Ամերիկայի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական,
Ստրատեգիական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի կոնսուլտանտ,
հանրաճանաչ վերլուծաբան Զբիգնեւ Բժեզինսկին «Շախմատի մեծ տախտակ.
«Ամերիկայի գերիշխանությունը եւ նրա աշխարհառազմավարական հրամայականները»
(«The Grand Chessboard. American Primancy and its Geostrategic
Imperatives») աղմկահարույց գրքից հետո, որում ԱՄՆ-ը ներկայացվում է որպես
աշխարհում կայունություն եւ անվտանգություն ապահովող միակ գերտերությունը,
հանդես է եկել «Ընտրություն. գլոբալ տիրապետությո՞ւն, թե՞ գլոբալ
լիդերություն» («Global Domination or Global Leadership») ոչ պակաս
հետաքրքրություն ներկայացնող աշխատությամբ:
Ամերիկան մարդկության զարգացման որոշիչ գործոն
Քննարկելով հեգեմոնիայի` գերիշխանության այլընտրանքային
հնարավորությունները, որոնք են կա՛մ ուժի վրա հենվող լիդերություն եւ կա՛մ
համաձայնություն, Զ.Բժեզինսկին գալիս է այն եզրակացության, որ երկրագունդը
քաոսից փրկելու միակ կարող տերությունը ԱՄՆ-ն է: Ամերիկայի հզորությունը
ոչ միայն ազգային սուվերենության պահպանման գործոն է, այլեւ՝ մարդկության
համար գլոբալ անվտանգության գլխավոր երաշխիք: Եվ այդ հզորությունը, ըստ
նրա, ի վիճակի է ստեղծել համատեղ շահերի վրա կառուցված համաշխարհային
հասարակություն: Փաստելով, որ 21-րդ դարի արշալույսին ամերիկյան ռազմական
եւ տնտեսական պոտենցիալը հասել է աննախադեպ բարձր մակարդակի, իսկ
բազմակերպ եւ անպաճույճ մշակույթը՝ մեծ ձգողանակության, նա այն միտքն է
հայտնում, որ Ամերիկայի ներկայիս քաղաքական հեղինակությունը եւ կշիռը
հավասարը չունեն ողջ աշխարհում: «Լավ է դա թե վատ՝ բայց ներկայումս
Ամերիկան է որոշում մարդկության առաջընթացի ուղղությունը, եւ նրան
հակառակորդ չի նախատեսվում»,- հայտարարում է նա:
Գրքի ծավալը եւ նրանում արծարծված խնդիրների խորությունը հնարավորություն
չեն ընձեռում սույն հոդվածի շրջանակներում անգամ թռուցիկ անդրադառնալ
դրանց: Այդ իսկ պատճառով կանգ կառնենք մեզ համար առավել հետաքրքրություն
ներկայացնող թեմաների վրա:
Թուրքական իսլամական ֆունդամենտալիզմի վտանգը
Թուրքիան հանդիսանում է Ամերիկայի կեսդարյա դաշնակիցը. գրում է
Զ.Բժեզինսկին: ԱՄՆ-ի վստահությունը եւ երախտագիտությունը նա շահել է դեռ
Կորեական պատերազմին անմիջական մասնակցությամբ: Թուրքիան ապացուցել է, որ
հանդիսանում է ՆԱՏՕ-ի ամուր եւ հուսալի հարավային ֆորպոստը: Խորհրդային
Միության փլուզումից հետո նա սկսեց ակտիվ կերպով աջակցել Վրաստանի եւ
Ադրբեջանի անկախության գործընթացներին: Բացի այդ, Անկարան ձեռնամուխ եղավ
Կենտրոնական Ասիայի երկրներում (որոնց բնակչության մեծամասնությունը
պատկանում է թուրքական մշակութալեզվական խմբին) համառորեն գովազդել
քաղաքական զարգացման եւ սոցիալական բարեփոխումների սեփական մոդելը: Այդ
իմաստով՝ Թուրքիան հաջողությամբ լրացնում է Ամերիկայի քաղաքականությունը,
որն ուղղված է հետխորհրդային պետությունների անկախության ամրապնդմանը:
Այնուհետեւ, խոսելով Թուրքիայի ներքին դժվարությունների, մասնավորապես՝
քրդական խնդրի մասին, որոնք խանգարում են նրա Եվրամիությանն
անդամակցությանը, հեղինակն այն մտավախությունն է հայտնում, որ Անկարայի
առաջ ԵՄ-ի դռների վերջնականապես փակումը չի բացառի Թուրքիայում իսլամական
կրոնաքաղաքական ավանդույթների վերածնունդը, ինչը կարող է կտրուկ փոխել
վերջինիս միջազգային քաղաքականության վեկտորը` այստեղից բխող բոլոր
անկանխատեսելի հետեւանքներով:
ՆԱՏՕ-Ռուսաստան-Կովկաս շղթան
Գրքում պայթունավտանգ տարածաշրջանների թվին է դասվում Կովկասը, որը
նախկինում մտնում էր ռուսական իմպերիայի բացառիկ հսկողության տակ, իսկ
այժմ ներկայացված է անկախ, բայց վատ պաշտպանված երեք
հանրապետություններով` Վրաստանով, Հայաստանով եւ Ադրբեջանով, ինչպես նաեւ՝
Հյուսիսային Կովկասի էթնիկական անկլավներով: Ներսից էթնիկական եւ կրոնական
հակամարտություններով բզկտված տարածաշրջանը միաժամանակ գտնվում է
Ռուսաստանի, Իրանի եւ Թուրքիայի պայքարի կիզակետում: Վերլուծաբանն այն
կարծիքին է, որ այս հավակնորդներից եւ ոչ մեկը չունի իր քաղաքականությունը
տարածաշրջանին պարտադրելու հզորություն եւ ռեսուրսներ: Անգամ, եթե երկու
դերակատարները` Ռուսաստանը եւ Իրանը, միավորվեն Թուրքիայի դեմ, ապա կրկին
անզոր կլինեն իրագործելու իրենց ռազմավարական պլանները, քանի որ այս
դեպքում խաղի մեջ կմտնի Ամերիկան՝ որպես ՆԱՏՕ-ի շրջանակներում Թուրքիայի
դաշնակից: Այս դեպքում` Ռուսաստանը, որը երկու անգամ արյունահեղ
պատերազմներ է ունեցել Չեչնիայի հետ, ցուցաբերելով հետիմպերիայի շրջանում
կայսերական պատերազմի իր հնարավորության սահմանները, ստիպված
կհամագործակցի Վաշինգտոնի` այսինքն ՆԱՏՕ-ի հետ, կովկասյան տարածաշրջանը
քաոսից փրկելու համար: Կովկասում մխացող կրակը, ըստ քաղաքագետի, անհնար է
մարել առանց դրսի ուժերի (կարդա՝ ՆԱՏՕ-ի) ակտիվ միջամտության: Զուգահեռ
անցկացնելով Կովկասի եւ Բալկանների միջեւ, Զ. Բժեզինսկին անդրադառնում է
ՆԱՏՕ-ի գործունեությանը, որը 20-րդ դարի 90-ական թվականներից նոր
դերակատարություն ստանձնեց եւ կասեցրեց ռազմական գործողությունները
Բալկանյան թերակղզում, ընդունելով Հարավարեւելյան Եվրոպայի պակտը: Նման
պակտ նա առաջարկում է Կովկասի համար: Եվ քանի որ Ռուսաստանի
համագործակցության շանսերը Հյուսիսատլանտյան միության շրջանակներում
մեծանում են, ու Մոսկվան ընդլայնում է քաղաքական եւ տնտեսական
համագործակցությունը Անկարայի հետ, ապա Կովկասի կայունացման խնդիրն ավելի
ու ավելի է անցնում ՆԱՏՕ-ի իրավասության տակ:
Ամերիկայի գլոբալ քաղաքականության մեջ հատուկ դեր է հատկացված Խորհրդային
Միության փլուզումից հետո ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության ընդարձակման
քաղաքականությանը: Վերլուծաբանն այն բաժանում է մի քանի փուլի` վարշավյան,
վիլնյուսյան, ուկրաինական: Հաջորդը կովկասյան փուլն է: Վրաստանը եւ
Ադրբեջանը, որոնց ղեկավարները բացահայտորեն արտահայտել են իրենց
ցանկությունը Հյուսիսատլանտյան միություն մտնելու կապակցությամբ,
առաջիկայում կուժեղացնեն այդ կազմակերպությանը պաշտոնապես անդամակցելու
ջանքերը: «Այդ դեպքում հազիվ թե Հայաստանը մի կողմ կանգնի: Կրկնակի
ակտիվությամբ կվերսկսվեն հայ-ադրբեջանական էթնոտարածքային կոնֆլիկտի
կարգավորման բանաձեւի որոնումները, իսկ դա, իր հերթին, կդյուրացնի
հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը, եւ արդյունքում Հայաստանի
համար դուռ կբացվի դեպի ՆԱՏՕ»,- հայտարարում է Զ. Բժեզինսկին: ՆԱՏՕ-ի
ընդարձակումը, նրա կարծիքով, ավարտվելու է այդ կազմակերպությանը
Ռուսաստանի անդամակցությամբ: Եվ, վերջ ի վերջո, Հյուսիսատլանտյան
ռազմավարական հետաքրքրությունների ոլորտ կներառվի ողջ Եվրասիան: Նման
հեռանկարները հեղինակը, մի շարք օբյեկտիվ գործոնների կողքին, ամենից առաջ,
պայմանավորում է Ռուսաստանի թուլացմամբ, որը որպես առճակատման այլընտրանք՝
որդեգրել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը: Նա հիշեցնում է, որ Պուտինը
եւ Բուշը ստորագրել են Համատեղ դեկլարացիա ( 24 մայիսի 2002թ.), որի
լեզուն բացառում է երկիմաստ մեկնաբանությունները. «Մենք ճանաչում ենք մեր
հետաքրքրությունները Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի
տարածաշրջանի բոլոր պետությունների կայունությանը, անկախությանը եւ
տարածքային ամբողջականությանն աջակցելու գործում»,- հայտարարել են նրանք:
(Այս հայտարարության ենթատեքստում Ղարաբաղի հետ կապված Ադրբեջանի
տարածքային ամբողջականության հարցը Պուտինի եւ Բուշի տեսակետից եւս
մեկնաբանության կարիք չունի):
Վերջաբանի փոխարեն
Խոր, համապարփակ եւ համեմատական վերլուծություն պարունակող այս փայլուն
գիրքը մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել դիվանագետների,
քաղաքագետների, միջազգային հարաբերությունների մասնագետների, լրագրողների
եւ, ընդհանրապես, քաղաքականությամբ հետաքրքրվող ընթերցողի համար: Այն,
անկասկած, կդասվի քաղաքական գրականության դասական գործերի շարքին: