Աշնան սկզբին սպասվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցը տարածաշրջան: Այդ մասին կիրակի օրը կայացած ասուլիսում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանը: «Բաքվում, Երեւանում ու Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները ի մի բերելուց հետո, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կարող են կրկին այցելել տարածաշրջան: Հնարավոր է, որ հանդիպումը կայանա սեպտեմբերի սկզբին»,- նշել է նա: Է. Նալբանդյանը հիշեցրել է, որ անցյալ ամսվա վերջին միջնորդները, ամբողջական կազմով` Յուրի Մերզլյակով (Ռուսաստան), Բեռնար Ֆասիե (Ֆրանսիա), Մեթյու Բրայզա (ԱՄՆ) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկ, այցելել են Բաքու, Երեւան, իսկ հետո` Ստեփանակերտ: «Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներն անցկացվում են 2007 թվականի նոյեմբերին Մադրիդում համանախագահների առաջարկների հիման վրա»,- նշել է Է. Նալբանդյանը:
Միեւնույն ժամանակ նա հիշեցրել է, որ այդ հիմքերի վրա ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում շարունակվող քննարկումների մտադրությունը նախանշվել է Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Է. Նալբանդյանն ընդգծել է, որ Հայաստանը մեկ անգամ չէ, որ իր պատրաստակամությունն է հայտնել բանակցել ղարաբաղյան հիմնահարցի շուրջ հենց մադրիդյան առաջարկությունների հիմքով: Նա նաեւ ընդգծել է, թե քաջալերվում է այն փաստը, որ Ադրբեջանը, վերջապես, իր կողմից նշել է, որ բանակցություններն անցկացվում են հենց այդ առաջարկների հիման վրա: