանների գործադրած ճնշումները հարուցում են Եվրախորհրդի միանգամայն կանխատեսելի բացասական արձագանքը։ Չեմ կարող հավաստել, թե պատահաբար են լրագրողների նկատմամբ կիրառվող ճնշումները սրվում ԵԽ ԽՎ յուրաքանչյուր նստաշրջանից առաջ, որտեղ քննարկվում է իրադրությունն Ադրբեջանում։

Օրինակ՝ հիմա Ոստիկանությունը ցրեց Չե Գեւարայի կողմնակիցների միանգամայն անմեղ հավաքը։ Ընդ որում՝ ծեծի ենթարկվեց, կամ էլ, ըստ մեկ այլ վարկածի, նյարդային նոպայի հասցվեց լրագրող, իրավապաշտպան Էմին Հուսեյնովը։ Թեեւ պատահարը դեռեւս հետաքննվում է, բայց Նախագահի ապարատի պատասխանատու անձանցից մեկը շտապեց այն անվանել «պլանավորված սադրանք», ընդ որում՝ տուժողի կողմից, դրանով իսկ ուղղորդելով հետաքննության ընթացքը։ Մինչ այդ «Ազադլիգ» թերթի լրագրող Ագիլ Հալիլի հետ պատահած դեպքն էր, որը եւս մասամբ բարդեցին նրա վրա։ Դրանից առաջ էլ տեղի ունեցավ Գանիմատ Զախիդովին պատահած պատմությունը, որին ծեծեցին եւ հենց իրեն էլ մեղադրեցին։ Մեկ այլ ծեծված լրագրողի Ոստիկանությունը մեղադրեց, որ ընկել եւ հաշմվել է…

Ստացվում է տարօրինակ պատկեր. լրագրողները մի հոգու պես իրենք իրենց ընկնում են, իրենք իրենց հաշմվում են, շորթում են եւ սադրում։ Միեւնույն ժամանակ, չի արձանագրվել գեթ մեկ դեպք, երբ ինչ-որ մեկին պատժեին լրագրողներին ծեծելու համար, թեեւ նման բան պատահում է ամբողջ աշխարհում։ Բայց չի պատահում Ադրբեջանում, որտեղ չկան հարձակումներ լրագրողների վրա եւ խոշտանգումներ։ Տարօրինակ չէ՞։ Արեւմուտքում նման հեքիաթներին ոչ ոք չի հավատա։

– Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի իրավապաշտպաններն այս երեք երկրների՝ ԵԽ-ին անդամագրումից հետո առաջին անգամ դիմել են ԵԽ ԽՎ-ին` առաջարկելով նշանակել քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցողի: Սա կարո՞ղ է հանգեցնել կոնկրետ արդյունքների, եւ կա՞, արդյոք, իմաստ՝ շարունակելու երեք երկրների իրավապաշտպանների այդ համագործակցությունը:

– Այդպիսի ամբողջական կազմով՝ իսկապես առաջին անգամն է։ Վրաստանի ժողովրդական պաշտպանը (օմբուսմենը), այսինքն՝ պետական իրավապաշտպանը, օրերս ընդունեց, որ «վերջին շրջանում՝ անցյալ տարվա նոյեմբերի իրադարձություններից ի վեր, Վրաստանում առաջ եկան քաղաքական դրդապատճառներով բազմաթիվ ձերբակալվածներ, իշխանություններին ընդդիմախոսելու կամ ընդդիմադիր հանրահավաքներին մասնակցելու պատճառով։ Մի բան, որ նախկինում գործնականում չի եղել»։ Մի ամիս առաջ մոտ մեկ տասնյակ հայտնի նշանավոր ռուս իրավապաշտպաններ հանդես եկան հայտարարությամբ այն մասին, որ երկրում կան առնվազն 14 քաղբանտարկյալներ, եւ այլն։ Նման խնդիր կա նաեւ ԱՊՀ ուրիշ երկրներում։ Ուստի, կարծում եմ, որ քաղբանտարկյալների հարցով հատուկ զեկուցող նշանակելու նախաձեռնությունը կարող է դուրս գալ Կովկասի սահմաններից։