Գրավոր խոսքը՝ բանավորի զոհասեղանին

20/07/2008 Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

Մենք համառորեն քայլում ենք լենինյան ուղիով եւ շարունակում ենք անընդհատ սպանել թագավորին։ Ռամկաբանությունը ստիպում է ոչնչացնել դարերով կուտակված մարդկային եւ հասարակական արժեքները։

Հասկանալի է, որ ռամիկի խնդիրը շղթաներից ազատվելն է, եւ պատմականորեն այդ գործողությունը, կարելի է ասել, կատարված է. ռամիկն ազատվել է շղթաներից. ռամիկը ոչ միայն շղթայի կապանքն է փշրել, այլեւ ամբողջովին դեն է նետել շղթան կամ գոնե ջանում է դեն նետել այն, եւ՝ որքան հեռու, ըստ իր հասկացողության, այնքան լավ։ Բանն այն է, որ շղթան փշրելուց հետո ռամիկն այլեւս ծրագիր չունի, չգիտի ինչ անել, երբ շղթան այլեւս ձեռն ու ոտը չի կաշկանդում, ինչ անել այն ազատության հետ, որ վիշապի պես հառնել է հանկարծ եւ ուզում է կուլ տալ «ազատարարին»։ Ռամիկն, իհարկե, գլխի չի ընկնում, որ ազատությունը ոչ թե շղթան է կաշկանդում, այլ շղթայի կապանքը, ինչպես որ տուն մտնելիս՝ ոչ թե դուռն է արգելքը, այլ դռան փականը, եւ տուն մտնելու համար փականը բացելու փոխարեն դուռը կոտրելն առնվազն հիմարություն է։ Եվ քանի որ այս պարզ հանգամանքը ռամիկը չի գիտակցում, շղթայի փականը փշրելու հետ, դեն է նետում ողջ շղթան՝ միմյանց ագուցված այն օղակները, որ ժամանակի ու տարածության, մարդկային նվաճումների ու արժեքների անընդհատության կապն են պահպանում։

Սպանելով թագավորին, միաժամանակ ոչնչացնում է թագավորությունը, ոչնչացնելով թագավորությունը, մերժում է այն ամենը, ինչ նախորդել է դրան, եւ ինքը կանգնում է զրոյի վրա, եւ այդ զրոյի վրա կանգնած մարդը հայտարարում է իր ազատության մասին եւ առհասարակ դատողություններ է անում ազատության մասին եւ կարծում է, թե ազատությունը մի բան է, որ պիտի գա ու խոնարհվի իրեն ու ենթարկվի իր կանոններին, այսինքն՝ թագավորին սպանելով՝ ինքն է իրեն թագավոր կարգում, եւ սկսվում է ռամիկի թագավորության տխուր ու դատարկ շրջապտույտը։ Եվ քանի որ թագավորը ռամիկն է, ուզում է ամեն ինչ բխեցնել իրենից ու հանգեցնել իրեն, ու նախ եւ առաջ՝ լեզուն, ու քանի որ մեր ռամիկը գրաճանաչ չէ, գերադասում է բանավոր խոսքը, իսկ բանավոր խոսքից առավել՝ իր շրջապատի խոսվածքը, որի բառապաշարը սահմանափակվում է մի հարյուր միավորով, ու այդ հարյուր միավորը՝ հանգավորելով (այլ կերպ՝ գռեհկաբանությանը կոստյում հագցնելով), փորձում է մտցնել մշակույթի դաշտ ու թագադրել, սակայն ժողովուրդը շատ լավ գիտի, որ ինչքան էլ փորձեն էշից ձի ստանալ, միեւնույն է՝ ջորի է դուրս գալու։ Բոլորիս էլ հայտնի է, որ խոսվածքները, բարբառներն ու ժարգոնները տեղայնացված են ու խմբավորված, եւ իրենց շրջանակներում դրանց օրինականությանը որեւէ մեկը կասկած չի հայտնում, սակայն մշակույթն ու գիտությունը ստեղծվում են ոչ թե ժարգոնային, այլ դրանց համար մշակված լեզվով, ընդ որում, դարերի ընթացքում մշակված՝ գրական լեզվով, որը ծառայում է ոչ թե ժամանակային փոքր միավորի կամ որեւէ բակի՝ միմյանց լավ ծանոթ հարեւաններին, այլ ժողովրդի հավաքական միավորին՝ բոլոր ժամանակներում։ Եվ այնպես, ինչպես պատշաճ չէ հասարակությանը ներկայանալ ներքնաշորերով, դրանով դրսեւորելով, այսպես կոչված, ինչ-որ ազատության չափանիշներ, այնպես էլ պատշաճ չէ գրականություն մտնել հայհոյախոսությամբ։ Նրանց, ովքեր փողոցի խոսվածքը համառորեն ուզում են օրինականացնել եւ մտցնել գրականություն, ասեմ, որ այդպես հաջողության չեն հասնի, եւ հասարակությունը, ցավոք, չի գնահատի նրանց ջանքերը, քանի որ հասարակությունն այլեւս ընթերցող չէ եւ խիստ կասկածի տակ է առնում այն նոր ու ցնցող արժեքները, որ փորձում են նրան մատուցել նրա կենսամակարդակով մտահոգ նորարարները։ Ասեմ նաեւ, որ ամեն ինչ հուսահատական եւ վերջնական չէ. սույն նորարարներին կոչ եմ անում փողոց դուրս գալ ներքնաշորերով, իսկ ավելի ճշմարտացի ու բնական լինելու համար՝ մորեմերկ։ Սա արդեն հասարակության աչքից հաստատ չի վրիպի, եւ նա լուրջ կմտածի՝ չվերադառնա՞, արդյոք, ընթերցանությանը։ Չմոռանանք, որ գրական լեզուն՝ բանավոր ու գրավոր դրսեւորումներով, տարբեր դերակատարություն ունի։ Բազում գործոններից առանձնացնենք կարեւորը, առանցքայինը, այն, որ լեզուն նախ եւ առաջ՝ մտածողություն է. քանի դեռ չենք խոսել կամ գրել, մեր միտքը զարգացման սահմանափակ հնարավորություններ ունի, եւ շատ դեպքերում ու հիմնականում մեր գլխում սկզբնավորված միտքը մեզ այնպիսի անակնկալներ է մատուցում, երբ սկսում ենք արտահայտվել, որ ինքներս էլ զարմանում ենք։ Խոսելու կամ գրելու ընթացքն է, որ զարգացնում ու որոշակի մակարդակի է հասցնում «լռության մեջ» սաղմնավորված միտքը։ Բանավոր խոսքում մենք ավելի ազատ ենք, կարող ենք վրիպումներ թույլ տալ կամ չենք կարող հետեւել մտքի խորությանը, այսինքն՝ միտքը մեզ ներկայանում է հանպատրաստից, իսկ գրավոր խոսքում մենք, այսպես ասած, ժամանակ ունենք մեր մտքի հետ երկխոսության, նրա ետեւից գնալու եւ նրա հետ հաշվի նստելու, մշակելու։ Գրավոր խոսքը նույնքան անհրաժեշտություն է, որքան մեր կենցաղում վերջերս հայտնված համակարգիչը։ Անկախ նրանից, թե մարդն ինչ մասնագիտություն է ընտրում, այդ մասնագիտության «միտքը» գրավոր շարադրության, մշակման կարիք ունի, ու եթե մարդը չի տիրապետում գրավոր խոսքին, նրա մասնագիտական ասելիքը դատապարտված է անհաջողության, սահմանափակ է նրա երեւակայությունը ու ժանգոտ այդ երեւակայությունը գործի դնող շարժիչը։

Այն, որ մեր կրթության համակարգը վերածվել է ընդամենը քննական համակարգի, եւ ոչ թե՝ ուսուցման եւ գիտելիք ձեռք բերելու, մտահոգության տեղիք է տալիս։ Դպրոցում մատների արանքով են նայում ստեղծագործական շարադրություն գրելու, այսինքն՝ գրավոր խոսքը զարգացնելու անհրաժեշտությանը, իսկ բուհում՝ առավել եւս։ Դպրոցում շարադրություն են գրում դեպքից դեպք կամ նախարարությունից իջած հրովարտակներով՝ բոլորով միասին ու մի կարգախոսով, երբեմն կեղծ մրցույթների ազդակոչով, իսկ բուհում գրում են մեն մի անգամ՝ ընդունելության քննությանը եւ միայն լրագրողներն ու թատերականի որոշ դիմորդներ։ Այսքանով մեր պահանջարկը ստեղծագործական շարադրության նկատմամբ ավարտվում է, այսինքն՝ ընդհանրապես ավարտվում է մեր պահանջը գրավոր (եւ առհասարակ) խոսքի նկատմամբ։ Ի տարբերություն մնացած առարկաների, որ քիչ թե շատ, լավ թե վատ դասավանդվում են դպրոցում կամ բուհում, գրավոր խոսքը, կարելի է ասել, բոլորովին չի դասավանդվում, նույնիսկ նրանք, ովքեր քննություն են հանձնում այդ առարկայից, մասնավոր ուսուցիչներ վարձելու ճար էլ չունեն, քանի որ այդպիսիք պարզապես չկան։ Ամեն ինչ վերագրվում է, այսպես ասած, տաղանդին, ի ծնե ընդունակությանը, սակայն կրթություն չունեցող մարդու համար տաղանդը նույնն է, ինչ կույրի համար՝ ակնոցը։ Այն, որ տգիտությունը բուն է դրել մեր հասարակության ներսում եւ մետաստազներ է տալիս, բոլոր մահացու մեղքերի մեջ ռամիկին մեղադրելը, ինչ է թե՝ նա թագավոր դառնալու երազանք ունի, առնվազն միամտություն կամ անհաջող ինքնապաշտպանություն կլինի։ Երազելն, իսկապես, մեղք չէ (ո՜վ չի երազում). մեղքը երազողի ջրաղացին ջուր լցնելն է, տգետին ու տգիտությանը հնազանդվելը, նրանից ողորմություն վերցնելը։ Չգիտեմ, ով է մեծ մեղք գործում. նա, որ տալի՞ս է, թե՞ նա, ով վերցնում է։ Ժամանակը չէ՞ մտածելու այդ մասին…