Հանդիպել է

09/07/2008

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Չեխիայի ԱԳ նախարար Կարել Շվարցենբերգին եւ նրան ուղեկցող պատվիրակությանը: ՀՀ նախագահի մամլո գրասենյակի փոխանցմամբ, նշելով, որ Չեխիան 2009թ. հունվարից ստանձնելու է ԵՄ նախագահությունը եւ ցանկություն ունի առավել ընդլայնել համագործակցությունը նոր հարեւանության քաղաքականության մեջ ընդգրկված երկրների հետ, Կարել Շվարցենբերգն ասել է, որ կարեւոր է համարել նախապես այցելել տարածաշրջան եւ քննարկումներ ունենալ փոխգործակցության ուղղությունների վերաբերյալ: ՀՀ նախագահը բարձրաստիճան հյուրի խնդրանքով հանգամանորեն ներկայացրել է ԼՂ-ի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը, պարզաբանումներ տվել մի շարք խնդիրների վերաբերյալ: Չեխիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը հույս է հայտնել, որ կողմերին կհաջողվի համադրելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները՝ գտնել մի այնպիսի լուծում, որը դրական արդյունքներ կբերի ԼՂՀ ժողովրդի համար` նշելով, որ այս խնդրում, ի վերջո, գլխավորը ժողովուրդն է: