Գյումրիից է: Երկրաշարժից հետո չկարողացավ մնալ, հեռացավ: Մենակ էր, տղան` հինգ ամսական: Տեղափոխվեց Երեւան: Ապրում է հյուրանոցում:
«Գնում եմ Գյումրի, ասում են՝ տեղեկանք բեր հարեւաններիցդ, որ ապրել ես
էստեղ: Չկան, ասում եմ, մեռել են լրիվ: Ասում են՝ կորցրել ենք եղած
տեղեկանքները: Արխիվում էլ փաստաթուղթ չկա: Խաբում են: Գրանցումս եմ ցույց
տալիս, ասում են` չի լինում, տեղեկանք պիտի բերես: Տեղեկանքի համար էլ
ամեն անգամ փող են ուզում: Տարին մեկ` ամեն հունվարի փոխում են: Կարգն է,
ասում են, էդպես: Գնալ-գալն էլ է դժվար: Քաղաքապետի հետ հանդիպման համար
հերթագրվեցի, մի քանի շաբաթ հույսով սպասեցի, պարտք արեցի, գնացի, ասում
են` ընդունելությունը մինչեւ ժամը մեկն էր: Կամ էլ թե` իզուր էր
հանդիպելը, հունվարին նոր հաշվառում պիտի լինի: Ինձ մինչեւ հիմա տուն տված
պիտի լինեին, իմ տեղը ուրիշներն են ստացել հազար անգամ: Քանդված շենքերի
նախկին բնակիչների անունները ջնջում, նրանց անունից ուրիշներին
նվիրատվություն են ձեւակերպում, ստանում մեր տեղը, ծախում են տները:
Սարքած շենքերում ուրիշ գյուղերից ու քաղաքներից եկածներն են ապրում`
նրանք, ովքեր կարողացան խաբել ու առնել: Բոլորն էլ գիտեն, մինչեւ 500
դոլար չտան, չեն ստանա: Գյումրիում տուն առաջին հերթին առաջին կարգի
հաշմանդամներին են տալիս կամ երկու մոռելավոր ընտանիքներին: Մեկը ոտքի
ջլերը կտրեց, հաշմանդամ դարձավ: Մի ուրիշ տղամարդ էլ, որ կինը մահացել էր
երկրաշարժին, իրեն գցեց, մեռավ, որ գոնե էրեխեքին տուն տան: Շատերին դոմիկ
էլ չհասավ: Հարավսլավիայից ստացան, ներսում ապրելու բոլոր
հարմարությունները կային, բերել դաչաներում դրել, իրենց լրբերին են
տանում-բերում: Մեզ քըրջ ու փալասն էլ չտվին: Դա էլ նրանց հագցրին: Սուրբ
Սարգիս եկեղեցում էլ օգնություն էին ստացել, կանչեցին, գնացինք, մի երկու
մեծ չափսի շորեր տվեցին, ասեցին՝ ուրիշը չկա, արդեն տարել են: Երկրաշարժից
հետո արտասահմանից ստացած փողերով հյուրանոցներ, ռեստորաններ ու սաունաներ
սարքեցին Գյումրիում էլ, Երեւանում էլ, փող են աշխատում: Կորցրած գույքի
փոխարեն ինձ 7000 ռուբլի տվեցին, էն էլ 70 դրամ դարձավ բանկում: Շատերն
էին իմ պես, չկան, զզվեցին գնացին Ռուսաստան ու Ամերիկա: Գյումրի՞ն…
«Սաղն ի՞նչ է, որ սատկածն ինչ եղնի»: Ասում էին՝ երկու տարում կկանգնեցնեն
քաղաքը: Տասնյոթ տարի անցավ: Տղաս երազում է տուն տեսնում. մի օր
արթնացավ, թե` տուն ունեինք, մամա: Ավարտում է էս տարի դպրոցը: Ասում են`
100 դոլար բեր վերջին զանգի համար, ո՞րտեղից տամ տանի: Էստեղ էլ են
արանքում փող աշխատում: Մի ուրիշն է հավաքում, ասում է՝ քեզ զեղջ կանեմ,
գոնե 20 տուր: Դասատուներին բռլիանտ պիտի առնեն: Ո՞նց տամ: Ես հյուրանոցի
վարձը չեմ կարողանում տամ: Տղայիս գիրք չկարողացա առնեմ: Շոր ու կոշիկն էլ
չեմ հասցնում: Էս տարի դպրոց էլ չի գնում, զզվել է. ուղարկում եմ, դուրս է
գալիս դրսում կանգնում, ասում է՝ բան չեն սովորեցնում, ինչի՞ գնամ:
Դասարանի կեսը չեն գալիս, գնահատականները ատեստատում կդնեն կտան, էն մի
կեսին էլ դասատուները փողով պարապում, բարձր են դնում: Պարապելու համար էլ
շատ փող է պետք: Տղաս թատերական ինստիտուտ է ուզում ընդունվի, դերասանի
շնորհք ունի: Բայց ի՞նչ անեմ, ո՞նց տամ պարապելու: Ես օր ու գիշեր
աշխատում եմ խանութում: Արդեն մի քանի խանութ եմ փոխել: Իրենք ուզում են`
աշխատեցնեն 24 ժամ, փողը չտան: Բանալին իրենց ձեռքին է, գիշերը գողանում
են, ասում` պակասորդ ես տվել: Մի խանութում 100.000 դրամ էին ուզում
ինձնից: Ծանոթ գտա, վախեցրին, թե` դատարան կդիմենք, սուս մնացին: Դե մի
ամիս աշխատել էի, էդպես արեցին, որ աշխատավարձս չտան: Կամ էլ ուրիշի հետ
ես աշխատում, նա խաբում է, պակասը քեզ վրա է մնում: Ամեն օր հոգնած` ոտքիս
վրա կանգնել չեմ կարողանում, բայց ստացածս պարտքերիս էլ չի հերիքում:
Տղայիս բանակ պիտի տանեն: Գոնե մոտ լիներ, մեկ-մեկ գնայի տեսնեի: Օրենքով
պիտի հեռու չտանեն, միայնակ մայր եմ, բայց իմին կտանեն, ուրիշների
էրեխեքին կպահեն կամ կազատեն բանակից: Բանակի մասին էլ ինչեր ասես չեն
պատմում: Ասում են` ծեծում են, շատերը չեն դիմանում, գժվում են կամ
ինքնասպան լինում: Ո՞վ գիտի, էս մինուճարիս գլխին ինչ կբերեն: Չեմ
դիմանում: Չգիտեմ ի՞նչ անեմ, ո՞նց անեմ: Մեռնելս գալիս է, ուզում եմ
մեռնեմ»:
Շարունակելի
Ձայնագրեց` Հ.Ն.-ն